Վլադիմիր Ստասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Ստասով
Владимир Стасов
Ilja Jefimowitsch Repin 012.jpg
Ծնվել էհունվարի 2 (14), 1824[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 10 (23), 1906[1] (82 տարեկանում)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունլրագրող, գրող և երաժշտական քննադատ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի ազգային գրադարան
ԱնդամակցությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերImperial School of Jurisprudence
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
ՀայրՎասիլի Ստասով
Vladimir Stasov Վիքիպահեստում

Վլադիմիր Վասիլևիչ Ստասով (ռուս.՝ Владимир Васильевич Стасов, հունվարի 2 (14), 1824 թ., Պետերբուրգ - հոկտեմբերի 10 (23), 1906 թ., Պետերբուրգ), ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ։ 19-րդ դար ռուս, դեմոկրատական մշակույթի խոշորագույն գործիչներից։ Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ (1900 թվական)։ Ճարտարապետ Ստասովի որդին։

1843 թվականին ավարտել է Իրավագիտության ուսումնարանը։ 1872 թվականից՝ Հանրային գրադարանի (այժմ՝ Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարան) գեղարվեստական բաժնի վարիչ։ Հիմնականում զբաղվել է գեղարվեստական և երաժշտական քննադատությամբ։ Ստասովը բազմակողմանի հետաքրքրություններով հանրագիտակ էր (1847 թվականից՝ հոդվածներ ռուս, և արտասահմանյան գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության մասին, հետազոտական և հավաքչական աշխատություններ հնագիտության, պատմության, բանասիրության, բանագիտության հարցերի վերաբերյալ)։ Հենվել է ռուս հեղափոխական դեմոկրատների՝ Բելինսկու, Գերցենի, Չեռնիշևսկու գեղագիտական սկզբունքների վրա։ ժամանակակից առաջավոր արվեստի հիմքը համարել է ռեալիզմն ու ժողովրդայնությունը։ Պայքարել է ակադեմիզմի դեմ, հանուն գեղարվեստական կյանքի դեմոկրատացման։ Ակտիվորեն մասնակցել է «Հզոր խմբակի», նկարիչների արտելի և Պերեդվիժնիկների ընկերության ստեղծագործական կյանքին։ Առաջինն է գնահատել ու խրախուսել Անտոկոլսկու, Վասնեցովի, Վերեշչագինի, Կրամսկոյի, Պերովի, Ռեպինի և այլոց ստեղծագործությունները։

Ստասովը հետևողականորեն պաշտպանել է ռուս կոմպոզիտորական դպրոցի զարգացման ազգային ինքնուրույն ուղիները, ազդել «Հզոր խմբակի» գեղագիտական և ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա։ Ուսումնասիրել ու պրոպագանդել է Գլինկայի ստեղծագործությունը (ավելի քան 30 աշխատություն, այդ թվում՝ մենագրություն, 1857 թվական), մենագրություններ է գրել կոմպոզիտորներ Մուսորգսկու, Բորոդինի, նկարիչներ Բրյուլլովի, Իվանովի, Վ. Պերովի, Ռեպինի և ուրիշների, ինչպես և ստեղծագործական դիմանկարներ՝ կատարողական արվեստի վարպետների (Պետրով, Ռուբինշտեյն) մասին։ Ստասովը առաջիններից է, որ հավաքել ու հրատարակել է ռուս նկարիչների և կոմպոզիտորների (Կրամսկոյ, Իվանով, Գլինկա, Մուսորգսկի և այլոց) նամականին։ Ռուսաստանում պրոպագանդել է Բեթհովենի, Լիստի, Բեռլիոզի, Շոպենի, Գրիգի և ուրիշների երաժշտությունը։

Ստասովի հոդվածները բնույթով հրապարակախոսական են, բանավիճային։ Նա մերկացրել է տիրող կարգերը, հավաստել ազատության դեմոկրատ, իդեալները, ընթերցողներին ու արվեստագետներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Բուռն վիճաբանությունների ընթացքում Ստասովը երբեմն դրսևորել է միակողմանիություն։ Չնայած դրան նա էական ներդրում ունի ռուս ռեալիստական գեղագիտության կարևորագույն հարցերի մշակման գործում։ Ստասովը գրել է նաև հայ մանրանկարչության՝ հատկապես զարդարվեստի մասին, անդրադարձել Այվազովսկու և Սուրենյանցի արվեստին, ծանոթ է եղել և նամակագրական կապեր ունեցել Ալիշանի, Լևոնյանի, Էմինի, Շահազիզի, Պատկանյանի հետ։ Սպենդիարյանը գրել է «Ստասովի հիշատակին» կանտատ (1907

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Стасов Владимир Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 106 CC-BY-SA-icon-80x15.png