Գյուստավ Ֆլոբեր
Գյուստավ Ֆլոբեր ֆրանսերեն՝ Gustave Flaubert | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1821[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ռուան[4][5][6] |
| Վախճանվել է | մայիսի 8, 1880[1][2][3][…] (58 տարեկան) |
| Վախճանի վայր | Croisset, Կանտելյո[5] |
| Գերեզման | Cimetière monumental de Rouen |
| Մասնագիտություն | վիպասան, գրող և դրամատուրգ |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Lycée François Ier?, Faculté de droit de Paris? և Պիեռ Կոռնելի դպրոց |
| Գրական ուղղություններ | ռեալիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Տիկին Բովարի, Սալամբո, Բուվար և Պեկյուշե, Զգացմունքների դաստիարակություն, The Temptation of Saint Anthony?, Three Tales?, Dictionary of Received Ideas? և Q19150097? |
| Պարգևներ | |
| Համատեղ ապրող | Louise Colet? |
| Գյուստավ Ֆլոբեր Վիքիքաղվածքում | |
| Գյուստավ Ֆլոբեր Վիքիդարանում | |
Գյուստավ Ֆլոբեր (ֆրանսերեն՝ Gustave Flaubert, դեկտեմբերի 12, 1821[1][2][3][…], Ռուան[4][5][6] - մայիսի 8, 1880[1][2][3][…], Croisset, Կանտելյո[5]), ֆրանսիացի գրող, 19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուստավ Ֆլոբերը ծնվել է 1821 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ռուան քաղաքում՝ մանր բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ մայրը բժշկի դուստր էր։ Գյուստավն ընտանիքի կրտսեր զավակն էր՝ նա ուներ ավագ քույր և եղբայր։ 1832 թվականից սովորել է Թագավորական քոլեջում և Ռուանի լիցեյում, որտեղ իր ընկերոջ՝ Էռնեստ Շևալյե հետ 1834 թվականին հրատարակել է ձեռագիր «Արվեստ և առաջընթաց» հանդեսը։ Այս հանդեսում էլ նա կատարում է իր առաջին գրական փորձերը։ 1836 թվականին նա ծանոթանում է Էլիզա Շլեզինգերի հետ, ով մեծ ազդեցություն է թողնում գրողի վրա։ Այս ծանոթության տպավորություններն իրենց արտացոլումն են գտել «Զգացմունքների դաստիարակություն» վեպում։ 1840 թվականին Ֆլոբերն ընդունվում է Փարիզի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Այս տարիներին նա վարում է բոհեմային կյանք։ 1843 թվականին թողնում է համալսարանը և բնակություն հաստատում Սենայի ափին՝ ոչ հեռու Ռուան քաղաքից։ Նա վարում է առանձնացած կյանք և իրեն ամբողջությամբ նվիրում գրական գործունեության։ 1846 թվականին վախճանվում է Ֆլոբերի հայրը, իսկ կարճ ժամանակ անց՝ քույրը։ Նա հորից ժառանգում է բավականին դրամական միջոցներ, որը թույլ է տալիս նրան վարել անհոգ կյանք։ 1848-1852 թվականներին գրողը կատարում է ճանապարհորդություններ դեպի Եգիպտոս և Երուսաղեմ։ Հետագայում այս ճանապարհորդությունների տպավորությունները նա օգտագործում է իր վեպերում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1838 - «Խելագարի հիշողությունները» (ֆրանսերեն՝ Mémoires d'un fou)
- 1842 - «Նոյեմբեր» (ֆրանսերեն՝ Novembre)
- 1857 - «Տիկին Բովարի» (ֆրանսերեն՝ Madame Bovary)
- 1862 - «Սալամբո» (ֆրանսերեն՝ Salammbô)
- 1869 - «Զգացմունքների դաստիարակություն» ֆրանսերեն՝ L'Éducation sentimentale)
- 1874 - «Սուրբ Անտոնի գայթակղությունը» (ֆրանսերեն՝ La Tentation de saint Antoine)
- 1877 - «Երեք վիպակ» (ֆրանսերեն՝ Trois contes)
- 1881 - «Բուվար և Պեկյուշե» (ֆրանսերեն՝ Bouvard et Pécuchet)
«Տիկին Բովարի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպն առաջին անգամ տպագրվել է 1856 թ.։ Համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Վեպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, մի բժշկի կին է, որը հաստատում է արտաամուսնական կապեր՝ հույս ունենալով ազատվելու պրովինցիալ կյանքի ունայնությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող՝ Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության՝ ձգտելով ճիշտ ընտրել բառուբանը։
Վեպը 1856 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տպագրվել է Փարիզի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում։ Վեպի հրապարակումից հետո հեղինակին ու հրատարակիչներին մեղադրեցին բարոյականությունը վիրավորելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և թերթի խմբագրի դեմ 1857 թ. հունվարին։ Ստեղծագործության շուրջ առաջացած սկանդալն այն հայտնի դարձրեց, իսկ 1857 թ. փետրվարի 7-ին կայացված արդարացման դատավճիռը հնարավոր դարձրեց նույն տարում վեպն առանձին գրքով տպագրելը։ Այսօր այն համարվում է ոչ միայն ռեալիզմի կարևորագույն գործերից մեկը, այլև գրականության վրա խոշոր ազդեցություն թողած ստեղծագործություն։
Ըստ սյուժեի՝ Շառլ Բովարին, ավարտելով քոլեջը, մոր որոշմամբ սկսում է բժշկությամբ զբաղվել։ Սակայն նա անընդունակ է սովորելու, և միայն մոր ջանքերով ու օգնությամբ է նա ձևակերպվում նորմանդական Տոստ քաղաքի բժիշկ։ Մոր ջանքերով նա ամուսնանում է տեղացի ոչ այդքան հրապուրիչ մի այրու հետ, որը, սակայն, ապահովված է և 40-ն անց։ Մի անգամ, կանչով գնալով մի ֆերմերի մոտ, Շառլը ծանոթանում է ֆերմերի աղջկան՝ Էմմային՝ մի հրապուրիչ աղջկա, ում հետ կապվում է։ Կնոջ մահից հետո Շառլն սկսում է ակտիվորեն շփվել Էմմայի հետ և որոշ ժամանակ անց որոշում է խնդրել նրա ձեռքը։ Էմմայի մայրը վաղուց մահացել է, հայրը համաձայնում է և կազմակերպում ճոխ հարսանիք։ Բայց երբ սկսվում է ամուսնական համատեղ կյանքը, Էմման շատ արագ հասկանում է, որ չի սիրում Շառլին։ Շառլը սիրում է Էմմային և երջանիկ է նրա հետ։ Էմման ուզում է դուրս պրծնել խուլ գավառից և պնդում է տեղափոխվել այլ քաղաք։ Դա չի օգնում, և անգամ աղջկա ծնունդը չի փոխում կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքը։
Բայց ահա նոր վայրում նա հանդիպում է մի երկրպագուի՝ Լեոն Դյուպյուին, ում հետ առաջանում են նախ պլատոնական սիրային կապեր։ Բայց Լեոնը երազում է մայրաքաղաքային կյանքի մասին և շուտով մեկնում է Փարիզ։ Որոշ ժամանակ անց Էմման ծանոթանում է Ռոդոլֆ Բուլանժեի՝ բավական հարուստ մի մարդու հետ։ Ռոդոլֆն սկսում է հոգ տանել նրան, և նրանք դառնում են սիրեկաններ։ Շուտով Էմման խրվում է պարտքերի մեջ և ծախսում փողերն առանց ամուսնու համաձայնության։ Հարաբերություններն ավարտվում են, երբ Էմման սկսում է երազել և պատրաստվել փախուստի ամուսնուց՝ սիրեկանի և դստեր հետ։ Ռոդոլֆը չի ուզում նման զարգացում, և նա հեռանում է Էմմայից, ինչը վերջինս շատ ծանր է տանում։
Հուսահատությունից փոքր-ինչ Էմման դուրս է գալիս, երբ հանդիպում է Փարիզից վերադարձած Լեոնին, ով վերսկսում է իր սիրախաղը։ Էմման փորձում է մերժել նրան, բայց չի կարող։ Էմման և Լեոնն առաջին անգամ սիրով զբաղվում են իրենց վարձած կառքում։ Նոր սիրեկանի հետ հարաբերություններն ստիպում են նրան խաբել ամուսնուն՝ ավելի ու ավելի շատ ստով լցնելով ընտանեկան կյանքը։ Բայց նա թաղված է ոչ միայն ստի, այլև պարոն Լերեին պարտքերի մեջ։ Երբ պարտատերն արդեն չի դիմանում և դիմում է դատարան, Էմման, փորձելով ելք գտնել, դիմում է սիրեկանին, մյուս ծանոթներին, անգամ Ռոդոլֆին, սակայն ապարդյուն։
Հուսահատված՝ նա դեղագործ Օմեյից թաքուն դեղատնից մկնդեղ է վերցնում և ընդունում այն։ Շուտով նա վատանում է. Ոչ ամուսինը, ոչ հրավիրված բժիշկը չեն կարող օգնել նրան, և նա մահանում է։ Մահից հետո Շառլը պարզում է նախ պարտքերի, ապա՝ սիրեկանների մասին իրականությունը։ Նա ցնցվում է և չկարողանակով դիմանալ այդ փորձությանը՝ մահանում։
Վեպը գրելու գաղափարը Ֆլոբերն ունեցել է դեռ 1851-ին։ Վեպը գրել է 5 տարվա ընթացքում՝ առանձին դրվագների վրա ամբողջ շաբաթներ և նույնիսկ ամիսներ անցկացնելով։ Այդ մասին վկայել է հենց Ֆլոբերը։ Նա ինքը կարդում էր այն վեպերը, որոնք սիրում էր իր հերոսուհի Էմման, ուսումնասիրում էր մկնդեղից թունավորման ախտանշանները։ Հայտնի է, որ հերոսուհու թունավորման տեսարանը գրելիս Ֆլոբերն իրեն վատ է զգացել։ Վեպի նախատիպը Դելամարի իրական պատմությունն է։ Բայց Ֆլոբերը կտրականապես հերքում էր այն՝ ասելով, որ տիկին Բովարին նախատիպ չունի։ Մի անգամ էլ նա հայտարարեց՝ Տիկին Բովարին ես եմ։
«Սալամբո»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սալամբոն» Գյուստավ Ֆլոբերի պատմական վեպն է, գրվել է 1857-62 թթ.։ Գործողությունը տեղի է ունենում Կարթագենում մ. թ .ա. 3-րդ դարում։
Կարթագենի թեմայով գիտական ուսումնասիրությունների բացակայության պայմաններում Ֆլոբերն օգտվում էր հին գրողների գործերից։ Սալամբոյի հերոսուհու կերպարը Համիլկարայի անանուն աղջկա կերպարի էվոլյուցիան է, ում հիշատակում է հին գրողներից մեկը։
Վեպի վրա աշխատելու առաջին ամիսներին Ֆլոբերն ուսումնասիրեց հին հեղինակների բոլոր վկայությունները Կարթագենի մասին։ 1858 թ. ամռանը Ֆլոբերը մեկնում է Թունիս՝ ծանոթանալու պատմական Կարթագենին։ Աստիճանաբար ուրվագծվում է վեպի ֆաբուլան։ Մինչև Թունիս ժամանելը վեպի գրառումները Ֆլոբերն այրում է, քանզի այստեղ համոզվում է, որ սխալ էր պատկերացնում փյունիկյան քաղաքակրթությունը։
1862 թ.՝ 5 տարի տքնաջան աշխատելուց և վեպն ավարտելուց հետո, Ֆլոբերը հրատարակչի հետ քննարկում է հեղինակային հոնորարի հարցը։
«Սալամբոն» լիովին արդարացնում է ֆրանսիական հասարակության սպասումները արևելյան էկզոտիկայի նկատմամբ։ Մեծ աղմուկ է հանում երեխաների զոհաբերության տեսարանը. այն համարում են անգամ սադիստական։ Բավական համարձակ է նաև Սալամբոյի և օձի համատեղ տեսարանը։
Վեպի հռչակից փյունիկյան զգեստները նորաձև են դառնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Gustave Flaubert (նիդերլ.)
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Флобер Гюстав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi - digital collection
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.amis-flaubert-maupassant.fr/article-bulletins/055_030/
- ↑ Les douze meilleurs romans du XIXᵉ siècle ont été désignés aujourd'hui (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1952. — P. 12. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Ֆլոբեր» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Ֆլոբեր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Ֆլոբեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||