Գրական ասպարեզ մտնելով 1903 թվականին, երեսունվեց տարեկան հասակում, նա արագորեն ճանաչում ձեռք բերեց և տեղ գրավեց Ալեքսանդր Բլոկի, Անդրեյ Բելիի և սիմվոլիզմի «կրտսեր» սերնդի մյուս ներկայացուցիչների կողքին։ Հիմնական գաղափարը, որ ընկած է նրա տեսական աշխատությունների ու բանաստեղծությունների հիմքում՝ կյանքի ու արվեստի կոլեկտիվ, համընդհանուր կրոնական վերափոխման գաղափարն է, որ ենթադրում էր մարդկանց անջատվածության հաղթահարում, կրոնի նորոգում։ Իվանովը ուտոպիստական հույսեր էր փայփայում աշխարհի ու մարդկության ճակատագրի վերափոխման, նոր դարաշրջանի բացման մասին, երբ կհաղթանակեն «սինթետիկ», «համաժողովրդական» արվեստն ու գեղեցկությունը։ Նրա շատ բանաստեղծություններ ծանրաբեռնված են բանասիրական գիտելիքներով և դժվար են ընկալվում։ Բանաստեղծին հատուկ են ճոխ, գունեղ, արխայիկ, յուրահատուկ բառամթերքը, բարդ շրջադասությունները, բանաստեղծական տողի խտությունն ու ծանրությունը, անտիկ չափերի հաճախակի գործածությունը։ Նրա պոեզիայում կարևոր տեղ է գրավում մշակութային ժառանգության գաղափարը, այստեղից էլ՝ նրա մշտական հետաքրքրությունը անտիկ Հունաստանի, իտալական Վերածնության, Հին Ռուսիայի մշակույթի նկատմամբ։ Ռուսաստանը նրա բանաստեղծություններում հազվադեպ է երևան գալիս, ավելի հաճախ հանդիպում են անտիկ պատկերներ, իտալական բնանկարներ, հարավային Եվրոպայի լեռների ու ծովերի նկարագրություններ։ Իվանովը մեծ դեր է կատարել 20-րդ դարի սկզբի գրական շարժման մեջ։ Նրա առավել հայտնի գործերից են «Ձմեռային սոնետներն» ու «Հռոմեական սոնետները»։
Հրաչյա Թամրազյան, Վյաչեսլավ Իվանով (Ծանոթագրություններ)։ XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, էջ 503-504։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 422)։