Jump to content

Ջութակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջութակ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումաղեղնավոր լարային երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.322-71
Ձայնանմուշ
ալտ, թավջութակ, կոնտրաբաս

Ջութակ (իտալ.՝ violino), լարային աղեղնավոր երաժշտական գործիք, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս)՝ ռեգիստրով ամենաբարձրը։ Ամենատարածված մենակատարային գործիքներից է։

Համառոտ նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի չորս լար, որոնց լարվածքն ըստ քվինտների հետևյալն է՝ փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի)։ Ձայնարտաբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն (pizzicato)։ Չափսը չի անցնում 600 մմ-ից։ Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից։ Նվագելիս գործիքը պահում են ուսի վրա։

Ծագել է 8-րդ դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից։ Ջութակի դասական տեսակը մշակվել է 15-16-րդ դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում։ 16-18-րդ դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի)։ Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը։ Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված։ Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ։ 17-18-րդ դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր։ Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը։ Հայ իրականության մեջ Ջութակի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում (10-րդ դար)։

Սկզբնական շրջանում լարերը պատրաստվել են ոչխարի աղիներից, որոնք պրկվում, չորացվում և ոլորվում էին։ 20րդ դարասկզբին լարերը պատրաստվում էին նաև մետաքսից, ալումինիումից և պողպատից։ Ներկայումնս պատրաստվում են ոլորած պողպատից կամ տարբեր մետաղների հետ ոլորած սինթետիկ նյութերից, որոնք երբեմն նաև արծաթապատվում են։

17-18-րդ դարերում ստեղծվեց ջութակի ընդարձակ երկացանկ։ Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Ն. Պագանինին, Լ. Աուեր, Ջ. Վիոտին, Ռ. Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ. Վենյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ. Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆեցը, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Л. Роабон Скрипка Москва 1963 г.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջութակ» հոդվածին։