Դրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրամա, թատերգության ժանր, որը հատկապես տարածում է ստացել XVIII - XXI դդ. գրականության մեջ՝ աստիճանաբար դուրս մղելով ողբերգությունը։ Դրաման, օգտագործելով ողբերգության և կատակերգության առանձին հատկանիշները, պատկերում է մարդկային կյանքի բնական վիճակներ, առօրյա իրադարձություններ՝ ցուցադրելով սովորական մարդկանց բարդ միջանձնային հարաբերությունների հետևանքով առաջ եկած հոգեկան հակասական, դրամատիկ ապրումները, մարդկային կյանքում երկընտրանքային պահերը, հասարակության հետ կոնֆլիկտը և այլն։

Դրաման կարող է ունենալ և մահով ավարտվող, և ծիծաղաշարժ, երգիծական դրվագներ, սակայն հիմնականը հերոսների հոգեկան դրամայի ընթացքի և հանգուցալուծման ցուցադրությունն է։

Դրամայի՝ որպես ժանրի զարգացման ընթացքում առանձնացել է քաղքենիական դրաման (XVIII դար, Դ. Դիդրո, Պ.-Օ. Բոմարշե, Լեսինգ, Ֆ. Շիլլերի վաղ շրջանի գործերը), ռեալիստական և նատուրալիստական դրաման (XIX դար, Ալեքսանդր Օստրովսկի, Հենրիկ Իբսեն, Հաուփթման, Սթրինբերգ, Անտոն Չեխով և այլոք), խորհրդանշական (սիվոլիստական) դրաման (XIXդ. վերջ - XXդ. սկիզբ, Մորիս Մետերլինկ), XX դարում՝ սյուռռեալիստական, էքսպրեսիոնիստական դրաման (Ֆրանց Վերֆել, Վ. Գազենկլևեր), աբսուրդի դրաման (Ս. Բեքեթ, Է. Իոնեսկո, Է. Օլբի, Վ. Գոմբրովիչ) և այլն։

Հայ հեղինակներից դրամաներ են, մասնավորապես, գրել Ա. Շիրվանզադեն և Լ. Շանթը։