Jump to content

Արևելյան թատրոն (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան թատրոն
Տեսակթատերախումբ
Երկիր Օսմանյան կայսրություն
Գտնվելու վայրըԿ. Պոլիս
Հիմնադրման ամսաթիվ1861

«Արևելյան թատրոն», հայ առաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնը նոր ժամանակներում։

Հիմնադրվել է 1861 թվականին, Կ․Պոլսում՝ Ս․ և Ա․ Ալթունյան եղբայրների ջանքերով։ Առաջին ներկայացումը (Ռոթայի «Երկու հիսնապետներ») տեղի է ունեցել 1861 թվականի դեկտեմբերի 14-ին և նշանավորվել Միքայել Նալբանդյանի «Ազգային թատրոն Պոլսի մեջ» ծրագրային ճառով։ Թատրոնի գաղափարական հովանավորությունն ստանձնել է Հ․ Սվաճյանի «Մեղու» պարբերականը։ Թատերախումբը առաջին թատերաշրջանում գործել է իտալացի ռեժիսոր Ասթիի հետ, 1862-1864 թվականներին Զմյուռնիայում՝ դերասաններ Հ. Վարդովյանի ու Մ․ Մնակյանի, ապա՝ Ս. Էքշյանիգլխավորությամբ։ Իսկ 1869-1871 թվականները թատրոնը գլխավորում է Պետրոս Մաղաքյանը։

1865-1868 թվականներին «Արևելյան թատրոն» կոչվել է «Հայ դերասանական ընկերություն»՝ Ս․ Հեքիմյանի տնօրինությամբ։ Թատրոնի խաղացանկը կազմված է եղել տարբեր ժանրերի ու ժամանակների պիեսներից, մեծ տեղ են գրավել ֆրանսիական ռոմանտիկական դրաման (Վիկտոր Հյուգո, Ալեքսանդր Դյումա-հայր), իտալական կլասիցիզմի ներկայացուցիչների (Պ․ Մետաստազիո, Վ․ Մոնթի, Վ․ Ալֆիերի), Մոլիերի գործերը և իտալական ավանդական սյուժեներով կատակերգությունները։ Հայ ազգային դրամատուրգիայից «Արևելյան թատրոն» բեմադրել է Մ․ Վանանդեցու «Միհրդատ»-ը, «Մեծն Ներսես»-ը, Թովմաս Թերզյանի «Սանդուխտ»-ը, Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»-ն, Սրապիոն Հեքիմյանի «Վահրամ»-ը, Դ․ Տեր-Պողոսյանի «Մխիթար դյուցագն»-ը։ Այստեղ է սկզբնավորվել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ի դեմս Ա․ Փափազյանի, Ս․ Էքշյանի, Պետրոս Մաղաքյանի, Հ. Վարդովյանի, Մ․ Մնակյանի, Հ․ Աճեմյանի, Ե․ Գարագաշյանի, Դավիթ Թրյանցի, Թովմաս Ֆասուլաճյանի։

1869-1876 թվականներին որոշ ընդհատումներով թատրոնը գործել է Պետրոս Մաղաքյանի գլխավորությամբ։ Խմբի առաջատար դերասաններն են եղել Պետրոս Ադամյանը, Ա․ Հրաչյան, Աստղիկը, Դ․ Թրյանցը, Սիրանույշը, Մարի Նվարդը։ Այս շրջանում է վերջնականապես ձևավորվել և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ռոմանտիկ-սենտիմենտալ և մելոդրամային խաղաոճի որոշակիորեն արտահայտված տարրերով։ «Արևելյան թատրոն» նպաստել է 1860-1870-ական թվականներին արևմտահայ լուսավորական շարժմանը և ազգային-ազատագրական ձգտումներին, զգալի ավանդ ներդրել ազգային թատերական արվեստի զարգացման մեջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շարասան, Թրքահայ բեմն և իր գործիչները, ԿՊ, 1914։
  • Ասատուր Հ․, Բերայի «Արևելյան թատրոն»-ին առաջին երկու տարեշրջանները, «Ըն արձակ տարեցույց», ԿՊ, 1926։
  • Ստեփանյան Գ․,Արուսյակ Փափազյան, Ե․, 1955։ Նույնի, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։
  • Հովհաննիսյան Հ․ Վ․, Մարտիրոս Մնակյան, Ե․, 1969։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 32