Սիրանույշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Սիրանույշ
Սիրանույշ.jpg
Ի ծնե Մերոպե Սահակի Գանթարճյան
Ծնվել է մայիսի 25, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:25|2|0}})
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է հունիսի 10, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] (75 տարեկանում)
Մահվան վայր Կահիրե, Եգիպտոս[1]
Մասնագիտություն դերասանուհի
Ազգություն հայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ակտիվ տարիներ 1873—1932
Բեմական կեղծանուն Սիրանույշ
Դերեր
  • Համլետ,
  • Մարգարիտ Գոթիե,
  • Թերեզա,
  • Ռուզան,
  • Մարի Ստյուարտ,
  • Մեդեա,
  • Կրուչինինա,
  • Իզեիլ,
  • Զեյնաբ,
  • Պորցիա,
  • Իշխանուհի,
  • Մարգարիտ
Ներկայացումներ
  • Մուրացանի «Ռուզան»,
  • Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»
  • Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»
  • Շեքսպիրի «Համլետ»,
  • Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»,
  • Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»,
  • Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»,
  • Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»,
  • Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»,
  • Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»,
  • Լևոն Շանթի «Հին աստվածներ»,
  • Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ»
Սիրանույշ
Siranush Վիքիպահեստ


Սիրանույշ (Մերոպե Սահակի Գանթարճյան) (մայիսի 25, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:25|2|0}}), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 10, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})[1], Կահիրե, Եգիպտոս[1]), դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը։

Հանդես է եկել Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի դերասանական խմբերի հետ, խաղացել շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն ողբերգությունից։ 1912 թ. Հովհաննես Աբելյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել նաև Մոսկվայում և Պետերբուրգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում։ 1873 թ-ից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում» (Կեկել՝ Սունդուկյանի «Պեպո», Ամալյա՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», և այլն), 1874 թ-ից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում։ 1878 թ-ին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր[2]։ 1879–1881 և 1891–1892 թթ-ին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»), Օֆելյա (Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Յուլինկա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Անանի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն։ 1881 թ-ին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թ-ին կրկին հրավիրվել է Սերովբե Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս. հռչակվել է Ֆաթիմեի (Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ։

1895 թ-ից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում։ 1897 թ-ին նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում՝ ողբերգական դերերով։ Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թ., Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ)։

Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր՝ Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Թերեզա (Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Հովհաննա, Մարի Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Մեդեա (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Իզեիլ (Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»), Զեյնաբ (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Պորցիա (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Իշխանուհի (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Մարգարիտ (Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ») և այլն։ Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են։ Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907–08 թթ-ին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910 թ-ին՝ Կոստանդնուպոլսում։ 1912 թ-ին Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները, Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ։ 1918–1921 թթ-ին շրջագայել է Պարսկաստանում, 1922 թ-ին հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թ-ին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով։

Մահացել է տունդարձի ճանապարհին։

Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր։ Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության։ Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում։ Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сирануйш // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Սիրանույշ»։ avproduction.am։ Վերցված է 2017-05-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սիրանույշ հոդվածին