Ռեալիզմ (գրականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեալիզմ, գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին։ Պատմականորեն հաջորդում է ռոմանտիզմին ու նախորդում սիմվոլիզմին։

Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը։

Ռեալիստ գրողը կյանքը պատկերում է օբյեկտիվորեն՝ աշխատելով բացահայտել նրա իրական գծերն ու կերպարների սոցիալ-հոգեբանական ճշմարիտ բովանդակությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալականությունը որոշակիորեն հատուկ էր նաև անտիկ արվեստին, սակայն ռեալիզմի՝ որպես գրական մեթոդի պատմությունը պիտի սկսել 19-րդ դարի, մասնավորապես նրա երկրորդ քառորդից, երբ ռեալիզմը դառնում է արվեստի և գրականության գերիշխող, հստակորեն ձևավորված ուղղություն։ 19-րդ դարի կեսերին է առաջացել նաև բուն «գեղարվեստական ռեալիզմ» տերմինը։ Այնուամենայնիվ, ռեալիզմի պատմությունը սահմանափակել միայն 19-20-րդ դարերով, ճիշտ չէ։ Կյանքի ռեալիստական արտացոլման սկզբունքները երևան են եկել ավելի վաղ։ 19-րդ դարի ռեալիզմը նախապատրաստված էր մեթոդի նախընթաց բավական երկարատև զարգացմամբ, որն սկսվում է եվրոպական Վերածնության շրջանից (15-16-րդ դարեր) և ընդմիջումներով շարունակվում է հետագա դարերում՝ անցնելով զարգացման մի քանի փուլ՝

  • Վերածնության դարաշրջանի ռեալիզմ,
  • Լուսավորության դարաշրջանի ռեալիզմ,
  • Քննադատական ռեալիզմ,
  • Նեոռեալիզմ։

Հիմնական սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիզմի ամենակարևոր դրույթը կերպարի սոցիալ-պատմական պայմանավորվածության սկզբունքը։ Ռեալիստ գրողը կերպարի էությունը, նրա սոցիալական և անձնական մղումները պատճառաբանում է նախ և առաջ կյանքի իրադրությամբ, շրջապատի ազդեցությամբ։ Կերպարները և դեպքերը կապելով կյանքի օրինաչափությունների հետ, բացահայտելով նրանց իսկական տեղը երևույթների շղթայի մեջ՝ ռեալիստ գրողը դրանով իսկ կարողանում է նույնիսկ բացառիկ փաստը ներկայացնել իրական և արժանահավատ գծերով։

Ռեալիստական ստեղծագործության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ գաղափարական միտումը նրա մեջ ոչ թե ուղղակի հռչակվում է գրողի կողմից, այլ բխում է գործողությունից ու կերպարների էությունից, դառնում է կյանքի ակտիվ ճանաչողության արդյունք։

Ռեալիզմի մյուս առանձնահատկություններից են տիպական բնավորությունները տիպական հանգամանքների մեջ պատկերելու անհրաժեշտությունը, կերպարն իր հատկանիշների բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը, կենդանի գործողության մեջ նրա բնական զարգացումը, շարժումը ցուցադրելը և այլն։

Ռեալիստական ստեղծագործության լեզուն և պատկերման բոլոր մյուս միջոցները առավել չափով համապատասխանում են պատկերվող իրականությանը, յուրաքանչյուր դեպքում բխում են նրա լրիվ առանձնահատկություններից։ Ռեալիստը ձգտում է հերոսի լեզվի լրիվ անհատականացման՝ լեզվի միջոցով ևս արտահայտելով նրա մտածողությունը, ազգային ու սոցիալական հատկանիշները։

Համաշխարհային գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 415-431։