Մոդեստ Մուսորգսկի
Մոդեստ Մուսորգսկի | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (21), 1839[1] Karevo, Տորոպեցկիի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 16 (28), 1881[3][2][1] (42 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][2][…] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | պիես, դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, լիբրետիստ և ռազմական գործիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան և Սուրբ Պետրոսի դպրոց |
Անդամակցություն | Հզոր խմբակ |
Ստորագրություն | |
Modest Mussorgsky Վիքիպահեստում |
Մոդեստ Պետրովիչ Մուսորգսկի (ռուս.՝ Модест Петрович Мусоргский, մարտի 9 (21), 1839[1], Karevo, Տորոպեցկիի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - մարտի 16 (28), 1881[3][2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][2][…]), ռուս նշանավոր կոմպոզիտոր, «Հզոր խմբակի» անդամ, «Բորիս Գոդունով» (1869, 2-րդ խմբագրում 1872), «Խովանշչինա» (1872-1880, ավարտել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, 1883), «Սորոչինյան տոնավաճառ» (1874-1880, ավարտել է Ցեզար Կյուին, 1916) օպերաների, «Գիշերը Լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պոեմի, «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային շարքի[5] (1874), «Մահվան երգերն ու պարերը» վոկալ շարքի (1877) հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդեստ Մուսորգսկին 6 տարեկանից սկսել է դաշնամուր նվագել մոր ղեկավարությամբ։ 1849 թվականին ընդունվել է Պետերբուրգի Պետրոպավլովյան դպրոցը, 1852-1856 թվականներին սովորել գվարդիական ենթասպաների դպրոցում։ Միաժամանակ երաժշտության դասեր է առել դաշնակահար Անտոն Գերկեից։
1852 թվականին հրատարակվել է Մուսորգսկու առաջին ստեղծագործությունը՝ «Ենթասպա» պոլկան դաշնամուրի համար։ Մուսորգսկու ընդհանուր և երաժշտական զարգացման վրա վճռական ազդեցություն է գործել ծանոթությունը Ալեքսանդր Դարգոմիժսկու, Վլադիմիր Ստասովի, Միլի Բալակիրևի հետ (1856-1857)։
Բալակիրևի ղեկավարությամբ Մուսորգսկին սկսել է լրջորեն պարապել կոմպոզիցիա, 1858 թվականին թողել է զինվորական ծառայությունը։ 1863-1866 թվականներին աշխատել է «Սալամբո» օպերայի վրա (ըստ Գյուստավ Ֆլոբերի համանուն վեպի, անավարտ է), որն աչքի է ընկնում ժողովրդական-մասսայական տեսարանների դրամատիզմով։
1860-ական թվականների կեսերին ձևավորվել է Մուսորգսկու՝ ռեալիստ արվեստագետի աշխարհայացքը։ Անդրադառնալով ժողովրդի կյանքից վերցված սուր սոցիալական թեմաների՝ ստեղծել է Նիկոլայ Նեկրասովի, Տարաս Շևչենկոյի, Ալեքսանդր Օստրովսկու և սեփական տեքստերով երգեր ու ռոմանսներ («Կալիստրատ», «Երյոմուշկայի օրորոցայինը», «Որբուկը», «Սեմինարիստ» և այլն), որոնցում կերտել է վառ բնութագրական մարդկային կերպարներ։
Հնչյունային գույների հյութեղությամբ առանձնանում է «Գիշերը Լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պատկերը (1867)։ Օպերային դեկլամացիայի բնագավառում համարձակ փորձ էր Մուսորգսկու «Ամուսնություն» (Նիկոլայ Գոգոլի կատակերգության չփոփոխված տեքստով, 1868) անավարտ օպերան։
Կոմպոզիտորի մեծագույն ստեղծագործությունը «Բորիս Գոդունով» օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի ողբերգության, 1868-1869, բեմ. Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1874), որի գլխավոր անձը ժողովուրդն է։ Առաջին անգամ էր, որ օպերայում հնչում էին ժողովրդական երգերի մեղեդիներ։
1870-ական թվականներին աշխատել է «Խովանշչինա» «ժողովրդական երաժշտական դրամա»-ի (լիբրետոն Մուսորգսկու, 1872-1880, անավարտ է) և քնարական-կատակերգական «Սորոչինյան տոնավաճառ» (ըստ Գոգոլի վիպակի, 1874-1880) օպերայի վրա։ «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» երաժշտական դրամաներում դինամիկական վառ ժողովրդական մասսայական տեսարանները զուգակցված են առանձին կերպարների խոր հոգեբանական, վառ անհատական բնութագրերի հետ։
Միաժամանակ ստեղծել է «Առանց արևի» (1874), «Մահվան երգերն ու պարերը» (1875-77) վոկալ շարքերը (դրանցում բնութագրման հիմնական միջոցը մարդկային խոսքի կենդանի ինտոնացիան է), «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային սյուիտը (1874) և այլն։ «Խովանշչինան» կոմպոզիտորի մահից հետո ավարտել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, «Սորոչինյան տոնավաճառի» վրա աշխատել են Ալեքսանդր Լյադովը, Ցեզար Կյուին։
1896 թվականին Ռիմսկի-Կորսակովը կատարել է «Բորիս Գոդունովի» նոր խմբագրություն։ 1959 թվականին «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» օպերաները վերախմբագրել և գործիքավորել է Դմիտրի Շոստակովիչը։
Մուսորգսկին XIX դարի մեծագույն ռեալիստ-կոմպոզիտորներից է։ Երաժշտության մեջ ձգտել է հասնել կենսական ճշմարտացիության, կերպարների հոգեբանական և կենցաղային կոնկրետության։ Հերքելով ավանդական ակադեմիական նորմերն ու պատկերացումները՝ Մուսորգսկին համարձակորեն որոնել, փորձարկել է երաժշտաարտահայտչական նոր միջոցներ։ Հիմնվելով խոսակցական լեզվի ինտոնացիաների և ռուսական ժողովրդական երգերի մեղեդիների վրա՝ ստեղծել է ինքնատիպ, արտահայտիչ երաժշտական լեզու։
Մուսորգսկու երաժշտությունը մեծ ազդեցություն է գործել հետագա կոմպոզիտորների՝ Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի, Լեոշ Յանաչեկի, Կլոդ Դեբյուսիի ստեղծագործության վրա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Литературное наследие, сост. А. А. Орлова и М. С. Пекелис, [кн. 1–2], М., 1971-72
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Туманина Н., М. П. Мусоргский, М.–Л., 1939
- Асафьев Б. В., Избр. труды, т. 3, М., 1954
- Орлова А., Труды и дни М. П. Мусоргского. Летопись жизни и творчества, М., 1963
- Xубов Г., Мусоргский, М., 1969
- Шлифштейн С., Мусоргский. Художник. Время. Судьба, М., 1975
- Hoffmann R., Moussorgski, P., 1952
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Э. Мусоргский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 886—888.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Moussorgsky, Modeste Petrovich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 4,0 4,1 4,2 Мусоргский Модест Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ ««Մուսորգսկի Մոդեստ Պետրովիչ» հոդվածը ՀՍՀ-ում». Վերցված է 2017 Հուլիս 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդեստ Մուսորգսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 90)։ |