Ալբերտ Շարուրյան
Ալբերտ Շարուրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1931 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 22, 2007 (75 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Սովետական Հայաստան |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ալբերտ Սրապիոնի Շարուրյան (Շարուրեան) (մարտի 10, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 22, 2007, Երևան, Հայաստան), գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Սրապիոնի Շարուրյանը ծնվել է 1931 թ. մարտի 10-ին Երևանում։ Ծնողները եղել են 1915 թվականի որբեր՝ գաղթած Վանի շրջանի Նարեկ և Փայխներ հարևան գյուղերից։
Մայրաքաղաքի 26 Կոմիսարների անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (1949) ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին։ Բարձրագույն կրթությունն ստանալուց հետո աշխատել է որպես լրագրող նախ՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում, ապա՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի մամուլի բաժնում։
1959-1962 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Հայ նոր գրականության պատմություն» մասնագիտությամբ։ 1962 թվականից մինչև 2007 թվականը դասավանդել է նույն համալսարանի հայ գրականության ամբիոնում նախ՝ որպես դասախոս, ապա՝ դոցենտ (1967), իսկ 1976 թվականի փետրվարից զբաղեցնում էր պրոֆեսորի պաշտոն։
1962 թվականին պաշտպանել է թեկնածուական («Սրբուհի Տյուսաբ. կյանքը և գործը»), իսկ 1973 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Պետրոս Դուրյան. կյանքը և գործը»)։
Դասավանդման համարյա կեսդարյա ընթացքում առավելապես բանասիրական ֆակուլտետում վարել է ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ դասընթացներ։
Մանկավարժական աշխատանքներին զուգահեռ կատարել է գիտահետազոտական աշխատանքներ։ Մասնավորաբար Ալբերտ Շարուրյանն է պատրաստել Պետրոս Դուրյանի (երկու հատորով), Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի երկերի քննական հրատարակությունները, ինչպես նաև խմբագրել ու գործուն մասնակցություն է բերել Դանիել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորյակի հրատարակությունը։
Շարուրյանը հեղինակն է նաև Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի մասին մենագրությունների։ 1994 թվականին նրա «Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից» մենագրությունն արժանացել է Համազգայինի մրցանակին։ Նա Ռ. Դալլաքյանի ու Պ. Խաչատրյանի հետ կազմել է հայկական միջնակարգ դպրոցների վեցերորդ դասարանի հայ գրականության դասագիրք, որը շրջանառության մեջ է եղել ավելի քան տասը տարի։ Հանրապետության գիտական ու գրական պարբերականներում հրատարակել է ավելի քան 200 հոդված։
Ալ. Շարուրյանը ղեկավարել է թեկնածուական ատենախոսություններ, եղել է ավելի քան երեք տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտոնական ընդդիմախոս։
Ալբերտ Շարուրյանն իր մահկանացուն կնքել է 2007 թ. հունվարի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում։
Ալբերտ Շարուրյանն այժմ ունի երեք երեխա, ութ թոռ և երեք ծոռ։
Գիտական աշխատությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սրբուհի Տյուսաբ. կյանքը և ստեղծագործությունը (թեկնածուական թեզ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1963, 252 էջ
- Պետրոս Դուրյան. կյանքը և գործը (դոկտորական թեզ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1972, 361 էջ
- Սկյուտարի սոխակը (Պետրոս Դուրյան), «Սովետական գրող» հրատ., 1977, 138 էջ
- Դանիել Վարուժան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն, ՀՀ ԳԱ հրատ., 1984, 284 էջ
- Միսաք Մեծարենց, «Սովետական գրող» հրատ., 1983, 221 էջ
- Գրիգոր Զոհրապի կյանքի և գործունեության տարեգրություն, Ս. Էջմիածին, 1996, 546 էջ
- Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից (արժանացել է Համազգայինի մրցանակին), Բեյրութ, 2000, 243 էջ։
Բնագրագիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշակ Չոպանյան, Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը (վերջաբան, ծանոթագրություններ, բնագրերի խմբագրում), Երևանի պետական համալսարանի հրատ., 1967
- Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու երկու հատորով (բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., հ. 1, 1971, հ. 2, 1972
- Պետրոս Դուրյան, Երկեր («Հայ դասականների գրադարան» մատենաշար, բնագրերի պատրաստում, առաջաբան, ծանոթագրություններ), «Սովետական գրող» հրատ., 1981
- Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու (բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., 1981
- Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հիշողություններում (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1982
- Միսաք Մեծարենցը և Դանիել Վարուժանը ժամանակակիցների հուշերում (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), «Սովետական գրող» հրատ., 1986
- Միսաք Մեծարենց, Երկեր («Հայ դասականների գրադարան» մատենաշար, բնագրերի պատրաստում, առաջաբան, ծանոթագրություններ), “Սովետական գրող” հրատ., 1986
- “Армянские поэты нового времени” («Բանաստեղծի գրադարան» մեծ մատենաշար, բնագրերի պատրաստում, կենսագրական տեղեկություններ, Մ. Ջանփոլադյանի աշխատակցությամբ), Ленинград, издательство <Советский Писатель>”, 1983.
- Դանիել Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու երեք հատորով (բոլոր բնագրերի խմբագրություն, երրորդ հատորի նյութերի մեծ մասի բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., 1986-1987
- Գրիգոր Զոհրապ, Էջեր ուղևորի մը օրագրեն (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), Ս. Էջմիածին, 1997
- Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու վեց հատորով (բնագրերի պատրաստում, առաջաբաններ և ծանոթագրություններ), ՀՀ գրականության և արվեստի թանգարանի հրատ., հ. Ա, 2001, հ. Բ, 2001, հ. Գ, 2002, հ. Դ, 2003, հ. Ե, 2004, հ. Զ, 2004
- Գրիգոր Զոհրապը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, ԵՊՀ-ի հրատ., 2006, 534 էջ։
Դասագրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրականություն. դասագիրք հայկական դպրոցների 6-րդ դասարանների համար (Ռ. Դալլաքյանի և Պ. Խաչատրյանի աշխատակցությամբ), առաջին հրատարակությունը՝ 1972, վերջինը՝ 1982։
Հոդվածներ և հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության գիտական և գրական պարբերականներում տպագրվել է ավելի քան 200 հոդված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. S. Sharuryan
- Books by A S Sharuryan
- Sharuryan, A. S
- www.abrilbooks.com/artists/9789.html
- Շարուրյան, Ա. Ս. (1961) Սրբուհի Տյուսաբ /Ծննդյան 120 և մահվան 60-ամյակի առթիվ/. Պատմա-բանասիրական հանդես, N 3-4 . pp. 166-180.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Շարուրյան» հոդվածին։ |