Ռուսաստանի պետական գրադարան (ռուս.՝ Российская государственная библиотека), պետական գրադարան Մոսկվայում։ Համարվում է Եվրոպայի և աշխարհի խոշորագույն գրադարաններից, գրադարանագիտության, գրքի պատմության, մատենագիտության բնագավառների ԳՀ առաջատար հիմնարկ։ Հիմնվել է 1862 թվականի հուլիսի 1-ին, ընդգրկված է Ռումյանցևյան հանրային թանգարանի կազմում։ Կազմավորման սկզբից ստանում է հայրենական հրատարակությունների պարտադիր օրինակներ (մինչև 1922 թվականը՝ 1, 1922-1944 թվականներին՝ 2, 1945 թվականից՝ 3 օրինակ)։ 1925 թվականից կոչվել է Վ. Ի. Լենինի անվան ԽՍՀՄ գրադարան, 1992 թվականից՝ Ռուսաստանի պետական գրադարան։
Գրադարանն ունի 22 ընթերցասրահ։ Լայն կապերի մեջ է արտասահմանյան գրապահոցների և գրքի գործերով զբաղվող կազմակերպությունների հետ։ Գրադարանի հին շենքում (նախկինում՝ Պաշկովի տուն, կլասիցիզմ, 1784-1786, ճարտարապետ Վասիլիյ Բաժենով) տեղավորված են ընդհանուր և պատանիների ընթերցասրահները։ 6 նոր մասնաշենքերը (այդ թվում 9 հարկանի գրապահոցը) կառուցվել են 1928-1958-ին (ճարտարապետներ՝ Վլադիմիր Գելֆրեյխ, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ) և գլխավոր մուտքի կողմից միավորված են բարձր մույթավոր պորտիկով։
Գրադարանի ճակատները հարդարված են քանդակներով (գրողների և գիտնականների կիսանդրիներ (քանդակագործներ՝ Ն․ Վ․ Կրանդիևսկայա, Ս․ Ա․ Եվսեև), բանվորի, կոլտնտեսականի, գիտնականի և այլ ֆիգուրներ (քանդակագործներ՝ Վ․ Ի․ Սուխինա, Ս․ Գ․Սանիզեր, Վ․ Վ․ Լիշև, Ե․ Ա․ Ցանսոն-Սանիզեր և այլք)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 85)։