Զուռնա (պարսկերեն՝ سرنای), փողային երաժշտական գործիք։ Հայաստանում լայնորեն տարածված հնագույն նվագարան է։ Սասունցիների շրջանում նվագարանն ունի փող անվանումը։ Իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է[1]։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք։ Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը։ Պատրաստվում է հիմնականում ծիրանենու, թթենու կամ ընկուզենու փայտից, իսկ պիպիչը՝ եղեգից։
Իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով՝ այն, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից։ Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում։ Համույթային նվագարան է, ավանդաբար ստեղծվել են զուռնաչիների «դաստաներ»՝ 2 զուռնա (մենակատար ու դամ պահող) և դհոլ։ Կենցաղավարում են մեծ, միջին և փոքր չափի զուռնաներ։ Սովորականից ավելի թավ ձայնով զուռնայի տեսակը կոչվում է բոռոզա։ Կան վարպետ կատարողներ, ովքեր նվագում են երկու զուռնայով միաժամանակ՝ մեկով հնչեցնելով մեղեդին, իսկ մյուսով՝ դամը։ Երգացանկը բազմազան է, հարուստ է ամենատարբեր՝ մեծ ու փոքր ծավալով ստեղծագործություններով՝ սահարիից մինչև պարեղանակ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զուռնա կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 716)։