Դավիդ Օյստրախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիդ Օյստրախ
Bundesarchiv Bild 183-23447-0001, Dresden, Konzert David Oistrach (crop).jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն ռուս.՝ Давид Фёдорович Ойстрах
Ծնվել է 1908 սեպտեմբերի 30 Օդեսա
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Ukrainian Soviet Socialist Republic.svg Ուկրաինական ԽՍՀ
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է 24 հոկտեմբերի 1974(1974-10-24) (տարիքը 66) Ամստերդամ
Ամստերդամ, Նիդերլանդներ
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն ջութակահար, երաժշտական մանկավարժ
Գործիքներ ջութակ
Գործունեություն 1926 - 1974
Աշխատավայր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Անդամակցություն ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայք oistrakh.com

Դավիդ Ֆիշելեվի Օյստրախ (ռուս.՝ Ойстрах Давид Фёдорович; սեպտեմբերի 30 1908, Օդեսա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24 1974, Ամստերդամ), խորհրդային ջութակահար և երաժշտական մանկավարժ։

Դավիդ Օյստրախը ջութակ և ալտ նվագել է 5 տարեկանից։ 1926 թվականին ավարտել է Օդեսայի երաժշտադրամատիկական ինստիտուտը (Պյոտր Ստոլյարսկու դասարանը)։ Դեռևս ուսանողական տարիներից Օյստրախը ելույթներ է ունեցել Օդեսայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ որպես մենակատար և դիրիժոր։ 1932–1934 և 1941 թվականներին եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ 1934 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1939 թվականից՝ պրոֆեսոր, 1950 թվականից՝ ջութակի ամբիոնի վարիչ)։ Երկրորդ աշխարհամարտի (1939–1945 թվականներ) տարիներին ելույթներ է ունեցել զորահավաքային կետերում, հոսպիտալներում, պաշարված Լենինգրադում։ 1943 թվականից Օյստրախը դաշնակահար Լև Օբորինի և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու հետ հանդես է եկել անսամբլով։ Պատերազմից հետո շարունակել է համերգային գործունեությունը։ 1945 թվականին ԽՍՀՄ հյուրախաղերի եկած ամերիկացի ջութակահար Իեհուդի Մենուհինի հետ կատարել է Բախի կրկնակի կոնցերտը։ 1960-ական թվականներին Օյստրախի դիրիժորական երկացանկն ընդգրկել է դասական և ռոմանտիկական ստեղծագործություններ (Յոհան Բախ, Վոլֆգանգ Մոցարտ, Ֆրանց Շուբերտ, Լյուդվիգ վան Բեթհովեն և ուրիշներ)։

Օյստրախը ուրիշների ստեղծագործությունների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյստրախը կատարել է նաև ժամանակակից կոմպոզիտորների՝ Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի, Արամ Խաչատրյանի, Նիկոլայ Մյասկովսկու, Պաուլ Հինդեմիտի և ուրիշների ջութակի սոնատներն ու կոնցերտները։ Նա Շոստակովիչի Ջութակի առաջին սոնատի և Ջութակի առաջին կոնցերտի կատարողն է (հեղինակը նվիրել է Օյստրախին)։ Նրան գործեր են նվիրել նաև Ա. Խաչատրյանը (Օյստրախը նրա Ջութակի կոնցերտի առաջին կատարողն է), Ս. Պրոկոֆևը, Ն. Մյասկովսկին, Մոիսեյ Վայնբերգը, Էռնստ Մայերը: Օյստրախը բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել արտասահմանում և վայելել մեծ հեղինակություն։ Եվրոպայում նրան անվանել են «Դավիդ թագավոր»: Օյստրախի կատարողական արվեստին բնորոշ էին պլաստիկությունը, նրբագեղությունը, բարձր տեխնիկան, մաքուր հնչերանգը։ Օյստրախը երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի (Լենինգրադ, 1935 թ., 1-ին մրցանակ), Հենրիկ Վենյավսկու անվան (Վարշավա, 1935 թ., 2-րդ մրցանակ) և Էժեն Իզայիի անվան (Բրյուսել, 1937 թվական, 1-ին մրցանակ) ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր է։ Օյստրախը եղել է Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի, Բոստոնի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Բեռլինի արվեստի գերմանական ակադեմիայի թղթակից անդամ, Քեմբրիջի համալսարանի դոկտոր։

Օյստրախի պարգևատրումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյստրախն արժանացել է ԽՍՀՄ Պետական (1943 թվական) և Լենինյան (1960 թվական) մրցանակների, պարգևատրվել Լենինի 2 շքանշանով։ 2006 թվականին ստեղծվել է Դավիդ Օյստրախի անվան բարեգործական հիմնադրամը, նույն թվականից Մոսկվայում անցկացվում են ջութակահարների՝ Դավիդ Օյստրախի անվան միջազգային մրցույթներ, Էստոնիայի Պյառնու քաղաքում՝ Դավիդ Օյստրախի անվան ամենամյա երաժշտական փառատոն։ 2008 թվականին Ռուսաստանի բանկը թողարկել է արծաթե մետաղադրամ՝ նվիրված Դավիդ Օյստրախի ծննդյան 100-ամյակին։