Դմիտրի Շոստակովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Շոստակովիչ
Dmitri Shostakovich credit Deutsche Fotothek adjusted.jpg
Շոստակովիչը 1925 թվականին
Ի ծնե անուն Дми́трий Дми́триевич Шостако́вич
Ծնվել է սեպտեմբերի 12 (25), 1906[1][2]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Երկիր Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է օգոստոսի 9, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:9|2|0}})[3][2] (68 տարեկանում)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Ժանրեր օպերա և սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, պարուսույց, դաշնակահար, քաղաքական գործիչ, ջազ երաժիշտ, համալսարանի պրոֆեսոր և գրող
Գործիքներ դաշնամուր
Կայք shostakovich.ru
Ստորագրություն
Ստորագրություն

Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբեր 25, 1906 - օգոստոս 9, 1975), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։ Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։ Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»:

Aquote1.png Որպեսզի պարզ դառնա մեր երկրի 1930-1970 թթ. պատմությունը, բավական է լսել Շոստակովիչի սիմֆոնիաները
- Մոսկովսկիե նովոստի
Aquote2.png


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակը Պոդոլսու փողոց հ.2-ում, Սանկտ Պետերբուրգ, որտեղ ծնվել է Շոստակովիչը

Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Ընտանիքում նա երեք երեխաներից մեկն էր, ուներ իրենից տարիքով մեծ և փոքր քույրեր։ 1915 թ.-ին Շոստակովիչը ընդունվում է Մարիա Շիդլովսկու կոմերցիալ Գիմնազիա: Այդ ժամանակ էլ ստանում է իր առաջին լուրջ երաժշտական տպավորությունները։ Ռիմսկի–Կորսակովի «Հեքիաթ Սալթան Թագավորի մասին» օպերան լսելուց հետո երիտասարդ Շոստակովիչը որոշում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Առաջին դաշնամուրի դասերը կոմպոզիտորը ստանում է մորից։ Մի քանի ամիս պարապելուց հետո ընդունվում է այն ժամանակ հայտնի մանկավարժ Իգնացիա Գլյասերայի մասնավոր երաժշտական դպրոց։ 1919 թվականի ամռանը երիտասարդ երաժշտին է լսում Ալեքսանդր Գլազունովը, որը չափազանց բարձր է գնահատում Շոստակովիչի կոմպոզիտորական ընդունակությունները։ Նույն թվականի աշնանը Շոստակովիչը ընդունվում է Պետրոգրադի կոնսերվատորիան։

1920-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1923-ին Շոստակովիչը ավարտում է Պետերբուրգի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (Լ.Վ. Նիկոլաևայի դասարան), իսկ 1925-ին՝ կոմպոզիտորական բաժինը (Մ.Օ. Շտեյնբերգի դասարան)։ Որպես դիպլոմային աշխատանք Շոստակովիչը գրում է իր «Առաջին սիմֆոնիան», որը կոմպոզիտորին բերում է առաջին լուրջ հաջողությունը։ Շոստակովիչը իր երիտասարդ տարիներից մեծ հիացմունք է տածում Ռուբինշտեյնի, Ռախմանինովի և Պրոկոֆևի նկատմամբ, և մտադրվում է վերջիններիս նման շարունակել իր կարիերան և՛ որպես դաշնակահար, և՛ որպես կոմպոզիտոր։ Սակայն ըստ Կոնստանտին Իգումնովի վկայության, նրա նվագում պակասում էին «զգացմունքն ու ուժը»: 1927-ին Շոպենի անվան առաջին միջազգային մրցույթում Շոստակովիչը արժանանում է դիպլոմի։ Այստեղ ժյուրիի անդամներից դիրիժոր Բրունո Վալտերը նկատում է դաշնակահարի արտասովոր ընդունակությունները (Շոստակովիչը ի թիվս այլ ստեղծագործությունների, մրցույթում կատարում էր նաև սեփական ստեղծագործությունները)։ Բրունո Վալտերը՝ ծանոթանալով կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի հետ, անմիջապես խնդրում է պարտիտուրան փոխանցել իրեն, և նույն թվականի աշնանը Բեռլինում կատարելով սիմֆոնիան, Շոստակովիչին բերում է առաջին հաջողությունը։

1927 թվականին Շոստակովիչի կյանքում տեղի է ունենում երկու նշանակալի իրադարձություն։ Առաջին. Լենինգրադ է ժամանում Ալբան Բերգը իր «Վոցցեկ» օպերայի պրեմիերայի առթիվ։ Սա մշակութային խոշոր իրադարձություն էր Լենինգրադում։ Շոստակովիչը՝ լսելով այս օպերան, մտահաղանում է իր «Քիթ» օպերան։ Երկրորդ. Շոստակովիչը ծանոթանում է Իվան Սոլերտինսկու հետ, ում միջոցով ծանոթանում է ժամանակի շատ ու շատ խոշոր արվեստագետների հետ։ Այսպես. սովորելով Պաուլ Հինդեմիթի «թիվ 2 կամերային երաժշտությունը» (Երկ 36)՝ Շոստակովիչը ստեղծում է իր առաջին դաշնամուրի և շեփորի կոնցերտը։

1920–1930 թթ. կոմպոզիտորը ստեղծում է իր երկրորդ ու երրորդ «փորձարարական» սիմֆոնիաները (երկուսում էլ օգտագործում է երգչախումբ)։

1930-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Շոստակովիչը հրշեջի սաղավարտով Time ամսագրի գլխաշապկին

«Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» (ռուս.՝ Леди Макбет Мценского уезда) Օպերան Ըստ Լեսկովի առակի, (Գրել է 1930-1932 թթ, բեմադրվել է Լենինգրադում 1934 թ) Սկզբում ընդունվում է հիացմունքով, և կատարվում է մեկուկես տարի, սակայն անսպասելիորեն քննադատվում է թերթերում («Շիլփոթ երաժշտության փոխարեն», «Պրավդա», 28 հունվարի, 1936 թ.) և հանվում է երգացանկից։ Նույն 1936 թվականին պետք է կայանար Շոստակովիչի 4-րդ սիմֆոնիայի պրեմիերան։ Այս սիմֆոնիան նախորդներից տարբերվում էր իր մոնումենտալությամբ և կրում էր իր ժամանակի շունչը՝ իր մեջ ընդգրկելով ողբերգական պաթոս և գրոտեսկ, լիրիկական և ինտիմ էպիզոդներ։ 4–րդ սիմֆոնիան նախանշում էր կոմպոզիտորի նոր, ավելի հասուն ստեղծագործական ճանապարհւ: Սակայն կոմպոզիտորը՝ լավ ըմբռնելով իր ժամանակը, դեկտեմբերյան պրեմիերայից առաջ դադարեցրեց սիմֆոնիայի նվագախմբային փորձերը՝ հասկանալով, որ երկրում սկսվում է պետական տեռոր։ Այն ժամանակ, երբ գրեթե ամեն օր մտավորականներ էին ձերբակալվում, այս սիմֆոնիայի կատարումը կնշանակեր ձեռնոց նետել իշխանությանը։ Չորրորդ սիմֆոնիան առաջին անգամ կատարվեց միայն 1961 թ.-ին՝ ստեղծումից 25 տարի հետո։

1937-ի մայիսին Շոստակովիչը վերջացնում է իր 5-րդ սիմֆոնիան։ Այս սիմֆոնիան տարբերվում էր նախորդ «նորարարական» սիմֆոնիաներից իր դրամատիկ ոճով, հերոսականությամբ և նոր շնչով (չնայած արտաքինից պահպանում էր դասական սիմֆոնիայի քառամաս ձևը՝ սոնատային ալլեգրո, սկերցո, ադաջիո և ֆինալ՝ հաղթական տրամադրություններով)։ Իր հինգերորդ սիմֆոնիան Շոստակովիչը մեկնաբանում էր, որպես «Սովետական կոմպոզիտորի պատասխանը՝ կուսակցության արդարացի քննադատությանը»: Պրեմիերայից հետո «Պրավդայում» լույս տեսած գովասանական հոդվածում 5–րդ սիմֆոնիան որակվում է, որպես «Սիմֆոնիկ երաժշտության մեջ սոցիալական ռեալիզմի օրինակ»: Իշխանությունների հետ հարաբերությունները ժամանակավորապես բարելավվում են, սակայն այդ պահից սկսած Շոստակովիչի կյանքը ձեռք է բերում երկճյուղ բնույթ՝ մի կողմից ամեն կերպ չգժտվել իշխանությունների հետ, մյուս կողմից՝ մշտապես պահպանել անհրաժեշտ անկախությունը[4]: 1937–ից Շոստակովիչը դասավանդում է Լենինգրադի կոնսերվատորիայում (1939–ից ՝ դասախոս)։

1940-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
Շոստակովիչի հաղորդագրությունը 7-րդ սիմֆոնիայի մասին
Լենինգրադ, 1941 թ. ռադիոհաղորդում
Օգնություն

Մեծ հայրենական պատերազմի սկզբում Շոստակովիչը սկսում է աշխատանքը 7-րդ սիմֆոնիայի վրա, որը հետագայում անվանվում է «Լենինգրադյան»: Առաջին անգամ կատարվում է 1942 մարտին մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 1942 թ.-ի օգոստոսի 9–ին 7–րդ սիմֆոնիան կատարվում է Լենինգրադում՝ շրջափակման պայմաններում։

Մեկ տարի անց ստեղծվում է 8-րդ սիմֆոնիան։ Ստեղծագործություն, որում պատկերվում են պատերազմի սարսափները, իշխանությունների ոճիրները, ժողովրդի հերոսականությունը, անհատի հույզերը։ Այս սիմֆոնիան աչքի է ընկնում իր խոհափիլիսոփայական մտքի մեծ թափով։ 1943-ին կոմպոզիտորը տեղափոխվում է Մոսկվա, և մինչև 1948 թ. դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում: Նրա ուսանողներից էին Ռ. Բունինը, Գ. Սվիրիդովը, ինպես նաև հայազգի Կարեն Խաչատրյանը: Այս ընթացքում Շոստակովիչը ավելի շատ ստեղծագործում է կամերային երաժշտության ժանրում (դաշնամուրային կվինտետ (1940), դաշնամուրային տրիո (1944), լարային քառյակ թ.2 (1944), թ.3 (1946), թ.4 (1949)։ 1945-ին, պատերազմի ավարտից հետո, Շոստակովիչը գրում է իր 9-րդ սիմֆոնիան, որը կրում է գրոտեսկային ոճ՝ շրջապատող աշխահի հանդեպ՝ իրոնիկ մոտեցումով։ Սիմֆոնիան արժանանում է լուրջ քննադատության, որովհետև պատերազմում հաղթելուց հետո իշխանությունները Շոստակովիչից սպասում էին մոնումենտալ–հերոսական և հաղթական տրամադրությամբ սիմֆոնիա։ 1948 թվականից Շոստակովիչի հանդեպ սկսվում են մեծ ճնշումներ։ Ստալինյան հրահանգի համաձայն՝ այն է կարգուկանոն հաստատել ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունում, իրենց զբաղեցրած դիրքերից ազատվում են մի շարք կոմպոզիտորներ, այդ թվում Շոստակովիչը, Պրոկոֆևը և Արամ Խաչատրյանը: Նրանք մեղադրվում էին «Ֆորմալիզմում», որն այդ ժամանակ ԽՍՀՄ–ում ամենատարածված մեղադրանքն էր։ Սակայն նույնիսկ ուժեղ ճնշման ընթացքում Շոստակովիչի ստեղծագործական բեղունությունը շարունակվում է։ 1948-ին գրվում է առաջին ջութակի կոնցերտը (պրեմիերան՝ 1955 թ.)

1950-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թ., Հուլիսի 28, Շոստակովիչը Բախի մենահամերգին, լուսանկարը՝ Ռոժեր Ռոսսինգի

Շոստակովիչը հրավիրվում է Լայպցիգ, որպես Բախի անվան միջազգային մրցույթի Ժյուրիի անդամ։ Վերադառնալով՝ Շոստակովիչը հղանում և ստեղծում է իր դաշնամուրային 24 Պրելյուդները և ֆուգաները՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ կոմպոզիտորին և իր «Լավ տեմպերացված կլավիրին»: Խրուշչովյան ձնհալի ժամանակ Շոստակովիչը, ինչպես և իր ժամանակակիցները ստանում են որոշակի ստեղծագործական ազատություն։ 1950–ականների երկրորդ կեսին Շոստակովիչի ստեղծագործությունը ստանում է համեմատաբար լավատեսական բնույթ (6–րդ լարային քառյակ (1956), Երկրորդ դաշնամուրային կոնցերտ (1957), Օպերետտա «Մոսկվա-Չերյոմուշկի». Միաժամանակ կոմպոզիտորը զբաղվում է «պատմական–սիմֆոնիկ» երաժշտությամբ՝ 1957–ին ստեղծելով 11–րդ սիմֆոնիան և այն անվանելով «1905 թիվը», շարունակում է ստեղծագործել գործիքային կոնցերտի ժանրում, գրում է թավջութակի առաջին կոնցերտը (1959)։ Այս տարիներին սկսվում է Շոստակովիչի մերձեցումը իշխանությունների հետ։ 1957 թ.–ին նա դառնում է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Նույն թվականին ընդունվում է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության շարքերը։

1960-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-ին Շոստակովիչը շարունակում է իր «պատմական սիմֆոնիայի ժանրը», և, որպես «1905 թվականի» շարունակություն, ստեղծում է 12-րդ սիմֆոնիան («1917 թիվը», Լենինի հիշատակին)։ Այս ծրագրային սիմֆոնիայով Շոստակովիչը մոտենում է կինոերաժշտության ժանրին (Մասնավորապես, նույն լեյտմոտիվը կրկնվում է սիմֆոնիայի բոլոր 4 մասերում էլ)։ Պատկերվում է Պետրոգրադի տեսարանը, Լենինի հյուղակը Ռազլիվ լճի ափին, և հոկտեմբերյան իրադարձությունները։

1962-ին ըստ Եվգենի Եվտուշենկոյի «Բաբի Յար» պոեմի (որն անդրադառնում է ռուսական Անտիսեմիտիզմին), գրում է իր 13-րդ սիմֆոնիայի առաջին մասը՝ Բասի, երգչախմբի և նվագախմբի համար, հետագայում ավելացնում է ևս 4 մաս՝ պատկերելով ժամանակի ռուսական կյանքը և ոչ հեռու անցյալի պատմությունները[5]: 1960-ականների վերջին Շոստակովիչի երաժշտությունը վերագտնում է իր խորը խոհափիլիսոփայական բնույթը։ 11-րդ և 12-րդ լարային քառյակները (1966, 1968), երկրորդ թավջութակի (1966) և երկրորդ ջութակի (1967) կոնցերտները, Ջութակի և դաշնամուրի սոնատան (1968, Դավիթ Օյստրախի 60 ամյակի առթիվ), վոկալ ստեղծագործություններն ըստ Ալեքսանդր Բլոկի, կրում են տագնապալից, թախծոտ և խոհափիլիսոփայական բնույթ։ 14-րդ սիմֆոնիայով (1969) Շոստակովիչը խախտում է դասական սիմֆոնիայի բոլոր չափանիշները։ Այստեղ նա օգտագործում է կամերային նվագախումբ, բաս և սոպրանո: 11 մասանի սիմֆոնիայում հնչում են Ապոլիների, Ռիլկեի Կյուխելբեկերի և Լորկու պոեզիաների ռուսերեն թարգմանությունները։ Սրանց ընդհանրությունը խորհրդածությունն է մահվան մասին։ Որոշ քննադատներ 14–րդ սիմֆոնիային տալիս են «աթեիստական ռեքվիեմ» անվանումը։

1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվում են Վոկալ ցիկլերը ըստ Ցվետայեվայի և Միքելանջելոյի, 13-րդ (1967–1970), 14 - րդ (1973), և 15-րդ (1974) լարային քառյակները։ 1971-ի ամռանը Շոստակովիչը ավարտում է իր վերջին՝ 15-րդ Սիմֆոնիան (որտեղ առկա են սերիական երաժշտության տարրեր)։ Սիմֆոնիայի պրեմիերան կայանում է 1972 թ.-ի հունվարի ութին։ Շոստակովիչի վերջին ավարտուն ստեղծագործությունը հանդիսանում է Ալտի և Դաշնամուրի սոնատան։ Կյանքի վերջին տարիների Կոմպոզիտորը տառապում է թոքերի քաղցկեղից։ Դմիտրի Շոստակովիչը վախճանվում է 1975 թ.-ի օգոստոսի 9-ին։ Հուղարկավորվում է Մոսկվայի «Նովոդևիչյան» գերեզմանատանը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Տարիքում Շոստակովիչը ազդվել է Մալերի, Բերգի, Ստրավինսկու, Պրոկոֆևի, Պաուլ Հինդեմիթի և Մուսոգրսկու երաժշտություններից։ Սերտելով դասական և ժամանակակից երաժշտությունը, Շոստակովիչը շատ արագ ձեռք է բերում սեփական երաժշտական լեզուն։ Շոստակովիչի երաժշտությունը 20-դր դարի երաժշտության գագաթն է։ Նա ամենից առաջ հայտնի է սիմֆոնիկ երաժշտության և լարային քառյակի ժանրում։ Ի տարբերություն Սիմֆոնիաների, որոնք գրվել են կոմպոզիտորի ամբողջ կյանքի ընթացքում՝ որոշակի շրջաններով, լարային քառյակների մեծ մասը գրվել են կյանքի վերջին տարիներին։ Շոստակովիչին ամենամեծ ճանաչումն են բերել հինգերորդ, յոթերորդ, ութերորդ սիմֆոնիաները, 8–րդ և 15–րդ լարային քառյակները, առաջին ջութակի և առաջին թավջութակի կոնցերտները։ Շոստակովիչի երաժշտությունը կրել է տարբեր կոմպոզիտորների ազդեցությունը, մասնավորապես տեսանելի է Յոհան Սեբաստիան Բախի ազդեցությունը՝ ֆուգաներում և պասակալիաներում, Բեթհովենի՝ ուշ շրջանի կվարտետներում, Մալերի՝ սիմֆոնիաներում։ Շոստակովիչը հմայված էր հատկապես Մուսորգսկու երաժշտությամբ և նրա «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» օպերաների համար գրել է նոր գործիքավորումներ։ Մուսորգսկու ազդեցությունը հատկապես նկատելի է «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» օպերայում, 11-րդ սիմֆոնիայում, ինչպես նաև սատիրիկական ստեղծագործություններում։

Շոստակովիչի տուն-թանգարանը Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոստակովիչի պատկերով ռուսական դրոշմանիշ, 2000 թ.

2006 թ.–ին Սանկտ Պետերբուրգի «Մարատի» փողոց հ.9 հասցեի երեք սենյականոց բնակարանում բացվել է Շոստակովիչի տուն–թանգարանը։ Շոստակովիչը այդ բնակարանում ապրել է 1914–1933 թթ. ուսանողական տարիներին։ Թանգարանում պահպանվում են անձնական իրեր, նամակներ, նկարներ, համերգների աֆիշներ, թերթերի հոդվածներ ևն։ Թանգարանը հանդիսանում է Պետերբուրգի թատերական թանգարանի մասնաճյուղ։

Շոստակովիչը և Հայաստանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Դիլիջանի կոմպոզիտորների միության քոթեջներից մեկի պատին, որտեղ հանգստացել և ստեղծագործել է Դմիտրի Շոստակովիչը

Շոստակովիչը ամբողջ կյանքում սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի և հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի հետ։ Նրա ուսանողներից էր Ղազարոս Սարյանը: Շոստակովիչը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան: 1963-65 թթ. հանգստացել և ստեղծագործել է Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը, որտեղ գրել է 9-րդ և 10-րդ լարային քառյակները և «Համլետ» ֆիլմի երաժշտությունը։ Դիլիջանի այն տանը, որտեղ ապրել է կոմպոզիտորը, այժմ տեղադրված է հուշատախտակ։ Շոստակովիչը իր հոդվածներում բազմիցս անդրադարձել է հայ երաժշտության զարգացման հարցերին և հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը[6]:

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 15 Սիմֆոնիա
  • Օպերաներ «Քիթ», «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից», «Իգրոկի» (ավարտել է Քշիշտոֆ Մեյերը)
  • Օպերետտա «Մոսկվա, Չերյոմուշկի»
  • Բալետներ «Ոսկե դար», «Բոլտ», «Սվյետլի Ռուչեյ» (ռուս. «Светлый ручей»)
  • 15 Լարային Քառյակներ
  • Դաշնամուրային կվինտետ
  • 6 Գործիքային կոնցերտներ (երկուական դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար)
  • Ռոմանսներ և պիեսաներ Ձայնի և դաշնամուրի ու ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • Երաժշտություն «Հասարակ մարդիկ» (ռուսերեն «Простые люди») ֆիլմի համար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միություն

Միացյալ Թագավորություն

  • Ոսկե մեդալով թագավորական ֆիլհարմոնիկ հասարակությունում (1966)

Ֆինլանդիա

  • Սիբելիուսի մրցանակ (1958)

Միացյալ Նահանգներ

  • Օսկար առաջադրումը Խովանշչինա, Լավագույն երաժշտություն 1961 թ։

Դանիա

  • Լեոնի Սուննինգի երաժշտական մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118642472 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Шостакович Дмитрий Дмитриевич, Шостакович Дмитрий Дмитриевич // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. (Սոլոմոն Վոլկով ) 20-րդ դարի ռուս մշակույթի պատմություն. Լև Տոլստոյից մինչև Ալեկսանդր Սոլժենիցին ((ռուս.)История русской культуры ХХ века: От Льва Толстого до Александра Солженицына ), М.: Эксмо, 2008, էջ 162
  5. (ռուս.) Անատոլի Կուզնեցով, «Բաբի Յար», Ինտերբուկ հրատ. 1991, վերջին գլուխ, էջ 335 (Анатолий Кузнецов. Бабий Яр (поный вариант). Интербук, 1991. ISBN 5-7664-0389-5. Глава последняя, современная Уничтожение пепла c. 355)
  6. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջ 544

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]