Բանաստեղծություն, գրական-գեղարվեստական ստեղծագործությանտեսակ։ Բանաստեղծություն տերմինը հայերենում կիրառվում է մի քանի իմաստով.
Ամենատարածված ըմբռնմամբ բանաստեղծություն են կոչվում քնարական ոչ մեծ ծավալի գործերը, որոնք բացահայտում են որևէ զգացմունք, տպավորություն, խոհ (օրինակ՝ Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի բանաստեղծությունները)։
Հաճախ բանաստեղծություն են կոչվում առհասարակ չափածո ստեղծագործությունները՝ ի տարբերություն արձակ երկերի։ Այդ իմաստով, օրինակ, Հովհաննես Թումանյանն իր չափածո գործերի ժողովածուներն անվանել է «Բանաստեղծություններ», դրանց մեջ մտցնելով ոչ միայն քնարական ոտանավորները, այլև պոեմներն ու բալլադները։ Այս առումով «բանաստեղծությունը» նույնանիշ է պոեզիայի հետ։
Մինչև 19-րդ դարի վերջը հայ իրականության մեջ բանաստեղծություն ասելով հասկացել են նաև ընդհանրապես գեղարվեստականգրականություն։
Բանաստեղծություն, բանաստեղծականհասկացությունները փոխաբերական առումով կիրառվում են նաև կյանքի և արվեստի այն երևույթների նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ ու ոգևորիչ ուժով։ Այդ իմաստով ևս բանաստեղծությունը նույնանիշ է պոեզիային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 271)։