Ռոմանտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռոմանտիզմը (վիպապաշտություն) մշակութային ուղղություն է, որը հայտնվել էր Եվրոպայում 18-րդ դարի վերջին և իր ծաղկմանն էր հասել 19-րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում կերպասրվեստի ու գրականության ներկայացուցիչները իրենց ստեղծագործություններում ցանկանում էին ընդգծել և ցույց տալ իդեալականը, որը հակադրվում էր իրական վիճակին։ Այս դարաշրջանում ստեղծագործել են աշխարհահռչակ արձակագիրներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Յոհան Վոլֆգանգ Գյոթեն (Գերմանիա), Ջորջ Գորդոն Բայրոնը (Անգլիա), Ալեքսանդր Դյուման (Ֆրանսիա), Ալեքսանդր Պուշկինը (Ռուսաստան), Էդգար Ալլան Պոն (ԱՄՆ) և շատ ուրիշներ։ Երաժշտության մեջ նշանակալից ներդրում ունեցան Հեկտոր Բեռլիոզը (Ֆրանսիա), Ֆելիքս Մենդելսոնը (Գերմանիա), Ֆրեդերիկ Շոպենը (Լեհաստան), Ռոբերտ Շումանը (Գերմանիա), Ֆերենց Լիստը (Հունգարիա), Ռիխարդ Վագները (Գերմանիա), Ջուզեպպե Վերդին (Իտալիա), ինչպես նաև՝ գեղանկարիչ Էժեն Դելակրուան (Ֆրանսիա), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Ռուսաստան), նկարիչ Ֆրանցիսկո Գոյան (Իսպանիա) և ուրիշներ։ Ռոմանտիզմը շարունակել է զարգանալ նաև 20-րդ դարի սկզբին, սակայն դեռ 19-րդ դարի սկզբից առաջատարի իր դերը զիջել է ռեալիզմին։

Ռոմանտիզմը գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկները անհատի դրսևորումներով են որոշում թեմաները։ Ռոմանտիկների հերոսը գաղափարատիպ է։ Ռոմանտիզմը լինում է առաջադիմական և հետադիմական։

Ռոմանտիզմի հետևորդները դժգոհ են ներկայից և հայացք են նետում դեպի ապագա։ Իսկ հետադիմականները հայացք են նետում անցյալ։

Համաշխարհային գրականության մեջ ռոմանտիզմի ներկայացուցիչներից են՝ Ջորջ Բայրոնը, Վիկտոր Հյուգոն, Շանդոր Պետեֆին և այլն։ Հայկական գրականության մեջ՝ Խաչատուր Աբովյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ռափայել Պատկանյան, Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Ծերենց, Րաֆֆի։