Աննա Կարենինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Աննա Կարենինա
Анна Каренина
AnnaKareninaTitle.jpg
Հեղինակ Լև Տոլստոյ
Տեսակ գրական ստեղծագործություն
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու ռուսերեն
Ստեղծման տարեթիվ 1873
Երկիր Romanov Flag.svg Ռուսական կայսրություն
Հրատարակիչ Русский вестник
Հրատարակման տարեթիվ 1877
Թարգմանիչ հայերեն Վ. Առաքելյան
Թարգմանիչ Xie Sutai
OCLC 220005468
Վիքիքաղվածք Աննա Կարենինա
Anna Karenina Վիքիպահեստում

Աննա Կարենինա, (1873-1877 թվականներ, ամսագրում հրատարակվել է 1875-1877 թվականներին, առանձին գրքով լույս է տեսել 1878 թվականին), Լև Տոլստոյի վեպը, որ պատմում է ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին։ Վեպում պատկերված են 19-րդ դարի երկրորդ կեսի Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ազնվականական միջավայրերի առօրյան ու այնտեղ տիրող բարքերը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Մեշկով, Լև Տոլստոյը գրադարանում աշխատելիս[1]

1870 թվականի փետրվարի 24-ին[2] Լև Տոլստոյի մոտ առաջացել է իր ժամանակակիցների անձնական կյանքին ու նրանց հարաբերություններին նվիրված վեպ գրելու գաղափարը, սակայն այդ մտադրության իրականացմանը նա ձեռնամուխ է եղել միայն 1873 թվականի փետրվարին[2]: Վեպը հրատարակվել է առանձին մասերով, որոնցից առաջինը տպագրվել է 1875 թվականին «Русский вестник» ամսագրում։ Հետզհետե վեպը վերածվել է սոցիալական հիմնարար աշխատության, որն ունեցել է մեծ հաջողություն։ Ամսագրի խմբագիրը հրաժարվել է տպագրել վեպի էպիլոգը նրանում առկա քննադատության պատճառով, և վեպն ավարտվել է 1877 թվականի ապրիլի 5-ին (ապրիլի 17-ին)։

Տպագրված նյութի վերջին գլուխը վերջանում էր Կարենինայի մահով, իսկ վերջում նշված էր՝ «շարունակելի»: Վերջին մասը խմբագրվել է Նիկոլայ Ստրախովի կողմից[Ն 1] և տրվել է Գրաքննադատության թույլտվությունը 1877 թվականի հունիսի 25-ին: Պատմությունն սկսվում է որոշակի ընդմիջումից հետո, և խոսքը արդեն գնում է սերբա-չեռնոգորա-թուրքական պատերազմի մասին, որին մասնակցելու է մեկնում Վռոնսկին:

Այդպիսով, վեպը հրատարակվում է ամբողջությամբ: Հաջորդ (ամբողջական) հրատարակությունը եղել է 1878 թվականին:

Եթե Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպն անվանում էր «գիրք անցյալի մասին», որում պատկերվում է գեղեցիկ ու վեհ «անեղծ աշխարհը», ապա «Աննա Կարենինա» ստեղծագործությունը նա կոչել է «վեպ ժամանակակից կյանքից»: Ըստ Հեգելի խոսքերի՝ «ժամանակակից իմաստով վեպը ենթադրում է պրոզայիկ կարգավորված իրականություն»[3], ապա Լև Տոլստոյը «Աննա Կարենինա» վեպում ներկայացնում է բարոյական միասնությունից զուրկ «մասնատված աշխարհ», որտեղ տիրում է բարի ու չարի քաոսը:

Ի տարբերություն «Պատերազմ և խաղաղություն» ստեղծագործության՝ «Աննա Կարենինա» վեպում ներկայացված չեն պատմական խոշոր իրադարձություններ[4], սակայն նրանում բարձրացվում ու անպատասխան են մնում թեմաներ, որ հարազատ են բոլորին։ Ֆեոդոր Դոստոևսկին Տոլստոյի նոր վեպում գտնում էր «մարդկային հոգու հոգեբանական մեծ մշակում» («огромную психологическую разработку души человеческой»)[5]։ Այդ պատճառով էլ «կենդանի, ջերմագին ու ավարտուն վեպը»[6] կլինի արդիական պատմական ցանկացած ժամանակաշրջանում։

Վեպը, որում արտացոլվում են «բոլորին մոտ» զգացմունքներ, դարձել է կենդանի հանդիմանություն ժամանակակիցներին, որոնց Նիկոլայ Լեսկովը ծաղրաբար կոչում էր «իսկական բարձրաշխարհին մարդիկ»։ «Այս վեպը խիստ, անկաշառ դատավոր է մեր կյանքի ողջ կառուցվածքի համար»,– գրել է Աֆանասի Ֆետը[7]։

Պատումի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տոլստոյը կարդացել է Ալեքսանդր Պուշկինի «Հյուրերը հավաքվել են ամառանոցում․․․» (ռուս.՝ Гости съезжались на дачу…) հատվածը և իր վեպն սկսել է հետևյալ նախադասությամբ․ «Հյուրերն օպերայից հետո հավաքվեցին երիտասարդ իշխանուհի Վրասկայայի մոտ» (ռուս.՝ «Гости после оперы съезжались к молодой княгине Врасской»

Դա եղել է երիտասարդ իշխանուհի Բետսի Տվերսկայայի (նախնական տարբերակում՝ Միկի Վրասսկայա) մոտ հյուրընկալությունը ֆրանսիական թատրոնում օպերային ներկայացումից հետո։

Պուշկինի մոտ քննարկում են Վոլսկայային, իսկ Տոլստոյի մոտ հյուրասենյակում նախ հայտնվում են Կարենինները (նախնական տարբերակում՝ Ստավրովիչներ)։ Աննա Արկադևնան (նախնական տարբերակում՝ Տատյանա Սերգեևնա) առանձնանում է Վռոնսկու (նախնական տարբերակում՝ Բալաշև) հետ և չի բաժանվում նրանից մինչև հյուրերի հեռանալը։ Դրանից հետո նա այլևս չի հրավիրվում բարձրաշխարհիկ հասարակության պարահանդեսներին ու երեկոներին։ Ամուսինը, որ հեռացել էր կնոջից առաջ, արդեն գիտեր ամեն ինչ[8]։

Իսկ ինչպես մենք գրենք։ Պուշկինն անմիջապես անցնում է գործի։ Ուրիշը կսկսեր նկարագրել հյուրերին, սենյակները, իսկ նա միանգամից սկսում է գործողությունը։

— Լև Տոլստոյ[9] (նշում Սոֆյա Տոլստայայի օրագրում 1873 թվականի մարտի 19-ին)[2]

Եվ Տոլստոյը վեպն սկսում է հետևյալ նախադասությամբ․

Ամեն ինչ խառնվեց Օբլոնսկիների տանը։

Ապա ավելացնում է ևս մեկ տող․

Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կարենինա, նկարը՝ Գ․ Մանիզերի

Պատումն սկսվում է Օբլոնսկիների ընտանեկան դրամայի տեսարանով։ Դարյա Ալեքսանդրովնան (Դոլլի) փակվել է սենյակում, երեխաներն թողնված են առանց հսկողության։ Ստեպան Արկադևիչ Օբլոնսկին (Ստիվա) հույսը դրել է քրոջ վրա, որն անպայման պետք է հաշտեցնի իրենց, և որի ամուսնուն էր ինքը պարտական ատյանում իր զբաղեցրած պաշտոնի համար․ Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Կարենինն զբաղեցնում էր կարևորագույն պաշտոններից մեկը մինիստրությունում։

Երկաթուղային կայարանում Ստիվի Օբլոնսկին դիմավորում է քրոջը, իսկ կոմսուհի Վռանսկայային դիմավորում է վերջինիս որդին՝ երիտասարդ սպա Վռոնսկին։ Գնացքից իջնելիս Աննան տեսնում է Վռոնսկուն, նրանց հայացքները հանդիպում են։ Այդ պահին տեղի է ունենում դժբախտություն. պահակն ընկնում է գնացքի տակ ու մահանում։ Աննան այդ դեպքն ընդունում է որպես վատ նախանշան։ Աննան գնում է եղբոր տուն և կատարում իր առաքելությունը, որի համար եկել էր․ Դոլլին ու Ստեպան Արկադևիչը հաշտվում են։

Գեղեցկուհի Կիտի Շչերբացկայան երջանկությամբ սպասում է պարահանդեսում կոմս Վռոնսկու հետ հանդիպմանը։ Սակայն տեսնելով Աննայի ու Վռոնսկու վերաբերմունքը միմյանց նկատմամբ՝ Կիտին, որ նախօրեին մերժել էր Լևինին, ընկճվում է ու շոտով հիվանդանում։

Աննան վերադառնում է Պետերբուրգ, իսկ Վռոնսկին գնում է նրա հետևից։ Պետերբուրգում նա ստվերի պես հետևում է Աննային՝ փնտրելով հանդիպումներ։ Վռոնսկուն բոլորովին չի շփոթեցնում այն հանգամանքը, որ Աննան ամուսնացած է և ունի ութամյա որդի։ Բարձր հասարակությունն սկսում է քննարկել նրանց հարաբերությունները՝ անհամբերությամբ սպասելով սիրավեպի շարունակությանը։ Աննան շարունակում է երևալ հասարակության մեջ և գրեթե մեկ տարի հանդիպում է Վռոնսկու հետ իշխանուհի Տվերսկայայի տանը։ Նրանց հարաբերությունների մասին իմանում են բոլորը, այդ թվում նաև Աննայի ամուսինը։ Աննան Վռոնսկուն հայտնում է, որ երեխայի է սպասում։ Վռոնսկին խնդրում է բաժանվել ամուսնուց, իսկ ինքը պատրաստակամություն է հայտնում զոհել իր կարիերան։ Սակայն նրա մայրը, որ սկզբում համակրում էր Աննային, ընդհանրապես չի ընդունում դեպքերի նման ընթացքը։ Դստեր ծնունդից հետո Աննան քիչ է մնում մահանա հետծննդաբերական տենդի պատճառով։ Ալեքսեյ Կարենինը, որ որոշել էր բաժանվել Աննայից, տեսնելով հիվանդությունից տառապող կնոջը, անսպասելիորեն ներում է և՛ նրան, և՛ Վռոնսկուն։ Նա Աննային թույլ է տալիս մնալ իր տանը, սակայն վերջինս չի ընդունում նրա մեծահոգությունը և դստեր ու Վռոնսկու հետ մեկնում է Եվրոպա՝ որդուն թողնելով հոր մոտ։ Որոշ ժամանակ ճանապարհորդելուց հետո նրանք վերադառնում են Պետերբուրգ։ Աննան այլևս չի հրավիրվում հեղինակավոր տներում կազմակերպվող երեկոներին, և ոչ ոք չի այցելում նրան, բացի իր երկու ընկերուհիներից։ Միևնույն ժամանակ Վռոնսկուն ամենուր ուրախությամբ են դիմավորում։ Այդ իրավիճակն էլ ավելի է ազդում Աննայի նյարդային համակարգի վրա։ Սերյոժայի ծննդյան օրը նա վաղ առավոտյան գաղտնի այցելում է որդուն, սակայն փախչում է, երբ Կարենինը մտնում է սենյակ։

«Աննա Կարենինայի հանդիպումը որդու հետ», Միխայիլ Վրուբել, 1878

Աննայի ու Վռոնսկու հարաբերությունները ճեղք են տալիս, և նրանք սկսում են ավելի ու ավելի հեռանալ միմյանցից։ Աննա պնդում է, որ նրանք գնան իտալական օպերայի ներկայացմանը, սակայն թատրոնումբոլորը նրան են մատնացույց անում։ Հասկանալով, որ Պետերբուրգում իրենք այլևս անելիք չունեն, Աննա ու Վռոնսկին տեղափոխվում են ապրելու կալվածքում։ Վռոնսկին փորձում է նորություններ ներդնել գյուղատնտեսական աշխատանքներում և զբաղվել բարեգործությամբ․ նա կալվածքում կառուցում է նոր հիվանդանոց, իսկ Աննան փորձում է ամեն ինչով օգնել նրան։

Աննայի պատմությանը զուգահեռ զարգանում է նաև Կոնստանտին Լևինի պատմությունը, որին Տոլստոյն օժտել է մարդկային լավագույն որակներով, նրան է վստահում իր ամենանվիրական մտքերը։ Լևինը բավական հարուստ մարդ է, ունի ընդարձակ կալվածք, որի բոլոր գործերն ինքն է վարում։ Այն, ինչը Վռոնսկու համար զվարճանք է ու ժամանակ սպանելու միջոց, Լևինի համար գոյության իմաստ է։ Վեպի սկզբում Լևինը ցանկանում է ամուսնանալ Կիտի Շչերբացկայայի հետ։ Ժամանցի համար վերջինիս սիրահետում է նաև Վռոնսկին։ Կիտին, սակայն, լրջորեն տարվում է Վռոնսկիով և մերժում Լևինին։ Վռոնսկու՝ Աննայի հետևից Պետերբուրգ մեկնելուց հետո Կիտին ստորացումից ու վշտից հիվանդանում է, սակայն արտասահման ուղևորությունից հետո ապաքինվում է ու համաձայնում ամուսնանալ Լևինի հետ։ Լևինի ու Կիտիի ամուսնության, ընտանեկան կյանքի տեսարանները լի են լուսավոր զգացմունքներով․ դրանցում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես պիտի կառուցվի ընտանեկան կյանքը։

Կալվածքում դրությունը լարվում է։ Վռոնսկին հաճախ է մեկնում գործնական հանդիպումների ու բարձրաշխարհիկ ընդունելությունների, որոնցում Աննան չի կարող ուղեկցել նրան։ Վռոնսկին ձգտում է դեպի նախկին ազատ կյանքը, իսկ Աննան ախալմամբ կարծում է, թե նա տարվել է այլ կնոջով։ Նա մշտապես խանդի տեսարաններ է սարքում, և հաճախ է օգտագործում մորֆին։ Ամուսնալուծության գործն ավարտելու նպատակով Աննան մեկնում է Մոսկվա։ Չնայած Ստիվա Օբլոնսկու խնդրանքներին՝ Լևինը որոշում է իր մոտ թողնել որդուն, որին արդեն չի սիրում, քանի որ նա հիշեցնում է ատելի կնոջը։ Այդ որոշմանն սպասելու վեց ամիսների ընթացքում Աննան գտնվում էր լարված դրության մեջ և մշտապես վիճում էր Վռոնսկու հետ, որը փորձում էր ավելի շատ ժամանակ անցկացնել տնից դուրս։

Մայիսին Աննան պնդում է, որ անմիջապես մեկնեն գյուղ, սակայն Վռոնսկին ասում է, որ հրավիրված է մոր մոտ գործնական կորևոր հարցերով։ Աննան ենթադրում է, որ Վռոնսկու մայրը ցանկանում է նրան ամուսնացնել իշխանուհի Սորոկինայի հետ։ Վռոնսկին, չկարողանալով Աննային համոզել այդ մտքի անհեթեթ լինելը, մեկնում է մոր կալվածք։ Աննան, գիտակցելով, թե որքան ծանր ու անիմաստ է իր կյանքը և ցանկանալով հաշտվել Վռոնսկու հետ, շտապում է կայարան։ Աննան հիշում է իր առաջին հանդիպումը Վռոնսկու հետ և այն, թե ինչպես այդ օրը մի մարդ զոհվեց գնացքի անիցժվների տակ։ Աննան մտածում է, որ այդ դրությունից կա շատ պարզ ելք, որը կօգնի մաքրել իր խայտառակությունը և միևնույն ժամանակ կլինի Վռոնսկուց վրեժ լուծելու հիանալի եղանակ։ Աննան նետվում է գնացքի տակ։

Անցնում է երկու ամիս։ Ստիվան կայարանում հանդիպում է Վռոնսկուն, որ մեկնում է ռազմաճակատ։ Վիշտը Վռոնսոկուն ստիպում է կամավոր մեկնել պատերազմ։ Կարենինը, որ գնացել էր Աննայի թաղմանը, իր մոտ է վերցնում նրա դստերը և դաստիարակում որդու հետ միասին։ Լևինն ու Կիտին դաստիարակում են իրենց առաջնեկին։ Լևինը գտել է կյանքի իմաստը բարության ու մտքերի մաքրության մեջ։

Վեպի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Նիկոլաևիչ Տոլստոյի շրջապատը Աննա Օբլոնսկայա-Կարենինայի ժամանակակից հասարակությունն է։ Իրական մարդկանց զգացմունքների ու մտքերի ուսումնասիրություններն էլ հիմք են դարձել վեպի կերպարների «կյանքի գեղարվեստական պատկերման» համար[10]։

Տոլստոյի վեպում զուգադիպություններ չկան։ Պատմությունն սկսվում է երկաթուղուց, առանց որի հաղորդակցությունն անհնար կիներ։ Պետերբուրգից Մոսկվա գնալու ճանապարհին իշխանուհի Վռոնսկայան Աննա Կարենինային պատմում է իր որդու՝ Ալեքսեյի մասին։ Աննան Մոսկվա է գնում Դոլլին իր եղբոր՝ Ստիվայի հետ հաշտեցնելու համար, քանի որ բացահայտվել էր վերջինիս սիրային կապը նախկին դաստիարակուհու հետ։ Վռոնսկին դիմավորում է մորը, Ստիվան՝ քրոջը։ Երկաթուղու գծերի վրա՝ գնացքի անիվների տակ, զոհվում է պահակը։

Դեպքերի թվացյալ կարգավորվածությունը[Ն 2] միայն բացահայտում և ցույց է տալիս հերոսների ներքին քաոսի ու հուզմունքը․ «ամեն ինչ խառնվել է»։ «Շոգեքարշի թանձր սուլոցը» հերոսներին չի արթնացնում իրենց մտացածին քնից, չի լուծում հանգույցը, այլ ընդհակառակը, ավելի է ուժեղացնում հերոսների կարոտը, որոնք հետագայում հատում են վերջին հուսահատության սահմանը

Գնացքի անիվների տակ պահակի զոհվելը դառնում է «չարագուշակ նշան», որ խորհրդանշում է ընտանիքի շուտափույթ կործանումը։

Հետագա շարադրանքից պարզ է դառնում, թե ինչքան ծանր է Աննայի վիճակը, որից երես է թեքել հասարակությունը, որի ներկայացուցիչները չեն համարձակվում շփվել «հանցավոր կնոջ» հետ։ Սիրուց կուրացած Վռոնսկին «ստվերի» պես հետևում է Աննային, ինչը նույնպես քննարկման առարկա է դառնում Բետսի Տվերսկայայի տանը։ Ամուսնացած Աննան կարող է առաջարկել միայն ընկերություն և հավանության չի արժանացնում Վռոնսկու արարքը Կիտի Շչերբացկայայի նկատմամբ։

Ոչինչ չէր կանխատեսում մեծ աղետ։ Բարձրաշխարհիկ իշխանուհին խորհուրդ է տալիս Աննա Արկադևնային․ «Գիտեք ի՛նչ, միևնույն բանի վրա կարելի է նայել ողբերգորեն ու այն դարձնել տանջանքի աղբյուր, և նայել պարզ, նույնիսկ ուրախ աչքերով։ Գուցե դուք հակամետ եք՝ իրերին նայելու չափազանց ողբերգորեն։»։

Սակայն Աննան բոլոր դեպքերի մեջ տեսնում էր ճակատագրի նշաններ։ Աննան երազում տեսնում է մահ ծննդաբերության ժամանակ․ «Ծննդաբերությամբ, ծննդաբերությամբ կմեռնեք, ծննդաբերությամբ, մերիկ»[Ն 3]։ Նա մշտապես մտածում էր մահվան և ապագայի բացակայության մասին։ Սակայն ճակատագիրը տալիս է երկրորդ հնարավորություն (ինչպես Վռոնսկում, երբ նա փորձում էր ինքնասպան լինել)․ Աննան չի մահանում, և բժիշկը ցավը մեղմացնելու համար նրան տալիս է մորֆին[Ն 4]։

Աննայի համար անտանելի է բաժանումը որդուց, որ պետք է ապրի խիստ հոր տանը և մեծանա մորն ատելով։ Նա երազում է անհնարինը՝ մեկ տան մեջ համատեղ ապրել իր երկու ամենաթանկ մարդկանց՝ Ալեքսեյ Վռոնսկու և Սերյոժայի հետ։ Ալեքսեյ Կարենինի բոլոր արարքները պայմանավորված են բարձրաշխարհի հասարակության մեջ ընդունված օրենքներով, կոմսուհի Լիդիա Իվանովնայի նկատմամբ ստորաքարշությամբ ու կրոնով։

Ընտրությունը հետևյալն էր՝ մեծահոգաբար ներման երջանկությունը կամ սիրելու ու ապրելու ցանկությունը։

Լև Տոլստոյը քննադատում է հին ավանդույթը[Ն 5], ամուսնալուծության գործընթացի օրենսդրական դժվարությունները[Ն 6], որը դառնում է գործնականում անհնար և քննադատվում է հասարակության կողմից։

Տոլստոյն ինքնասպանությունը ներկայացնում է որպես տառապանքից ազատվելու միջոց։ Ինքնասպանության մասին մտքերը մշտապես ուղեկցում են Լևինին, որ թաքցնում է քուղն ու հաղթահարում «հուսահատության վտանգը», ինչպես նաև Վռոնսկուն, ր կրակում է ինքն իր սրտին Կարենինի ստորացուցիչ ու սրտահույզ խոսքերից հետո։ Բայց միայն Աննա Կարենինան է հայտնվում անելանելի ու իսկապես անհույս դրության մեջ։ Վրա է հասնում փակուղի Անայի համար․ նա խանդում է Վռոնսկուն իշխանուհի Սորոկինայի հանդեպ։ Աննան որոշում է․ «Ես կպատժեմ նրան»։ Նա տանջվում է Կարենինի որոշման անտանելի սպասմամբ և վեց ամիս Մոսկվայում անցկացնելուց հետո ստանում է նրա մերժումը։

««Այնտե՜ղ,- ասում էր նա ինքն իրեն, նայելով վագոնի ստվերին, կոճերի վրա լցված ածխախառն ավազին,- այնտե՜ղ, ճիշտ մեջտեղը, և դրանով կպատժեմ նրան ու կազատվեմ ամենքից և ինքս ինձնից»․․․

Խորհրդային տարիներին գաղափարական տեսանկյունից ընդունելի էր այն, թե ինչպես է Տոլստոյը վեպում նկարագրում «այս աշխարհի ուժեղներին» ի դեմս Ալեքսեյ Կարենինի, «ոսկե երիտասարդությանը», որի ներկայացուցիչն էր համարվում Ալեքսեյ Վռոնսկին, ինչպես նաև «Լևինի կարեկցությունը ժողովրդական կյանքի նկատմամբ, որ ներկայացվում է գյուղական կյանքի պատկերներում»[14]։

Մատանի, որ Տոլստոյը նվիրել է կնոջը վեպն արտագրելիս օգնելու համար

Լև Տոլստոյն այդ ժամանակաշրջանը նկարագրել է որպես «հին քաղաքակրթության անկում»[15], նա կանխազգացել է փոփոխություններ ազնվական հասարակության կյանքում, սակայն չի կարողացել կանխատեսել, թե ինչպիսի արմատական փոփոխություններ տեղի կունենան կես դարից էլ պակաս ժամանակ անց։

Վերջին՝ ութերորդ մասում Լև Տոլստոյը ցույց է տալիս «Պետականության հիմունքների ու ձևերի տեսության փորձը Եվրոպայում և Ռուսաստանում» աշխատանքի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը։ Գիրքը, որի վրա Սերգեյ Իվանովիչ Կոզնիշևը (Լևինի եղբայրը) աշխատել էր վեց տարի, գրախոսվում է երիտասարդ տգետ ֆելիետոնիստի կողմից և արժանանում ծաղրանքի։ Գրքի անհաջողության պատճառով Կոզնիշևը նվիրվում է սլավոնական հարցի ուսումնասիրմանը։

Նա ընդունում էր, որ թերթերը տպագրում են շատ անպետք ու չափազանցրած բաներ մի նպատակով միայն՝ ուշադրության արժանանալու և ուրիշներին ձայնախեղդ անելու համար։ Նա տեսնում էր հասարակության տրամադրության այդ ընդհանուր բարձրացման պայմաններում առաջ էին վազում և մյուսներից ավելի բարձրաձայն բղավում բոլոր ձախողակ ու անհատապես վիրավորված մարդիկ․ գլխավոր հրամանատարներ՝ առանց բանակների, մինիստրներ՝ առանց մինիստրությունների, ժուռնալիստներ՝ առանց ամսագրերի, պարտիզանական խմբերի պետեր՝ առանց պարտիզանների։ Նա տեսնում էր, որ այդտեղ կար թեթևամիտ ու ծիծաղելի շատ բան։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ձեռագրի բնօրինակը պահվում է Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան գրադարանում:
  2. «Գեղարվեստական ստեղծագործության արժեքը կյանքի նկատմամբ հեղինակի այն վերաբերմունքի պարզությունն ու որոշակիությունն է, որով հագեցած է ողջ ստեղծագործությունը» (ռուս.՝ «Цельность художественного произведения заключается в ясности и определённости того отношения автора к жизни, которое пропитывает всё произведение»)[11]։
  3. Լև Տոլստոյի մայրը՝ Մարիա Նիկոլաևնա Տոլստայան (1790-1830), մահացել է ծննդաբերության ժամանակ։
  4. Լև Տոլստոյի ազգական Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյը, 1875 թվականի սեպտեմբերի 28-ին՝ գլխացավի հերթական ուժեղ նոպայի ժամանակ, սխալմամբ ընդունել է նախատեսվածից շատ մորֆին (որով բուժվում էր բժշկի նշանակման համաձայն), ինչը հանգեցրել է մահվան։
  5. Փաստաբանությունը Ռուսաստանում հաստատվել է 1864 թվականի դատական բարեփոխմամբ հրապարակային (դռնբաց) դատի հետ միասին։
  6. «Քանի որ օրենքը պահանջում է այնպիսի հանցանշաններ, որոնք անհնար է գտնել, ապա գործը հաճախ հարթվում է նրանով, որ ամուսիններից մեկը կամավոր կերպով իր վրա է վերցնում մեղքը և հանուն անհավատարմության վերաբերյալ ապացույցների՝ հաճախ այնպիսի տեսարաններ է սարքում, որոնք իրենց անպատկառության պատճառով հարմար չեն նկարագրության համար։ Մեղքն իր վրա վերցրածը դատարանի վճռով պարտավորվում է ապաշխարել և զրկվում է նորից ամուսնանալու իրավունքից»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гр. Лев Толстой, великий писатель земли русской, в портретах, гравюрах, живописи, скульптуре, карикатурах / сост. П. Н. Краснов и Л. М. Вольф. — СПб.: Т-во М. О. Вольф, 1903.
  2. 2,0 2,1 2,2 Толстая, С. А. Мои записи разные для справок // Дневники С. А. Толстой, 1860—1891 / ред. С. Л. Толстой. — Издательство М. и С. Сабашниковых.
  3. Гегель, Г. В. Ф. Сочинения. — Т. XIV. — М., 1958. — С. 273.
  4. Переписка Л. Н. Толстого с А. А. Толстой. Опубликовано в 1911 г.
  5. Достоевский, Ф. М. Полное собрание сочинений. — Т. 11. — СПб., 1895. — С. 245.
  6. Переписка Л. Н. Толстого с Н. Н. Страховым. — СПб., 1914. — С. 116.
  7. Фет, А. А Литературное наследство. — Т. 37—38. — С. 220.
  8. Рукописи Л. Н. Толстого // Анна Каренина. Неизданные тексты / публ. и вступ. статья. Н. К. Гудзия. — Институт русской литературы (Пушкинский Дом). — М.: АН СССР, 1939. — Т. 35/36. — С. 381—486. — (Литературное наследство).
  9. Гр. Л. Н. Толстой и критика его произведений, русская и иностранная. Записано Ф. И. Булгаковым со слов Т. А. Кузминской. — 3-е изд. — СПб., 1899. — 86 с.
  10. Алексеев, В. И. Воспоминания // Летописи Государственного литературного музея. — М., 1948. — С. 426.
  11. Л. Н. Толстой в воспоминаниях современников / ред. Лидия Опульская. — М.: Государственное издательство художественной литературы, 1960. — Т. 1—2. — С. 153 (т. 1), 60 (т. 2). — (Серия литературных мемуаров).
  12. Голос (петербургская газета). № 138. 1873
  13. 13,0 13,1 Толстой, Л. Н. Анна Каренина. — М.: Эксмо, 2011. — С. 93, 166—168, 190, 879, 934. — 962 с. — (Библиотека всемирной литературы). — 4000 экз. — ISBN 978-5-699-14342-9
  14. Бабаев, Э. Г. Роман широкого дыхания // Анна Каренина. — М.: Художественная литература, 1976. — Т. 115. — С. 8. — (Библиотека всемирной литературы).
  15. Гусев, Н. Н. Два года с Толстым. — М., 1928. — С. 190.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Толстой, Л. Н. Собрание сочинений / комм. Э. Г. Бабаева. — М.: Художественная литература, 1981. — Т. 8.
  • Толстой, Л. Н. Собрание сочинений / комм. Э. Г. Бабаева. — М.: Художественная литература, 1982. — Т. 9.