Ռուս գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս բանաստեղծ[1], գրական ռուսերենի հիմնադիր[1] Ալեքսանդր Պուշկինի դիմանկարը, Վասիլի Մատե, 1899 թվական

Ռուս գրականություն, ռուսերենով կան ռուս հեղինակների կողմից ստեղծված գրականությունը։ Սկիզբ է առել 10-րդ դարի երկրորդ կեսին[2], սակայն մինչև 19-րդ դարը, երբ սկսվել է ռուս գրականության «ոսկեդարը»[3], այն գրեթե անհայտ էր աշխարհին[4]։ Ռուս գրականությունը ռուսական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկն է[4][5], որում առավել ամբողջականորեն ու որոշակիորեն արտահայտված են ռուս ժողովրդի ստեղծագործական ունակությունները[6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օստրոմիրի Ավետարան» - ռուսական ամենահին գիրքը

Առավել տարածված կարծիքի համաձայն՝ ռուս հին գրականության սկզբնավորման համար խթան է հանդիսացել քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, քանի որ Ռուսիայում նոր հիմնադրված քրիստոնեական եկեղեցում անհրաժեշտ էին գիր ու կրոնական գրականություն[2][7][8][9][9][10][11]։ Միևնույն ժամանակ գրականության ստեղծման համար հիմք հանդիսացան ժողովրդական բանավոր ստեղծագործությունները, որ գոյություն ունեին Ռուսիայում[9][11]։

Մի խումբ հետազոտողներ (Վիկտոր Իստրին[12], Լև Յակուբինսկի, Սերգեյ Օբնորսկի, Բորիս Լարին, Պավել Չերնիխ, Անդրեյ Լվով) ենթադրում են, որ արևելյան սլավոնների գիր ունեցել են դեռ Ռուսիայի մկրտությունից առաջ[13]։ Գրի գոյության մասին կողմնակի վկայություններ կան մի շարք պատմական աղբյուրներում, որոնցից են «Մեֆոդիի ու Կոնստանտինի վարքերը»[14], Իբն Ֆադլանի[12] ու Ֆահր ադ-Դին Մուբարաք-շահ Մարվարուդիի գրությունները[15][16], 911 և 945 թվականներին կնքված ռուս-բյուզանդական պայմանագրերում[12][17] և այլն[12][18]։ Սակայն մինչքրիստոնեական Ռուսիայում գոյություն ունեցած գրական հուշարձանների մասին ուղղակի հիշատակություններ դեռևս չեն հայտնաբերվել[19]։

Ռուս հարուստ բանահյուսության հիմնական ժանրերն ու ձևերը կազմավորվել են XI-XVII դարերում։ Բանահյուսությունն ստեղծվել և գոյություն է ունեցել հիմնականում գյուղացիական միջավայրում։ Պահպանված բանահյուսական ստեղծագործությունների մեծ մասը գրառվել է XVIII–XIX դարերում։ Առավել նշանակալի և տարածված ժանրերն են քնարական երգերը, հեքիաթները, չափածո էպիկա–հերոսական ստեղծագործությունները (բիլինա), օրացուցային ծիսական բանահյուսությունը, հարսանեկան ծիսական բանահյուսությունը և այլն։ XIX դարում լայնորեն տարածվել են չաստուշկաներն ու ռոմանսները։ XVIII դարում ավանդական գեղջկական բանահյուսության կողքին սկսել է ձևավորվել բանվորականը, XIX դարի վերջին և XX դարի սկզբին լայնորեն տարածվել են հեղափոխական երգերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականության մեջ ռուս գրականության պատմությունը ենթարկվում է տարբեր պարբերացումների։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում, որ հրատարակվել է XIX դարի վերջին, առանձնացվում է ռուս գրականության պատմության երեք փուլ՝ գրական առաջին հուշարձաններից մինչև մոնղոլ-թաթարական լուծը, մոնղոլ-թաթարական լծից մինչև XVII դարի վերջը և XVIII դարի վերջից մինչև բառարանի հրատարակումը (այսինքն՝ մինչև XIX դարի վերջ)[7]։ Դմիտրի Սվյատոպոլկ-Միրսկու՝ 1927 թվականին Լոնդոնում հրատարակված ռուս գրականության պատմությանը նվիրված երկհատորյա աշխատությունում առանձնացված են հետևյալ փուլերը՝ հին ռուսական գրականություն (XI-XVII դարեր), անցումային գրականություն, կլասիցիզմի դարաշրջան, քնարերգության ոսկեդար, Գոգոլի դարաշրջան, ռեալիզմի դարաշրջան և իրեն ժամանակակից՝ 1881 թվականից հետո ընկած դարաշրջանը (Դոստոևսկու մահից հետո).[10]: Մոտավորապես նույն թվականներին ԽՍՀՄ-ում հրատարակված «Գրականության հանրագիտարանում» (ռուս.՝ «Литературная энциклопедия», 1929-1939) ռուս գրականության պատմությունը բաժանված է հետևյալ պարբերաշրջանների՝ հին ռուսական գրականություն, XVIII դարի գրականություն, XIX դարի գրականություն, XX դարի գրականությունը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը և XX դարի գրականությունը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո[11]։

Ժամանակակից էլեկտրոնային «Кругосвет» հանրագիտարանում առանձնացվում են ռուս գրականության զարգացման հետևյալ փուլերը՝ հին ռուսական գրականություն, XVIII դարի գրականություն, XIX դարի գրականություն, գրականութունը 1917 թվականից հետո և նոր ռուսական գրականություն[8]։

Հին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ռուս գրականությունը (X դարի վերջ-XVII դար) սկզբնավորվել է Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանում։ Այդ գրականությունը հիմք է դարձել ոչ միայն ռուսական, այլև ուկրաինական և բելառուսական գրականությունների համար։ X դարի վերջերին, երբ քրիստոնեությունը թափանցել է Ռուսաստան, սկսել են տարածվել եկեղեցական սլավոներենով ժամերգության տեքստերը, որոնք կազմվել են Բուլղարիայում։ Հետագայում՝ XI դարի 2-րդ քառորդից, բուն Կիևյան Ռուսիայում թարգմանվել են եկեղեցական տեքստեր, և ստեղծվել ինքնատիպ գրավոր հուշարձաններ՝ տարեգրություններ («Անցած տարիների պատմություն», մոտ 1113 թվական), վարքագրություններ, խրատներ ու քարոզներ, ճանապարհորդությունների նկարագրություններ, իրավական ժողովածուներ (Ռուսսկայա պրավդա, XI–XII դարեր)։

Հին ռուս գրականության ամենանշանավոր ստեղծագործությունը «Ասք Իգորի ճակատամարտի մասին» (XII դարի վերջ) հերոսական էպոսն է, որտեղ արտահայտված է ռուսական իշխանությունների միավորման հայրենասիրական գաղափարը։

Միջնադարյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլ-թաթարական ասպատակությունը և այնուհետև մոնղոլ-թաթարական լուծը XIII-XIV դարերում կասեցրել են ռուս գրականության զարգացումը։ XV դարում սկսվել է ռուս գրականության տրոհումը ռուսականի, ուկրաինականի և բելառուսականի։ Սակայն որոշ գրողների ստեղծագործությունը հետագայում էլ միաժամանակ եղել է երկու կամ նույնիսկ երեք մշակույթների սեփականությունը։ Ռուս գրականության զարգացման կենտրոնը դարձել է Մոսկովյան իշխանությունը («Զադոնշչինա» պատմահերոսական վիպակը» XIV դարի վերջ, Կուլիկովյան ճակատամարտի վերաբերյալ ստեղծագործությունների շարքը)։ XV դարում և հատկապես XVI դարում ֆեոդալական կենտրոնացված պետության պայմաններում մեծ նշանակություն են ձեռք բերել տարեգրությունների ժողովածուները, ծաղկել է հրապարակախոսական արձակը։ XVII դարի սկզբից սկսվել և խորացել է գրականության դեմոկրատացման պրոցեսը, գրականությունն ավելի է մոտեցել սոցիալ-պատմական իրականությանը, ռեալ մարդու հոգեբանությանը։ Տիրապետող են դարձել աշխարհիկ ժանրերը՝ կենցաղային պատմությունը, դպրոցական դրաման, ներբողները, երգիծանքները։ Կատարելագործվել են բանաստեղծական ձևերը (Սիմեոն Պոլոցկի, 1629-1680), վարքագրական պատմությունները վերածվել են կենսագրականի (ավագ երեց Ավվակում, մոտ 1620-1682)։

18-րդ դարի գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի գրականությունը սերտորեն կապված է լուսավորյալ բացարձակ միապետության գաղափարախոսության հետ, սոցիալ-քաղաքական ու մշակութային կյանքի նորույթների հետ, որ պայմանավորված էին Պետրոս I-ի ռեֆորմներով։ 18-րդ դարի սկզբներին դեռևս գերիշխել են ժանրային հին ձևերը՝ կրոնական աշխարհայացքի վրա հիմնված իրենց դիդակտիզմով։ Գաղափարախոսական նոր միտումներն իրենց համար ճանապարհ են հարթել Ֆեոֆան Պրոկոպովիչի (1681–1736) հրապարակագրության մեջ, Անտիոխ Կանտեմիրի (1708-1744) երգիծանքներում։ 1730-ական թվականների գրականության մեջ գերիշխել է կլասիցիստական ուղղությունը։ Կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներ Վասիլի Տրեդիակովսկին (1703-1768), Միխայիլ Լոմոնոսովը (1711-1765), Ալեքսանդր Սումարոկովը (1717-1777) առաջ են քաշել համառուսական գրականություն ստեղծելու, նրա ձևերը նորացնելու գաղափարը։ Նրանք մշակել են գրական ժանրերի կայուն համակարգ, գործածության մեջ են մտցրել վանկաշեշտային տաղաչափությունը, դրել են գրական լեզվի հիմքերը։

18-րդ դարի 2-րդ կեսին լայնորեն տարածվել է լուսավորական ուղղության երգիծական ու հումորիստական գրականությունը՝ Դենիս Ֆոնվիզինի (մոտ 1744-1792), Յակով Կնյաժնինի (1742-91) կատակերգությունները, Մ․ Չուլկովի (1744 կամ 1743-92) արձակը, Ն․ Նովիկովի (1744-1818) և այլ հրատարակիչների երգիծական հանդեսները։ Մ. Իյերասկովի (1733-1807) և հատկապես Գավրիիլ Դերժավինի (1743-1816) կլասիցիստական պոեզիայում երևում են սենտիմենտալիզմի գծեր։ Սենտիմենտալիզմի գրականության մեջ (բանաստեղծ Իվան Դմիտրիև, 1760-1837, արձակագիր Նիկոլայ Կարամզին, 1766-1826) ձևավորվել է նոր՝ հուզական-հոգեբանական պատմելաձև։ 18-րդ դարի խոշորագույն գրողներից մեկը՝ Ալեքսանդր Ռադիշչևը (1749-1802) իր «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» (1790) գրքում հռչակել է գյուղացիական հեղափոխության գաղափարներ (գիրքը ոչնչացվել է, և նրա նշանակությունը երևացել է ավելի ուշ՝ դեկաբրիզմի շրջանում)։

Ռուս գրականության ոսկեդար[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարը կոչվում է ռուս գրականության ոսկեդար է։ Ռուսական քնարերգության ոսկեդար է համարվում 19-րդ դարի սկիզբը՝ մինչև Պուշկինի մահը[20][21]։

«Ռուս գրականության ոսկեդար» արտահայտությունն առաջին անգամ կիրառել է Մասքիմ Անտոնովիչն իր «Литературный кризис» հոդվածում, որ տպագրվել է 1863 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում[22]։

19-րդ դարի առաջին կեսի գրականությունը զարգացել է դեկաբրիստների շարժման մեջ արտահայտված հասարակական վերելքի պայմաններում։ 19-րդ դարի սկզբին գրականության մեջ տիրապետող ուղղություն է դարձել ռոմանտիզմը՝ Վասիլի Ժուկովսկու (1783-1852), Կոնստանտին Բատյուշկովի (1787-1855), հետագայում՝ Անտոն Դելվիգի (1798-1831), մասամբ Նիկոլայ Յազիկովի (1803-1847), Եվգենի Բարատինսկու (1800-1844) ստեղծագործությունը։ Ռոմանտիզմի հեղափոխական թևը ներկայացրել են բանաստեղծ-դեկաբրիստներ Կոնդրատի Ռիլեևը (1795-1826), Վիլհելմ Կյուխելբեկերը (1797-1846), Ալեքսանդր Օդոևսկին (1802-1839), արձակագիր Ալեքսանդր Բեստուժև-Մառլինսկին (1797-1837)։ Միաժամանակ Իվան Կռիլովի (1769 կամ 1768-1844) առակագրության մեջ և Ալեքսանդր Գրիբոյեդովի (1795-1829) դրամատուրգիայում մշակվել են պատկերավորության ռեալիստական սկզբունքները։

Գրականության զարգացման նոր փուլ, ամբողջությամբ վերցրած՝ ռուսական մշակույթի գեղարվեստական ու հումանիստական բարձրագույն ավանդույթների հիմքը հանդիսացավ Ալեքսանդր Պուշկինի (1799-1837) ստեղծագործությունը։ Պուշկինի կենսահաստատ ռեալիզմը աշխարհընկալման համակողմանիությունը միավորեց մարդկային անհատի հոգևոր հնարավորությունների խոր ըմբռնման հետ։ Պուշկինյան ավանդույթների ամենատաղանդավոր շարունակող Միխայիլ Լերմոնտովի (1814-1841) ռոմանտիկ պոեզիայում մարմնավորվեց բարոյական մաքսիմալիզմը, աշխարհի ներդաշնակության ու վերափոխման տենչը, մի բան, որը դարձավ ռոմանտիկ հեղափոխության ու քաղաքացիականության աղբյուր։ Լերմոնտովի արձակով սկզբնավորվեց հոգեբանական ռեալիզմը։

1820-30-ական թվականներին պոեզիայում իրենց ժողովրդականությամբ աչքի են ընկել Ալեքսեյ Կոլցովի (1809-1842) քնարերգությունը, Ալեքսանդր Պոլեժաևի (1804-1838) ըմբոստ բանաստեղծությունները։ Նիկոլայ Գոգոլը (1809-1852) զարգացրել է ռուսական ռեալիստական արձակի սոցիալ-քննադատական ուղղությունը։ Այդ ուղղության (այսպես կոչված նատուրալ դպրոց) հիմնական դրույթները տեսականորեն հաստատել է նշանավոր քննադատ, հեղափոխական դեմոկրատ Վիսարիոն Բելինսկին (1811-1848)։ 1840-ական թվականներին գրականության ժանրային սահմաններն ընդարձակվել են․ հաջողությամբ զարգացել են գեղարվեստա-հրապարակախոսական և փիլիսոփայական արձակը (Ալեքսանդր Գերցեն, 1812-1870), կենցաղային ակնարկը, սոցիալ-կենցաղային և հոգեբանական վեպը։

Ռուս գրողների («Սովրեմեննիկ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամներ) խմբակային լուսանկար - Իվան Գոնչարով, Իվան Տուրգենև, Լև Տոլստոյ, Դմիտրի Գրիգորովիչ, Ալեքսանդր Դրուժինին և Ալեքսանդր Օստրովսկի (լուսանկարը՝ Սերգեյ Լևիցկու)

19-րդ դարի երկրորդ կեսի գրականությունը սերտորեն կապված է հասարակական-քաղաքական և փիլիսոփայական մտքի զարգացման հետ։ Գրականության մեջ գերակշռող տեղ է գրավել ռեալիզմը։ Մտածող, գրող և քննադատ Նիկոլայ Չեռնիշևսկու (1828-1889), քննադատներ Նիկոլայ Դոբրոլյուբովի (1836-1861), մասամբ Դմիտրի Պիսարևի (1840-1868) ստեղծագործության մեջ հռչակվել են հեղափոխական դեմոկրատիզմի, մատերիալիստական գեղագիտության գաղափարներ։ Հեղափոխական-դեմոկրատների գաղափարական ամբիոն են դարձել «Սովրեմեննիկ», հետագայում՝ «Օտեչեստվեննիե զապիսկի» հանդեսները։ Ֆեոդոր Ռեշետնիկովի (1841-1871), Նիկոլայ Պոմյալովսկու (1835-1863), Գլեբ Ուսպենսկու (1843-1902) ակնարկներում արտացոլվել է ժողովրդի ծանր վիճակը։ Ցայտուն արտահայտված հասարակական քննադատականությունն է բնորոշ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի (1821-1881) գրոտեսկային-երգիծական ստեղծագործություններին, Ալեքսանդր Օստրովսկու (1823-1886) դրամատուրգիային, որը մեծ ազդեցություն է գործել ռուսական բեմական ռեալիզմի կազմավորման վրա։ Նույն գծերով է հատկանշվում նաև Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի (1817-1903) դրամատուրգիան։ 1850-60-ական թվականներին աչքի ընկած բանաստեղծներ Իվան Նիկիտինը (1824-1861), Վասիլի Կուրոչկինը (1831-75) պոեզիա են բերել գյուղական ու քաղաքային չքավորության կյանքը, բանահյուսական մոտիվներ, ժողովրդական լեզու։ Ռուսական ռեալիստական, քաղաքացիական պոեզիայի մեջ հատկապես մեծ է եղել Նիկոլայ Նեկրասովի (1821-1877) դերը։ Փիլիսոփայական, սիրային և բնանկարային լիրիկայի բանաստեղծական վեհ պատկերներ են ստեղծել Ֆեոդոր Տյուտչևը (1803-1873), Աֆանասի Ֆետը (1820-1892), Յակով Պոլոնսկին (1819-1898), Ապոլոն Մայկովը (1821-1897), Ալեքսեյ Տոլստոյը (1817-1885), որը նաև տաղանդավոր դրամատուրգ էր ու վիպասան։ Բարձրագույն ծաղկման է հասել անհատի ու հասարակության բախումը բացահայտող ռեալիստական վեպը։ Իվան Գոնչարովի (1812-1891) վեպերում պատկերվում են «ավելորդ մարդկանց» երևան գալու սոցիալական ու հոգեբանական նախադրյալները, Իվան Տուրգենևի (1818-1883) վեպերում՝ մտքի ու գործողության անհամաձայնությունը այդ տիպի մարդկանց մոտ։ Չեռնիշևսկին «Ի՞նչ անել» (1863) վեպում ապագայի մարդկանց կերպարներում մարմնավորեց սոցիալիստական իդեալներ, ստեղծեց յուրատեսակ «կյանքի դասագիրք»՝ հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության համար։ Ֆեոդոր Դոստոևսկու (1821-1881) և Լև Տոլստոյի (1828-1910) ստեղծագործությունը կարևոր ուղենիշ դարձավ ոչ միայն ռուս, այլև համաշխարհային գրականության զարգացման ճանապարհին։ Դոստոևսկու վեպերում արտացոլվեցին սոցիալական սուր հակադրություններ, ինքնատիպ կերպարների ընդհարումներ, հասարակական ներդաշնակության կրքոտ որոնումներ։ Մարդու «հոգու դիալեկտիկան» (Չեռնիշևսկու արտահայտությունը) հետազոտելով՝ Լև Տոլստոյն իր վեպերում ու վիպակներում պատմության և իր ժամանակի իրականության արմատական խնդիրները դնում էր սոցիալ–բարոյական և փիլիսոփայական տեսանկյունից։ Պավել Մելնիկով-Պեչորսկու (1818-1883), Ալեքսեյ Պիսեմսկու (1821-1881), Նիկոլայ Լեսկովի (1831-1895) արձակի համար բնորոշ են ժողովրդական թեմատիկան, ազգային ավանդույթներին հետևելը։ 1880-ական թվականներին գրող-դեմոկրատների կրտսեր սերնդի (Սեմյոն Նադսոն, 1862-1887, Վսևոլոդ Գարշին, 1855-1888) ստեղծագործության մեջ գերիշխում են ողբերգական մոտիվները։ Նարոդնիկության գաղափարներն են արտացոլվել Նիկոլայ Կարոնին-Պետրոպավլովսկու (1853-1892), Նիկոլայ Զլատովրատսկու (1845-1911), Պավել Զասոդիմսկու (1843-1912), Ալեքսանդր Էրտելի (1855-1908) ստեղծագործության մեջ․ նրանք իրենց վեպերում ու վիպակներում հետազոտել են ռուս գյուղացիության կյանքը, ռազնոչին մտավորականության հոգևոր որոնումները։ Ալեքսեյ Ապուխտինի (1840-93), Վլադիմիր Սոլովյովի (1853-1900), Նիկոլայ Մինսկու (1856-1937) պոեզիայում նկատելի են դեկադենտական տրամադրություններ։ Վլադիմիր Կորոլենկոյի (1853-1921) դեմոկրատական գաղափարներով տոգորված արձակին բնորոշ է իրականության ռեալիստական պատկերման զուգորդումը հերոսականության տարրերի, ռոմանտիկայի հետ։ Անտոն Չեխովը (1860-1904) բացահայտեց առօրեականի սոցիալ-պատմական իմաստը, ստեղծեց ներքին ապրումների բախման վրա հիմնված, քնարական ելևէջներով հագեցած, խոր ենթատեքստ ունեցող պատմվածքի ու դրամայի նոր տեսակ։ Նրա ստեղծագործությունը նույնպես մեծ ազդեցություն է գործել ռուսական ու համաշխարհային գրական պրոցեսի հետագա զարգացման վրա։

Ռուս գրականության արծաթե դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովը և Լև Տոլստոյը 1901 թվականին

Ռուս գրականության ոսկեդարին հաջորդող ժամանակաշրջանը կոչվել է «ռուս գրականության արծաթե դար»[23] (1890-1920 թվականներ)։ Տերմինը մեծ տարածում է գտել Խորհրդային Միությունում Աննա Ախմատովայի «Պոեմ առանց հերոսի» ստեղծագործության հրատարակումից հետո (առաջին անգամ կրճատումներով տպագրվել է «Бег времени» ժողովածուում, 1965)։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գրականությունն արտահայտել է նախահեղափոխական դարաշրջանի հասարակական-մշակութային կյանքի գաղափարախոսական տարանջատվածությունը, «ճգնաժամային վիճակը»։ Քննադատներ Գեորգի Պլեխանովը (1856-1918), Վացլավ Վորովսկին (1871-1923), Անատոլի Լունաչարսկին (1875-1933) պայքարել են գրականության մեջ դեկադենտական տրամադրությունների դեմ, ստեղծել մարքսիստական աշխարհայացքի վրա հիմնված պրոլետարական հեղափոխական արվեստի ու գրականության տեսություն, պրոպագանդել են ռեալիզմը, բացատրել բանվորական հեղափոխական շարժման հետ արվեստագետի կապի կարևորությունը։ Գրականության մասին Վլադիմիր Լենինի (1870-1924) հոդվածները հիմնավորեցին մարքսիստական գեղագիտության ու գրականագիտության ծրագրային սկզբունքները՝ արվեստի ու գրականության դասակարգային բնույթը, կուսակցականությունը, անցյալի դեմոկրատական մշակույթի ավանդույթների ժառանգորդությունը, մի բան, որը նպաստեց սոցիալիստական ռեալիզմի մեթոդի ձևավորմանը։ Նոր մեթոդի հիմնադիրը հանդիսացավ Մաքսիմ Գորկին (1868-1936), որի ստեղծագործություններում սոցիալիստական գաղափարախոսության դիրքերից պատկերված է XIX դարի վերջի և XX դարի սկզբի Ռուսաստանի իրականությունը։ Հեղափոխական-պրոլետարական պոեզիա են ստեղծել «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա» («Правда») բոլշևիկյան թերթերի շուրջը համախմբված բանաստեղծները (Դեմյան Բեդնի, 1883-1945)։ Գրական կյանքի մեջ ներգրավվել են գրողներ բանվորական ու գյուղացիական միջավայրից (արձակագիր Սեմյոն Պոդյաչև, 1866-1934, նուրբ քնարերգու, ռուս ժողովրդական կյանքի երգիչ, բանաստեղծ Սերգեյ Եսենին, 1895-1925)։ Ավագ սերնդի ռեալիստ գրողների (Լև Տոլստոյ, Անտոն Չեխով, Վլադիմիր Կորոլենկո) ստեղծագործության մեջ սրվել է սոցիալական քննադատականությունը։ Հանքագործների կենցաղը պատկերող ռեալիստական վեպեր է գրել Դմիտրի Մամին-Սիբիրյակը (1852-1912)։ Ռեալիստական նշանակալի գործեր են ստեղծել Իվան Բունինը (1870-1953), Ալեքսանդր Կուպրինը (1870-1938), Լեոնիդ Անդրեևը (1871-1919), Ալեքսեյ Տոլստոյը (1882-1945)։ Ռեալիստ գրողներ Ալեքսանդր Սերաֆիմովիչը (1863-1949), Վիկենտի Վերեսաևը (1867-1945) դեմոկրատական դիրքերից պատկերել են հեղափոխական իրադարձությունները։ Ուժեղացել են բուրժուական գաղափարախոսության ճգնաժամը պատկերող անկումային տրամադրությունները, դրանք թափանցել են սիմվոլիզմի (Ֆյոդոր Սոլոգուբ, 1863-1927, Դմիտրի Մերեժկովսկի, 1866-1941, Վյաչեսլավ Իվանով, 1866-1949, Անդրեյ Բելի, 1880-1934), ակմեիզմի (Սերգեյ Գորոդեցկի, 1884-1967, Աննա Ախմատովա, 1889-1966, Օսիպ Մանդելշտամ, 1891-1933), ֆուտուրիզմի (Վասիլի Կամենսկի, 1884-1961, Վելիմիր Խլեբնիկով, 1885-1922) շատ ներկայացուցիչների ստեղծագործության մեջ։ Սակայն այդ գրական հոսանքները միաձույլ չէին։ Այս կամ այն չափով սիմվոլիզմի (վաղ շրջանի՝ Ալեքսանդր Բլոկ, 1880-1921, Կոնստանտին Բալմոնտ, 1867–1942, Վալերի Բրյուսով, 1873-1924) և ֆուտուրիզմի (վաղ շրջանի՝ Վլադիմիր Մայակովսկի, 1893-1930) հետ կապված տաղանդավոր գրողների ստեղծագործություններում պարզորոշ դրսևորվել են դեմոկրատական միտումներ, վերահաս հեղափոխության կանխազգացումը։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս սովետական գրականությունը, որ ստեղծվեց 1917 թվականից հետո, նոր նշանակալից փուլ է համաշխարհային գրականության զարգացման մեջ։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը խորացրեց գրողների գաղափարական շերտավորումը։ Գորկին, Մայակովսկին, Բլոկը, Բրյուսովը, Եսենինը և շատ ուրիշ գրողներ ողջունեցին հեղափոխությունը։ Որոշ գրողներ (Բունին), որ չընդունեցին այն, դարձան վտարանդի, նրանց մի մասը հետագայում վերադարձավ հայրենիք (Ալեքսեյ Տոլստոյ, Ալեքսանդր Կուպրին, Մարինա Ցվետաևա, 1892-1941)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ալեքսանդր Պուշկին - dasaran.am
  2. 2,0 2,1 Лихачев Д. С. Великое наследие. Классические произведения литературы Древней Руси. Первые семьсот лет русской литературы
  3. Энциклопедический словарь крылатых слов и выражений. — М.: «Локид-Пресс». Вадим Серов. 2003
  4. 4,0 4,1 «Литература и язык. Современная иллюстрированная энциклопедия. Под ред. П. А. Николаева, М. В. Строганова, 1990». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  5. Новая литературная энциклопедия
  6. Культура России. Литература
  7. 7,0 7,1 «Россия/Русский язык и русская литература/История русской литературы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,0 8,1 Энциклопедия Кругосвет. Статья «Русская литература»
  9. 9,0 9,1 9,2 «История русской литературы: В 4 т. / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом); Редкол.: Н. И. Пруцков (гл. ред.), А. С. Бушмин, Е. Н. Куприянова, Д. С. Лихачев, Г. П. Макогоненко, К. Д. Муратова. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1980—1983. Том 1. стр. 4». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  10. 10,0 10,1 Мирский Д. С. История русской литературы с древнейших времен до 1925 года / Пер. с англ. Р. Зерновой. — London: Overseas Publications Interchange Ltd, 1992. — 882 с.
  11. 11,0 11,1 11,2 Литературная энциклопедия: В 11 т. — М., 1929—1939. Статья «Русская литература»
  12. 12,0 12,1 12,2 12,3 В. А. Истрин. Возникновение и развитие письма, М., 1965. Дохристианская письменность славян. стр. 442—466
  13. Ковалевская Е. Г. Избранное. 1963—1999 / Под ред. д-ра филол. наук проф. К. Э. Штайн. — СПб. — Ставрополь: Изд-во СГУ, 2012. — 687 с. стр. 42—43
  14. Утверждение христианства на Руси — Брайчевский М Ю, стр. 131
  15. Бартольд В. В. Работы по исторической географии: В 4 т. О письменности у хазар. — М.: Вост. лит., 2002—2003. стр. 466
  16. Бартольд В. В. О некоторых восточных рукописях в библиотеках Константинополя и Каира. / Записки Восточного Отдела. Т.XVIII. 1908
  17. С. П. Обнорский. Язык договоров русских с греками. Сб.: «Язык и мышление», вып. V—VI. М,—Л., 1936, стр. 403.
  18. Из сочинений Абуль-Хасана Али ибн-Хуссейна, известного под прозванием Аль-Масуди (писал от 20 или 30 до 50-х годов X века по Р. X.)
  19. Н. К. Фролов, С. М. Белякова, Л. А. Новикова. Введение в славянскую филологию. Тюмень, 2002. С.124.
  20. Русская литература
  21. И. М. Семенко. Поэты пушкинской поры. 1970
  22. Серов В. Золотой век русской литературы // Энциклопедический словарь крылатых слов и выражений. — М: «Локид-Пресс», 2003. — С. 115-116.
  23. Березовая Л.Г. Серебряный век в России: от мифологии к научности (к вопросу о содержании понятия) // Новый исторический вестник. — М.: Издательство Ипполитова, 2001. — В. 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։