Ես և նա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ես և նա (պատմվածք)ից)
Jump to navigation Jump to search
Ես և նա
Ժանրպատմվածք
ՀեղինակՆար-Դոս
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
ՎիքիդարանԵս և նա
ՎիքիքաղվածքԵս և նա

Ես և նա, Նար-Դոսի պատմվածքներից, որ նա գրել է 1889 թվականին։ Պատմվածքն ունի «Մի կորած մարդու հիշատակարանից» ենթախորագիրը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։

Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։

ԵՍ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի, ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Սակայն աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, թե պատրաստվում է ամուսնանալ, և խնդրում է մոռանալ իրեն, քանզի իր սիրո նախկին հավաստիացումները սոսկ թյուրիմացություն էին։ Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը։

ՆԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեցիայի մի ազնվական ընտանիքի միակ զավակն էր Ջուլիետան, որ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե հողեղեն չէ։ Նա ծանոթանում է Անտոնիոյի հետ, որ ջութակ էր նվագում աղջկա պատուհանի տակ։ Տղայի նվագն այնպես է գրավում աղջկա սիրտը, որ նա Անտոնիոյին է նետում իր կարմիր մեխակը։ Դրանից հետո նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո էլ Ջուլիետան դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չէր երևում Վենեցիայի փողոցներում։

Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող»։

Վերջում «կորած մարդը» եզրակացնում է, որ իր կործանման պատճառն իր բուրժուական շրջապատն է, որտեղ ինքը մեծացել է որպես կամազուրկ ու փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է ու այլևս չի կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած թափառական երաժիշտն օժտված է երկաթակուռ կամքով, հաղթահարում է ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքներ և նովելներ հայ արձակից, Երևան, 1986։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ես և նա հոդվածին
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ես և նա