Արմենպրես
Արմենպրես | |
---|---|
![]() | |
armenpress.am | |
Տեսակ | պետական մարմին և տեղեկատվական գործակալություն |
Երկիր | ![]() |
Շտաբ կայան | Երևան, Հայաստան |
Գրանցում | Արմենպրես ՓԲԸ |
Լեզու | հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և արաբերեն |
Սեփականատեր | Հայաստանի Հանրապետություն |
Հեղինակ | Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Բացված | դեկտեմբերի 18, 1918 [1] |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Արմենպրես, լրատվական գործակալություն։ Ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Ներկայում հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1920-1922 թվականներին կոչվել է Արմենկավռոստա, ապա՝ Արմենռոստա, 1922-1972՝ ՀՀԳ (Հայկական հեռագրական գործակալություն), 1972 թվականին վերանվանվել է Արմենպրես։ Գործակալությունը լուսաբանել է հանրապետության աշխատավորության նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի, ժողովըրդական կրթության և առողջապահության բնագավառներում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործակալությունը թողարկել է ավելի քան 100 «ՀՀԳ-ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած պայքարին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ 1959 թվականին ստեղծվել է Հայկական հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկան՝ ՏԱՍՍ-ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ 1967 թվականից գործակալությունը օգտվել է Երևան-Մոսկվա-Բեյրութ, 1970 թվականից՝ Երևան-Մոսկվա-Նյու Յորք և 1972 թվականից՝ Երևան-Մոսկվա-Փարիզ հեռատիպ կապերից, որոնք ՀԽՍՀ մասին նյութեր են հաղորդել սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանել է Խորհրդային Միության հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրել մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։ Արմենպրեսը ստեղծել է շատ տերմիններ և նորաբանություններ, որոնք մտել են արդի հայերենի բառապաշարի մեջ։
Գործունեության ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործակալությունը ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջաբնական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։
Գործակալությունն ակտրվորեն գործում է սոցիալական համարյա բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերիև «Յանդեքս» նորությունների կողմից:
«Արմենպրես» ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի բաժանորդների թվում զանգվածային լրատվության միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն:
Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 300 լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով։
Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:
«Արմենպրես»-ը երկկողմ են գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:
Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:
Գործակցություն Արցախի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմենպրեսը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի լրատվական գործակալության՝ Արցախպրեսի կայացմանն ու ամրապնդմանը։ Արցախպրեսի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է Արմենպրեսի խողովակներով Արցախպրեսի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում։
2016 թ. հոկտեմբերին Արմենպրեսի և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ենթադրում է Արցախի երիտասարդ լրագրողների համար կրթական ծրագրերի կազմակերպում՝ ինչպես հեռաուսուցման, այնպես էլ դեպի Հայաստան այցերի միջոցով։
Մամուլի կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախատեսվում է 2017 թ. Երևան-Ստեփանակերտ հեռուստակամրջի ֆորմատով ասուլիսների իրականացում ամսական պարբերականությամբ։
Ֆոտոծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործակալությունում ակտիվ աշխատանքներ են տարվում ֆոտոծառայության արդիականության ուղղությամբ: «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պետական մարմիններին և գերատեսչություններին ցուցաբերում է համկողմանի օժանդակություն: Ի մասնավորի, աջակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ արտերկրում ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրի մամուլում հրապարակումների պատրաստման ուղղություններով: Ֆոտոծառայությունն ունի հարուստ տեղեկատվական և լուսանկարչական արխիվ, որը ներկայացնում է Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունը: Միայն ֆոտոարխիվում ներկայումս պահվում է մոտ 100 հազար լուսանկար:
Միջազգային լրատվական ընդգրկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն և այլն:
Կրթական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արմենպրես»-ը 2012թ. «Ռոյթերս» գործակալության հետ համատեղ իրականացրել է հայաստանյան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստվել են մոտ երկու տասնյակ ֆոտոթղթակիցներ:
Ամեն տարի գործակալությունում իրենց ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի՝ ժուռնալիստիկայի և թարգմանչական գործում մասնագիտացող ավելի քան 30 ուսանող:
Գործունեության այլ ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի տեղեկատվության արտադրությունից և տարածումից, գործակալությունը վերջին տարիներին իրականացրել է մի շարք հատուկ նախագծեր:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվել են Ցեղասպանությունից ողջ մնացած վերապրողների հուշերը, որոնց հիման վրա «Արմենպրես»-ի հետ համատեղ իտալա-արաբական ԱՍՍԱԴԱԿԱ կենտրոնը հրապարակել է առանձին հատոր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել Իտալիայում: Վերապրածների մասին բազմաթիվ սյուժեներ ներկայացվել են իտալական և միջազգային այլ հեռուստաընկերություններով:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հետ կապված թվայնացվել և ցուցահանդեսի ու առանձին ալբոմի տեսքով ներկայացվել է «Արմենպրես»-ի պատերազմական պլակատների արխիվը:
Գործակալությունն իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսային ծրագրեր: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հետ կապված «Արմենպրես»-ը «Մենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական ցուցահանդեսների շարք Երևանում, Փարիզում, Գլենդելում:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով տրվեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի մեկնարկը, որն արդեն երեք տարի շաբաթական կտրվածքով ամփոփում է Երևանում վաճառվող գրքերի ռեյտինգները, և ամեն տարի Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21-ին) կազմակերպվում է «Երևանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը:
«Արմենպրես»-ն իրականացրել է նաև «Նորամուտ» երիտասարդական նախագիծը, որի համար գործակալությունն արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:
«Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրեսի» հիմնադրման 100-ամյակը» նամականիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 21-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը» թեմային: Նամականիշի վրա պատկերված է տպագրական մեքենայով աշխատող կնոջ գրաֆիկական ուրվագիծը՝ ձևավորված լույսի և ստվերի համադրությամբ, ինչը խորհրդանշում է լրատվական ոլորտի մասնագետների կադրից դուրս կատարած շուրջօրյա աշխատանքը[3]:
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թողարկման օր՝ 21 դեկտեմբերի 2018 թ.[4]
- Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան
- Դիզայն՝ Վահագն Մկրտչյան
- Տպարան՝ Cartor, Ֆրանսիա
- Չափսեր՝ 40,0 x 30,0 մմ
- Տպաքանակ՝ 30 000 հ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Արմենպրես»-ը 100 տարեկան է»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2018-12-18
- ↑ Արմենպրես, մեր մասին։
- ↑ «Նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրեսի» հիմնադրման 100-ամյակը» թեմային | mtcit.am»։ mtcit.am։ Վերցված է 2018-12-25
- ↑ «Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային»։ www.haypost.am։ Վերցված է 2018-12-25
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 96)։ ![]() |