Քառասունհինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառասունհինգ
ֆր.՝ Les Quarante-cinq
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Անվանվել էThe forty-five guards?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաThe forty-five guards?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1848
Նկարագրում էՖրանսիա
ՆախորդԿոմսուհի դը Մոնսորո
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1847

«Քառասունհինգ» (ֆր.՝ Les Quarante-Cinq), Ալեքսանդր Դյումա (հոր) վեպերից է, որն ավարտում է հուգենոտյան պատերազմների մասին եռապատումը, այն պատմության վերջաբանն է, որը սկսվում է «Մարգո թագուհին» վեպում և շարունակվում «Կոմսուհի դը Մոնսորո»-ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քառասունհինգ» վեպում ընթերցողը կրկին հանդիպում է Դիանա դը Մերիդորին և տեղեկանում նրա հետագա ճակատագրին. ծանր տանելով իր սիրելի տղամարդու մահը՝ նա իր սիրելիի մահվան վրեժը դարձնում է իր կյանքի նպատակ։
«Քառասունհինգ» վեպում թագավորական տունը և բարձր ազնվական ընտանիքները խրվել են ինտրիգների մեջ, ամեն քայլափոխին իրականացնում են դավաճանություններ ու սպանություններ։ Դուքս Ֆրանսուա Անժուացին մասնակցում է պատերազմին միայն այն պատճառով, որ ցանկանում է դառնալ նախ Ֆլանդրիայի, ապա նաև Ֆրանսիայի միապետը։ Խորամանկ քաղաքական գործիչ դուքս դը Գիզը Վիլհելմ Օրանացու հետ դավադրություն է կազմակերպում։ Գիզի քույրը՝ դքսուհի դը Մոնպանսյեն պահում է վարձու մարդասպանների մի ամբողջ բանակ։ Ահա թե ինչպիսի շրջապատում էր գտնվում Հենրի IIIը։ Դյումայի նկարագրմամբ նա կարողանում էր թագավորել միայն նրա շնորհիվ, որ հենվում էր ողջամիտ, եռանդուն և նվիրված օգնականների վրա։ Սակայն «Քառասունհինգ» գրքում միայնակ թագավորի կողքին այդպիսի օգնականներ չկային։
Թուլակամ թագավորին կյանքի գնով պաշտպանող ֆավորիտների՝ Սեն-Մեգրենի, Քելյուսի, Շոմբերգի և Մոժիրոնի մահից հետո ողջ է մնում թագավորի սիրելիներից միայն դ'Էպերնոնը։ Հենց նրա գլխում է ծագում թագավորի պաշտպանության համար քառասունհինգ երիտասարդ ազնվականներից բաղկացած թիկնապահական գունդ ստեղծելու գաղափարը, որի ղեկավար է նա կարգում հմուտ զորավար Լուանյակին։ «Քառասունհինգ» վեպի անվանումը վերցված է թիկնապահների քանակից։ Բայց անգամ նոր թիկնապահական գունդը չի կարողանում փրկել դատապարտված Վալուային։
«Քառասունհինգ» վեպի համակրելի կերպարների մեջ առանձնանում է ծաղրածու Շիկոն։ Այս հերոսը հայտնվեց «Կոմսուհի դը Մոնսորո» վեպում որպես խորաթափանց քաղաքական գործիչ, որի խելքն ու միտքը շատ էր գնահատում Հենրի III-ը։ Նա բացահայտեց Անժուի դուքսի և կոմս դը Մոնսորոյի՝ թագավորի դեմ ուղղված դավադրությունը։ Թագավորին ընդդիմադիր կուսակցությունը ատում էր Շիկոյին և պատրաստվում էր հաշիվները մաքրել նրա հետ, բայց Շիկոն՝ հստակ հաշվարկելով քայլերը մեծ քաղաքականության իրականացման ժամանակ, կարողացավ գահին ավելի մերձեցնել Հենրի Նավառացուն։ Այս մարդը բարոյական և ինտելեկտուալ մակարդակներում գերազանցում է իր տիրոջը՝ արքային, իսկ փորձառու արքունական քաղաքական գործիչները Շիկոյի հետ համեմատած՝ թվում էին անհաջողակ աշակերտներ։ Շիկոն անպարտ է բոլոր մրցություններում, խելացի է և ուրախ։
Դիանային Փարիզում տեսնելով՝ թագավորի մինյոնը՝ կոմս դյու Բուշաժը սիրահարվում է նրան։ Բայց Դիանան չի պատասխանում երիտասարդի սիրուն. նա նվիրված է Բյուսիին անգամ մահից հետո։ Ճակատագիրը կոմսին և Դիանային հանդիպեցնում է Նիդեռլանդներում, որտեղ դյու Բուշաժը պատերազմի էր մասնակցում, իսկ կոմսուհի դը Մոնսորոն պատրաստվում էր վրիժառության։
Վեպի վերջում Դիանան սպանում է Ֆրանսուա Անժուացուն թույնով ցողված վարդի, դեղձի և մոմի միջոցով։
Ընդհանուր առմամբ եռապատման երրորդ գիրքը իր գեղարվեստական արժանիքներով զիջում է առաջին երկու գրքերին։ Նոր հերոսները թվում են բավականին մռայլ ու անգույն՝ համեմատած Լա Մոլի և Կոկոննասի, Քելյուսի և դը Բյուսիի, դը Մուիի և Նիկոլ Դավիթի կերպարների հետ։ Սակայն էջերը, որոնցում գործում են ծերացած, բայց առաջվա պես համակրելի Շիկոն, Վալուաների տոհմում վերջին թագավոր Հենրի III-ը և ցմփոր, էգոիստ և ալարկոտ Գորանֆլոն, ով դարձել էր աբբահայր, արժանի են ուշադրության և ստիպում են հիշել «Մարգո թագուհու» և «Կոմսուհի դը Մոնսորոյի» լավագույն դրվագները։