Ակրոստիքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ակրոստիքոս, անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծական ձև, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։ Անցյալում ակրոստիքոսի ձևն օգտագործվել է գրաքննությունը շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար։ Կիրառվել է նաև չափածո հանելուկների մեջ, որի առաջին տառերից կազմվել է պատասխանը։

Ակրոստիքոսի ձևին հայ բանաստեղծներից դիմել է Եղիշե Չարենցը. իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ նա չորս ակրոստիքոս է նվիրել դստերը՝ Արփենիկ Չարենցին։ Ակրոստիքոս է նաև Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը, որի տողերի սկզբնատառերը կազմում են ռուս բանաստեղծ Վեչեսլավ Իվանովի անուն- ազգանունը.[1]

«Վեչեսլավ Իվանով» ակրոստիքոսի հեղինակ Վահան Տերյանը

Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երգում եմ ես.
Չըկար երկրիս նման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր...
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ,
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար...

Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր՝ թափված քանի՜ կորյուն-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն-
Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ...

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 10-11 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ակրոստիքոս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։