Jump to content

Ազնիվ Հրաչյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա (այլ կիրառումներ)
Ազնիվ Հրաչյա
Ծնվել էհունիսի 25, 1853(1853-06-25) կամ մայիսի 20, 1859(1859-05-20)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1919[2] կամ մայիսի 20, 1920(1920-05-20)[3]
Մահվան վայրԴիլիջան, Հայաստան, Հայաստան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրԱրևելյան թատրոն և Վարդովյան թատրոն

Ազնիվ Մինասյան, բեմական անունը՝ Հրաչյա[4] (Ազնիվ Գրիգորի Մինասյան, (հունիսի 25, 1853(1853-06-25) կամ մայիսի 20, 1859(1859-05-20)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1919[2] կամ մայիսի 20, 1920(1920-05-20)[3], Դիլիջան, Հայաստան, Հայաստան), հայ դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնիվ Հրաչյան ծնվել է Կոստանդնուպոլսում։ Բեմ է բարձրացել 1869 թվականին, Կ. Պոլսի «Արևելյան թատրոն»-ում։ Հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբերում. խաղացել է պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական, ֆրանսիական մելոդրամաներում (Թ. Բարրյերի «Փարիզի աղքատները», Պ. Ֆերրարի «Սեր առանց համարման», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» և այլն)։ Բեմական գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկ խաղացանկին, հակվել է դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը։ Նրա այդ ձգտումը հիմնավոր հող է գտել 1880-ական թթ. Թիֆլիսի հայկական թատերախմբում։ Այդ շրջանի լավագույն դերերից են՝ Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Ժաննա դ՚Արկ (Ֆ. Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիա (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյա (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Նինա (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կլարա (Ժ. Օնիեի «Դարբնոցապետ»), Մարգարիտ Գոթիե (Դյումայի «Կամելիազարդ տիկինը»)։ 1883 թվականին թողել է բեմը, ապա դարձյալ խաղացել Թիֆլիսի հայկական թատերախմբում (1893-1894), Բաքվի հայկական թատրոնում (1890-1900-ական թթ.)։

Համիդյան ջարդերի հետևանքով 1896 թվականին ընտանիքը գաղթել է Թիֆլիս։ Այնուհետև, նյութական ծանր վիճակից ելնելով, տեղափոխվել է Բաքու՝ Պերճուհի դստեր մոտ, որն ամուսնացած էր Ստեփան Թումանյանի հետ։

Հրաչյան հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից է։ Նրա արվեստին բնորոշ էր խոր հուզականությունը և դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոցիալական և հոգեբանական շերտերի համադրումը։ Հրաչյան արմատապես հրաժարվել է դերասանական խաղի մելոդրամային ոճից և հակվել դեպի XIX դարի վերջի և XX դարի սկզբի հոգեբանական թատրոնը[5]։

Բեմական անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Մաղաքյանի թատրոնում «Թափառական հրեան» պիեսի փորձի ժամանակ, Պետրոս Ադամյանը (որը հանդես էր գալիս Գաբրիել քահանայի դերում), առաջին անգամ տեսնելով Ազնիվին և հիանալով նրա կրակոտ աչքերի գեղեցկությամբ, բացականչել է՝ «հրաչյա՜»։ Այդպես Ադամյանը դարձել է Ազնիվի բեմական անվան կնքահայրը: Իսկ այդ հիացումը հետագայում վերածվել է Ազնիվի նկատմամբ Ադամյանի անպատասխան սիրո[6]։

Պետրոս Ադամյանի անպատասխան սեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի մը շաբաթ ետք «Հայկ Դիւցազն» բիէսին առաջին փորձն էր, ուր 16-ամեայ Հրաչեան պիտի խաղար Հայկանոյշի դեւրը, իսկ Ադամեան՝ անոր սիրահարին:

Ադամեան քսանամեայ երիտասարդին յատուկ խանդավառութեամբ ու ներքին գոհունակութեամբ կը փորձէր իր դերը: «Այնպիսի ոգեւորութեամբ գրկեց զիս, «Հայկանոյշ կը սիրեմ զքեզ» ըսելով, որ ես ամչցայ եւ լացի» - կը յիշէ Հրաչեայ: Դեռատի աղջիկը յուզուած է, արցունքախառն, թովիչ մեծ աչքերը յառած ուսուցիչին՝ Մաղաքեանին, Ազնիւ կը խնդրէ որ դերը իրմէ ետ առնէ: «Ես այս տղու հետ ալ դեր չեմ կատարեր»: Փորձերը ընդհատուեցան. Դերէն, որքան ալ չփափաքէր, ստիպւած էր հրաժարիլ նաեւ Ադամեան:

1872 - 73 Մաղաքեան թատրոնի գործունէութիւնը բանասէրները կը գնահատեն որպէս պոլսահայ թատրոնի ոսկէ շրջան: [...] Այս թատերաշրջանին մասին գրած է Շարասան. «Հրաչեան ճշմարիտ վայելքով մը կը կատարէր իր առաջին սիրուհիին դերը Ադամեանի հետ»: Թերեւս բեմին վրայ Հրաչեայ դերասանուհիին ճշմարտացի դերակատարումն էր պատճառը, որ Ադամեանի մօտ յոյս յառաջացաւ, թէ Հրաչեան վերջապէս փոխադարձ զգացում կը տածէ իրեն հանդէպ: Ան յարմար առիթ կը փնտռէր արտայայտելու արդէն վաղուց կուտակուած զգացումները:

Հրաչեայ - Ադամեան զոյգը կընդունուէր բոլոր առաջնակարգ սրահները, եւ ոչ մէկ հաւաքոյթ կանցնէր առանց անոնց: Բոլորը անհամբեր կը սպասէին այս երկու աստղերուն ամուսնական միութեան, եւ նոյնիսկ սկսեր էին Ադամեանը անհամարձակութեամբ մեղադրել: Հրաչեան մինչ այդ արդէն անգամ մը մերժած էր զայն, ըսելով.

- Երկու լարախաղաց չեն կրնար մէկ չուանի վրայ խաղալ։

Այսպէս, այլեւս չէր կրնար ապրիլ Ադամեան: Ճնշուած էր Ադամեան մարդը, Ադամեան արուեստագէտը: Սրտի ամէն մէկ զարկը Հրաչեային համար էր: Ամէն տեղ զայն կը տեսնէր, կը լսէր, կը զգար, կը կարօտնար: Եւ իրեն միայն հնարաւորութիւն կը տրուէր այդ կարօտը յագեցնելու բեմին վրայ: Իսկ կեանքի մէջ ... կեանքի մէջ անոնք միասին կայցելէին նոյն սրահները, ուրիշ ոչինչ:

Խնջոյքի մը ընթացքին արքունի ճարտարապետ եւ հայ թատրոնի սիրահար Յակոբ Պալեան, վերցնելով բաժակը երկար կը խօսի Հրաչեայի եւ Ադամեանի բեմական տաղանդին մասին, որ իր խոր համոզումով գերագոյն, լիարժէք հաճոյք կը պատճառէր պոլսահայ հանդիսատեսին: Ան իր խօսքին վերջաւորութեան կաւելցնէ որ նոյն լիարժէք ու գերագոյն հաճոյքը անոնք կը պատճառեն բոլորին իրենց ամուսնութեամբ: (Նշենք որ Յակոբ Պալեան կը սիրէր երկուքն ալ եւ բազմիցս օգնած է անոնց դժուար պահերուն):

Ան կը դառնայ Հրաչեային.

- Ո՞վ գիտէ, թերեւս ուրիշի մը կինը ըլլաս, եւ հայ բեմը զրկուի քեզմէ: Ադամեանը գեղեցիկ է, լաւ արուեստագէտ է, քեզ շատ կը սիրէ...

- Պէյ, ներեցէք որ ձեր խօսքը կը կտրեմ, ան զիս չի կրնար սիրել, անոր սէրը հնցած է, իսկ իմս շատ նոր է, հին կտորը նոր կարկտան չի բռներ, - կը պատասխանէ Հրաչեայ։

Անոր այս խօսքերը ներկաներուն վրայ շատ ծանր տպաւորութիւն ձգեցին... Քանի մը րոպէ խոր լռութիւն տիրեց ... յետոյ Պալեան առաջարկեց պարել, որպէսզի Ադամեան կարենայ ծածկել իր հոգեկան ապրումները: Դիպուածով ան ստիպուած եղաւ պարել Հրաչեայի հետ իսկ: Չկարենալով զսպել ինքզինքը, ան յանկարծ բարձրաձայն ըսաւ.

- Օրիորդ, դուք զիս խէժէ գնդակ էք դարձուցեր, երբեմն օդ կը բարձրացնէք, երբեմն գետնին կը հաւասարեցնէք...

Այսպէս վերջացաւ Ադամեանի սիրոյ պատմութիւնը...

Անոր կը մնար միայն մոռացութեան տալ իր զգացումները, մանաւանդ որ Հրաչեայի շուտափոյթ ամուսնութեամբ վերջնականապէս մերժուեցաւ Ադամեանի սէրը: Սակայն բեմին վրայ անոնք դեռ երկար միասին սիրող զոյգեր պիտի խաղային...

Հրաչեայի մերժումին պատճառները յայտնի չեն եւ վերջապէս սրտին կարելի չէ հրամայել: Այնուամենայնիւ անոնց բարեկամութիւնը մինչեւ վերջն ալ անաղարտ մնաց[6]:
- Իրինա Օհանյան, «Յառաջ», 1988

1875 թվականի սեպտեմբերի 14-ին ամուսնացել է Պոլսի Օրթագյուղի մեջ հարգված կաթոլիկ Գարայան Սահակ աղայի զավակի՝ գրագիր Անտոն Գարայանի հետ, որի ծնողները դեմ էին այդ ամուսնությանը ոչ միայն Ազնիվի՝ լուսավորչական լինելու, այլև դերասան լինելու պատճառով։ Նշանվելու մասին իմանալուց հետո հայրը որդուն դուրս էր արել տնից և հեռացրել աշխատանքից։ Սակայն մինչև ամուսնությունը հարթվել էր այդ կնճիռը․ Ազնիվի անբիծ հեղինակության մասին ծանոթներից տեղեկանալով՝ նշանածի հայրը Ազնիվի հետ հանդիպման ժամանակ առաջ էր քաշել պապական եկեղեցով ամուսնանալու հարցը։ Ազնիվը կարողացել էր համոզել, ասելով, որ «դուք ունեք 14 զավակ, իսկ իմ մոր համար ես միակն եմ»[7]։

1878 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Պերճուհին, 1880 թվականի փետրվարին ծնվել է երկրորդ դուստրը՝ Արմենուհին, 1883 թվականի հունվարի 30-ին ծնվել է որդին՝ Հայկը։

Ազնիվ Հրաչյան ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է Դիլիջան, որտեղ Իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցում դերասանուհուն խնամել են համքարական ընկերության կողմից վարձված երկու բուժքույր՝ Անահիտ Աղաջանյանը և Վարսենիկ Զաքարյանը[8]։

Հրաչյան մահացել է Դիլիջանում։ Ազնիվ Հրաչյայի թաղումը կազմակերպել է Դիլիջանի համքարային ընկերությունը, իսկ տեղի դարբինները, սեփական նախաձեռնությամբ, նրա գերեզմանի շուրջը երկաթե ձևավոր ցանկապատ են սարքել և վրան փակցրել երկաթատառ տապանագիր. «Հայ բեմի մեծ վարպետ Ազնիվ Հրաչյա»։ Հետագայում Դիլիջանի թատերական ընկերությունը գերեզմանին կանգնեցրել է սև մարմարե հուշաքար՝ վրան սպիտակ մարմարից կերտված Ազնիվ Հրաչյայի կիսադեմը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Anahit_paris/1909/1-2.pdf
  2. 2,0 2,1 2,2 Ազնիվ Հրաչյա, գլուխ 1 Կենսագրական փաստեր ( էջ 17-16)
  3. 3,0 3,1 3,2 AV Production
  4. Ազնիվ Հրաչեայ (1909). Արշակ Չոպանյան (ed.). «Իմ յիշողութիւններս (ինքնակենսագրություն)» (PDF). թիվ 1-2. Փարիզ: «Անահիտ» հանդես. էջեր 12–29. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Zarkfoundation - Ազնիվ Հրաչյա». zarkfoundation.com.
  6. 6,0 6,1 «Պետրոս Ադամեան - Ազնիւ Հրաչեայ» (PDF). «Յառաջ» օրաթերթ, 1988 թ. մայիսի 2 (N16740): էջ 2.
  7. Ազնիվ Հրաչեայ, «Իմ յիշողութիւններս (շարունակությունը), Անահիտ (հանդես), թիվ 3-4, էջեր 23-43, 1909 թ., Փարիզ
  8. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
  9. dilijanstories (2014 թ․ հուլիսի 17). «Հանրաճանաչ դերասանուհու գերեզմանը Դիլիջանում». Դիլիջանյան պատմություններ. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հենրիկ Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար։ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երևան, «Նաիրի», 2010, 760 էջ + 40 էջ ներդիր
  • Նաիրա Շահվալադյան, Ազնիվ Հրաչյա, ԳԱԹ, Երևան, 2020

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 620