Քաղաքացիական պատերազմների և կաթոլիկների ու հուգենոտների միջև արյունահեղ բախումների դարաշրջան Ֆրանսիայում։ 1572 թ. օգոստոսի 18-ին կաթոլիկ Մարգարիտա դե Վալուային ամուսնացնում են հուգենոտների ղեկավար Հենրի Նավառացու հետ քաղաքական նկատառումներով։ Ամուսնության ժամանակ Մարգարիտան սիրային կապ ուներ դուքս Հենրի դը Գիզի հետ, իսկ Հենրի Նավառացին՝ Եկատերինա Մեդիչիի արքունական կանանցից մեկի՝ դը Սովի հետ։ Ամուսնական առաջին գիշերը Մարգարիտայի մոտ է գալիս դուքս դը Գիզը, բայց անմիջապես նրանից հետո թագուհու մոտ է գալիս նաև Հենրի Նավառացին, և Գիզը թաքնվում է առանձնասենյակում։ Հենրին առաջարկում է Մարգոյին լինել դաշնակիցներ արքունական բոլոր ինտրիգներում և, ստանալով Մարգոյի համաձայնությունը, հեռանում է։ Գիզը ևս հեռանում է Մարգարիտայի մոտից՝ խզելով նրա հետ սիրային կապերը։ Ամուսնական առաջին գիշերը Մարգոն անցկացնում է միայնակ, քանի որ թե՜ ամուսինը, թե՜ սիրեկանը հեռանում են նրանից։
Բողոքական վերնախավը իր ժամանակը անցկացնում է կաթոլիկական արքունիքի հետ խնջույքներում։ Թագավոր Կառլոս IX-ը ադմիրալ դը Կոլինյիին իրեն հայր է համարում։ Թվում է, թե փխրուն խաղաղությունը վերականգնված է։ Այս ժամանակ Փարիզ է ժամանում բողոքական ազնվական դը Լա Մոլը և իջևանում է «Ուղեցույց աստղ» հյուրանոցում։ Այնտեղ նա հանդիպում է կոմս Հաննիբալ դը Կոկոննասին և ընկերանում նրա հետ։ Այդ ընթացքում օգոստոսի 22-ին ադմիրալի վրա անհաջող մահափորձ է կատարվում, և բողոքականները պահանջում են գտնել և պատժել կրակողին։ Հասունանում է դավադրությունը։ Օգոստոսի 24-ին՝ սբ. Բարդուղիմեոսի օրը, սպանում են ադմիրալ Կոլինյիին, որն էլ սկիզբ է դնում հուգենոտների կոտորածին՝ արյունալի Բարդուղիմեոսյան գիշերվան։ Արյան ծարավ Կոկոննասը հյուրանոցատիրոջ՝ մետր Լա Յուրիերի հետ փորձում է սպանել Լա Մոլին, որին հաջողվում է փախչել Լուվր։ Կոմսը հասնում է նրա հետևից և հանդիպում նրան Մարգարիտայի սենյակում։ Խեղճ ու վիրավոր հուգենոտը գրկում է թագուհուն և խնդրում փրկել կյանքը։ Դը Կոկոննասը կատաղած փախչում է, իսկ Մարգարիտան իր մոտ է պահում մինչև ականջները իրեն սիրահարված Լա Մոլին, որպեսզի բուժի նրան։ Կոմսը վազում է բողոքական վաշխառուի մոտ, ում փող է պարտք և կռվում նրա որդու հետ։ Կռվին և Հաննիբալի հաղթանակին հետևում է Հանրիետը՝ Նևըրի դքսուհին ու Մարգարիտայի ընկերուհին։ Երբ Կոկոննասը կորցնում է գիտակցությունը Հանրիետը ապաստանում է նրան։
Որոշ ժամանակ անց ամբողջ թագավորական արքունիքը գնում է հիանալու Կոլինյիի դիակով, որտեղ էլ հանդիպում են Կոկոննասն ու Լա Մոլը և պայմանավորվում մենամարտել։ Մենամարտի ժամանակ երկուսն էլ վիրավոր են լինում, բայց ավելի ծանր վերքեր է ունենում Հաննիբալը։ Մոռանալով հին վեճերը՝ Լերակ դը Լա Մոլը բժշկից գնում է հրաշք դեղ, որը կարճ ժամանակում բուժում է Կոկոննասին։ Եվ դառնալով թագուհու և դքսուհու սիրեկանները՝ նրանք խճճվում են արքունական ինտրիգներում, որոնք գլխավորում էր Եկատերինա Մեդիչին՝ թագավորի մայրը։ Եվ երբ Լա Մոլը օծանելիքագործ Ռընեին պատվիրում է պատրաստել Մարգարիտայի արձանիկը՝ ասեղը սիրտը մտցրած, որպեսզի հավետ սիրի իրեն, Սև այրին անում է այնպես, որ նրանց մեղավոր ճանաչեն թագավորի դեմ կազմակերպված դավադրության մեջ։ Երկու ընկերներին նստեցնում են Բաստիլ։ Լա Մոլի ոտքերի ոսկորները խոշտանգումներից փշրվում են, իսկ Կոկոննասը խուսափում է դրանից շնորհիվ անցյալում Փարիզի դահճին տրված ձեռքսեղման։ Եվ ձևական տանջանքների ժամանակ Կոկոննասը դատավորներին պատմում է այնպես ինչպես իրենց հարմար էր։ Մարգարիտան ու Հանրիետը նրանց համար փախուստ են կազմակերպում, սակայն Լա Մոլը չկարողանալով տեղաշարժվել՝ խնդրում է Կոկոննասին, որ հանուն իրեն փախչի և փրկվի։ Կոկոննասը, լինելով հավատարիմ ու նվիրված ընկեր, մնում է Լա Մոլի կողքին մինչև մահ։ Երկու քաջարի ազնվականներին մահապատժի են ենթարկում։ Նվիրված սիրուհիները նրանց թաղում են ինչպես կաթոլիկների։
Գրքի վերջում Կառլոս թագավորը մահանում է, և գահ է բարձրանում Կատրին Մեդիչիի սիրելի որդին՝ Անժուի դուքսը՝ Հենրի III-ը։