Սանթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանթուր
Santur1.jpg
Որակավորում hammered dulcimer
Santur Range.png
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 314.122-4
Santur Վիքիպահեստում

Սանթուր, (պարս․՝ سنتور) բազմալար հարվածվող նվագարան։ Հին պարսկերենից թարգմանաբար «սանթուր» բառը նշանակում է «հարյուր լար»:

Ծագումը և տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանթուրահարների բաբելոնյան պատկեր

Սանթուրի նախատիպը ծագել է Միջագետքում և շուտով լայնորեն տարածվել Իրանի տարածքում: Միջագետքյան սանթուրն ուներ հունական ընկուզենու կեղևից պատրաստված սեղանաձև իրան և պողպատե կամ բրոնզե 92 լար, նրա կառուցվածքի մեջ օգտագործվում էին նաև քարեր և այծի աղիներ: Թեև հին պարսկերենից թարգմանաբար նվագարանի անվանումը նշանակում է «հարյուր լար», սակայն ըստ որոշ ուսումնասիրողների՝ բառը ծագել է շումմերերեն "Sant" (հնչյուն) և "Ur" բառերից, որ նշանակում է Ուր քաղաքի ձայնը: Ի դեպ, շումմերական այս հնագույն քաղաքի տարածքում առաջին բնակավայրը ձևավորվել է Ք.ա. 5-րդ հազարամյակի վերջին: Դրանից հետո թափանցել է նաև պատմական Հայաստան, Ասորիք և ներկայիս Քուվեյթի տարածք: Իսկ ավելի ուշ տարածվել է նաև Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում: Այսպես տարածվելով տարբեր երկրներում, սանթուրը տարբեր ժողովուրդների մոտ ենթարկվել է որոշ փոփոխությունների, կատարելագործվել ու զարգացել, ինչի արդյունքում առաջացել են նվագարանի մի քանի տարբերակները՝ արտաքին տեսքի որոշ առանձնահատկություններով, տարբեր լարվածքով ու հնչյունածավալով: Այն հանդիսանում է տավիղի, չինական յանգքինի, կլավիկորդի, քանոնի և եվրոպական ցիմբալի նախահայրը: Սանթուրը Եվրոպայի տարածք է թափանցել միջնադարում արաբների միջոցով, երբ հյուսիսային Աֆրիկայից նրանք անցան ու հաստատվեցին Իսպանիայում: Այս շրջանում է նաև հասել Չինաստան:


Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանթուրահարուհի, պատկերազարդում Հաշտ-Բեշիշի պալատից,Իրան 1669 թ.:

Ունի փայտյա տափակ և սեղանաձև իրան, որի վերևի կափարիչի վրա կան ձայնադարձիչ անցքեր։ Լարերը մետաղյա են՝ ձգված «սեղանի» հիմքերին զուգահեռ, ցածր ռեգիստրում՝ միայնակ, բարձրում՝ երկանդամ և եռանդամ ունիսոն խմբերով։ Լարվածքը խրոմատիկ է։ Նվագում են ծնկներին դրած կամ հատուկ հենարանի վրա դրված, մետաղյա կամ փայտյա մուրճիկներով, ինչի պատճառով էլ համարվում է լարային-հարվածային նվագարան։ Սանթուրը ձայնն ընդհատող հարմարանք չունի, ուստի նրա զնգուն նվագը ուղեկցվում է հարվածվող բաց լարերից գոյացող միալար խուլ աղմուկով, և դա նվագարանի տեմբրային առանձնահատկությունն է։ Գործածվում է հիմնականում նվագակցելու համար, քաղաքային սազանդարական, նաև աշուղական խմբերում։ Բուն պարսկական սանթուրն ունի երկու կամրջակ, որոնք նվագարանի համար ապահովում են մոտ երեք օկտավա հնչյունածավալ: Իսկ ահա գործիքի հնդկական տարբերակն ավելի լայն է և ուղղանկյունաձև:

Հայկական սանթուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հնագիտական նյութերի՝ նվագարաններն, առհասարակ, Հայկական լեռնաշխարհում տեսանելի են Ք.ա. 2-րդ հազարամյակից: Սակայն երաժիշտների մասին հիշատակություններ կան դեռևս Ք.ա. 3-րդ հազարամյակին վերաբերող խուռիական սեպագիր արձանագրություններում, ինչը ենթադրել է տալիս, որ երաժիշտներ և նվագարաններ եղել են նաև սահմանակից հայկական բնակավայրերում: Ինչպես տեսանք, սանթուրը Միջագետքում ծագելուց հետո շատ արագ տարածվել էր Պարսկաստանում, Հայաստանում և հարևան այլ երկրներում: Հայկական սանթուրի մասին հին և միջնադարյան աղբյուրները խիստ սահմանափակ տեղեկություններ են հաղորդում: Սանթուրահարների պատկերներ են հանդիպում մի քանի ձեռագիր մատյաններում և տապանաքարերի վրա կատարված պատկերաքանդակներում:

Բաս-սանթուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանթուրը Հայաստանում գործածվել է խորհրդային տարիներին Շարա Տալյանի և Վաղարշակ Սահակյանի աշուղական անսամբլներում։ Դրանից հետո երկար ժամանակ ավանդական հայկական սանթուրը կարծես մոռացվել էր, և դրա փոխարեն երաժշտական դպրոցներում ուսուցանվում և տարբեր համույթներում էլ գործածվում էր եվրոպական ցիմբալը, որը թեև տեսքով նման է հայկական սանթուրին, բայց ունի սահմանափակ ձայնածավալ և աղքատիկ տեմբրային հնարավորություններ: Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը վաղուց ցանկանում էր վերականգնել նվագարանի հայկական տարբերակը և ընդգրկել անսամբլի կազմում: Այդ առթիվ նա սկսում է ուսումնասիրել միջնադարյան ձեռագրական պատկերներն ու պատկերաքանդակները, պատմական հիշատակություններն ու նկարագրությունները՝ նվագարանի տեսքի ու կառուցվածքի մասին: Հավաքելով թեև խիստ կցկտուր, բայց անհրաժեշտ տեղեկություններ, նա որոշում է ընդլայնել հայկական սանթուրի հնչյունածավալը. այն ունեցել է փոքր օկտավայի սոլ (շատ հազվադեպ՝ դո) հնչյունից մինչև երրորդ օկտավայի ռե հնչյունը: Սեդրակ Երկանյանն անհրաժեշտ է համարում նվագարանի հնչյունածավալսը սկսել ևս մեկ օկտավա ներքևից: Դա սանթուրին կհաղորդեր ավելի կարևոր դեր՝ անսամբլի կատարումների մեջ:

«Տաղարան» անսամաբլի նախկին սանթուրահար Թեհմինե Ջերեջյանը

Այդ առաջարկով նա դիմում է ՀՀ Մշակույթի նախարարություն, որը հավանություն է տալիս և ստանձնում նվագարանի նախագծման ու պատրաստման ծախսերը: Նվագարանը պատրաստում է վարպետ Ալբերտ Զաքարյանը, որը մինչ այդ հանրությանը հայտնի էր որպես բաս-քանոններ պատրաստող վարպետ: Երկար ժամանակ Ալբերտ Զաքարյանը աշխատում է նախագծի վրա, քանի որ հնչյունածավալի ընդլայնումը պահանջում էր ինժեներական որոշ խնդիրների լուծում, և ի վերջո հանձն է առնում ստեղծել բաս-սանթուրը: Այն կատարյալ գործիք է, որի լարվածքը տարբերվում է Հայաստանի երաժշտական դպրոցներում ուսուցանվող ցիմբալի լարվածքից: Դրա պատճառով անհրաժեշտություն առաջացավ նաև դպրոցներում դասավանդել բաս-սանթուր: 2014 թվականից «Տաղարան» անսամաբլի կազմում սկսում է հանդես գալ հայկական բաս-սանթուրը: Անսամբլի նախկին սանթուրահար Թեհմինե Ջերեջյանը, որը երկար տարիներ ցիմբալ էր նվագել, նկատում է, որ միևնույն ստեղծագործությունը երկու նվագարաններից յուրաքանչյուրով կատարելիս տարբեր լուծումներ է գտնում, բաս-սանթուրը մեղեդուն հաղորդում է նոր հնչերանգներ, ինչը ունկնդրին փոխանցում է բոլորովին այլ զգացողություններ: 2015-ից անսամբլի սանթուրահարն է Քրիստինե Մնացականյանը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Farrokh, Kaveh (2007). Shadows in the desert : ancient Persia at war (1. publ. in Great Britain ed.). Oxford, UK: Osprey. p. 286. ISBN 9781846031083.
  • Sarami, Mansur. "Santur Master". Old School Santur player. Archived from the original on 2006-05-02.
Սանթուր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 178 CC-BY-SA-icon-80x15.png