Պետրոս Դուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Դուրյան
Petros Duryan.jpg
Ծնվել է մայիսի 20 (հունիսի 1), 1851
Ծննդավայր Սկյուտար, Ստամբուլ
Վախճանվել է հունվարի 21 (փետրվարի 2), 1872 (20 տարեկանում)
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն բանաստեղծ, դրամատուրգ, հեղինակ, դերասան, թարգմանիչ, թատրոնի դերասան, դրամատուրգ և գրող
Լեզու արեւմտահայերէն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրթություն Սկյուտարի ճեմարան
Պետրոս Դուրյան Վիքիքաղվածքում
Պետրոս Դուրյան Վիքիդարանում
Petros Duryan Վիքիպահեստում

Պետրոս Աբրահամի Դուրյան (Զըմպայան) (հունիսի 1 (մայիսի 20), 1851, Սկյուտար թաղամաս, Կ. Պոլիսփետրվարի 2 (հունվարի 21), 1872, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ, դրամատուրգ։

Գրական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան, սակայն նա թարգմանել է «զըմպա»-ն և ազգանունը դարձրել Դուրյան[1]։

Ազգանվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա։
- Պետրոս Դուրյան
Aquote2.png

Զմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում[2]։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

Aquote1.png Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովրը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»
- Պետրոս Դուրյան
Aquote2.png


1857 թվականին`6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի աշակերտակիցները լավ էին սովորում։ Վարդան Լյութվյանը կատարելապես տիրապետում էր ֆրանսերենին, Տիգրան Ադամյանն աչքի էր ընկնում թուրքերենի իմացությամբ, Մարտիկ Պողիկյանը ուժեղ էր թվաբանությունից, Խաչիկ Ուղուրիկյանը ուներ քերականագետի հակումներ։ Մինչդեռ Պետրոսը հռչակված էր որպես դասարանի առաջին չարաճճին ու կատակաբանը, նա վարպետորեն կարողանում էր տնազել թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին։ Առավոտյան պարապմունքների ավարտից հետո ունևոր աշակերտների նման ճաշարան գնալու փոխարեն՝ երիտասարդ Պետրոսը մշտապես փակվել է դասասենյակում, հանում նախապես հետը վերցրած որևէ գիրք և կարդում էր ու գրում[3]։ Նույնը անում էր նաև տանը։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։

Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։ Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին նա փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնել է ընթերցասիրաց ընկերություն։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին Կետիկ Փաշայում առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ Երաժշտության հեղինակը եղել է Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրության հաջող ընթացքից հետո, Վարդովյանը և Դուրյանը սկսում են համագործակցել։ Դուրյանը ոչ միայն իր թատերախաղերը գրում էր բացառապես Վարդովյանի թատրոնի համար, այլև հանդես էր գալիս նրա հրապարակային պաշտպանությամբ։ Իր հերթին Վարդովյանը «ջանք ու եռանդ» չէր խնայումդրանք բեմադրելու համար։

1869 թվականը դարձավ Դուրյանի հրապարակախոսային գործունեության վերելքը։ Դեռևս փետրվարին «Վարդ և Շուշան» ներկայացման հետ Վերգինե Դարադաշյանի արտասանությամբ «Թատրոն օսմանիեի» բեմից հնչել էր նրա «Հիշատակ» խորագրով մի «տաղերգություն», որ դժբախտաբար չի պահպանվել։ Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվեց «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը, որ Դուրյանի առաջին տպագիր գործն է։ «Ձոնը» շարժել է ընթերցողների հետաքրքրությունը և «Օրագիրի» խմբագրությունը մի քանի օր անց գրողի մասին տպագրել է կենսագրական ծանոթություն։ Խրիմյանին ձոնված բանաստեղծությունը հավանել է նաև Խորեն Նարպեյը։ Վերջինս իր մոտ է հրավիրել Դուրյանին, զրուցել՝ խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձել է Որդիկ բեյի տնային ուսուցիչը։

Բայց «սև ճակատագիրըը» շարունակել է հալածել պատանուն։ Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, և խորապես վիրավորված Դուրյանը թողել է աշխատանքը։ Այդ առիթով նա իր ընկերոջը գրել է․

Aquote1.png «Հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու, ոչ թե մարդ»[4] Aquote2.png


Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։ «Սկյուտարի սոխակ» բեմական գործունեությունը կարճ է տևել։ «Թատրոն օսմանիեի» տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ Դուրյանը նորից մնում է անգործ և ամբողջովին նվիրվում գրական աշխատություններին։

Aquote1.png «Ինչ որ է, պիտի հանդուրժեմ որչափ որ կարենամ, ստակը չեմ ատեր, բայց գրիչը կսիրեմ, սփոփ մ՝է նա ինձ այս անձուկ կացությանս մեջ...»
- Պետրոս Դուրյան
Aquote2.png

Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած, հեռանում կյանքից։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին։

Aquote1.png Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։ Aquote2.png

Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ, ասել է ու մարգարեացել։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրականում Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Սկզբում նրա գործերը վատ չէին գնում։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, նա կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց հիսնական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում, իսկ ընտանիքը բազմանում էր։ Օրվա հացը ճարելու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։ Հաճախ էլ լինում էր գինետանը՝ օղու բաժակում խեղդելու հոգսերը։ Լինելով խիստ՝ նա նաև անչափ բարի ու ուսումնասեր մարդ էր։ Կրտսեր տղան՝ Եղիշեն, վկայում է.

Aquote1.png Իր աղքատ վիճակին մեջ 70 ղրուշ բառարանի ստակ տվավ։ Կրթություննիս անոր կը պարտինք Aquote2.png

Մայրը՝ Արուսյակը, բարեպաշտ կին էր, ձեռքից վայր չէր դնում ձեռագործը կամ գուլպան։ Նա շատ էր տառապել։ Տակավին օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետեկը (այսպես էին անվանում նրան տնեցիները) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։ Նրա հետ եկեղեցի էր գնում, նրա փեշերի տակ թաքնվում, երբ վախենում կամ անծանոթ մարդ էր տեսնում։ Հետագայում «Թատրոն կամ թշվառներ» թատերախաղի մեջ գրեց հետևյալ ինքնակենսագրական տողերը.

Aquote1.png Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կը խաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կը նստեի, երբ պատանի եղա՝ շատ-շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը։ Aquote2.png


Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրյանի բուն ստեղծագործական կյանքը սկսվել է ճեմարանն ավարտելուց հետո։ Մինչև 1871 թվականին գրողը հիմնականում նվիրվեց թատերգությանը։ Դուրյանը մեծ հետաքրքրությունը է ունեցել դեպի պատմական թեմատիկան։ Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ արևմտահայ թատրոնի բեմահարթակ կարող էին բարձրանալ առաջին հերթին պատմական ողբերգությունները։ Դուրյանն իր պատմական թատերախաղերը համարել է «երևակայության հեղեղներուն արտադրած կաթիլներ»[3]։

Իր ողբերգություններում հեղինակը պաշտպանում է ավանդական մի մտայնություն. նա համոզված է, որ հայ ժողովրդին բաժին ընկած անցյալ ու ներկա աղետների միակ պատճառը անմիաբանությունն ու մատնությունն են։ Բայց դրա հետ միասին գրողի բոլոր պատմական թատերախաղերում առկա են ժողովրդավարական տրամադրություններ։

Իր ստեղծագործական կյանքի վերջին տարում Դուրյանը ոչ միայն չի գրել նոր ողբերգություններ, այլև կիսատ է թողել «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը, որոնք Դուրյանը ձեռնարկել է 1870 թվականին։ Կիսատ թողնելու հիմնական պատճառը կայանում է նրանում, որ Դուրյանին այլևս չեն հետաքրքրել պատմահայրենասիրական ողբերգությունները։

Նոր թատրերգության խնդիրները Դուրյանն արծարծել է «Թատրոն կամ Թշվառների» «Հառաջաբանում», որ ըստ ամենայնի գրական ուշագրավ վավերաթուղթ է, ինչպես նաև բուն թատերախաղում՝ մի քանի երկրորդական գործող անձանց միջոցով։ Նա խոստովանում է, որ իր «Ժամանակակից թատերախաղը» «դժվարին» և «հանդուգն» մի ձեռնարկում է, որ նպատակ ունի դրանով «օրինակ ըլլալ ուրիշ թատերագրաց, որ ավելի արդի ընտանե կան անցքերը պարունակող բարոյալից թատերախաղեր հորինելու աշխատին, որով ավելի օգուտ կրնան ընծայել հայ հասարակության, քան թե ազգային հին դյուցազնությունը ողբերգությանց վերածելով»[3]։

Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։

1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել։ Այդ ժամանակ նա իր բարեկամներին է ուղղել մի երկտող՝ «Մեկ պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում։ «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»։

Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը։ Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն։ Իսկ հաջորդ 1872 թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն։ Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։

Թատերախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր֊նոր գրական ասպարեզ մտնող Դուրյանին խորապես մտահոգել է հայ թատրոնի վիճակը։ «Թատրոն» հոդվածում (1869 թվական, դեկտեմբեր) նա մերժում է թատրոնը զբոսատեղի դիտելու մտայնությունը։ Պատճառ

ը մատուցելով «Արեվելյան թատրոնին», հոդվածագիրը դժգոհություն էր հայտնում դրանից հետո հանդես եկած «այլևայլ անուններով թատերական խումբերի ու վարչությունների» գործունեությունից, որոնք ի վերջո հանգեցնում են Ալգազարի թատրոնի տխուր իրողությանը։ Նրա համոզմամբ հարկավոր էր ունենալ ազգային թատրոն։ Այդպիսին կարող էր դառնալ ՚Լարդովյանի «Թատրոն օսմանիեն», որն, ըստ հեղինակի, «կաղնիկաղ ընթացք» ունի։ Դուրյանը կոչ է անում ամեն կերպ օգնել ու քաջալերել ազգային թատրոնի վերականգնմանը։

Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Դուրյանը գրել է «Տարագիր Ի Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Թրքուհին», «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867 թ.) հովվերգական մելոդրաման, ապա՝ «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868 թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869 թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870 թ.), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870 թ.) պատմական ողբերգությունները։ Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։

Ստեղծագործությունների թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։

Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871 թվականին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ.Սունդուկյանից և Հ.Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևանքները։

Նորամուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթահարել կլասիցիզմի կապանքներին ու պայմանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ Տարագիր ի Սիպերիա և Թատրոն կամ Թշվառների, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են Թանրոն Օսմանիեում և մեծ հաջողություն ունեցել։ Դուրյանը ժանրի ավանդական սկզբունքների հետևորդը չեղավ։ Նա համարձակորեն օգտվեց ստեղծագործական ազատությունից և էական նորամուծություններ կատարեց պատմական դրամայի գեղարվեստական կառուցվածքում։ Ի տարբերություն կլասիկական դրամայի՝ Դուրյանը չի հերոսականացնում հայոց պատմությունը։ Նրա պատմական դրամաները չեն ավարտվում հաղթանակի ցնծությամբ, նրա սյուժեները վերաբերում են հայոց պատմության ողբերգական իրադարձություններին։

Դուրյանը հետամուտ էր հայոց դժբախտության պատճառների հայտնաբերմանը և պատմության ճակատագրական հանգամանքների դիտակետից վերլուծում էր վերնախավերի ու պալատական միջավայրում տիրող բարքերը։ Դուրյանի կարծիքով չի կարող միաբան լինել մի ժողովուրդ, որի վերնախավը բարոյազուրկ է ու անձնասեր, քանի որ յուրաքանչյուր ազգի ուժը նրա միասնության մեջ է։ Միությաքմբ և քաջությամբ-միությունը, միությունն է ազգի մը զենքն ու կյանքը... Հայեր, երկնից երեսը հույս չփնտրեք, մեր հույսը թող ըլլա մեր սիրտը և մեր սուրը,- այս է «Սև հողեր» դրամայի գաղափարը։ Դուրյանի համոզմամաբ հայրենիքի հզորությունը ժողովրդի մեջ է, և հայրենասիրության իսկական կրողը ժողովուրդն է՝ հայրենի հող ու ջրի տերը։ Դուրյանը հայրենասիրությունը համարում է սուրբ գաղափար։ Ներկայացնելով հայոց պատմության անկումները՝ Դուրյանը չի հանգում հոռետեսկան եզրակացության։

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրյանի ընկալմամբ՝ «բնության հանճարը և մարդկության ոգին» ստեղծվում են չորս տարրերից՝ Վսեմը, Բարին, Ճշմարիտը և Գեղեցիկը։ Այս տարրերի միասնության մեջ է բանաստեղծի պոետական իդեալը։

Դուրյանի ընկալմամբ՝ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի, ներշնչվում է նրանցից («Նե», «Զնե պաշտեմ» , «Մանիշակ», «Ներա հետ»)։ Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող է ապրել առանց սիրո։

«Լճակ», «Ի՜նճ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։ Մահվան և գերեզմանի գաղափարները Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծեմումք»)։ Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»–ում։ Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց, ովքեր «վսեմ երազներ» ունեն, բայց որոնց բաժին էր ընկել «սև ճակատագիրը»։

Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերը ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ։ Դուրյանը մարդկության համար տենչում էր մի ուրիշ աշխարհ և երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոնց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի...», «Ե՛րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա»։

Դուրյանը վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից և նկարագրությունից։

Հայրենիքի պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված են 1871 թվականին։ Հայրենասիրական մի քանի երգերում («Վիշտք հայուն», «Իղճք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»

Իրական աշխարհը, ըստ Դուրյանի, բանաստեղծական աշխարհի հակապատկերն է։ Այն ձանձրալի է և չարությամբ անիծված։ Այստեղ ասպարեղ չունեն սերը, գեղեցիկը և աղոթքը։

Դուրյանի բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնարական հերոսը ինքը՝ հեղինակն է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։

«Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Նվագ», «Նոր սև օրեր», «Իմ ցավը» բանաստեղծությունները ներծծված են ավերակված հայրենիքի և բռնադատված ժողովրդի ահավոր սարսուռներով։ Բանաստեղծը նույնանում է հայրենիքին և իր ցավը գիտակցում լոկ հայրենիքի գաղափարով։

Բնության և սիրո պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության և սիրո ներդաշնակության պատկեր է «Ներա հետ» բանաստեղծությունը։

Սիրո փիլիսոփայությունը Դուրյանի պոեզիայում գեղարվեստական կատարյալ արտահայտություն է գտել «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում։

Պետրոս Դուրյանի շիրմաքարը Կոմիտասի անվան պանթեոնում

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Դուրյանի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №28 հիմնական դպրոցը։

Դուրյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչման։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց։ Aquote2.png
Aquote1.png Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս։ Aquote2.png
Aquote1.png Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը[5]։ Aquote2.png
Aquote1.png Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»[6]։
- Պարույր Սևակ
Aquote2.png


Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ. սփոփում է նա ինձ այս անձուկ կացության մեջ։ Aquote2.png
Aquote1.png Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի … Aquote2.png
Aquote1.png Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. Անշուշտ, բարեկամքս զանտի պատվեն և անոնց արև տեսղնեն պիտի։ Aquote2.png
Aquote1.png Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ծեր լինել և աղոթե՜լ։ Այս է կյանկը։ Ա՜հ, գեղեցիկ կյանկ մ'ալ կա. Սերն է այդ. Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ։ Aquote2.png


Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հետահայաց»․ Գրական կեղծանունները գուցե և հետաքրքրական են, այնուամենայնիվ, տաղանդի հետ որևէ առնչություն չունեն, Արմենպրես։
  2. Չոպանյան Արշակ (1967)։ Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը։ Երևան։ էջ 226 
  3. 3,0 3,1 3,2 Շարուրյան Ա․Ս․ (1972)։ «Պետրոս Դուրյան (Մահվան 100-ամյակի առթիվ)»։ Պատմա-բանասիրական հանդես։ Վերցված է 22․11․2018 
  4. Շարուրյան Ա․Ս․ (1971)։ ։ Երևան: «Բանբեր Երևանի համալսարանի»։ էջ 72 
  5. Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 34։
  6. Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 37։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պետրոս Դուրյան հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝