Երանուհի Գարագաշյան
Երանուհի Գարագաշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1848 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 16, 1924 |
Մահվան վայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Երանուհի Գարագաշյան (1848, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 16, 1924, Թիֆլիս, ԽՍՀՄ[1]), հայ դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կոստանդնուպոլսում Ուսկուդար թաղամասում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ավարտել 1861 թ.[2]։ Բեմական ասպարեզ է մտել 1865 թ.՝ Ս. Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսում կատարելով Աշխենի դերը։ Առաջին մեկ-երկու թատերաշրջանում գերազանցապես խաղացել է արական դերեր, Ինչպես Պողի դերը Բ. դը Սեն-Պյերի «Պող և Վերգինե» պիեսում, Թ. Թերզյանի Հովսեփ Գեղեցիկի դերը համանուն պիեսում և այլն։ Նրա բեմական գործունեության ամենափայլուն շրջանն սկսել է 1867 թվականից, երբ դարձել է Հ. Վարդովյանի թատերախմբի պրիմադոննա դերասանուհի և բոլոր ներկայացումներում հանդես է եկել առաջնակարգ դերերով, ինչպես Սանդուխտ (Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»), Անժելիք («Նեղսիրտ բարեգործը»), Հայկանուշ («Կործանումն Ռուբինյան թագավորության»), Թեոդորա («Վենետիկուհին») և այլն։ 1878 թ. միացել է Ս. Պենկլյանի օպերետային խմբին, շրջել է մի շարք քաղաքներ, եղել Ադրիանապոլսում, Ադանայում, Սելանիկում և Կավալայում, հանդես է եկել Տիգրան Չուխաճյանի և թարգմանական մի քանի օպերետներում։ 1880 թ. իր քրոջ՝ Վերգինե Գարագաշյանի հետ եկել է Թիֆլիս, մեկ թատերաշրջան խաղացել է Թիֆլիսի հայկական խմբերում, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլ պոլսահայ դերասանների հետ։ Հաջորդ թատերաշրջանից նորից վերադարձել է Պոլիս, Ս. Պենկլյանի խմբի հետ մեկնել է Եգիպտոս, այնտեղից անցել Բալկանյան երկրներ։ 1887 թ. վերադարձել է Պոլիս, միառժամանակ թողել բեմը, ապա մասնակցել է Կահիրեում կազմակերպված մի շարք ներկայացումների, մեծ հաջողությամբ կատարելով Մարգարիտ Գոթիեի (Ա. Դյումա (որդու) «Կամելիազարդ տիկինը»), Մեդեայի (Եվրիպիդեսի «Մեդեա»), Կատարին Հովարդի (համանուն պիեսում) դերերը, արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատմանը։ 1900-ականների սկզբներին եկել է Թիֆլիս, ամուսնացել է և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ[3]: Դերերից են՝ Աշխեն (Ս. Հեքիմյանի «Հարմակ և Աշխեն»), Քեթևան (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»), Հեղինե (Ժ. Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե»), Թերեզա (Մ. Կամոլետտիի «Քույր Թերեզա»)[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Երանուհի Գարագաշյանը «Անուններ» կայքում
- ↑ Պարոնեան Յ., Ազգային ջոչեր, Բեյրութ, 1993
- ↑ Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 234-235
- ↑ Ով ով է.Հայեր, հատոր Ա., Երևան, 2005
- 1848 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 16 մահեր
- 1924 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասանուհիներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Ստամբուլում ծնված դերասանուհիներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Սկյուտարում ծնված անձինք
- Օսմանյան կայսրության անձինք
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Անձինք Սկյուտարից