Լյուդվիգ վան Բեթհովեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բեթհովեն (այլ կիրառումներ)
Լյուդվիգ վան Բեթհովեն
Beethoven.jpg
Բեթհովեն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Ludwig van Beethoven
Ծնվել է դեկտեմբերի 16, 1770({{padleft:1770|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:16|2|0}})
Բոն[1]
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Մահացել է մարտի 26, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:26|2|0}})[2][3] (56 տարեկանում)
Վիեննա[4]
Ժանրեր դասական երաժշտություն, օպերա, սիմֆոնիա, ստեղծագործություն լարային քառյակի համար, դաշնամուրի սոնատ, Violin sonata և string trio
Մասնագիտություն կոմպոզիտոր
Գործունեություն 1782-1827 թթ.
Ստորագրություն
Ստորագրություն

Լյուդվիգ վան Բեթհովեն[5] (գերմ.՝ Ludwig van Beethoven, Լսել [ˈluːtvɪç fan ˈbeːt.hoːfən]), դեկտեմբերի 16, 1770, Բոն[1] - մարտի 26, 1827[2][3], Վիեննա[4]), գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր:

Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը։ Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։ Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ։ Բեթհովենի ստեղծագործությունը էական ազդեցություն է ունեցել 19–րդ և 20–րդ դարերի սիմֆոնիզմի վրա[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենի սենյակն իր հայրական տանը, Բոնն

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ վան Բեթհովենը ծնվել է 1770 թվականի դեկտեմբերի 16-ին Բոնում։ Մկրտվել է հաջորդ օրը Բոնի Սուրբ Ռեմիգիա կաթոլիկական եկեղեցում։

Հայրը՝ Յոհան Բեթհովենը (1740-1792), երգիչ էր, տենոր պալատական կապելլայում: Մայրը՝ Մարիա-Մագդալինան (մինչ ամուսնությունը՝ Կևերիխ) (1748-1787), Կոբլենցում պալատական շեֆ-խոհարարի դուստրն էր։ Ամուսնացել են 1767 թվականին։ Նրանց ամուսնության արդյունքում ծնվեց 7 երեխա, որոնցից միայն երեքը կենդանի մնացին՝ Լյուդվիգը, Կասպար Կարլը և Նիկոլաուս Յոհաննը[7]: Պապը՝ Լյուդվիգ Բեթհովենը (1712-1773), ծնունդով Մեխելենից էր (Հարավային Նիդերլանդներ)։ Աշխատում էր որդու հետ նույն կապելլայում՝ նախ որպես երգիչ, բաս, ապա կապելմայստեր[8]: Չնայած Լյուդվիգն ընդամենը երեք տարեկան էր, երբ նրա պապը մահացավ, սակայն վերջինս Լյուդվիգի համար հանդիսանում էր ընտանիքի տիպիկ ներկայացուցչի օրինակ[9]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենի հայրը դեռևս վաղ տարիքում է հայտնաբերել որդու երաժշտական տաղանդը և լավագույնս հոգ տարել նրա խորացված երաժշտական կրթության համար։ Նա ձգտում էր որդուն դարձնել երկրորդ Մոցարտ և սովորեցնում էր կլավեսին և ջութակ նվագել։ 1778 թվականին Քյոլնում կայացավ առաջին ելույթը։ Թեպետ Բեթհովենը հրաշամանուկ չէր, սակայն հայրը նրա երաժշտական կրթությունը վստահեց իր կոլեգաներին՝ օրգանիստ Գիլլես վան դեռ Էդենին, երգիչ Թոբիաս Փֆայֆերին, ջութակահարներ Ֆրանց Գեորգ Ռովանտինին ու Ֆրանց Անտոն Ռիզին։ Նրանցից մեկը Լյուդվիգին սովորեցնում էր օրգան նվագել, մյուսը՝ ջութակ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Լյուդվիգի հայրը նրա պարապմունքներն անց էր կացնում ֆիզիկական բռնություն գործադրելով[10]: Սակայն արդյոք այս տեղեկությունները մշտական, թե հատուկենտ դեպքեր են բնութագրում, հստակ չէ։

1780 թվականին Բոն ժամանեց օրգանիստ և կոմպոզիտոր Քրիստիան Գոթլոբ Նեֆեն։ Նա Բեթհովենին ժամանակ առ ժամանակ դաշնամուրի և երգահոնի դասեր էր տալիս։ Սակայն արդյոք հենց նա է Բեթհովենի՝ գրականության մեջ ներկայացվող վաստակաշատ ուսուցիչը, վիճելի է[11]: Նեֆեն միանգամից հասկացավ, որ տղան տաղանդավոր է։ Նա Լյուդվիգին ծանոթացրեց նշանավոր երաժիշտների ստեղծագործություններին։ Նեֆեի շնորհիվ հրատարակվել է նաև Բեթհովենի առաջին ստեղծագործությունը՝ վարիացիաներ Դրեսսլերի քայլերգի թեմայով։ Այդ ժամանակ Բեթհովենը տասներկու տարեկան էր և արդեն աշխատում էր որպես պալատական օրգանիստի օգնական։

Այն տունը, որտեղ ծնվել է կոմպոզիտորը

Պապի մահվանից հետո ընտանիքի նյութական դրությունը էապես վատացավ։ Լյուդվիգն ստիպված էր կիսատ թողնել դպրոցում սովորելը, սակայն սովորում էր լատիներեն, ուսումնասիրում էր իտալերեն և ֆրանսերեն, շատ էր կարդում[12]: Նրա հոգևոր զարգացմանը մեծապես նպաստել է Բոնի քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես՝ Բժշկական համալսարանի ուսանող Ֆրանց Գերհարդ Վեգլերը, ինչպես նաև՝ Բրոյնինգ ընտանիքը, որոնց հետ Բեթհովենը սերտ բարեկամական հարաբերություններ էր պահպանում։ Ընկերական շփումը Շթեֆան ֆոն Բրոյնինգի ու Վեգլերի հետ շարունակվել է ողջ կյանքի ընթացքում։ Մեծանալով իր նամակներից մեկում կոմպոզիտորը գրել է[13].

Aquote1.png Չկա որևէ ստեղծագործություն, որն ինձ համար լինի չափազանց գիտական. ընդհանրապես չհավակնելով գիտականության բառի բուն իմաստով՝ ես, միևնույն է, մանուկ հասակից ձգտել եմ հասկանալ բոլոր դարաշրջանների լավագույն և իմաստուն մարդկանց էությունը: Aquote2.png

Բեթհովենի սիրելի գրողների շարքում էին հին հունական հեղինակներ Հոմերոսը և Պլուտարքոսը, անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը, գերմանացի ստեղծագործողներ Գյոթեն և Շիլլերը:

Տասներեքամյա Բեթհովենը

Այդ ժամանակ Բեթհովենն սկսեց երաժշտություն գրել, սակայն դեռևս չէր շտապում հրատարակել։ Բոնում գրված շատ ստեղծագործություններ հետագայում վերամշակել է։ Կոմպոզիտորի պատանեկան տարիների ստեղծագործություններից հայտնի է երեք մանկական սոնատ և մի քանի երգ, այդ թվում՝ «Արջամուկը»:

1784 թվականին Նեֆեն Բեթհովենի մասին գրել է[14].

Aquote1.png Անկասկած, Բեթհովենը կդառնա երկրորդ Մոցարտ, եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է: Aquote2.png

1784 թվականից կուրֆյուրստ (կայսընտիր իշխան միջնադարյան Գերմանիայում) Մաքսիմիլիան Ֆրանցի վրա, ով Մոցարտի հայտնի սիրահար էր, այսպիսի բնորոշումը մեծ ազդեցություն թողեց։ 1787 թվականին Բեթհովենը մեկնեց Մաքսիմիլիան Ֆրանցի կողմից հովանավորվող ուսանողական ճանապարհորդության դեպի Վիեննա, որտեղ պիտի դառնար Մոցարտի աշակերտներից մեկը։ Լսելով Բեթհովենի իմպրովիզացիան՝ Մոցարտն ասել է[15].

Aquote1.png Նա բոլորին կստիպի խոսել իր մասին:
- Մոցարտ
Aquote2.png

Սակայն պարապմունքներ այդպես էլ չկայացան։ Իմանալով մոր հիվանդության մասին՝ Բեթհովենը վերադարձավ Բոն։ Այստեղ նա ցավով հայտնաբերեց, որ ընտանիքում որոշ փոփոխություններ են կատարվել։ Տուբերկուլոզով հիվանդ մոր վիճակը ծայրահեղ վատացել էր։ Նա մահացավ 1787 թվականի հուլիսի 17-ին[16]: Հայրը գնալով կորցնում էր վերահսկողությունը ալկոհոլի հանդեպ ունեցած մեծ հակվածության նկատմամբ, այն աստիճան, որ նա այլևս չէր կարող հոգալ իր երեք որդիների կարիքները։ 1789 նա ազատվեց ծառայությունից, և Լյուդվիգին՝ որպես նրա մեծ որդու, տրամադրվեց թոշակի մի մասը։ Տասնյոթամյա պատանին ստիպված էր իր վրա վերցնել փոքր եղբայրների խնամքը։ Ընդունվեց նվագախումբ՝ որպես ալտիստ: Այդտեղ բեմադրում էին իտալական, ֆրանսիական և գերմանական օպերաներ: Պատանու վրա մեծ ազդեցություն էին թողնում Գլյուկի և Մոցարտի օպերաները։

1789 թվականին ցանկանալով շարունակել ուսումը՝ Բեթհովենը սկսում է հաճախել համալսարան՝ դասախություններ լսելու։ Այդ ժամանակ Բոն են հասնում Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին լուրերը։ Համալսարանի պրոֆեսորներից մեկը հրատարակում է հեղափոխությանը նվիրված ստեղծագործությունների ժողովածու։ Բեթհովենը բաժանորդագրվում է դրան։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծագործում է «Ազատ մարդու երգը», որտեղ կան այսպիսի բառեր.

Aquote1.png Ազատ է նա, ում համար ոչ մի նշանակություն չունի ծննդյան և տիտղոսի առավելությունը: Aquote2.png

Անգլիայից վերադառնալիս Հայդնը մնում է Բոնում։ Նա խրախուսում էր Բեթհովենի կոմպոզիտորական փորձերը։ Բեթհովենը որոշում է գնալ Վիեննա՝ ուսանելու հռչակավոր կոմպոզիտորի մոտ, քանի որ Անգլիայից վերադառնալուց հետո Հայդնն ավելի հայտնի էր դարձել։ 1792 թվականին Բեթհովենը լքում է Բոնը։

Առաջին տասը տարիները Վիեննայում (1792-1802)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենը 30 տարեկանում

Գալով Վիեննա՝ Բեթհովենը սկսեց պարապել Հայդնի մոտ։ Հետագայում այդ առթիվ նշել է, որ Հայդնը իրեն ոչինչ չի սովորեցրել. պարապմունքները արագ հիասթափեցրին ինչպես աշակերտին, այնպես էլ ուսուցչին։ Բեթհովենը կարծում էր, որ Հայդնը բավականաչափ ուշադիր չէր իր ջանքերի նկատմամբ, իսկ Հայդնին վախեցնում էին ոչ միայն Լյուդվիգի՝ այն ժամանակի համար համարձակ տեսակետները, այլև նրա բավականին մռայլ երաժշտությունը, որն այն ժամանակ շատ տարածված չէր։ Մի անգամ Հայդնը գրել է Բեթհովենին[15].

Aquote1.png Ձեր ստեղծագործությունները շատ գեղեցիկ են, նույնիսկ հրաշալի, սակայն դրանցում այստեղ-այնտեղ հանդիպում է ինչ-որ տարօրինակ, մռայլ երանգ, քանի որ Դուք ինքներդ փոքր-ինչ մռայլ և տարօրինակ եք, իսկ երաժշտի ոճը միշտ հենց ինքն է: Aquote2.png

Շուտով Հայդնը մեկնեց Անգլիա և իր աշակերտին վստահեց նշանավոր մանկավարժ և տեսաբան Յոհան Ալբրեխտսբերգերին։ Ի վերջո Բեթհովենն ինքն ընտրեց իր ուսուցչին՝ Անտոնիո Սալիերիին:

Վիեննայում ապրելու առաջին տարիներից Բեթհովենը ձեռք բերեց դաշնակահար-վիրտուոզի փառք[17]: Նրա երաժշտությունը ապշեցնում էր ունկնդրին։

Բեթհովենը համարձակորեն հակադրվում էր ծայրահեղ ռեգիստրներին (այդ ժամանակ հիմնականում նվագում էին միջինում), լայնորեն օգտագործում էր ոտնակը (դա ևս հազվադեպ էր օգտագործվում այդ ժամանակ), կիրառում էր մեծածավալ ակորդային հնչյուններ։ Ըստ էության, հենց նա է ստեղծել դաշնամուրային ոճը, որը շատ հեռու էր կլավեսինահարների նուրբ-ժանյակե ոճից։

Այդ ոճը նկատվում է №8 «Պաթետիկ» (անվանումը տվել է հենց կոմպոզիտորը), №13 և №14 դաշնամուրային սոնատներում։ Այդ երկուսն ունեն հեղինակային ենթավերնագիր Sonata quasi una Fantasia («Ֆանտազիայի հոգում»)։ № 14 սոնատը պոետ Լյուդվիգ Րելշտաբը հետագայում անվանել է «Լուսնի», և, թեև այդ անվանումը համապատասխանում էր միայն առաջին մասին, այլ ոչ թե վերջաբանին, սակայն անվանումը տարածվեց ամբողջ ստեղծագործության վրա։

Բեթհովենի ստեղծագործությունները սկսեցին լայնորեն հրատարակվել և մեծ հաջողություն ունեցան։ Վիեննայում անցկացրած առաջին տասը տարվա ընթացքում կոմպոզիտորը գրել է քսան սոնատ դաշնամուրի համար և երեք դաշնամուրային համերգ, ութ սոնատ ջութակի համար, կվարտետներ և այլ կամերային ստեղծագործություններ, «Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա» օրատորիան, «Պրոմեթևսի արարումը» բալետը, Առաջին և Երկրորդ սիմֆոնիաները։

Թերեզա Բրունսվիկ, Բեթհովենի հավատարիմ ընկերը և աշակերտը

1796 թվականին Բեթհովենը սկսեց կորցնել լսողությունը: Բորբոքվել էր ներքին ականջը, ինչը հանգեցնում էր ականջում ձայնի առկայության։ Բժիշկների խորհրդով նա որոշ ժամանակով առանձնանում է Հայլիգենշտադտ փոքրիկ քաղաքում։ Սակայն հանգիստը և լռությունը չեն բարելավում նրա ինքնազգացողությունը։ Բեթհովենը հասկանում է, որ խլացումն անխուսափելի է։ Այդ ողբերգական օրերին նա նամակ է գրում, որը հետագայում կոչվում է հայլիգենշտադտյան կտակ։ Կոմպոզիտորը պատմում է իր ապրումների մասին, խոստովանում, որ մոտ էր ինքնասպանության իրականացմանը[15].

Aquote1.png Ինձ անիմաստ էր թվում աշխարհը լքել ավելի շուտ, քան կհասցնեի իրականացնել այն ամենը, ինչի համար ես ինձ կոչված էի զգում: Aquote2.png

Հայլիգենշտադտում կոմպոզիտորը ձեռնամուխ է լինում նոր՝ Երրորդ սիմֆոնիայի աշխատանքներին, որն անվանում է Հերոսական։

Բեթհովենի խլության արդյունքում պահպանվել են պատմական եզակի փաստաթղթեր՝ «խոսակցական տետրեր», որտեղ գրել էին Բեթհովենի ընկերները, իսկ նա պատասխանել է բանավոր կամ պատասխան գրառմամբ[18]:

Երաժիշտ Անտոն Շինդլերը, ում մոտ մնացել էին Բեթոհովենի զրույցների գրառումներն ամփոփող երկու տետր, ամենայն հավանականությամբ, այրել է դրանք, քանի որ «Դրանցում պահպանվում էին կայսեր, թագաժառանգի և այլ բարձրաստիճան անձանց դեմ կոպիտ, անգութ ելույթներ: Դա Բեթհովենի սիրելի թեման էր. խոսակցության ընթացքում նա մշտապես ըմբոստանում էր իշխանությունների, նրանց օրենքների և որոշումների դեմ»[19]:

Բնավորության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպք Տեպլիցեում

Բեթհովենը աչքի էր ընկնում նաև իր ծայրահեղ կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսեց խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատեց ելույթը և ասաց[15]. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»: Ներողությունները և համոզելու փորձերն ապարդյուն էին։

Մեկ ուրիշ անգամ Բեթհովենը հյուր էր գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին, և համարվում էր նրա ստեղծագործությունների սիրահարը։ Նա ուզում էր, որպեսզի Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվեց։ Լիխնովսկին սկսեց համառել և նույնիսկ հրամայեց կոտրել այն սենյակի դուռը, որտեղ փակվել էր Բեթհովենը։ Զայրացած կոմպոզիտորը լքեց կալվածքը և վերադարձավ Վիեննա։ Առավոտյան Բեթհովենը Լիխտովսկուն նամակ ուղարկեց[13].

Aquote1.png Իշխա՛ն, այն բանի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ ինձ: Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է: Aquote2.png

Չնայած բնավորության այդպիսի խստությանը՝ Բեթհովենի ընկերները նրան համարում էին շատ բարի մարդ։ Այսպես, օրինակ՝ կոմպոզիտորը երբեք չէր մերժում իր մտերիմների օգնության խնդրանքը[15].

Aquote1.png Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց: Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից: Aquote2.png

Մի անգամ Բեթհովենն ու Գյոթեն Տեպլիցեում զբոսնելիս հանդիպեցին այդ ժամանակ այդտեղ գտնվող Ֆրանց կայսերը՝ շրջապատված իր շքախմբով և պալատականներով։ Գյոթեն, մի կողմ քաշվելով, խոնարհվել էր կայսեր դիմաց, իսկ Բեթհովենը հազիվ դիպչելով գլխարկին՝ անցել էր պալատականների կողքով[20]:

Բեթոհովենի արտաքինը ևս խիստ տարբերվում էր ժամանակակիցների արտաքինից։ Նա գրեթե միշտ գտնվում էր անփութորեն հագնված և չսանրված վիճակում։

Հետագա տարիներ (1802—1815)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենը հորինում է Վեցերորդ սիմֆոնիան

Երբ Բեթհովենը 34 տարեկան էր, Նապոլեոնը հրաժարվել էր Ֆրանսիական մեծ հեղափոխության իդեալներից և իրեն կայսր հռչակել։ Այդ պատճառով Բեթհովենը չեղյալ հայտարարեց իր Երրորդ սիմֆոնիան նրան նվիրելու մտադրությունը[21]. «Այս Նապոլեոնը ևս սովորական մարդ է: Հիմա նա կսկսի ոտքերով տրորել մարդկային բոլոր իրավունքները և կդառնա բռնապետ:

Դաշնամուրային ստեղծագործություններում կոմպոզիտորի ոճը նկատելի է դեռևս վաղ սոնատներում, սակայն սիմֆոնիկ հասունությունը սկսվեց ավելի ուշ: Չայկովսկու խոսքերով[15].

Aquote1.png Միայն Երրորդ սիմֆոնիայում առաջին անգամ բացահայտվեց Բեթհովենի տաղանդի անսահմանությունը և ապշեցուցիչ ուժը: Aquote2.png

Խլության պատճառով Բեթհովենը հազվադեպ էր դուրս գալիս տանից՝ զրկվելով լսողական ընկալումից: Դառնում է մռայլ, ինքնամփոփ: Հենց այդ տարիներին է կոմպոզիտորը մեկը մյուսի հետևից ստեղծում իր ամենահայտնի ստեղծագործությունները: Աշխատում է նաև իր միակ օպերայի՝ «Ֆիդելիոյի» վրա: Այն դասվում է «սարսափի և փրկության» օպերայի ժանրին։ «Ֆիդելիոն» հաջողություն ունեցավ միայն 1814 թվականին, երբ բեմադրվեց նախ Վիեննայում, ապա Պրահայում, որտեղ դիրիժորը գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Կարլ Վեբերն էր, այնուհետև Բեռլինում:

Ջուլիետա Գվիչարդին, ում կոմպոզիտորը ձոնել է Լուսնի սոնատը

Մահվանից կարճ ժամանակ առաջ կոմպոզիտորը «Ֆիդելիոյի» ձեռագիր տարբերակը տվել է իր ընկեր և քարտուղար Շինդլերին՝ ասելով[15]. «Սա իմ հոգու ծնունդն է, որը ստեղծվել է ավելի ուժեղ տառապանքների արդյունքում, քան մյուսները, և ինձ մեծագույն վիշտ պատճառել: Ուստի այն ինձ համար ամենաթանկն է...»

Վերջին տարիներ (1815—1827)[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականից հետո կոմպոզիտորի ստեղծագործական ակտիվությունը ժամանակավորապես դադարում է։ Սակայն երեք տարի անց սկսում է աշխատել նախկին եռանդով։ Այդ ժամանակ ստեղծվում են դաշնամուրային սոնատներ, երկու սոնատ թավջութակի համար, կվարտետներ, «Հեռավոր սիրեցյալին» վոկալային ցիկլը։ Երկար ժամանակ տրամադրում է նաև ժողովրդական երգերի մշակմանը։ Սակայն Բեթհովենի վերջին տարիների գլխավոր ստեղծագործությունները դարձան երկուսը՝ «Հանդիսավոր պատարագը» և 9-րդ սիմֆոնիան երգչախմբի հետ։

9-րդ սիմֆոնիան կատարվել է 1824 թվականին։ Հանրությունը բուռն օվացիա սարքեց։ Բեթհովենը կանգնած էր մեջքով դեպի հանդիսատեսը և ոչինչ չէր լսում։ Այդ ժամանակ երգիչներից մեկը բռնեց նրա ձեռքը և պտտեց դեպի հանդիսատեսը։ Մարդիկ թափահարելով թաշկինակները, գլխարկները, ձեռքերը՝ ողջունում էին կոմպոզիտորին։ Օվացիան այնքան երկար տևեց, որ ներկա գտնվող ոստիկանական չինովնիկները պահանջեցին դադարեցնել։ Այդպիսի վերաբերմունք դրսևորել թույլատրվում էր միայն կայսեր նկատմամբ[15]:

Նապոլեոնի պարտությունից հետո Ավստրիայում հաստատվել էր ոստիկանական ռեժիմ։ Ցանկացած «ազատ միտք» արգելվում էր։ Գաղտնի գործակալները թափանցել էին հասարակության բոլոր շերտերը։

Բեթհովենի շիրիմը Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը, Ավստրիա

Սակայն Բեթհովենի հռչակն այնքան մեծ էր, որ կառավարությունը որոշեց ոչինչ չանել։ Չնայած խլությանը՝ կոմպոզիտորը շարունակում էր գտնվել իրադարձությունների կենտրոնում։ Այդ ընթացքում ևս նա ծանոթանում էր նշանավոր կոմպոզիտորների գործերին։

Կրտսեր եղբոր մահվանից հետո կոմպոզիտորն իր վրա վերցրեց նրա որդու խնամքը։ Բեթհովենը նրան տեղավորում է լավագույն պանսիոնում և իր աշակերտ Կարլ Չեռնիին հանձնարարում նրան երաժշտության դասեր տալ։ Կոմպոզիտորը ցանկանում էր, որպեսզի տղան դառնա գիտնական կամ դերասան, սակայն նրան հետաքրքրում էր ոչ թե արվեստը, այլ թղթախաղը և բիլիարդը։ Կուտակած պարտքերի պատճառով նա անհաջող ինքնասպանության փորձ կատարեց։ Բեթհովենի վրա այդ դեպքը խիստ բացասաբար անդրադարձավ, առողջական վիճակը կտրուկ վատացավ. զարգանում էր լյարդի ծանր հիվանդություն։

Բեթհովենի թաղման արարողությունը

Բեթհովենը մահացավ 1827 թվականի մարտի 26-ին: Թաղման արարողությանը ներկա էր ավելի քան քսան հազար մարդ։ Հնչում էր Բեթհովենի սիրելի հոգեհանգստի պատարագը՝ Լուիջի Կերուբինիի Ռեքվիեմը։ Շիրիմին հնչում էին բանաստեղծ Ֆրանց Գրիլպարցերի գրած խոսքերը[15].

Aquote1.png Նա նկարիչ էր, միաժամանակ մարդ էր, մարդ՝ բառի բարձրագույն իմաստով... Նրա մասին կարելի է խոսել, ինչպես ոչ մի այլ մարդու մասին. նա իրականացրեց փառահեղ գործ, նրա մեջ ոչ մի վատ բան չկար: Aquote2.png

Մահվան պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենը մահվան մահճում (Յոզեֆ Թելչերի նկարը)

2007 թվականի օգոստոսի 29-ին վիեննացի ախտաբան և դատաբժշկական փորձագետ Քրիստիան Ռեյտերը (Վիեննայի բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դոցենտ) առաջ քաշեց այն վարկածը, որ Բեթհովենի մահը չկանխամտածված արագացրել է նրա բժիշկը՝ Անդրեաս Վավրուխը, ով պարբերաբար ծակում էր հիվանդի որովայնաթաղանթը (հեղուկ հանելու համար), ինչից հետո վերքի վրա դնում էր արճիճ պարունակող թրջոցներ։ Ռեյտերի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն անգամ բժշկի այցելությունից հետո Բեթհովենի օրգանիզմում արճիճի պարունակությունը կտրուկ մեծանում էր[22]:

Բեթհովեն-մանկավարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենը երաժշտություն էր դասավանդում դեռևս Բոնում։ Նրա աշակերտներից Ստեֆան Բրեյնինգը, մինչև վերջ մնաց կոմպոզիտորի հավատարիմ ընկերը։ Նա նաև օգնել է Բեթհովենին «Ֆիդելիո» օպերայի լիբրետոյի մշակման գործում։

Վիեննայում Բեթհովենի աշակերտը դարձավ երիտասարդ կոմսուհի Ջուլիետա Գվիչարդին։ Նա Բրունսվիկների բարեկամուհին էր, ում ընտանիքում կոմպոզիտորը հաճախ էր լինում։ Բեթհովենը հետաքրքրված էր իր աշակերտուհով և անգամ մտածում էր ամուսնության մասին։ 1801 թվականի ամառը նա անցկացրեց Հունգարիայում՝ Բրունսվիկների կալվածքում։ Վարկածներից մեկի համաձայն՝ հենց այնտեղ է ստեղծվել Լուսնի սոնատը[15]: Կոմպոզիտորն այն ձոնել է Ջուլիետային։ Սակայն վերջինս գերադասեց կայսր Վենցել Հալենբերգին՝ հենց նրան համարելով տաղանդավոր կոմպոզիտոր։

Բեթհովենի աշակերտներից էր Թերեզա Բրունսվիկը։ Նա օժտված էր երաժշտական տաղանդով, շատ լավ նվագում էր դաշնամուր, երգում էր և նույնիսկ դիրիժորություն անում։ Ծանոթանալով շվեյցարացի նշանավոր մանկավարժ Հենրիխ Պեստալոցցիի հետ՝ նա որոշեց նվիրվել երեխաների դաստիարակության գործին։ Հունգարիայում Թերեզան բարեգործական մանկապարտեզներ բացեց աղքատ երեխաների համար և մինչև կյանքի վերջը հավատարիմ մնաց իր նախաձեռնած գործին։ Բեթհովենին և Թերեզային միացնում էր տևական ընկերությունը։ Կոմպոզիտորի մահվանից հետո հայտնաբերվել է ծավալուն նամակ՝ վերնագրված «Նամակ անմահ սիրեցյալին»: Նամակի հասցեատերը հայտնի չէ, սակայն որոշ հետազոտողների կարծիքով այդ «անմահ սիրեցյալը» հենց Թերեզա Բրունսվիկն է։

Դորոթեա Էրտմանը՝ Գերմանիայի լավագույն դաշնակահարուհիներից մեկը, ևս եղել է Բեթհովենի աշակերտը։ Էրտմանը հայտնի է դարձել բեթհովենյան ստեղծագործությունների կատարմամբ։ Կոմպոզիտորը նրան է ձոնել №28 սոնատը։

Դորոթեա Էրտման, գերմանացի դաշնակահարուհի, Բեթհովենի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկը

1801 թվականի վերջին Վիեննա եկավ Ֆերդինանդ Րիսը։ Նա Բեթհովենների ընտանիքի ընկերոջ որդին էր։ Կոմպոզիտորն ընդունեց պատանուն։ Ինչպես և Բեթհովենի մյուս աշակերտները, Րիսը ևս տիրապետում էր գործիքին, նաև ստեղծագործում էր։ Մի անգամ Բեթհովենը նրա համար նվագեց հենց նոր ավարտած ադաջիոն: Տղան այնքան հավանեց երաժշտությունը, որ անգիր սովորեց։ Գնալով իշխան Լիխնովսկու մոտ՝ Րիսը նվագեց պիեսը։ Իշխանը սովորեց սկզբնական հատվածը և գալով կոմպոզիտորի մոտ՝ ասաց, որ ուզում է նվագել իր ստեղծագործությունը։ Բեթհովենը իշխանների հետ շփվելիս ձևականություններ չէր անում և կտրականապես հրաժարվեց լսել։ Սակայն Լիխնովսկին, այդուհանդերձ, նվագեց։ Բեթհովենը միանգամից գլխի ընկավ, թե ինչ է արել Րիսը և խիստ զայրացավ։ Նա արգելեց աշակերտին լսել իր նոր ստեղծագործությունները և այլևս երբեք նրա համար ոչինչ չնվագեց[15]: Մեկ ուրիշ անգամ Րիսը Բեթհովենի անվան տակ ներկայացնելով՝ նվագեց իր քայլերգը։ Հանդիսատեսը հիացած էր։ Ներկա գտնվող կոմպոզիտորը չբացահայտեց աշակերտի կեղծիքը, միայն ասաց նրան[15].

Aquote1.png Տեսնո՞ւմ եք, հարգելի Րիս, ինչպիսին են այս գիտակները: Տվեք միայն իրենց սիրելիի անունը, և նրանց այլևս ոչինչ հարկավոր չէ: Aquote2.png
Բեթհովենը տանն աշխատելիս

Բեթհովենը պարապում էր նաև Կարլ Չեռնիի հետ։ Նա, ըստ էության, Բեթհովենի միակ մանկահասակ աշակերտն էր։ Չեռնին ընդամենը ինը տարեկան էր, սակայն արդեն համերգներ էր տալիս։ Երբ Կարլն առաջին անգամ գնաց Բեթհովենի տուն, որտեղ սովորականի նման խառնաշփոթ էր տիրում, և տեսավ չսափրված դեմքով մարդու հաստ, գործվածքե բաճկոնով, կարծեց, թե նա Ռոբինզոն Կրուզոն է։

Չեռնին Բեթհովենի մոտ պարապեց հինգ տարի, որից հետո կոմպոզիտորը նրան փաստաթուղթ շնորհեց, որում ընդգծում էր «աշակերտի բացառիկ հաջողությունները և երաժշտական հիշողությունը»[15]: Չեռնիի հիշողությունն իսկապես բացառիկ էր. նա անգիր գիտեր ուսուցչի բոլոր դաշնամուրային գործերը։

Չեռնին վաղ սկսեց իրականացնել մանկավարժական գործունեություն և շուտով դարձավ Վիեննայի լավագույն մանկավարժներից մեկը։

1822 թվականին Չեռնիի մոտ եկավ մի տղա հոր հետ։ Տղան պատկերացում չուներ անգամ ճիշտ նստելու վերաբերյալ, սակայն փորձառու մանկավարժը միանգամից հասկացավ, որ իր առջև յուրահատուկ, տաղանդավոր, հանճարեղ երեխա է։ Այդ տղան Ֆերենց Լիստն էր։ Նա Չեռնիի մոտ պարապեց մեկուկես տարի։ Այնքան մեծ հաջողություններ ունեցավ, որ ուսուցիչը թույլատրեց հանդես գալ հանրության առջև։ Համերգին ներկա էր նաև Բեթհովենը։ Նա համբուրեց տղային, և Լիստն ամբողջ կյանքում հիշեց այդ համբույրը։

Լիստը ժառանգեց նվագելու բեթհովենյան եղանակը։ Բեթհովենի նման նա ևս դաշնամուրը դիտարկում էր իբրև նվագախումբ։ Եվրոպայում հյուրախաղերի ժամանակ նա պրոպագանդում էր Բեթհովենի արվեստը՝ կատարելով ոչ միայն նրա դաշնամուրային ստեղծագործությունները, այլև սիմֆոնիաները, որոնք հարմարեցնում էր դաշնամուրի համար։ Այդ ժամանակ Բեթհովենի սիմֆոնիկ երաժշտությունը դեռևս հայտնի չէր լայն զանգվածներին։

1839 թվականին Լիստը գնաց Բոն։ Այստեղ արդեն մի քանի տարի փորձում էին հուշարձան կանգնեցնել Բեթհովենի պատվին, սակայն աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում։ Այդ առիթով վրդովված Լիստը գրել է Հեկտոր Բեռլիոզին.

Aquote1.png Ինչ ամոթ է: Մեզ համար մեծ ցավ է: Անթույլատրելի է, որ այդ խղճուկ ողորմությամբ կառուցվի մեր Բեթհովենի հուշարձանը: Դա չպետք է տեղի ունենա: Դա չի լինի: Aquote2.png

Լիստն իր համերգներից ստացված հասույթով լրացրեց պակասող գումարը։ Նրա ջանքերի արդյունքում կոմպոզիտորի հուշարձանն ի վերջո կանգնեցվեց[15]:

Բեթհովենի կերպարը մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենը եղել է կոմպոզիտոր Ժան Քրիստոֆի համանուն վեպի գլխավոր հերոսի նախատիպը ֆրանսիացի հեղինակ Ռոմեն Ռոլանի հայտնի վեպերից մեկում։ Այդ վեպի համար Ռոլանը 1915 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ:

Բեթհովենի կյանքին և ստեղծագործական ուղուն է նվիրված չեխ գրող Անտոնին Էգորժի «Մարդն ընդդեմ ճակատագրի» վիպակը։ Գրքում ընդգրկված են տարբեր տարիներին Բեթհովենի գրած նամակները։

Կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հերոսական սիմֆոնիա» ֆիլմում Բեթհովենի դերակատարն էր Յան Հարտը։
  • Սովետա-գերմանական «Բեթհովեն. կյանքի օրեր» ֆիլմում Բեթհովենի դերակատարն էր Դոնաթաս Բանիոնիսը։
  • «Ընդօրինակելով Բեթհովենին» ֆիլմում պատմվում է կոմպոզիտորի կյանքի վերջին տարվա մասին (գլխավոր դերում՝ Էդ Հարրիս)։
  • «Բեթհովենի կյանքը» երկու մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմը հիմնված է կոմպոզիտորի մասին մտերիմների պահպանված հուշերի վրա։
  • «Դասախոսություն 21» ֆիլմը նվիրված է 9-րդ սիմֆոնիային։
  • Բեռնարդ Ռոուզի «Անմահ սիրեցյալ» ֆիլմում Բեթհովենի դերակատարն էր Գերի Օլդմանը։

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան երաժիշտ Չակ Բերրին 1956 թվականին գրել է Roll Over Beethoven երգը, որն ըստ Rolling Stone ամսագրի՝ ընդգրկվել է բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում։
  • Կոմպոզիտորին է նվիրված Սպլին խմբի «Անձի երկատում» ալբոմի «Բեթհովեն» երգը։
  • 2000 թվականին Trans-Siberian Orchestra խումբը թողարկեց «Beethoven’s Last Night» ռոք օպերան՝ նվիրված կոմպոզիտորի վերջին գիշերվան։
  • Կոմպոզիտորին է նվիրված Պիկնիկ խմբի «Օտարերկրացին» ալբոմի «Բեթհովեն» երգը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 9 սիմֆոնիա՝ № 1 (1799-1800), № 2 (1803), № 3 «Հերոսական» (1803—1804), № 4 (1806), № 5 (1804—1808), № 6 «Հովվերգական» (1808), № 7 (1812), № 8 (1812), № 9 (1824),
  • 8 սիմֆոնիկ նախերգանք, այդ թվում՝ «Լեոնորա» № 3,
  • 5 համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ,
  • երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար՝ «Էգմոնտ», «Կորիոլան», «Ստեֆան արքա»,
  • 6 պատանեկան սոնատ դաշնամուրի համար,
  • 32 սոնատ դաշնամուրի համար, «32 վարիացիա դո-մինոր» և շուրջ 60 պիես դաշնամուրի համար,
  • 10 սոնատ ջութակի և դաշնամուրի համար,
  • համերգ ջութակի համար նվագախմբի հետ, համարգ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար նվագախմբի հետ («եռակի համերգ»),
  • 5 սոնատ թավջութակի և դաշնամուրի համար,
  • 16 լարային կվարտետ,
  • 6 տրիո,
  • բալետ «Պրոմեթևսի արարումը»,
  • օպերա Ֆիդելիո,
  • հանդիսավոր պատարագ,
  • վոկալային ցիկլ «Հեռավոր սիրեցյալին»,
  • երգեր տարբեր գրողների ստեղծագործությունների հիման վրա և ազգային երգերի վերամշակում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենի պատվին ամբողջ աշխարհում տեղադրվել են բազմաթիվ հուշարձաններ։ Առաջին հուշարձանը տեղադրվել է կոմպոզիտորի ծննդավայրում 1845 թվականի օգոստոսի 12-ին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ։ 1880 թվականին հուշարձան կանգնեցվեց Վիեննայում. այդ քաղաքը սերտորեն կապված էր երաժշտի արվեստի հետ։ «Բեթհովենի կերպարներ» գրքի հեղինակ արվեստագետ Զիլկե Բետտերմանը (Silke Bettermann) նշում է, որ իրեն հաջողվել է հաշվել կոմպոզիտորին նվիրված շուրջ 100 հուշարձան 5 մայրցամաքի 54 քաղաքում[23]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #118508288 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 Record #118508288 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 Record #118508288 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  5. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  6. Л. Кириллина. Людвиг ван Бетховен
  7. Alexander Wheelock Thayer: Ludwig van Beethovens Leben. Bearbeitet von Hermann Deiters und Hugo Riemann. Band 1, Leipzig 1917, S. 121 (online bei zeno.org)
  8. Бетховен, Людвиг // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  9. Alexander Wheelock Thayer, Ludwig van Beethovens Leben, S. 114. Ludwig van Beethoven, Briefwechsel. Gesamtausgabe, hrsg. von Sieghard Brandenburg, Band 1, München: Henle, 1996, Nr. 65 und Band 5, Nr. 1855.
  10. Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen, hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr. 695
  11. Jürgen May, Neefe als Teilhaber an Beethovens Ruhm, in: Christian Gottlob Neefe (1748–1798). Eine Eigenständige Künstlerpersönlichkeit. Tagungsbericht Chemnitz 1998, hg. von Helmut Loos, S. 237–253
  12. Knud Breyer, Artikel Fremdsprachenkenntnisse, in: Heinz von Loesch und Claus Raab (Hg.), Das Beethoven-Lexikon, Laaber 2008, S. 264
  13. 13,0 13,1 Эдуард Эррио. Жизнь Бетховена (фрагменты из главы «Человек, его характер»).
  14. Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen, hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr. 534
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 Великович Э. И. Великие музыкальные имена // Композитор : Пособие для муз. школ и гимназий. —СПб., 3 апреля 2006. — № 030560.
  16. Jim Powell. Ludwig van Beethoven’s Joyous Affirmation of Human Freedom. The Freeman: Ideas on Liberty, December 1995 Vol. 45 No. 12
  17. Milton Cross, David Ewen. The Milton Cross New Encyclopedia of the Great Composers and Their Music. Doubleday, 1953. p. 79
  18. Glenn Stanley. The Cambridge Companion to Beethoven. — Cambridge University Press, 2000. — ISBN 0521589347
  19. Генри Э. Заметки публициста. М.: 1988. С. 94
  20. Классическая музыка.ru — Людвиг ван Бетховен
  21. Генри Э. Заметки публициста. М.: 1988. С. 93
  22. Susan Aldridge. Archaeforensics. What Killed…? BBC Focus, февраль, 2008. С. 42
  23. Анастасия Буцко (11.09.2012)։ «Самый красивый и самый уродливый: сто памятников Бетховену»։ Deutsche Welle։ Վերցված է 2015-02-26 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бетховен, Людвиг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907. 
  • Альшванг А. Людвиг ван Бетховен. Очерк жизни и творчество.
  • Аменда А. Аппассионата. Роман из жизни Людвига ван Бетховена.
  • Корганов В. Д. Бетховен. Биографический этюд. — М.: Алгоритм, 1997. (djvu-книга на www.libclassicmusic.ru)
  • Кремнев Б. Бетховен ЖЗЛ
  • Кириллина Л. В. Бетховен. Жизнь и творчество : В 2 т. — М.: Московская консерватория, 2009.
  • Роллан Р. Жизнь Бетховена / Пер. с франц. — Л., 1937.