Մեսրոպ Թաղիադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Թաղիադյան
Մեսրոպ Թաղիադյանի կիսանդրին Կարբիում (1).JPG
Ծնվել էհունվարի 2, 1803(1803-01-02)[1]
ԾննդավայրՁորագյուղ
Վախճանվել էհունիսի 10, 1858(1858-06-10)[1] (55 տարեկան)
Վախճանի վայրՇիրազ, Իրան
Մասնագիտությունհրապարակախոս, գրող և դպրոցի ուսուցիչ
Մեսրոպ Թաղիադյան Վիքիդարանում
Commons-logo.svg Mesrop Taghiadyan Վիքիպահեստում

Մեսրոպ Դավթի Թաղիադյան (հունվարի 2, 1803(1803-01-02)[1], Ձորագյուղ - հունիսի 10, 1858(1858-06-10)[1], Շիրազ, Իրան), գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է Հնդկաստանում։ Գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թվականի հունվարի 2-ին[2]։ Սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ՝ ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջանքների, գանահարության։ Մեծ դժվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը դիպվածաբար հանդիպում է Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության։ Լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թվականի գարնանը Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո հասնում է Կալկաթա։ Կարճ ժամանակ անց մեկնում է դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց, այնտեղից Էջմիածին-Երևան՝ պարսկական լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինելուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական, հրապարակախոսական ու մանկավարժական գործունեությունը[3][4]։

Թաղիադյանի հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ 40-ական թվականներին հրատարակում է մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվականից Թաղիադյանի խմբագրությամբ կամ վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր»[5], իսկ 1848 թվականից նրան փոխարինող «Ազգասեր Արարատյան»[6] պարբերականները, որոնց մեջ նա գրում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայության կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին՝ հասարակական, գրական, մշակութային-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Վճռական նշանակություն տալով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը կենտրոնացնում է կրթական գործի շուրջը՝ որպես ուսուցիչ աշխատելով սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի վանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սուրբ Սանդուխտ» դպրոցում։

Թաղիադյանի աշխարհայացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղիադյանի աշխարհայացքն ամբողջական, միաձույլ չէ։ Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը։ Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ մշակույթի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ։

Aquote1.png Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։
- Մեսրոպ Թաղիադյան
Aquote2.png


Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիցաբանութիւն, Կալկաթա, 1830, 161 էջ
  • Այբբենարան, ա. տ., 1840, 60 էջ։
  • Մեսրովբեան շարադրիչ հայ և անգղիական լեզուաց (ի պէտս դպրոցաց ընդ հովանաւ Ամենափրկիչեան աթոռոյ Նոր Ջուղայ), Կալկաթա, 1840, 72 էջ։
  • Պատմութիւն պարսից, Կալկաթա, 1846, 281 էջ։
  • Վէպ Վարդգիսի, Կալկաթա, 1846, 168 էջ։
  • Թութակ Թաղիադեանց, Կալկաթա, 1847, 38 էջ։
  • Կարգ և կանոնք սուրբ Սնդուխտ դպրոցի օրիորդաց և պարոնկաց, Կալկաթա, 1847, 38 էջ։
  • Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Թաղիադեանց սարկաւագի սրբոյ Էջմիածնի ի հայս, Կալկաթա, 1847, 382 էջ։
  • Ճառ դաստիարակութեան օրիորդաց, Կալկաթա, 1847, 76 էջ։
  • Մեսրովբեան առաջնորդ մանկանց, Կալկաթա, 1847, 198 էջ։
  • Սօս և Սօնդիպի, Կալկաթա, 1847, 245 էջ։
  • Վէպ վարսենկան սկայուհւոյ աղուանից, Կալկաթա, 1847, 177 էջ։
  • Համառօտ քերականութիւն հայկազեան լեզուի, Կալկաթա, 1848, 84 էջ։
  • Սօս և Սօնդիպի, Կ. Պոլիս, 1871, 234 էջ։
  • Գեղարվեստական երկեր, Երևան, 1965, 432 էջ[7]։
  • Ուղեգրություններ։ Հոդվածներ։ Նամակներ։ Վավերագրեր, Երևան, 1975, 620 էջ։
  • Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր և քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Նոր Ջուղա, 1979, 654 էջ։
  • Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր և քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Երևան, 1993, 656 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://armradioarchive.am/ar/lWKI1il
  2. «Թաղիադյան Մեսրոպ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին։ Վերցված է 2019 թ․ հունվարի 2 
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «AV Production - Մեսրոպ Թաղիադյան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 2 
  5. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան -ԱԶԳԱՍԷՐ»։ Վերցված է 2022-12-12 
  6. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան -ԱԶԳԱՍԷՐ ԱՐԱՐԱՏԵԱՆ»։ Վերցված է 2022-12-12 
  7. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Թաղիադյան, Մեսրոպ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019 թ․ հունվարի 2 
  8. Միրզաբեկյան Ջանի Մկրտչի, Սարինյան Սերգեյ (1971)։ Մեսրոպ Թաղիադյան։ Կյանքը և ստեղծագործությունը։ ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին։ Վերցված է 2019-01-02 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 130 CC BY-SA icon 80x15.png