Ալեքսանդր Դյումա (հայր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Դյումա (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Դյումա ֆր.՝ Alexandre Dumas | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1802[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիլլե Կոտրե[4][2][3][…] |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1870[2][5][6][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Puys, Neuville-lès-Dieppe, Ծովամերձ Սեն, Վերին Նորմանդիա[2] |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ)[7] և Communal Cemetery of Villers-Cotterêts[8] |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Գրական ուղղություններ | French Romanticism? |
Ուշագրավ աշխատանքներ | Կոմս Մոնտե-Քրիստո, Երեք հրացանակիրներ, Մարգո թագուհին, Քսան տարի անց, Կոմսուհի դը Մոնսորո, Ժոզեֆ Բալզամո, Քառասունհինգ, Վիկոնտ դը Բրաժելոն, Թագուհու կախազարդը, Կոմսուհի դե Շարնի և Անժ Պիտու |
Ստեղծագործությունների ցանկ | Bibliography of Alexandre Dumas? |
Պարգևներ | |
Ամուսին | Ida Ferrier?[13] |
Համատեղ ապրող | Belle Kreilssamner?, Emélie Cordier?, Anna Bauer? և Fanny Gordosa? |
Զավակներ | Ալեքսանդր Դյումա[14][3][15], Անրի Բաուեր, Marie Alexandrine Dumas? և Micaëlla-Clélie-Josepha-Élisabeth Cordier? |
Ներշնչվել է
| |
Ալեքսանդր Դյումա Վիքիքաղվածքում | |
Alexandre Dumas (père) Վիքիպահեստում |
Ալեքսանդր Դյումա (ֆր.՝ Alexandre Dumas, père, հուլիսի 24, 1802[1][2][3][…], Վիլլե Կոտրե[4][2][3][…] - դեկտեմբերի 5, 1870[2][5][6][…], Puys, Neuville-lès-Dieppe, Ծովամերձ Սեն, Վերին Նորմանդիա[2]), ֆրանսիացի գրող, նաև դրամատուրգ և լրագրող, ում արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։ Քանի որ նրա տղան ևս կրում էր Ալեքսանդր անունը և գրող էր, չշփոթելու համար անվան մոտ հաճախ ավելացվում է -«հայր» բառը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Դյուման ծնվել է 1802 թվականին Վիլլեր-Կոտրե քաղաքում գեներալ Թոմաս-Ալեքսանդր Դյումայի և Մարիա-Լուիզա Լաբուրեի՝ հյուրանոցի տիրոջ դստեր ընտանիքում։ Դյուման համարվում էր խառնարյուն, քանի որ հայրական գծով տատը սևամորթ ստրկուհի էր եղել Հայիթի կղզուց։ Պատերազմի հերոս հայրը մահանում է, երբ Ալեքսանդրը ընդամենը 4 տարեկան էր։
Մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունն անցել են հարազատ քաղաքում։ Այնտեղ Դյուման ընկերացավ իր հասակակից պոետ և փարիզյան թատրոնների մշտական այցելու Ադոլֆ դը Լյովենի հետ։ Դյուման որոշում է անպայման դառնալ դրամատուրգ։ Առանց փողի և կապերի, հույսը դնելով միայն հոր հին ընկերների վրա, նա որոշում է տեղափոխվել Փարիզ։ 20-ամյա Ալեքսանդրին, ով չուներ կրթություն (նրա միակ հաղթաթուղթը գեղեցիկ ձեռնագիրն էր), գեներալ Ֆուայի միջնորդությամբ պաշտոն են վստահում Պալե-Ռոյալում (Փարիզ)՝ Օռլեանի դուքսի գրասենյակում։ Դյուման սկսեց լրացնել իր կրթության պակասը։ Նրա ընկերներից մեկը կազմեց հեղինակների ցանկ, որոնց պիտի կարդար Ալեքսանդրը. ցուցակում կային դասական, հուշագրական, տարեգրային աշխատություններ։ Դյուման դրամատուրգիական արվեստը ընմբռնելու համար այցելում էր թատրոններ և ներկայացումներից մեկի ժամանակ ծանոթացավ Շարլ Նոդյեի հետ։ Լյովենի հետ համակարծիք, որ հաջողության հասնելը ավելի հեշտ է թեթև ժանրում, Դյուման գրեց վոդևիլ «Որսորդություն և սեր» վերնագրով, որն ընդունվեց բեմադրելու Ամբիգյու թատրոնում։
Առաջին գրական փորձերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամյա Փարիզյան սալոնի ցուցադրություններից մեկի ժամանակ Դյումայի ուշադրությունն է գրավում խորաքանդակ Ջովանի Մոնալդեսկիի սպանության տեսարանով։ «Համաշխարհային կենսագրություններ»-ում կարդալով Մոնալդեսկիի և շվեդական Քրիստինա թագուհու մասին՝ Դյուման որոշեց գրել դրամա այդ թեմայով։ Սկզբնապես նա Ֆրեդերիկ Սուլյեին առաջարկեց ընկերակցել, բայց վերջիվերջո յուրաքանչյուրը որոշեց գրել իր «Քրիստինան»։ Դյումայի պիեսը դուր եկավ թագավորական «Ֆրանսիական թատրոնից» բարոն Թեյլորին, ում օգնությամբ էլ ընդունվեց «Քրիստինան», այն պայմանով, որ Դյուման այն վերջնական տեսքի կբերի։ Սակայն դրամայի բեմադրմանը դեմ եղավ ամենազոր մադմաուզել Մարսը, ում հաղթաձին դասական խաղացանկն էր։ Իսկ երբ երիտասարդ հեղինակը կտրականապես հրաժարվեց կատարել նրա՝ պիեսը փոխելու պահանջը, մադմաուզել Մարսն արեց ամեն ինչ, որ «Քրիստինան» չհայտնվի բեմում։
Դյուման, ով հոգ էր տանում մորը, ինչպես նաև ապօրինի որդուն՝ Ալեքսանդրին, գրեց պիես նոր թեմայով. «Հենրի III-ն ու իր արքունիքը» դրաման ստեղծվեց 2 ամսում։ «Ֆրանսիական թատրոնի» դերասանները պիեսի ընթերցումից հետո Մելանի Վալդորի սալոնում խնդրեցին նրան ընդգրկել այն առանց հերթի։ Պրեմիերան կայացավ 1829 թվականի փետրվարի 10-ին, և դա եղավ ռոմանտիզմի հաղթանակը թատրոնում։
Դյուման դարձավ Արսենալում գտնվող Նոդյե սալոնի մշտական հաճախորդը։ Այնտեղ նոր դպրոցի՝ ռոմանտիզմի ներկայացուցիչներն էին հավաքվում։ Դյուման առաջանիններից էր, որ անդրադարձավ ժամանակակիկց կյանքի դրամային և խիզախություն արեց անդրադառնալ ժամանակակից հասարակությանը։ Նոր էր նաև այն, որ հեղինակը իր ժամանակակից մարդուն այնպիսի զգացումներ է տվել, որը հատկանշական է Վերածննդի դարաշրջանին։ «Անտոնի» պիեսում նա ներկայացրել է իր կյանքի դրվագներից մեկը։ Այդ ժամանակ Դյուման տառապում էր բանաստեղծուհի Մելանի Վալդոր նկատմամբ ունեցած կրքոտ սիրով, որը և իր պիսում հանդես է գալիս Ադել դ’Էրվեի կերպարով։ Դրամայի շնորհանդեսը կայացել է 1831 թվականի մայիսի 3-ին Պորտ Սեն Մարտենի թատրոնում։ Գլխավոր դերակատարներն էին Մարի Դորվիլը և Պիեռ Բոկաժը։ Պիեսի բեմադրությունը «Էռնանի» պիեսի շնորհանդեսից պակաս աղմուկ չբարձրացրեց[16]։
Դյումայի պիեսները չեն առանձնանում գեղարվեստական կատարելությամբ[16]։ Վիկտոր Հյուգոյի «Մարիոն Դելորմ» պիեսի բեմադրությունից հետո Դյուման ասել է. «Ախ, եթե ես էլ կարողանայի պիես գրելուն զուգահեռ բանաստեղծություններ գրել»[16]։ Բայց Դյուման կարունակ էր այնպիսի պիեսներ ստեղծել վարագույրի հետևում, որն այն գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը առաջին ակտից մինչև վերջինը։ Նրա անունը թատրոնի պաստառների վրա թատրոնի տնօրենների համար մեծ եկամուտների ակնկալիք էր նշանակում, իսկ այլ դրամատուրգերի համար Դյուման դարձավ համահեղինակ, որն ի վիճակի էր հաջողության արժանացնել ամենաանհաջող պիեսներն անգամ։
Ֆրանսիական հեղափոխության տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1830 թվականի հուլիսին Ֆրանսիայում տեղի ունեցավ հուլիսյան հեղափոխությունը, որի հետևանքով գահընկեց արվեց Կառլոս X-ը և նրա հաստատված բուրժուական թագավորությունը։ Լուի Ֆիլիպ անվանման տակ գահ բարձրացավ Օրլանի հերցոգը։ Ալեքսանդր Դյուման Տյուիլրին գրոհող ապստամբների շարքերում էր։ Հետագայում իր մեմուարներում Դյուման գրում է.
Ես տեսել եմ նրանց, ովքեր հեղափոխություն են իրագործել 1830 թվականին և նրանք ինձ տեսել են իրենց շարքերում... 1830 թվականին հեղափոխություն իրագործող անձինք իրենցից ներկայացնում էին հերոսական պրոլետարիատի վառ երիտասարդությունը, որոնք ոչ միայն հրդեհ էին տարածում, այլ իրենք էլ իրենց արյունով մարում էին այն։
Հեղափոխության առաջին իսկ տարիներից Ալեքսանդր Դյուման մասնակցել է հասարակական կյանքին և կատարել է մի քանի կարևոր հանձնարարություններ[17] գեներալ Լաֆայետի հետ կապված։ Վերջինս այն ժամանակ գլխավորում էր Ազգային գվարդիան։
1832 թվականի հուլիսի 5-ին Փարիզում թաղում են գեներալ Մաքսիմիլիան Լամարկին։ Դյուման անձամբ էր ճանաչում գեներալին, և վերջինիս հարազատների խնդրանքով ինքն անձամբ է գլխավորում մահվան թափորին հետևող հրետանավորների շարասյունը։ Շուտով ոստիկանները սկսեցին ցրել ամբոխին, բայց այդ ժամանակ տեղի ունեցավ սպասվածը, և սգո թափորը դարձավ հեղափոխական ապստամբության սկիզբը։ Մի քանի օր անց այդ ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։ Թագավորական թերթերից մեկը նույնիսկ գրել էր, որ Ալեքսանդր Դյուման զենքը ձեռքին ձերբակալման է ենթարկվել ոստիկանների կողմից և գնդակահարվել է։ Բայց իրականում այդպիսի բան չէր պատահել, չնայած որ Դյուման ենթակա էր ձերբակալման։ Հարազատների խորհրդով Դյուման լքեց Փարիզը և ուղևորվեց Շվեյցարիա, որտեղ և ապրեց մի քանի ամիս։ Նա այնտեղ աշխատում էր իր առաջին՝ «Գալիա և Ֆրանսիա» (1833) պատմա-հրապարակախոսական վեպի վրա։
1840-ականներից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1840 թվականին Դյուման ամուսնացել է դերասանուհի Իդե Ֆերերի հետ, բայց շարունակում էր կապեր պահպանել շատ այլ կանանց հետ։ Ամուսնական զույգը փաստացի ամուսնալուծվեց 1844 թվականին, բայց ամուսնալուծությունը պաշտոնական չէր։ Դյուման շատ գումար էր աշխատում, բայց այն միշտ վատնում էր շքեղ կյանքի վրա։ Նա ամսագրեր էր հրատարակում և ստեղծել էր սեփական թատրոնը։ Երկուսն էլ հաջողություն չունեցան։ 1851 թվականի հեղափոխությունից հետո Դյուման իր պարտատերերից փախչում է Բրյուսել (Բելգիա), որտեղ և սկսում է հուշագրություններ գրել, որոնք իրենց գեղարվեստական արժեքով չեն զիջում նրա գեղարվեստական ստեղծագործություններին։
Երկու տարի (1858-1859) եղել է Ռուսաստանում, որտեղ այցելել է Սանկտ Պետերբուրգ, Կարելիայի տեսարժան վայրեր, Վալաամ, Ուգլիչ, Մոսկվա, Ցարիցին[18][19], Աստրախան, Հարավային Կովկաս։ Ռուսաստան կատարված իր ճանապարհորդությունների վերաբերյալ նա գրել է «Ճանապարհորդական տպավորություններ. Ռուսաստանում» գիրքը[20]։
Դյուման երեք տարի մասնակցել է միացյալ Իտալիայի պայքարին։ Ֆրանկո-պրուսական պատերազմում ֆրանսիացիների առաջին պարտությունների լուրն իմանալով՝ Դյուման անձնական վշտով ընդունեց։ Շուտով Դյուման կաթվածի առաջին հարվածը ստացավ։ Կիսակաթվածահար վիճակում Դյուման հազիվ կարողացավ որդու տուն հասնել, որտեղ և մի քանի ամիս անց մահացավ։
2002 թվականին Դյումայի աճյունը տեղափոխվեց Փարիզյան պանթեոն։
Մահը և ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1870 թվականի դեկտեմբերին և ի սկզբանե թաղվել իր ծննդավայրում՝ Վիլլ-Կոտրեսի Էնա շրջանում։ Նրա մահը ստվերվեց Ֆրանկո-պրուսական պատերազմով, իսկ ավելի ուշ փոփոխվող նորաձևությունը նվազեցրեց նրա ճանաչումը։ Ավելի ուշ՝ քսաներորդ դարում, այնպիսի գիտնականներ, ինչպիսիք էին Ռեջինալդ Համելը և Քլոդ Շոփը, առաջ բերեցին նրա արվեստի քննադատական վերակագնում և նորովի մեծարում, ինչպես նաև ձեռնամուխ եղան կորած գործերը գտնելուն[21]։ Սա նպաստեց, որպեսզի 2002 թվականին Դյուման վերաթաղվի Փարիզի Պանթեոնում. պատիվ, որ վերապահվում է ֆրանսիական արվեստի մեծություններին[22]։ 1970 թվականին Փարիզի մետրոպոլիտենի կայարաններից մեկը անվանակոչվեց նրա պատվին։ Փարիզից դուրս գտնվող նրա հիմնական բնակատեղին՝ Մոնտե-Քրիստո ամրոցը, վերակառուցվեց և բացվեց որպես հանրային թանգարան։
Որոնողները շարունակեցին գտնել Դյումայի գործերը պահոցներում, ներառյալ հինգ գործողությամբ «Ոսկե գողեր» պիեսը, որը գտնվեց 2002 թվականին գիտնական Ռեջինալդ Համելի կողմից Ֆրանսիայի Ազգային գրադարանում։ Հրատարակվեց 2004 թվականին Honoré-Champion-ում[21]։
2002 թվականին Դյումայի երկուհարյուրամյակի կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը հարգանքի տուրք է մատուցույմ մեծ գրողին՝ նրա աճյունն ամփոփելով Փարիզի Պանթեոնում, որտեղ թաղված են բազմաթիվ ֆրանսիացի լուսավորականներ[21] Արարողությունը եթեր հեռարձակվեց. նոր դագաղի վրա գցված էր կապույտ թավշե կտոր և պահպանվում էր չորս հեծյալների կողմից, որոնք հագնված էին Հանրապետական պահակախմբի չորս հրացանակիրների պես։ Դագաղը ամբողջ Փարիզով տանելով հասցրին Պանթեոն[23]։ Իր խոսքում նախագահ Ժակ Շիրակն ասաց.
«Ձեզ հետ՝ Դ՛Արտանյանի, Մոնտե-Քրիստոյի կամ Բալզամոյի հետ մենք ձիավարեցինք Ֆրանսիայի երկար ճանապարհներով, եղանք ճակատամարտերում, այցելեցինք պալատներ և ամրոցներ. Ձեզ հետ է, որ մենք երազում ենք»[24]։ |
Շիրակը խոստովանեց, որ Ֆրանսիայում եղել է ռասիզմ, և ասաց, որ Պանթեոնում վերահուղարկավորումը այն ճանապարհն է, որով շտկում են սխալները, քանի որ Ալեքսանդր Դյուման կանգնած է այնպիսի մեծ հեղինակների կողքին, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն և Էմիլ Զոլան[24][25]։ Շիրակը նշեց, որ Ֆրանսիան տվել է բազմաթիվ մեծ գրողներ, բայց նրանցից ոչ մեկի գործերն այնքան չի ընթերցվում, որքան Դյումայինը։ Նրա վեպերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով։ Ի լրումն այս ամենի, այդ վեպերի հիման վրա նկարահանվել են ավելի քան 200 կինոնկարներ։
2005 թվականի հունիսին Ֆրանսիայում լույս տեսավ Դյումայի վերջին վեպը՝ «Սուրբ Հերմինեի ասպետը»։ Ներկայացնելով Տրաֆալգարյան ճակատամարտը՝ Դյուման գեղարվեստական նկարագրությամբ ներկայացրել է լորդ Նելսոնի սպանությունը (նա սպանվել է անհայտ դիպուկահարի կողմից)։ Վեպը գրվել և մասերով հրատարակվել է 1869 թվականին, բայց վերջնականապես ավարտեց մահվանից քիչ առաջ։ Սա Սուրբ Հերմինեի եռագրություն երրորդ մասն էր։ Դումայագետ Քլոդ Շոփը 1990 թվականին պահոցում նկատեց մի նամակ, որը թույլ տվեց նրան բացահայտել անավարտ աշխատանքը։ Շոփը վերջապես գրեց վերջին երկուս ու կես մասերը՝ հիմնաված հեղինակի հուշագրությունների վրա[26]։ Հրատարակվել է Ֆեբուս հրատակչության (Editions Phébus) կողմից 60, 000 օրինակով և դարձել է լավագույն վաճառվող գիրքը։ 2006 թվականի թարգմանվել է անգլերեն «Վերջին ասպետը» վերնագրով և այնուհետև թարգմանվեց այլ լեզուներով[26] Շոփն արդեն գտել է Սուրբ Հերմինեի սագայի հետ առնչվող լրացուցիչ նյութեր և դրանք 2008 թվականին միասնականորեն հրապարակել է «Le Salut de l'Empire»-ում[26]։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործական գործունեությունը գրողը սկսել է Բարեփոխումների ժամանակաշրջանում, երբ վերածնվեց Բուրբոնների միապետությունը, որը փորձում էր իր կողմը գրավել բուրժուազիայի ներկայացուցիչներին և վերացնել 1789–1794 թվականներին Ֆրանսիայում բուրժուական հեղափոխության կատարած բոլոր կարևոր բարեփոխումները։ Լյուդովիկոս XVIII արքան, հնարավորություն չունենալով ամբողջովին վերականգնել նախահեղափոխական կարգերը, ստիպված էր հաստատել սահմանադրությունը։ Ֆրանսիական նոր պառլամենտը բաղկացած էր երկու պալատից՝ պերերի պալատում նստաշրջան էին անցկացնում արքայի կողմից նշանակված բարձրաստիճան դեմքերը, իսկ պատգամավորների պալատ ընտրվում էր Ֆրանսիայի հարուստ բնակչության ամենահարուստ շերտերից։ Պալատական ավելի պահպանողական շրջանակները այն ժամանակ ձգտում էին վերականգնել նախկինում եղած արտոնությունները և պայքարում էին միապետական բռնապետության լիակատար հաղթանակի համար։ Այստեղ «Կոմս Մոնտե-Քրիստո»-ի ապագա հեղինակը բավականին ըմբռնված ընդունեց պետական քաղաքականության ուղղությունը՝ այդ մասին պատկերացումներ տալով իր ստեղածգործության առաջին իսկ գլուխներում։
1820-ական թվականների Ֆրանսիայում տեղի էին ունենում եռուն քննարկումներ նորածին ռոմանտիկ (գաղափարապաշտ) գրականության ձևերի և բովանդակության շուրջ, որը համապատասխանում էր XIX դարի հոգևոր պահանջներին։ Համեմատաբար ոչ մեծ բանաստեղծների և արձակագիրների մի խումբ՝ Վիկտոր Հյուգոյի գլխավորությամբ իրեն հայտարարեց ֆրանսիական գրականության մեջ նոր ուղղության հետևորդ։ Ռոմանտիզմի (գաղափարապաշտության) առաջատար հոսանքը իրենից ներկայացնում էր Բարեփոխումների ժամանակաշրջանի ֆեոդալ-պալատական առաջավոր հասարակության ընդդիմություն։ Ռոմանիկների (գաղափարապաշտների) շարքերում հայտնվեց նաև Ալեքսանդր Դյուման, որն առաջինը հասավ մեծ հաջողության և իր դրամատուրգիական տաղանդի ամբողջական գնահատման՝ որպես «Հենրիխ III և նրա արքունիքը» պատմական դրամայի հեղինակ։ «Հենրիխ III»-ը պատմական դրամա է, որում հեղինակը պսակել է միապետական իշխանության պաշտամունքը, բեմադրվել է 1829 թվականին Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի բեմում։ Այս դրամայի նշանակության մասին Անդրե Մորուան գրել է.
- Արդյո՞ք նրա պիեսը պատմական էր։ Ոչ ավել, ոչ պակաս, քան Վալտեր Սքոթի վեպերը։ Գաղտնիքներով լեցուն պատմություն։ Դյումայի մոտ ամեն ինչ պարզ էր ու որոշակի։ Եկատերինա Մեդիչին իր ձեռքում էր պահում բոլոր խարդավանքների թելերը։ Հենրիխ III-ը փչացնում է դուքս դը Գիզայի պլանները։ Ինչևէ, Դյուման ինքն էլ էր հրաշալի հասկանում, որ իրականում այդ բոլոր արկածներն ավելի խճճված էին։ Բայց ի՞նչ նշանակություն ուներ այդ ամենը։ Նա ուզում էր միայն բան՝ խելահեղ գործողություններ։ Հենրիխ III-ի դարաշարջանն իր մենամարտերով, դավերով, քաղաքական կրքերի փոթորկումով նրան հիշեցնում էին նապոլեոնյան դարաշրջանը։ Դյումայի մշակմամբ պատմությունն այնպիսին էր, ինչպես ուզում էին տեսնել ֆրանսիացիները՝ ուրախ, գունագեղ, կառուցված հակադրությունների վրա, որտեղ Բարին մի կողմում էր, Չարը՝ մեկ այլ կողմում։ 1829 թվականի հանդիսատեսը, որը զբաղեցրել էր պարտերը, կազմված էր հենց այն մարդկանցից, որոնք իրագործեցին մեծ հեղափոխությունը և կռվեցին կայսրության զորքերում։ Նրանց դուր էր գալիս, որ արքաներին և նրանց գործերը ներկայացնում էին «հաղթական, դրամատիզմով լեցուն պատկերներով, որն էլ նրանց լավ ծանոթ էր»[27]։
«Հենրիխ III»-ից հետո Դյուման գրում է մի շարք հայտնի պիեսներ և կատակերգություններ, որոնք իրենց ժամանակին բավականին մեջ փառքի արժանացան։ Դրանց շարքում էին «Քրիստինա», «Անտոնի», «Բարեկամությունը, հանճարը և զեխությունը», «Նելսյան աշտարակի գաղտնքիները»։
Ալեքսանդր Դյուման մեծացրեց իր գիտելիքների շրջանակը շնորհիվ հայտնի ֆրանսիական պատմաբաններ Պ.Բարանտի, Օ.Թիերիի, Ժ.Միշլեի աշխատությունների ուսումնասիրությունների։ Իր ստեղծագործություններում մշակելով ազգային-պատմական թեման, նա մեծ մասամբ կիսում էր Օգյուստեն Թիերիի կարծիքը, որը իր ուսումնասիրություններում ձգտում էր հետևել որոշակի դարաշրջանում կատարված իրադարձությունների օրինաչափ հերթագայությանը, որոշել շարադրանքի բովանդակությունը, որը կոչված էր դառնալու երկրի իրական պատմությունը։
Դյումայի «Գալիա և Ֆրանսիա» (1833) գիրքը վկայում էր հեղինակի՝ ազգային պատմության իրազեկվածության մասին։ Պատմելով գալլական ցեղի ստեղծման վաղ շրջանի, ֆրանկների դեմ գալլերի պայքարի մասին՝ Դյուման մեջբերում է ֆրանսիական պատմության շատ աշխատություններ։ Գրքի եզրափակիչ գլխում հեղինակը քննադատական կարծիք է հայտնում Լուի Ֆիլիպի միապետության մասին։ Նա գրել է, որ նոր արքայի օրոք գահը պահում են գործարանատերերի, հողատերերի, ֆինանսիստների բարձրաշխարհիկ հասարակությունը, կանխագուշակել էր, որ ապագայում Ֆրանսիայում կստեղծվի Հանրապետություն՝ որպես ազգային ներկայացուցչության լայն ձև։ Թիերիի՝ այս ստեղծագործությանը տված դրական կարծիքը թևեր տվեց հեղինակին, և նա ավելի մեծ փութաջանությամբ ձեռնամուխ եղավ ֆրանսիացի պատմաբանների աշխատությունների ուսումնասիրություններին։
1830-ական թվականներին Դյումայի մոտ միտք ծնվեց Ֆրանսիայի XV – XIX դարերի պատմությունը ներկայացնել վեպերի լայն շարքով, որի սկիզբը դրվեց «Իզաբելլա Բավարացի» (1835) վեպով։ Պատմական աղբյուր հանդիսացան Յուվենալ Յուրսինի «Ֆրուասսարի ժամանակագրությունը», «Շառլ VI-ի դարաշրջանի ժամանակագրությունը, Պրոսպեր դը Բարանտի «Բուրգունդյան դքսերի պատմությունը»։
Ֆրանսիայի պատմությունը նա նաև ցույց տվեց երկու պատմական վեպ-կենսագրականներում՝ «Լյուդովիկոս XIV» և «Նապոլեոն»։
Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով և բազմաթիվ թատերական ներկայացումների և կինոֆիլմերի համար սցենարներ են հանդիսացել։
Համահեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի 30-ական թվականների վերջում ֆրանսիական թերթերը բաժանորդների թիվն ավելացնելու նպատակով կիրառում էին շարունակաբար տպագրվող վեպերի տպագրությունը։ Դյուման թերթերի հրատարակիչների համար ամենացանկալի գրողներից մեկն էր. նրա գրքերը վայելում էին մեծ ճանաչողություն, նրա անունը գրավում էր մեծ թվով ընթերցողների։ Դյումայի աշխատակիցների մեկը՝ Ժերար դը Ներվալը, ծանոթացրեց նրան քիչ ծանոթ գրականագետ Օգյուստ Մակեի հետ, և նրա ազդեցությամբ Դյուման որոշեց անդրադառնալ պատմա-արկածային վեպի ժանրին, որում անցած դարաշրջանների իրադարձությունները հիմք էին հանդիսանում հերոսների արկածների համար։ Դյուման վերափոխեց Մակեի՝ Անտենոր Ժյուլիի կողմից մերժված «Դիմակահանդեսային գիշեր» («Բատիլդա») պիեսը, և դա ընդունվեց բեմադրության «Ռենեսանս» թատրոնում։ Երիտասարդ հեղինակը երջանիկ էր իր հաջողությունից և առաջարկեց Դյումային գահախնամակալության ժամանակաշրջանի վեպի նախագիծ՝ «Բարի Բյուվան»։
Դյուման մասնակցեց նաև այս վերափոխմանը, և վերջնական տարբերակում վեպը ստացավ «Շևալյե դ՛Արմանտալ» անվանումը։ Վեպն ընդունվեց տպագրության «Լյա Պրեսս» թերթի կողմից, որը գնեց Դյումայի ապագա բոլոր ստեղծագործությունները։ Ընդդեմ «Շևալյե …»-ի երկու հեղինակների կողմից ստորագրման հանդես եկավ Էմիլ դը Ժերարդեն. նրա աչքում Մակեի անունը նվազեցնում էր գրքի արժեքը. ընթերցողն ուզում էր տեսնել միայն Դյումայի վեպերը։ «Շևալյե …»-ն լույս տեսավ միայն Դյումայի ստորագրությամբ, Մակեն ստացավ մեծ փոխհատուցում ՝ ութ հազար ֆրանկ, և արդյունքում շարունակեց համագործակցությունը։ Դյումայի հետ Մակեն աշխատել է «Երեք հրացանակիրներ», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Մարգո թագուհին», «Կանացի պատերազմ» վեպերի վրա։ Դյումայի և Մակեի նամակագրությունը վկայում է, որ վերջինիս ավանդը նշանակալից է եղել։ Գրականության պատմաբան Ալբեր Թիբոդեն առաջարկում էր նրանց կոչել Դյումա-Մակե՝ գտնելով, որ Էրկման-Շատրիանի օրինակով վեպերի հեղինակները պետք է նշվեն երկակի անունով։
Դյումայի գրչի բեղունությունը զարմացնում էր, իսկ նրա գրքերի շռնդալից հաջողությունը ծնում էր նախանձ և բազմաթիվ թշնամիներ։ 1845 թվականին լույս տեսավ Էժեն դը Մերիկուրի «Վեպերի գործարան «Ալեքսանդր Դյումա և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը, որտեղ հեղինակը ոչ միայն մեղադրում էր Դյումային նրանում, որ նա անխնա շահագործում էր գրականության նեգրերին, այլև մտավ նրա անձնական կյանք[28]։ Դյուման Մերիկուրին դատի տվեց և շահեց գործը, բայց նրան չհաջողվեց կանխել իրեն վարկաբեկող շշուկների տարածումը։ Պամֆլետի լույս տեսնելու հետ կապված՝ նա խնդրեց Մակեին նամակ գրել, որտեղ նա հրաժարվում էր Դյումայի հետ ստեղծած գրքերի վերահրատարակման իր իրավունքներից։ Մակեն մասնավորապես գրում էր.
Մեր բարի ընկերությունն ու ազնիվ խոսքը մեզ միշտ բավարարել են. այնպես որ մենք, գրելով համարյա կես միլիոն տող ուրիշ մարդկանց գործերի մասին, երբեք չմտածեցինք այն մասին, որ գոնե մի տող գրենք մեր գործերի մասին։ Բայց մի անգամ Դուք խախտեցիք լռությունը։ Դուք այդպես վարվեցիք, որպեսզի մեզ պաշտպանեք ցածր ու անհեթեթ հերյուրանքներից… Դուք այդպես վարվեցիք, որպեսզի հրապարակայնորեն հայտարարեք, որ ես, Ձեզ հետ համագործակցելով, գրել եմ մի շարք ստեղծագործություններ։ Դուք նույնիսկ չափազանց մեծահոգի էիք, թանկագի՛ն բարեկամ, Դուք կարող էիք երեք անգամ ուրանալ ինձ, բայց Դուք դա չարեցիք և հռչակեցիք իմ անունը։ Մի՞թե Դուք դեռ չեք փոխհատուցել այն գրքերի համար, որ մենք գրել ենք միասին[29]։ |
Հետագայում, երբ Դյումայի հետ հարաբերությունները փչացել էին, Մակեն պնդում էր, որ նամակը գրել է ճնշման տակ։ 1858 թվականին Մակեն Դյումային դատի տվեց՝ պահանջելով 18 վեպերի ստեղծման գործում իրեն ճանաչել համահեղինակ, բայց երեք դատավարությունն էլ մեկը մյուսի հետևից տանուլ տվեց։ Դյումայի կյանքի վերջին օրերին, երբ արդեն ծանր հիվանդ էր, որդուն ասում էր իր և Մակեի մեջ եղած «գաղտնի հաշիվների» մասին։ Մակեին հայտնելով հոր մահվան մասին՝ Դյումա-որդին հարցնում է, թե կար արդյոք համահեղինակների միջև հատուկ պայմանավորվածություն։ 1871 թվականի սեպտեմբերի 26-ի նամակում Մակեն հավաստիացնում էր, որ ոչ մի «գաղտնի հաշիվներ» չեն եղել.
Իրականում, թանկագի՛ն Ալեքսանդր, Դուք բոլորից ավելի գիտեք, թե ինչքան աշխատանք, տաղանդ և նվիրվածություն ես ցուցաբերեցի Ձեր հոր տրամադրության տակ մեր երկարատև համագործակցության ընթացքում, որը կլանեց իմ ունեցվածքն ու իմ անունը։ Գիտեք նաև, որ ավելի շատ այս գործում ես ներդրեցի նրբանկատություն և մեծահոգություն։ Գիտեք նաև, որ Ձեր հոր և իմ միջև երբեք դրամական անհարթություններ չեն եղել…[30] |
Մակեի (և այլ համահեղինակների) վեպերը՝ ստորագրված Դյումայի կողմից, մնում են բանավեճերի առարկա նաև մեր ժամանակներում։ Առաջին հերթին Մակեն հավակնում էր «Երեք հրացանակիրներ»-ի համահեղինակությանը։ Արդի գրականագետները այդ հավակնությունները մերժում են. հիմնական ապացույցը հանդիսանում է այն փաստը, որ Մակեն ինքնուրույն չէր կարող անգամ մոտենալ պատմական վիպասանքի գլուխգործոցի այս մակարդակին։ Բայց «գործարանի» առկայությունը երկբայությունների առիթ չի տալիս. Դյումայի ստեղծագործական ժառանգությունը կազմում է հարյուրավոր հատորներ, և այս ամենը միայնակ գրել (նույնիսկ թելադրել) նույնիսկ ամենաաշխատասեր ու աշխատունակ հեղինակի ուժերից վեր էր, առավել ևս համեմատաբար այն կարճ կյանքում, որ ապրեց Դյուման։ Եվ այսօր՝ XXI դարում, Դյուման առաջվա պես գլխավորում է աշխարհի ամենաբեղուն գրողների շարքը։ 2010 թվականին նկարահանվեց «Ուրիշ Դյումա» կինոնկարը նրա և Մակեի համահեղինակության և նրանց մրցակցության սկզբի մասին։
Հայտնի ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք հրացանակիրների մասին եռերգությունը՝
- «Երեք հրացանակիրներ» (Les Trois Mousquetaires, 1844)
- «Քսան տարի անց» (Vingt ans après, 1845)
- «Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց» (Le Vicomte de Bragelonne, ou Dix ans plus tard, 1847)
- «Կոմս Մոնտե-Քրիստո» (Le Comte de Monte-Cristo, 1845 - 1846)
- «Երկու Դիաննաներ» (Les Deux Diane, 1846)
- «Եռերգություն Հենրիխ IV-ի մասին»
- «Մարգո թագուհին» (La Reine Margot, 1845)
- «Կոմսուհի դը Մոնսորո» (La Dame de Monsoreau, 1846)
- «Քառասունհինգ» (Les Quarante-Cinq, 1847)
- Ֆրանսիական հեղափոխության մասին շարքը՝
- «Ջուզեպպե Բալզամո կամ Բժշկի նոթերը» (Joseph Balsamo, 1846 - 1848)
- «Թագուհու կախազարդը» (Le Collier de la Reine.1849-1850)
- «Անժ Պիտու» (Ange Pitou.1853)
- «Կոմսուհի դե Շարնին» (La Comtesse de Charny.1853-1855)
- «Շեվալյե դե Մեզոն-Ռուժ» (Le Chevalier de Maison-Rouge.1845)
- «Սև կակաչ» (La tulipe noire, 1850)
- «Ասկանիո» (L’Orfèvre du roi, ou Ascanio, 1843)
- «Լյուդովիկոս XIV. Կենսագրություն»
- «Նապոլեոն. Կյանքի նկարագրություն» (1840)
Ալեքսանդր Դյումայի հայերեն թարգմանված երկերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք հրացանակիրներ, 1953, 740 էջ, 10.000 օր.:
- Քսան տարի անց, 1964, 840 էջ, 20.000 օր.:
- Կոմս Մոնտե–Քրիստո, գիրք 1, 1966, 744 էջ, 50.000 օր.:
- Կոմս Մոնտե–Քրիստո, գիրք 2, 1966, 668 էջ, 50.000 օր.:
- Ասկանիո, 1968, 604 էջ, 30.000 օր.:
- Սև կակաչ, 1968, 296 էջ, 30.000 օր.:
- Ասկանիո, 1980, 528 էջ, 20.000 օր.:
- Վիկոնտ դը Բրաժելոն կամ տասը տարի անց, 1984, 720 էջ, 30.000 օր.:
- Կոմս Մոնտե–Քրիստո, գիրք 1, 1987, 672 էջ, 100.000 օր.:
- Կոմս Մոնտե–Քրիստո, գիրք 2, 1988, 624 էջ, 100.000 օր.:
- Կոմսուհի դը Մոնսորո, 1988, 848 էջ, 50.000 օր.:
- Ասկանիո, 1990, 600 էջ, 60.000 օր.:
- Երեք հրացանակիրներ, 1990, 736 էջ, 100.000 օր.:
- Մարգո թագուհին, 1991, 704 էջ, 75.000 օր.:
- Քառասունհինգ, 1991, 670 էջ։
- Կարմիր ամրոցի ասպետը, 2002, 516 էջ։
- Երեք հրացանակիրներ, 2014, 720 էջ։
- Քսան տարի անց, մաս – 1, 2014, 428 էջ։
- Քսան տարի անց, մաս – 2, 2014, 412 էջ։
- Տասը տարի անց, 2014, 636 էջ։
Ստեղծագործությունների էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1911 Երեք հրացանակիրները
- 1913 Խիզախ Դ՛Արտանյանը
- 1921 Երեք հրացանակիրները
- 1921 Երեք հրացանակիրները
- 1929 Երկաթե դիմակը
- 1932 Երեք հրացանակիրները. միլեդի
- 1932 Երեք հրացանակիրները. թագուհու կախազարդը
- 1934 Կոմս Մոնտե-Քրիստոյի առեղծվածը
- 1935 Երեք հրացանակիրները
- 1938 Երեք հրացանակիրները
- 1939 Երեք հրացանակիրները
- 1948 Երեք հրացանակիրները
- 1951 Դ՛Արտանյանի շեղբը
- 1952 Տիկինը երկաթե դիմակով
- 1952 Պատրաստ շեղբով
- 1953 Վերսալի գաղտնիքները
- 1953 Երեք հրացանակիրները
- 1954 Մարգո թագուհին
- 1959 Երեք հրացանակիրները
- 1961 Երեք հրացանակիրները
- 1961 Միլեդիի վրեժը
- 1962 Երկաթե դիմակ
- 1963 Սիրանոն և Դ՛Արտանյանը
- 1971 Կոմսուհի դը Մոնսորո (հեռուստանովել 7 մասից)
- 1973 Ջուզեպպե Բալզամո (հեռուստանովել 7 մասից)
- 1973 Երեք հրացանակիրները
- 1974 Երեք հրացանակիրները
- 1974 Չորսն ընդդեմ կարդինալի
- 1974 Չորս հրացանակիրները. Միլեդիի վրեժը
- 1974 Չորս հրացանակիրները. Շարլո
- 1975 Կոմս Մոնտե-Քրիստո
- 1977 Երկաթե դիմակով մարդը
- 1979 Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները
- 1979 Հինգերորդ հրացանակիրը
- 1984 Կորսիկական եղբայրներ
- 1989 Հրացանակիրների վերադարձը
- 1989 Իվ ամրոցի բանտարկյալը
- 1992 Հրացանակիրները քսան տարի անց
- 1992 Երեք հրացանակիրների էրոտիկ արկածները
- 1992 Թագուհի Աննայի գաղտնիքները կամ Հրացանակիրները երեսուն տարի անց
- 1993 Երեք հրացանակիրները
- 1994 Դ՛Արտանյանի դուստրը
- 1994 Հրացանակիրների շրջանը
- 1994 Մարգո թագուհին
- 1996-1997 Մարգո թագուհին
- 1997 Կոմսուհի դը Մոնսորո
- 1998 Երկաթե դիմակով մարդը
- 2001 Հրացանակիրը
- 2009 Հրացանակիրների վերադարձը Կարդինալ Մազարինիի գանձերը
- 2011 Հրացանակիրները (3D)
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դյուման Կովկասում»՝ 1979 թվականի կինոնկար, որտեղ հումորային ձևով ներկայացվում է 1850-ական թվականներին Կովկասում Ալեքսանդր Դյումայի արկածների մասին։
- Դյուման եղել է խառնածին։
- Արթուրո Պերես-Ռեվերտի «Դյումայի ակումբը կամ Ռիշելյեի ստվերը» գրքում պատմվում է Դյումայի համահեղինակ (որոշ աղբյուրներում՝ «գրականության նեգր») Օգյուստ Մակեի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 M. Br. Dumas, Alexandre // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 654—656.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Наркевич А. Ю. Дюма [отец] // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 4,0 4,1 4,2 Дюма (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1841. — Т. 17. — С. 392—393.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.alalettre.com/dumas-oeuvres-pantheon.php
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/126754
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/index/nt00435
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/891ED.12/file/00039989.PDF
- ↑ https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjMtMDgtMTgiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6Mzk7czo0OiJyZWYyIjtpOjIwODI4MjtzOjE2OiJ2aXNpb25uZXVzZV9odG1sIjtiOjE7czoyMToidmlzaW9ubmV1c2VfaHRtbF9tb2RlIjtzOjQ6InByb2QiO30=#uielem_move=-156%2C-1409&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=101 — P. 18/48.
- ↑ F. T. M. Dumas, Alexandre (fils) // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 656—657.
- ↑ Венгерова З. Дюма-сын, Александр (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. XI. — С. 376—377.
- ↑ 16,0 16,1 16,2 А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 114
- ↑ Նա առաջարկել է Փարիզ վառոդ տեղափոխել, որը չէր հերիքում։ Դյուման գնացել է Սուասոն և կայազորի պարետ վիկոնտ դը Լինյերից պահանջել է վառոդ տալ հեղափոխականներին։ Լինյորը հետագայում պնդում էր, որ մինչ Դյումայի գալն ինքն էր այդ որոշումն ընդունել։ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 105
- ↑ Աննա Կրամարովա (2011 թ․ փետրվարի 7). «Քաղաքի հյուրերը Վոլգայում» (ռուսերեն). volgograd.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.(ռուս.)
- ↑ «Իմ քաղաքը»(ռուս.)
- ↑ Дюма, Александр (1993). Путевые впечатления. В России. Ладомир. էջ 1340. ISBN 5-86218-038-9.
- ↑ 21,0 21,1 21,2 French Studies: "Quebecer discovers an unpublished manuscript by Alexandre Dumas", iForum, University of Montreal, 30 September 2004, accessed 11 August 2012
- ↑ «John Crace // Claude Schopp: The man who gave Dumas 40 mistresses». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Webster, Paul (2002 թ․ նոյեմբերի 29). «Lavish reburial for Three Musketeers author». The Guardian. UK. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 24,0 24,1 Շիրակ, Ժակ (2002 թ․ նոյեմբերի 30). «Discours prononcé lors du transfert des cendres d'Alexandre Dumas au Panthéon» (French). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Paris Monuments Panthéon-Close up picture of the interior of the crypt of Victor Hugo (left) Alexandre Dumas (middle) Émile Zola (right)». ParisPhotoGallery. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 Քրեյս, Ջոն (2008 թ․ մայիսի 6). «Քլոդ Շոփ։ The man who gave Dumas 40 mistresses». The Guardian. UK. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 84-85
- ↑ Մերիկուրն ինքն է առաջարկել Դյումային համագործակցություն՝ մերժում ստանալով՝ բողոք ներկայացրեց «Գրականագետների միություն», պահանջեց Էմիլ դը Ժերարդենից, որ «Լյա Պրեսսը» հրաժարվի Դյումայի գործերը հրատարակելուց։ Ավելի ուշ հենց դը Մերիկուրին մեղադրեցին համահեղինակների անունները թաքցնելու մեջ. «գրականության նեգրերից» մեկի՝ Ռոշֆորի «Էժեն դը Մերիկուր և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը լույս տեսավ 1857 թվականին։ Տե՛ս նաև А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 196-197
- ↑ Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 198
- ↑ Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, т. 2. с. 55-56
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Դյուման bookmark.am֊ում
- «Ես քեզ սիրում եմ». այս չորս բառի մեջ բովանդակվում է մարդկային սրտի ամբողջ լեզուն, և ամեն մի սիրտ պետք է գեթ որևէ մեկի հետ խոսի այդ լեզվով. Ալեքսանդր Դյումա
- Ալեքսանդր Դյուման standardebooks.org-ում
- Ա. Դյումայի մտքերից
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դյումա (հայր)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դյումա (հայր)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 425)։ |
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1802 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 1870 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ալեքսանդր Դյումայի վեպեր
- Ֆրանսիացի գրողներ
- Արկածային գրողներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Կաթվածից մահացածներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի վիպասաններ