Սիմֆոնիա № 9 (Բեթհովեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սիմֆոնիա № 9 (այլ կիրառումներ)
Սիմֆոնիայի չորրորդ մասի ձեռագիր

Սիմֆոնիա № 9 Ռե մինոր, Օպ․ 125, Լյուդվիգ վան Բեթհովենի վերջին ավարտած սիմֆոնիան։ Ավարտելով 1824 թվականին՝ այն իր մեջ ներառում է Ֆրիդրիխ Շիլլերի Ode an die Freude («Ձոն ուրախության») պոեմից մի մաս, որի տեքստը վերջին մասում կատարվում է մենակատարի և երգչախմբի կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ կոմպոզիտորը գործիքների հետ մեկտեղ սիմֆոնիայում օգտագործել է նաև մարդկային ձայնը։ «Ձոն ուրախության» հատվածը Հերբերտ ֆոն Կարայանի վերադաշնակմամբ օգտագործվում է որպես Եվրոպայի օրհներգ:

Առաջին անգամ սիմֆոնիան հրատարակվել է գերմաներեն Sinfonie mit Schlusschor über Schillers Ode «An die Freude» für großes Orchester, 4 Solo und 4 Chorstimmen componiert und seiner Majestät dem König von Preußen Friedrich Wilhelm III in tiefster Ehrfurcht zugeeignet von Ludwig van Beethoven, 125 tes Werk անվանմամբ, սակայն նրա ավելի ընդհանուր, պաշտոնական անվանումն է «Սիմֆոնիա № 9 Ռե մինոր, Օպ․ 125»:

Այս սիֆոնիան հանդիսանում է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը և համարվում Բեթհովենի գլուխգործոցը, ով ստեղծել է այն՝ լիովին կորցրած լինելով լսողությունը։ Ստեղծագործությունը մեծ դեր է խաղում նաև ժամանակակից հասարակության մեջ։ Իններորդ սիմֆոնիան իր մեջ ամփոփում է Բեթհովենի որոնումները սիմֆոնիկ երաժշտության ժանրում, և ամենից առաջ հերոսական գաղափարները, պայքարի ու հաղթանակի կերպարները, որոնց որոնումները սկսվել էինդ դեռ քսան տարի առաջ «Հերոսական սիմֆոնիայում»: Իններոդ սիմֆոնիայում նա հանգում է առավել էպիկական և ն որարարական որոշման, ընդլայնում է երաժշտության փիլիսոփայական հնարավորությունները և նոր էջ բացում սիմֆոնիկ երաժշտության ժանրում:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենը սկսել է աշխատել ստեղծագործության վրա 1822 թվականին: Սիմֆոնիայի առաջին մասի էսքիզը պահպանվել է Բեթհովենի 1809 թվականի նոթատետրում, սիմֆոնիայի ստեղծումից 8 տարի առաջ, իսկ երկրորդ մասը գրել էր դեռևս 1815 թվականին։ Այս ստեղծագործության վրա Բեթհովենն աշխատեց երկու տարի, սակայն դրա գաղափարը նրա մտքում զարգանում էր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Դեռ Վիեննա մեկնելուց առաջ, 1790-ականներին, նա երազում էր Ֆրիդրիխ Շիլլերի «Ձոն ուրախության» պոեմի համար գրել երաժշտություն, որը երևան գալով 1785 թվականին, խանդավառության աննախադեպ ալիք բարձրացրեց երիտասարդների շարքերում՝ մարդկությանն ուղղված եղբայրության ու միասնության կոչով: Սկսած «Փոխադարձ սեր» երգից (1794 թ.) կամաց-կամաց ձևավորվեց ու մարմին առավ այդ պարզ, բայց հրաշալի մեղեդին, որին վիճակված էր երգչախմբային հզոր հնչողությամբ դառնալ Բեթհովենի ստեղծագործության թագն ու պսակը: Վերջաբանում խոսք ներմուծելու որոշումը Բեթհովենը կայացրեց միայն երկար տատանումից հետո, քանի որ ընդունված չէր սիմֆոնիայում նվագարաններից բացի նաև մարդկային ձայն օգտագործել: Դեռևս 1823 թվականի հուլիսին նա ակնկալում էր ավարտել 9-րդ սիմֆոնիան սովորական գործիքային մասով, և, ինչպես հիշում էին նրա բարեկամները, անգամ պրեմիերայից հետո որոշ ժամանակ այդ միտքը նրան չէր լքում:


Իններորդ սիմֆոնիայի պրեմիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիացի երգչուհի Կարոլին Ունգերը, ով Իններորդ սիմֆոնիայի պրեմիերայի ավարտին, բռնելով Բեթհովենի ուսերից, շրջեց դեպի դահլիճը:

1824 թվականի մայիսի 7-ին Վիեննայի մեծ համերգասրահում կայացավ 9-րդ սիմֆոնիայի պրեմիերան՝ նվիրված Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ Գ-ին: Կոմպոզիտորն ամբողջությամբ կորցրած լսողությունը, կանգնելով դիրիժորական հարթակին, միայն ցույց էր տալիս ամեն մասի սկզբի տեմպը, իսկ նվագախումբն ու երգչախումբը ղեկավարում էր վիեննացի կապելմայստեր Ումլաուֆը: Չնայած փորձեր քիչ էին արվել, բայց 9-րդ սիմֆոնիան միանգամից մեծ տպավորություն գործեց հանդիսատեսի վրա: Բեթհովենին ողջունեցին փոթորկալից ծափահարություններով ու մեծ խանդավառությամբ: Սակայն լսողությունը կորցրած կոմպոզիտորը, վերջին ակկորդներից հետո դեռ երկար ժամանակ չէր համարձակվում շրջվել դեպի դահլիճը՝ վախենալով, թե այնտեղ կտեսնի սառն ընդունելություն, քննադատող ու իր այդքան տարիների տառապանքի արդյունքը մերժող դեմքեր: Այդ պահին նրան է մոտենում երգչախմբի շարքերից դուրս է գալիս երգչուհիներից մեկը՝ Կարոլին Ունգերը, և ձեռքերը դնելով մաեստրոյի ուսերին՝ շրջում դեպի դահլիճը: Այդ պահը գեղեցիկ կերպով նկարագրված կա Անտոնին Զգորժի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» վեպում. «Այն, ինչ տեսավ Բեթհովենը, ցնցեց նրան: Հարյուրավոր հրճվագին դեմքեր, իրեն ողջունող անթիվ-անհամար ձեռքեր, բուռն ծափեր՝ պարտերից, օթյակներից: Ո՛չ, նա չէր լսում, թե ինչպես էր թնդում դահլիճը: Հիացմունքի ալիքները զարնվում էին պատերին, բարձրանում մինչև առաստաղ, և ընկնում ներքև, որպեսզի վեր սուրան նոր ուժով: Բայց նա տեսնում էր մարդկանց՝ ձեռքերով ծածկված հեկեկացող դեմքերը: Շատերը նետվեցին դեպի նա, որ շփոթված կանգնել էր բեմահարթակին: Առաջից շարքերից մարդիկ վեր էին թռել, վազել դեպի բեմ, ձգվել էին դեպի Բեթհովենը, ասես ուզում էին սեղմել նրա ձեռքը բոլորի փոխարեն, ովքեր չէին կարող մոտենալ նրան: Իրենց տեղերից վեր կացան նաև երաժիշտները: Նրանք աղեղներով տկտկացնում էին իրենց ջութակներին, վիոլաներին, թավջութակներին, կոնտրաբասներին, հետո գործիքները դրեցին աթոռներին և երգչախմբի հետ միասին կատաղորեն ծափահարեցին: Բեթհովենը խոնարհեց ճերմակել սկսող խիտ մազերով գլուխը, և նրա ձեռքի ծաղիկները նույնպես խոնարհվեցին: Այդ պահին նրա հոգին գտնվում էր հեռվում: «Ուրախության ձոնի» թևերով այն վերադարձել էր հայրենի Հռենոս: Նա տեսնում էր իրեն, ստեղներին չհասնող փոքրիկ տղային, և նա կարծես հպվեց, ինչպես մի ժամանակ, մոր ձեռքին»:

Իններորդ սիմֆոնիան հայ իրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կատարողական արվեստի պատմության մեջ որպես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի պրեմիերայի օր նշանավորվեց 1941 թ. մարտի 10-ը: Այն հնչեցրին Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները և Հայաստանի պետական կապելլան` Արամ Տեր-Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս սիմֆոնիայի հաջորդ կատարումը իրագործել է Միքայել Մալունցյանը` Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և ՈՒկրաինական «Տրեմբիտա» կապելլայի և հայ մեներգիչների հետ: Այս նշանակալի իրադարձությանը անդրադարձել էր անվանի դաշնակահար Կոնստանտին Իգումնովը` «Հայֆիլհարմոնիայի լուրջ նվաճումը» հոդվածով (Коммунист, 22 июня, 1974 г.): 2-րդ աշխարհամարտի ժամանակաշրջանում Հայաստանում Բեթհովենը ամենահաճախ կատարվող կոմպոզիտորներից էր: Եվ դա հատուկ խորհուրդ ուներ, մանավանդ երբ հայտագրերում Բեթհովենի անվան կողքին նշված էին լինում ռուս կոմպոզիտորների անունները: Օհան Դուրյանի ղեկավարմամբ Հայաստանում հնչել են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները: Հովհաննես Չեքիջյանն այս սիմֆոնիան կատարել է տարբեր երկրներում տարբեր երաժշտախմբերի հետ շուրջ 60 անգամ:

Նվագախմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտե փողային
Ֆլեյտա պիկոլո
2 ֆլեյտա
2 Հոբոյ
2 Կլարնետ
2 Ֆագոտ
Կոնտրաֆագոտ (միայն չորրորդ մասում)
Պղնձե փողայիններ
4 Վալտորն (1-ը D, մնացածը B)
2 Շեփոր (D, B)
3 Տրոմբոն
Հարվածային
Լիտավր
Եռանկյունի
Ափսեներ
Մեծ թմբուկ
Լարային
I և II ջութակներ
Ալտեր
Թավջութակներ
Կոնտրաբասներ
Վոկալ
Սոպրանո (սոլո)
Կոնտրալտո (սոլո)
Տենոր (սոլո)
Բարիտոն (սոլո)
Խառը երգչախումբ

Մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allegro ma non troppo, un poco maestoso
  2. Molto vivace
  3. Adagio molto e cantabile
  4. Presto (երգչախմբով)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքային լեգենդը վկայում է, որ կոմպակտ դիսկի ստեղծողները դրա ծավալն այնպես են հաշվարկել, որ դրա վար հնարավոր լինի ամբողջությամբ ձայնագրել Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան (այն ժամանակ աշխարհի ամենաերկար դասական երաժշտական ստեղծագործությունը), որը տևում է մոտ 74 րոպե[1]:
  • 2003 թվականի մայիսի 22-ին «Սոտբիս» աճուրդում 9-րդ սիմֆոնիայի պարտիտուրը վաճառվել է 3.48 միլիոն դոլլարով[2][3]:
  • 9-րդ սիմֆոնիան կարևորագույն նշանակություն ունի Լարովի նարինջ ֆիլմում՝ լինելով գլխավոր հերոսի սիրելի երաժշտությունը, որը խիստ դրամատիկ ավարտ է ունենում նրա համար։
  • 9-րդ սիմֆոնիան հնչել է որպես ԱՊՀ երկրների ֆուտբոլի հավաքականի հիմն ԽՍՀՄ հավաքականի հետ խաղում Շվեդիայում 1992 թվականի Եվրոպայի չեմպիոնների լիգայում։
  • 9-րդ սիմֆոնիայի մի հատվածը համարվում է Լիբերտադորեսի գավաթի հիմնը։
  • Ճապոնիայում սովորություն կա Նոր տարվա նախաշեմին կատարել 9-րդ սիմֆոնիան[4]:
  • Սիմֆոնիան հնչում է «Մարդասպանների դպրոց» անիմացիոն սերիալի վերջին սերիայում։

Երաժշտական հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրություն! Երաժշտական հատվածները MIDI ձևաչափով են:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]