Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրիդրիխ Շիլլերից)
Picto infobox auteur.png
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր
Friedrich Schiller
Gerhard von Kügelgen 001.jpg
Ծննդյան անուն Johann Christoph Friedrich von Schiller
Ծնվել է նոյեմբերի 10, 1759({{padleft:1759|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2]
Ծննդավայր Մարբախ ամ Նեկար[3]
Վախճանվել է մայիսի 9, 1805({{padleft:1805|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2] (45 տարեկանում)
Վախճանի վայր Վայմար[4]
Մասնագիտություն բանաստեղծ, փիլիսոփա, պատմաբան, գրադարանավար, գրող, դրամատուրգ, վիպագիր, համալսարանի պրոֆեսոր, թարգմանիչ և լրագրող
Լեզու գերմաներեն[5] և ֆրանսերեն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Կառլի բարձրագույն դպրոց և Ենայի համալսարան
Գրական ուղղություններ Հողմ և ճնշում և Վայմարյան կլասիցիզմ
Ուշագրավ աշխատանքներ Ավազակները, Դոն Կառլոս, Վալենշտեյն, Մարիա Սյուարտ, Վիլիամ Տել, Intrigue and Love և On the Aesthetic Education of Man
Անդամակցություն Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա
Աշխատավայր Ենայի համալսարան
Ամուսին Շարլոտե ֆոն Լենգեֆելդ
Զավակներ Էմիլի ֆոն Գլայխեն-Ռուսվուրմ և Էրնստ ֆոն Շիլլերր
Schiller Autogram.png
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր Վիքիքաղվածքում
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր Վիքիդարանում
Friedrich Schiller Վիքիպահեստում

Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ ֆոն Շիլլեր (գերմ.՝ Johann Christoph Friedrich von Schiller, նոյեմբերի 10, 1759[1][2], Մարբախ ամ Նեկար[3] - մայիսի 9, 1805[1][2], Վայմար[4]), գերմանացի բանաստեղծ, փիլիսոփա, պատմաբան և դրամատուրգ, ով կյանքի վերջին տասնյոթ տարիներին (1788-1805 թթ.) եղել է անվանի քնարերգու Յոհան Վոլֆգանք Գյոթեի մոտ ընկերը։ Վերջինիս հետ Շիլլերը համագործակցել է որոշ ստեղծագործություններ գրելիս։ Շիլլերը գրականության մեջ ներկայացնում է ռոմանտիկ ուղղությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ Շիլլերը ծնվել է Վյուրտեմբերգյան դքսության Մարբախ քաղաքում, թափառաշրջիկ զինվորական ծառայողի ընտանիքում։ Նրա հայրը զինվորական բուժակ էր։ Դեռ մանուկ հասակից Շիլլերը շատ մեծ հետաքրքրությամբ լսում էր հին ասքերն ու առասպելները, ինչպես նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք սիրով նրա համար կարդում էր նրա մայրը։ Իր ուսումը պատանի Շիլլերը սկսեց Լորիս գյուղում, որ տեղի քահանա Մուլեռը պարապում էր տանը երեք երեխաների հետ։ 1772 թ. տասներեքամյա Շիլլերին սովորելու են ուղարկում այսպես կոչված Վյուրտեմբերգյան դուքս Կարլ Եվգենիայի ակադեմիան։ Շիլլերը հետագայում միշտ նողկանքի ու սարսափի զգացումով է հիշել դպրոցում անցկացրած մռայլ տարիները։ «Անսիրտ, անհոգի դաստիարակությունը կաշկանդել էր ձևավորվող զգացմունքներիս գեղեցիկ հուզմունքը», - գրել է նա։ Ակադեմիայում բոլորովին կտրված արտաքին աշխարհից Շիլլերը սովորել է ութ տարի։

Շիլլերին հաջողվում է գաղտնի ուսումնասիրել Լեյբնիցի, Վոլֆի, Հելվեցիի, Հոլբախի, Լոկկի և այլ փիլիսոփաների աշխատությունները չնայած դպրոցում տիրող դաժան, պարզապես ինկվիզիցիոն կարգերին, լրտեսության։ Այստեղ նա առաջին անգամ ծանոթանում է նաև Լեսինգի, Գյոթեի, «գրոհ և փոթորիկ» գրական շարժման հեղինակների ստեղծագործություններին։ Իր անդրանիկ դրամատիկական երկի՝ «Ավազակներ»ի պլանը Շիլլերի մեջ հղացել է դքսի դպրոցում եղած ժամանակ, Լեսինգի «էմիլիա Գալոտիի» և Գյոթեի «Գյոց ֆոն Բեռլիհինգեն» դրամաների ցնցող տպավորության տակ։ Այստեղ էլ վերջին երեք տարիների ընթացքում գաղտնաբար ու ընդհատումներով սկսել է գեղարվեստորեն իրագործել այդ պլանը։ Երբ ավարտում է ակադեմիան, դրամայի մեծ մասն արդեն գրված, պատրաստ է եղել։

Դուքսը նրան նշանակում է գնդի բժիշկ դպրոցն ավարտելուց հետո, 1780 թ-ին։ Շատ դառնություններ է Շիլլերը կրել Կարլսշուլեյում եղած տարիներին։ «Ակադեմիայից դուրս գալու օրը…ինձ համար խնդալից տոնախմբություն կլինի», - գրել է Շիլլերը իր դպրոցական դասընկերներից մեկին։ Զրկանքների ու հալածանքների է նա ենթարկվել նաև այն ժամանակ, երբ թվացել է, թե վերջապես ազատագրվել է այդ հեղձուցիչ բանտից։ Գերմանիայից փախչելուց հետո Շիլլերի համար սկսվում է մի աստանդական կյանք։ Նա լինում է Մանհեյմում, Շտուտգարտում, Լեյպցիգում, Դրեզդենում, ծանոթանում է ժամանակի գրական աշխարհի ներկայացուցիչների հետ։

Ֆրիդրիխ Շիլլերը 1772 թ-ին ավարտել է Լյուդվիգսբուրգի լատինական դպրոցը, 1780 թ-ին՝ ռազմական ակադեմիան, որտեղ սովորել է նախ իրավաբանություն, ապա՝ բժշկություն։ Որպես բժիշկ աշխատել է Շտուտգարդի գնդում։ Ուսանողական տարիներին հրապուրվել է XVIII դարի վերջին Գերմանիայում հայտնի «Գրոհ և փոթորիկ» գրական շարժման, ֆրանսիական և անգլիական լուսավորիչ-փիլիսոփաների գաղափարներով։ Նրա հասարակական-քաղաքական հայացքների ձևավորման վրա մեծապես ազդել են գերմանական հակաավատատիրական հրապարակախոսությունը և ամերիկյան ազատագրական շարժումները։ Շիլլերը հայտնի է դարձել «Ավազակներ» (1781 թ.) դրամայով, որտեղ պատկերել է ժամանակի իրականության ողբերգականությունը, թշնամանքն ու ատելությունը մարդկային փոխհարաբերություններում։ Գլխավոր հերոսը՝ Կարլ Մոորը, բացահայտելով եղբոր հրեշավոր հանցագործությունը, ընկալում է այն որպես համընդհանուր անբարոյականություն և վրեժ լուծում շրջապատի մարդկանցից։

1782 թ-ին Մանհայմում «Ավազակների» բեմադրությունը դիտելու համար Շիլլերն առանց թույլտվության բացակայել է գնդից, որի համար նրան կալանավորել են և պարտադրել ստեղծագործել միայն բժշկական թեմայով։ Նա ստիպված հեռացել է Շտուտգարդից. 1782 թ-ից ապրել է Գերմանիայի տարբեր քաղաքներում։ 1783 թ-ին հրատարակել է «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում», 1784 թ-ին՝ «Սեր և խարդավանք» դրամաները։ Շիլլերն իր դրամատիկական ու քնարական առաջին ստեղծագործություններով նոր թափ, նպատակասլացություն և հասարակական հնչողություն է հաղորդել «Գրոհ և փոթորիկ» շարժմանը։ Առանձնապես մեծ նշանակություն է ունեցել «Սեր և խարդավանք» պիեսը, որը գերմանական գրականության մեջ քաղաքական ուղղվածության առաջին դրաման է, որտեղ գրողն արտացոլել է ժամանակի սոցիալական հակասություններն իշխող վերնախավի՝ ազնվականության և իրավազուրկ ժողովրդի միջև։ 1783–87 թթ-ին Շիլլերը գրել է «Դոն Կառլոս» դրաման, որտեղ պատկերել է պայքարը բացարձակ միահեծան գաղափարախոսության և ազատատենչ բանականության միջև։

Շիլլերի (աջից) և Գյոթեի հուշարձանը Վայմարում

Դրամայում մարկիզ Պոզայի կերպարով հեղինակն ընդգծել է վեհանձն գաղափարապաշտի ողբերգական վիճակը հակասական իրականության մեջ։ Հերոսը երազում էր «լավագույն պետության» մասին, որտեղ մարդասեր և բարի թագավորների կամքով կհաղթանակեր արդարությունը։ 1787–93 թթ-ին Շիլլերն իրեն հուզող հասարակական-քաղաքական հարցերի պատասխանները փնտրելու համար ուսումնասիրել է անցյալը։

1788 թ-ին խմբագրել է «Նշանավոր ապստամբությունների և դավադրությունների պատմություն» խորագրով մատենաշարը։ Գրել է «Իսպանիայի գերիշխանությունից Նիդեռլանդների դուրս գալու պատմությունը» (հատոր 1, 1788 թ.), «Երեսնամյա պատերազմի պատմությունը» (1793 թ.) աշխատությունները։ Նա ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, և 1792 թ-ին Կոնվենտը (օրենսդիր և գործադիր մարմին՝ 1792–95 թթ-ին) նրան՝ «իբրև մարդկության և ազատության բարեկամի», արժանացրել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչման։ Ընդունելով հեղափոխության նշանակությունը՝ մերժել է հասարակության վերակառուցման հեղափոխական՝ արմատական միջոցները, և առաջադրել է գեղագիտական դաստիարակության ընդարձակ ծրագիր։ Շիլլերն Իմանուիլ Կանտի փիլիսոփայության ազդեցությամբ գրել է «Ողբերգականը արվեստում» (1792 թ.), «Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին» (1795 թ.), «Պարզամիտ և սենտիմենտալ պոեզիայի մասին» (1795–96 թթ.) և այլ աշխատություններ։

1799 թ-ին Շիլլերը հաստատվել է Վայմարում, որտեղ մտերմացել է Վոլֆգանգ Գյոթեի հետ։ Նրանք միասին գրել են 400-ից ավելի էպիգրամներ տգիտության, քաղքենիության և կեղծ բարեպաշտության դեմ։ Վայմարյան շրջանում Շիլլերը գրել է նաև բալլադներ («Ձեռնոց», «Իբիկոսի կռունկները»), բանաստեղծություններ («Իդեալներ», «Զանգի երգը», «Երգի իշխանությունը», «Իդեալն ու կյանքը», «Հունաստանի աստվածները»), «Վալլենշտայն» (հրատարակվել է 1800 թ-ին) եռերգությունը, «Մարիա Ստյուարտ» (1801 թ.), «Օռլեանի կույսը» (1801 թ.), «Վիլհելմ Տել» (1804 թ.) դրամաները։

Շիլլերը դրամաներում ներկայացրել է մարդու ողբերգական ճակատագիրը պատմության բեկումնային շրջաններում։ Շիլլերն ստեղծել է քաղաքական դրաման և նոր թատրոնը՝ ազատ գաղափարախոսությամբ։ Նրա դրամատուրգիան մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրականության (Հենրի Իբսեն, Գերհարդ Հաուպտման, Բեռնարդ Շոու, Բերտոլդ Բրեխտ, Ժան-Պոլ Սարտր) զարգացման վրա։ Շիլլերը ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանը. նրա «Ոգետես» վեպի գլխավոր հերոսի անունը Հայ է։ Շիլլերի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը, ապա՝ նաև Քերովբե Պատկանյանը, Ղևոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Րաֆֆին, Վաղարշ Վաղարշյանը և ուրիշներ։ Հայկական թատրոնում բեմադրվել են Շիլլերի «Ավազակներ», «Սեր և Խարդավանք», «Վիլհելմ Տել», «Դոն Կառլոս», «Մարիա Ստյուարտ» և այլ գործեր։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիլլերը իր մահվան անկողնում-դիմանկարիչ՝ Ֆերդինանտ Ջեյգման 1805

Շիլլերը ստիպված թողել է ծննդավայրը, ապրել Գերմանիայի տարբեր վայրերում (1782-1799), բայց և շարունակել ստեղծագործել, գրել է «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» (1783), «Սեր և խարդավանք» (1784, բնագրում՝ «Խարդավանք և սեր», սկզբում վերնագրված՝ «Լուիզա Միլլեր») դրամաները։ Այս երեք պիեսների առաջատար գաղափարը «Ավազակներ»-ի երկրորդ հրատարակության համար բնաբան ընտրված «Ընդդեմ բռնակալների» կոչն է։

Շիլլերն իր դրամատիկական և քնարական առաջին ստեղծագործություններով «Գրոհի և փոթորկի» շարժմանը տվել է հասարակականորեն առավել գործուն բնույթ։ 1783-1787 թվականներին աշխատել է ստեղծագործական նոր փուլ նշանավորող «Դոն Կառլոս» դրամայի վրա, որի հերոս մարկիզ Պոզան երազում է «լավագույն պետության» մասին, որտեղ մարդասեր ու բարի թագավորների կամքով կհաղթանակի արդարադատությունը։

Ստեղծագործական կյանքը փիլիսոփայության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Շիլլերի ամենահին հուշարձանը 1839

1787-1793 թվականներին Շիլլերը ժամանակավորապես հեռացել է գեղարվեստական ստեղծագործությունից և իրեն հուզող հասարակական-քաղաքական հարցերի պատասխանները փնտրել անցյալի գիտական ուսումնասիրության մեջ։ 1788 թվականներին խմբագրել է «Նշանավոր ապստամբությունների ու դավադրությունների պատմություն» խորագրով մատենաշարը։ Գրել է «Իսպանիայի գերիշխանությունից Նիդերլանդների դուրս գալու պատմությունը» (1788, հ․ 1), «Երեսնամյա պատերազմի պատմությունը» (1793

Շիլլերը տարվել է Ի․ Կանտի փիլիսոփայությամբ, որի ազդեցությունն զգացվում է նրա «Ողբերգականը արվեստում» (1792), «Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին» (1795), «Նաիվ ու սենտիմենտալ պոեզիայի մասին» (1795-1796) և այլ փիլիսոփայական աշխատություններում։

Շիլլերը Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Շիլլեր, 1905, լիտոգրաֆից դիմանկար

Շիլլերը ոգևորությամբ է ընդունել Ֆրանսիական մեծ հեղափոխության լուրը։ 1792 թվականին Կոնվենտը նրան արժանացրել է «Ֆրանսիական հանրապետության պատվավոր քաղաքացու» կոչման «իբրև մարդկության և ազատության բարեկամի»։ Բայց Շիլլերը մերժել է հասարակության վերակառուցման արմատական միջոցները և առաջ է քաշել գեղագիտական դաստիարակության ընդարձակ ծրագիր, ըստ որի՝ «ազատության ճանապարհն անցնում է միայն գեղեցկության միջով»։ 1799 թվականից հաստատվել է Վայմարում։ Այստեղ Շիլլերը և Գյոթեն ստեղծել են էպիգրամների շարք (400-ից ավելի)՝ ուղղված ընդդեմ տափակ ռացիոնալիզմի, ֆիլիստերության՝ գրականության մեջ ու թատրոնում, ընդդեմ գերմանական վաղ շրջանի ռոմանտիկների։ Շիլլերի վայմարյան շրջանի գործերից են «Վալլենշտայն» (հրտ․ 1800) եռերգությունը, «Մարիա Ստյուարտ» (1801), «Օռլեանի կույսը» (1801), «Վիլհելմ Տելլ» (1804) դրամաները, որոնք դասվել են համաշխարհային թատրոնի լավագույն գործերի շարքը։ «Վիլհելմ Տելլ»-ը սկզբնավորել է Շիլլերի ստեղծագործական մի նոր փուլ։ Ամբողջ դրամայի միջով անցնում է այն միտքը, որ ժողովուրդը ներգործում է պատմության ընթացքի վրա, իսկ հերոսը պետք է կապված լինի ժողովրդի հետ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթե-Շիլլեր հուշարձանը, 1857 Վայմար

Շիլլերի ստեղծագործությունը հարուստ է ու բազմաժանր։ Նրա քնարերգությունից նշանավոր են «Իդեալներ», «Զանգի երգը», «Երգի իշխանությունը», «Լծված Պեգասը», «Իդեալն ու կյանքը» բանաստեղծությունները, «Զեռնոցը», «Իբիկոսի կռունկները» բալլադները։ Նրա պոեզիային բնորոշ են վսեմ պատկերավորությունն ու լավատեսությունը։

Հայ իրականության մեջ Շիլլերի ստեղծագործությունն առաջինը քննարկել է Ս․ Տիգրանյանը և իր թարգմանած «Գոթողիա» ողբերգության առաջաբանում («Յաղագս ողբերգութեան», 1834)։ Նրա ստեղծագործությանն անդրադարձել են Ս․ Ոսկանը, Մեսրոպ Թաղիադյանը, Ս․ Նազարյանը, Միքայել Նալբանդյանը, Պետրոս Դուրյանը, Ռաֆայել Պատկանյանը, Րաֆֆին, Տ. Նազարյանը, Ս․ Թառայանցը և ուրիշներ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիլլերի դիմանկարը՝ Գերարդ ֆոն Քյուգելգնի կողմից

Շիլլերի առաջին թարգմանիչն է Խաչատուր Աբովյանը (1831, Դորպատ), որի ստեղծագործության վրա ակներև է գերմանացի բանաստեղծի ազդեցությունը։ Թարգմանիչներից հիշատակելի են Վ․ Ասկարյանը, Ռաֆայել Պատկանյանը, Ղևոնդ Ալիշանը («Զանգակի երգը», 1871), Մանուկ Աբեղյանը («Ալպյան որսորդը», 1886), Կ․ Ղազարոսյանը («Հովհաննա դ՝Արկ կամ Օռլեանի օրիորդը», 1868), Մ․ Կյուլլապյանը («Վիլհելմ Տելլ»), 1874), Մ․ Մաքսուդյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Լ․ Մանվելյանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը և ուրիշներ։ Շիլլերի լավագույն թարգմանիչը նախասովետական շրջանում Գ․ Բարխուդարյանն է (թարգմանել է Շիլլերի դրամատիկական երկերի մեծ մասը)։ Խորհրդային շրջանում Շիլլերի երկերի թարգմանությամբ հանդես են եկել Վ․ Վաղարշյանը, Հ․ Հակոբյանը և ուրիշներ, կյանքի ու գործունեության ուսումնասիրությամբ՝ Ա․ Տերտերյանը, Վ․ Թերզիբաշյանը, Հ․ Մամիկոնյանը, Ս․ Սողոմոնյանը։ Շիլլերը հայ բեմ է ելել 19-րդ դարի 60-ական թվականներին, Պոլսում, իսկ 1873 թվականին՝ Թիֆլիսում։ Նրա ստեղծած կերպարների փայլուն մարմնավորողներ են եղել Մ․ Ամերիկյանը, Պ․ Ադամյանը, Սիրանույշը, Մ․ Մանվելյանը, Ա․ Արմենյանը։ Շիլլերի «Ավազակներ»-ը եղել է սովետահայ առաջին թատրոնի անդրանիկ խաղացանկում (1922, ռեժ․ Լ․ Քալանթար)։ 1972 թվականին Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշվեց «Ավազակներ»-ի նոր բեմադրությամբ (ռեժ, Հ․ Հովհաննիսյան)։ Շիլլերը ծանոթ է եղել հայ ժողովրդի պատմությանը, նրա «Ոգետես» վեպի գլխավոր հերոսի անունը Հայ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118607626 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118607626 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. 4,0 4,1 4,2 Record #118607626 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11887510q Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 495 CC-BY-SA-icon-80x15.png

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր