Տատյանայի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանայի օր
ռուս.՝ Татья́нин день

ՄՊՀ ուսանողները Տատյանայի օրը
Այլ կերպ«Ուսանողի օր», «День студента»
Տեսակտոն և Սլավոնական տոն
ԵնթադասEastern Orthodox liturgical calendar? և սլավոնների ժողովրդական օրացույց
ԱմսաթիվՀունվարի 25
Տոնվում էՌԴ, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա
Կապվածսուրբ Տատյանայի հիշատակ, ՄՊՀ հիմնադրում

Տատյանայի օր (ռուս.՝ Татьянин день), օր արևելյան սլավոնացիների ժողովրդական օրացույցում, Ռուսաստանում տոն՝ ռուս ուսանողության օր։ Անվանված է ի պատիվ նահատակ Տատյանա Հռոմեացու (Татиана Римская), որի հիշատակը նշվել է այդ օրը։ 1755 թվականին՝ կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի կողմից Մոսկվայում համալսարան հիմնելու հրամանը ստորագրելուց հետո, Տատյանայի օրը սկզբում նշվեց իբրև համալսարանի հիմնադրման օր, իսկ ավելի ուշ՝ նաև որպես ռուս ուսանողության օր։ 2005 թվականից հունվարի 25-ը Ռուսաստանում պաշտոնապես նշվում է որպես ռուս ուսանողության օր[1]։

Ռուս ուսանողության օրվա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1755 թվականի հունվարի 12(23)-ին ռուս կայսրուհի Ելիզավետա Պետրովնան հավանություն տվեց Իվան Շուվալովի՝ Մոսկվայում համալսարան բացելու գաղափարին և ստորագրեց այդ մասին հրաման։ Համալսարանը դարձավ ռուսական մշակույթի և հասարակական մտքի առաջադեմ կենտրոն։

Համալսարանի հին շենքի մասնաշենքերից մեկում հիմնադրվեց սուրբ Տատյանայի մատուռը, իսկ սուրբը հռչակվեց ռուս ողջ ուսանողության հովանավոր։

Արդեն 19-րդ դարի կեսերին տոնը Մոսկվայի համալսարանի ուսանողների և դասախոսների տոնից վերածվեց ռուս մտավորականության տոնի[2]։ Ռուսական կայսրությունում Տատյանայի օրը տոնվել է ուրախ, աղմկոտ։ Սկզբում տոնը նշվում էր միայն Մոսկվայում. այն տոնում էր ողջ քաղաքը։ Տոնը սկսվում էր համալսարանի պաշտոնական արարողությունից, իսկ այնուհետև տարածվում քաղաքում։ Ուսանողական տոնակատարության համար ֆրանսիացի Լյուսիեն Օլիվիեն, ով «Էրմիտաժ» ռեստորանի տերն էր, նույնիսկ տրամադրել էր ռեստորանի սրահը, որտեղ ուսանողներն ու դասախոսները նշում էին տոնը։ Ինչպես վկայում են, տոնին խմել են։ Բայց ժանդարմները այդ օրը խմած ուսանողներին չեն պատժել, այլ նույնիսկ առաջարկել են իրենց օգնությունը[3]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Տատյանայի օրը արդեն հազվադեպ են հիշել։ Միայն 1995 թվականին՝ Մոսկվայի համալսարարնին կից Տատյանայի հիշատակին եկեղեցի բացելուց հետո, տոնը վերակենդանացավ։ 2005 թվականից հունվարի 25-ը Ռուսաստանում նշվում է իբրև ռուս ուսանողության օր։

Օրը խորհրդանշական է նաև այն բանով, որ տոնը առանձնանում է ուսումնական օրացույցում. հունվարի 25-ը ուսումնական 21-րդ շաբաթվա վերջին օրն է, առաջին կիսամյակի քննաշրջանի վերջը, որից հետո սկսվում է ուսանողների ձմեռային արձակուրդը։

Արևելասլավոնական ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական աշխարհում օրը ունի նաև այլ անվանումներ՝ Բաբիյ կուտ (Бабий кут), Սոլնիշ (Солныш), Տատյանա (Татьяна), Տատյանա Կրեշչենսկայա (Татьяна Крещенская)։

Այս օրը մոմեր են վառել ուսման մեջ հաջողություններ ունենալու համար. նահատակ Տատյանային աղոթել են լուսավորության և ուսման համար, Սավային աղոթել են տարբեր հիվանդությունների դեպքում, Տիրամոր սրբապատկերին աղոթել են բարեհաջող ծննդաբերության, մայրական կաթի բավարարության, նորածնի առողջության համար։

Ընտանիքներում թխում էին արևի տեսքով հաց, որից ընտանիքի բոլոր անդամներին պիտի բաժին հասներ։ Գյուղի աղջիկները առավոտ վաղ գնում էին գետակի մոտ, ուր լվանում էին փոքրիկ գորգեր։ Ավանդույթի համաձայն՝ գորգերը հետ տանելիս նրանց օգնում էին տղաները։ Այնուհետև գորգերը փռում էին ցանկապատին, որ բոլորը տեսնեին դրանց մաքրությունն ու գեղեցկությունը. դրանով էլ կարծիք էին կազմում աղջկա մասին[4]։

Օրվա առթիվ աղջիկները փետուրներից և շորի կտորներից ավելներ էին պատրաստում։ Ընդունված էր այն կարծիքը, որ եթե աղջիկը այդ ավելը գաղտնի տեղադրի ցանկալի փեսացուի տան վառարանի մի անկյունում, ապա տղան կամուսնանա իր հետ, և նրանք կապրեն երկար և երջանիկ։ Տղաների մայրերը շատ լավ գիտեին այս խորամանկությունները և բծախնդրորեն ընտրում էին ապագա հարսնացուին, ում հաջողվել էր «թաքցնել» ավելը[4]։

Գյուղացիները այն կարծիքն ունեին, որ Տատյանայի օրը ծնված աղջիկները լավ տանտիրուհիներ կլինեն.

Տատյանան և՛ ծիսական հաց է թխում, և՛ գորգ է լվանում, և՛ շուրջպար է բռնում[5]։

Ասացվածքներ և նախանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաղ արևածագ՝ թռչունների վաղ չու[6]։
  • Տատյանան և՛ ծիսական հաց է թխում, և՛ գորգ է լվանում, և՛ շուրջպար է բռնում[5]։
  • Մեր Տատյանան ջրից էլ է հարբում[7]։
  • Եթե Տատյանայի օրը ցուրտ է և պարզկա, ապա հարուստ բերք կլինի, եթե տաք է և քամի, ապա բերքը պակաս կլինի[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանայի օր» հոդվածին։