Jump to content

Վասիլի Պերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Պերով
Ծնվել էդեկտեմբերի 21 1833 (հունվարի 2 1834)[1]
ԾննդավայրՏոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 29 (հունիսի 10), 1882[1] (48 տարեկան)
Մահվան վայրԿուզմինկի, Ուխտոմսկայա վոլոստ, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն[2] և Կերպարվեստ[2]
ՈւսուցիչՍերգեյ Զարյանկո
ԱշակերտներՊավել Վլասով
Ներշնչվել էԷդուարդ Մանե[3]
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
ՀայրԳրիգորի Կրիդներ
ԶավակներՎլադիմիր Պերով
 Vasilij Perov Վիքիպահեստում

Վասիլի Գրիգորևիչ Պերով (դեկտեմբերի 21 1833 (հունվարի 2 1834)[1], Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 29 (հունիսի 10), 1882[1], Կուզմինկի, Ուխտոմսկայա վոլոստ, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Պերովը նահանգային դատախազ բարոն Գեորգի (Գրիգորի) Կարլովիչ Կրիդեների և բնիկ տոբոլսկցի Ա. Ի. Իվանովայի ապօրինի որդին է։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը անհայտ է՝ 1833 թվականի դեկտեմբերի 21-23 (1834 թվականի հունվարի 2 կամ 4): Չնայած ծնողներն ամուսնացել են նրա ծնվելուց կարճ ժամանակ անց, Վասիլին իրավունք չի ունեցել հոր ազգանվան կամ տիտղոսի նկատմամբ[4]։ Պաշտոնական փաստաթղթերում երկար ժամանակ նշվել է «Վասիլիև» ազգանունը, որը տվել է նրա կնքահայրը։ «Պերով» ազգանունը ծագել է որպես մականուն, որը տղային տվել է նրա գրագիտության ուսուցիչը՝ արտահաստիքային դպիրը, որն այդ մականունով է կոչել իր աշակերտին նրա աշխատասիրության և գրչով աշխատելու հմտության համար[5]։

Վասիլիի ծնունդից մի քանի տարի անց նրա հայրն ազատվել է պետական ծառայությունից, և ընտանիքը տեղափոխվել է Արխանգելսկ, ապա՝ Դորպատի մոտ գտնվող Սուսլեպի, Կրիդեների ընտանեկան կալվածք։ Որոշ ժամանակ Վասիլի Պերովը ապրել է Սամարայի նահանգում՝ իր եղբայրների (հոր առաջին ամուսնությունից որդիները) կալվածքներում։

Հոր կողմից 1842 թվականին Յազիկովների կալվածքի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո, ընտանիքը տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի նահանգի Արզամասի գավառի Սաբլուկովո բնակավայր։ Այստեղ Վասիլին հիվանդացել է ջրծաղիկով և հիվանդության հետևանքները՝ վատ տեսողությունը, մնացել է նրա մոտ մինչև կյանքի վերջ։ Տղայի մոտ գեղանկարչության հանդեպ հետաքրքրությունը ծագել է հոր կողմից աշխատանքի հրավիրված նկարչի աշխատանքները դիտարկելիս։ 1843-1846 թվականներին Վասիլին սովորել է Արզամասի գավառային ուսումնարանում՝ բնակվելով իր ուսուցչի՝ Ֆավորսկու տանը։ Այդ ընթացքում նա շարունակել է ինքնուրույն զբաղվել նկարչությամբ։ Մայրը ցանկացել է որդուն ուղարկել Նիժնի Նովգորոդի գիմնազիա, բայց հայրը նոր աշխատանք է ստացել Պիյաիշնոե (Պիյավոչնոե) գյուղում, և Վասիլիին ուղարկել են սովորելու Արզամասի Ալեքսանդր Ստուպինի արվեստի դպրոցում, որտեղ նա սովորել է 1846-1849 թվականներին (ընդհատումներով)։ Ստուպինը թույլ է տվել Պերովին յուղաներկով նկարել իր մյուս աշակերտներից շուտ՝ ասելով, որ «Վասենկան չի կորչի, նա տաղանդ ունի, նա նկարիչ կդառնա»։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա դպրոցը չի ավարտել աշակերտներից մեկի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Ծնողների մոտ Պիյաիշնոե գալով՝ Վասիլի Պերովը սկսել է աշխատել «Խաչելություն» կտավի վրա (գտնվելու տեղը անհայտ է), որը նա նկարել է Մեծ Պահքի շրջանում և ավարտել Ավագ շաբաթվա ընթացքում։ Նկարը տեղակայված է եղել Նիկոլսկոե գյուղի մոտ գտնվող եկեղեցում։ Այդ ժամանակահատվածում Պերովը նկարել է մի շարք դիմանկարներ և ժանրային նկարներ՝ «Մուրացկանը ողորմություն է խնդրում», «Գյուղական եռյակ» և «Народное гуляние в семик»[6]։

Ն. Գ. Կրիդեներ։ 1856, Ռուսական պետական թանգարան

1852 թվականին Վասիլի Պերովը մեկնել է Մոսկվա և հաջորդ տարի ընդունվել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան։ Սակայն նա ո՛չ փող է ունեցել, ո՛չ էլ ապրելու տեղ, և երիտասարդ նկարիչը, կարիքից դրդված, մտածել է ուսումը թողնելու մասին, բայց այդ դժվարին պահին նրան օգնություն է ցուցաբերել ուսումնարանի իր ուսուցիչ Եգոր Վասիլևը, ով «խիստ էր, նույնիսկ որոշ չափով հնամոլ դասական», նա Պերովին տեղավորել է ի տանը և հայրաբար հոգ տարել նրա մասին։ Պերովի մյուս ուսուցիչներից են եղել Միխայիլ Սկոտին, Ապոլլոն Մոկրիցկին և Նիկոլայ Ռամազանովը։ Վասիլի Պերովը ուսումնարանն ավարտել է Սերգեյ Զարյանկոյի ղեկավարությամբ։

1856 թվականին Գեղարվեստի ակադեմիայում ներկայացված իր եղբոր՝ Նիկոլայ Գրիգորիևիչ Կրիդեների դիմանկարի համար Պերովը պարգևատրվել է փոքր արծաթե մեդալով[7]։ Այդ աշխատանքը սերտորեն կապված է եղել 19-րդ դարի սկզբի գեղարվեստական ավանդույթների հետ և կրել է ստուպինյան դպրոցի ազդեցությունները. սակայն, հետագա աշխատանքներում Պերովը հանդես է եկել որպես նորարար։ 1857 թվականին նրա «Ոստիկանի ժամանումը հետաքննության» կտավը արժանացել է մեծ արծաթե մեդալի։ Կտավը գրավել է հանրության և քննադատների ուշադրությունը, որոնք Պերովին համարել են «Ֆեդոտովի անմիջական ժառանգորդը և շարունակողը»։

Երիտասարդ նկարիչը բարձրացրել է Ֆեդոտովի ձեռքից ընկած վրձինը... և շարունակել նրա սկսած աշխատանքը, կարծես աշխարհում երբեք գոյություն չէին ունեցել բոլոր կեղծ թրքուհիները, կեղծ ասպետները, կեղծ հռոմեացիները, կեղծ իտալացիները, կեղծ ռուսները, կեղծ աստվածները և կեղծ մարդիկ։

Այդ կտավը նշանավորել է Գերասիմ Խլուդովի հավաքածուի սկիզբը։

Հաջորդ կտավի թեման որոշվել է ժողովրդական երգի խոսքերով. «Մայրը լաց է լինում ինչպես գետն է հոսում՝ քույրը լաց է լինում ինչպես առվակն է հոսում՝ կինը լաց է լինում ինչպես ցողն է ընկնում, արևը կծագի և կչորացնի ցողը»։ Պերովը դժգոհ է եղել Ե. Յա. Վասիլևի ղեկավարությամբ նկարված «Տեսարան գերեզմանի մոտ» կտավից՝ դրա կոմպոզիցիան համարելով չափազանց արհեստական։

Առաջին զինվորական կոչումը, 1860

1860 թվականին Ակադեմիան Պերովին շնորհել է փոքր ոսկե մեդալ «Առաջին աստիճան։ Դպիրի որդուն շնորհել են քոլեջի մատենավարի կոչում» կտավի համար, որը նկարչին հաստատել է որպես 1840-ականների երգիծական ժանրի ժառանգորդ։ Վաստակելով մեծ ոսկե մեդալի համար մրցույթին մասնակցելու իրավունք՝ Պերովը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ, 1861 թվականին, նա նկարել է «Քարոզ գյուղում» և «Գյուղական կրոնական երթը Զատկին»։ Առաջինի համար նա ստացել է մեծ ոսկե մեդալ (1867) և պանսիոների կարգավիճակով արտասահման մեկնելու իրավունք։

Երկրորդի վերաբերյալ, որը մերժվել է Ակադեմիայի կողմից, բայց ձեռք է բերել Պավել Տրետյակովը, Վասիլի Խուդյակովը գրել է․

Լուրեր էին շրջանառվում, որ Սուրբ Սինոդից շուտով ձեզ կհարցնեն, թե ի՞նչ հիմքերով եք գնել նման անբարոյական կտավներ և դրանք հրապարակայնորեն ցուցադրել: Կտավը («Քահանաներ») մշտապես ցուցադրվում էր Նևսկի պողոտայում գոծող մշտական ցուցահանդեսում, որտեղից, չնայած այն շուտով հեռացվել էր, սակայն մեծ աղմուկ է բարձրացրել: Եվ Պերովը, Իտալիայի փոխարեն, շուտով կարող էր հայտնվել Սոլովկիում:

Այս կտավը բուռն բանավեճերի տեղիք է տվել․ Վլադիմիր Ստասովը գովաբանել է այն իր ճշմարտության և անկեղծության, ճշգրիտ դիտարկված և փոխանցված կերպարների համար, մինչդեռ Մ. Միկեշինը պնդել է, որ նման միտումը սպանում է իսկական բարձր արվեստը՝ այն նսեմացնելով, ցույց տալով միայն կյանքի անհրապույր կողմերը: 1862 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո Պերովը նկարել է «Թեյախմություն Միտիշչիում» կտավը, որի կոմպոզիցիան կառուցված է գեր որկրամոլ վանականի և կաղ, կույր, պատերազմի հաշմանդամ տղամարդու՝ ուղեկցորդ տղայի հետ համադրման (հակադրության) հիման վրա։

1862 թվականի աշնանը Պերովն ամուսնացել է Ելենա Էդմոնդովնա Շեյնսի հետ, և դեկտեմբերին, Գեղարվեստի ակադեմիայի պանսիոների կարգավիճակով, նրա հետ մեկնել արտասահման։ Գերմանիայի մի շարք քաղաքներ (Բեռլին, Դրեզդեն, Դյուսելդորֆ) այցելելուց հետո նա մեկնել է Փարիզ։

1863-1864 թվականներին Պերովը բնակվել և աշխատել է Փարիզում: Նրա եվրոպական փողոցային տեսարաններ պատկերող կտավները («Արձանիկներ վաճառողը»[8], «Թափառական երաժիշտը», «Երգեհոնահարը», «Մուրացկանները բուլվարում», «Երաժիշտներ և անբաններ», «Հնավաճառները») ստեղծվել են այդ ժամանակաշրջանում: Ակադեմիայից պանսիոների կարգավիճակով Ռուսաստան վաղաժամկետ վերադառնալու թույլտվություն ստանալով նա վերադարձել է Մոսկվա, որտեղ էլ անցկացրել է կյանքի մնացած մասը: Պերովը բնակություն է հաստատել կնոջ քեռու՝ Ֆ. Ֆ. Ռեզանովի տանը:

Արտասահմանում գտնվելու ընթացքում Պերովը մտահղացել է ստեղծել մի մեծ կտավ, որը պատկերում է վանական կյանքը։ Նրան երկար ժամանակ է պահանջվել այդ կտավն ավարտելու համար, և առաջին անգամ այն ցուցադրվել է իր հետմահու ցուցահանդեսում՝ 1882 թվականին։ Բացի այդ նա նկարել է նաև «Ննջեցյալին ճանապարհելը» և «Հերթ լողավազանի մոտ» ժանրային կտավները՝ Մոսկվայի գեղարվեստի սիրահարների ընկերության և Գեղարվեստի խրախուսման ընկերության մրցույթներին մասնակցելու նպատակով, որոնց համար արժանացել է առաջին մրցանակի։ Այդ կտավները նշանավորել են նկարչի ստեղծագործության նոր փուլի սկիզբը՝ նա երգիծական թեմաներից անցել է ավելի դրամատիկ՝ «նվաստացածների և վիրավորվածների» թեմաներին։ Վ. Վ. Ստասովը գրել է․

1865 թվականին Պերովը ստեղծել էր իր լավագույն կտավներից մեկը՝ «Գյուղական հուղարկավորությունը»։ Կտավը չափսերով փոքր էր, բայց բովանդակությամբ մեծ... արվեստն այստեղ հանդես էր եկել իր իրական դերի ողջ վեհությամբ՝ այն պատկերում էր կյանքը, «բացատրում» էր այն, «հայտարարում էր իր դատավճիռը» դրա երևույթների վերաբերյալ։ Այդ հուղարկավորությունն ավելի մռայլ ու տխուր է, քան Նեկրասովի «Սառնամանիք - կարմիր քիթ» պոեմը։ Այստեղ դագաղն ուղեկցում էին հայրը, մայրը, հարևաններն ու հարևանուհիները, իսկ Պերովի մոտ՝ ոչ ոք։ Պերովը ներկայացրել էր գյուղացիական ընտանիքի լիակատար լքվածությունն ու միայնությունը իր վշտի հետ։

Հետագայում ստեղծված «Եռյակը», «Դաստիարակչուհու գալուստը» և «Տեսարան փոստային կայանից» նկարներում պատկերվել են վարձու աշխատողների դժվարին, նվաստացուցիչ պայմանները։ Նկարիչը այնպես է դասավորել պատկերները, որ կերպարները, կարծես, նախատինքով են նայում դիտողին, ուսումնասիրողները նշել են, որ այդ բնութագիրը բնորոշ է եղել Պերովի մի շարք դիմանկարների։

Եռյակ։ Աշակերտ-արհեստավորները ջուր են կրում, 1866, Տրետյակովյան պատկերասրահ

Պերովին շնորհվել է ակադեմիկոսի կոչում իր «Եռյակ» և «Դաստիարակչուհու գալուստը» վաճառականի տուն» կտավների համար։ Պավել Տրետյակովը ձեռք է բերել «Եռյակը» կտավը։

Պերովի հինգ կտավները՝ «Ննջեցյալին ճանապարհելը», «Առաջին աստիճանը», «Դիլետանտը», «Անտուն կիթառահարը» և «Եռյակը» ցուցադրվել են 1867 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ Արվեստի քննադատները ըստ արժանվույն են գնահատել նրա ստեղծագործությունները՝ Թեոֆիլ Թոր-Բյուրգերը գրել է․ «Նա ռուս է թե՛ սյուժների ընտրության, թե՛ դրանց ընկալման և մեկնաբանման յուրաձևությամբ»։ Պերովը նույն թվականին ակադեմիական ցուցահանդեսին է ներկայացրել չորս կտավ՝ «Մաքուր երկուշաբթի», «Նկարչության ուսուցիչը», «Ջրահեղձ եղած կինը»[9], «Աստվածամայրը և Քրիստոսը Կյանքի ծովի ափին»[10] և ստացել ակադեմիկոսի կոչում։

1868 թվականին Արվեստի ակադեմիան երկարաձգել է Պերովին կենսաթոշակի տրամադրումը երկու տարով։ Պերովը Մոսկվայի գեղարվեստի սիրահարների ընկերության մրցույթում արժանացել է առաջին մրցանակի իր «Տեսարան երկաթուղու մոտ» կտավի համար, որը բնութագրում է այն բարեխղճությունը, որով նկարիչը պատկերել է գյուղացիների դեմքերի արտահայտությունները։ Այդ տարվանից սկսած, շարունակելով ուսումնասիրել կենցազային թեմաները, Պերովը սկսել է իր ուժերի մեծ մասը նվիրել դիմանկարչությանը։

Իր դիմանկարներում Պերովին հաջողվել է դիմանկարչական արվեստում սահմանել նոր սոցիալ-հոգեբանական հեռանկարներ․ նա ձգտել է կտավի վրա վերստեղծել մարդուն ոչ միայն նրա նյութական կոնկրետությամբ, այլև նրա հոգևոր աշխարհի անսպառ բնույթով՝ «Անկախ տեսակից, անկախ դեմքից, անկախ կերպարից, յուրաքանչյուր զգացմունքի մեջ առկա է յուրահատուկ արտահայտչականություն: Խորաթափանց նկարիչը ճանաչում է այդ բոլոր բնութագրերը ուսումնասիրելով և դիտարկելով դրանք, ինչի արդյունքում նրա ստեղծագործությունը դառնում է անմահ, ճշմարիտ և կենսական», պնդում է Պերովը: «Վ. Վ. Բեզսոնովի դիմանկարը» կտավի համար նա արժանացել է Մոսկվայի գեղարվեստի սիրահարների ընկերության առաջին մրցանակին։ Պավել Տրետյակովի պատվերով նա նկարել է «Գրող Ա. Ֆ. Պիսեմսկու դիմանկարը»:

Պանդուխտը, 1870, Տրետյակովյան պատկերասրահ

1869 թվականին Գրիգորի Մյասոեդովի հետ միասին, հիմնադրել են Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը, իսկ Պերովը կազմակերպել է Մոսկվայի շրջիկ ցուցահանդեսների խումբը, որտեղ յոթ տարի եղել է խորհրդի անդամ։ 1870 թվականին ստացել է ընկերության առաջին մրցանակ «Թռչնորսը» նկարի համար։ «Պանդուխտը» և «Թռչնորսը» նկարների համար Գեղարվեստի ակադեմիայի կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման։

1870-ական թվականներին Պերովի ստեղծագործություններում առօրյա կենցաղային թեմաները զբաղեցրել են առանձնահատուկ տեղ։ Բացի դիմանկարներից (Տիմաշևայի, Ա. Ն. Օստրովսկու և Ստեպանովի), Գեղարվեստի շրջիկ ցուցահանդեսների ընկերության առաջին ցուցահանդեսում Պերովը ցուցադրել է «Որսորդները հանգստի պահին» և «Ձկնորսը» կտավները։ 1871 թվականին Պերովը նշանակվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի դասախոս՝ փոխարինելով հանգուցյալ Ս. Կ. Զարյանկոյին։

Շարունակելով դիմանկարային գեղանկարչությունը, 1871-1872 թվականներին Պերովը, Պավել Տրետյակովի պատվերով, նկարել է ռուս գրողների և գիտնականների՝ Իվան Տուրգենևի, Ալեքսանդր Օստրովսկու, Ֆեոդոր Դոստոևսկու, Ապոլոն Մայկովի, Վլադիմիր Դալի և Միխայիլ Պոգոդինի դիմանկարները, ինչպես նաև մոսկովյան վաճառական Ի. Ս. Կամինինի դիմանկարը։

Միխայիլ Նեստերովը գրել է․

Ի՞սկ նրա դիմանկարները։ Սա «վաճառական Կամինինն է», ով ընդգրկում է Օստրովսկու հերոսների գրեթե ամբողջ շրջանակը, իսկ ինքը՝ Օստրովսկին, Դոստոևսկին, Պոգոդինը, մի՞թե նրանք չեն ներկայացնում մի ամբողջ դարաշրջան։ Այդպիսի հնաոճ գույներով և պարզ նկարներով պատկերված Պերովի դիմանկարները երկար կապրեն և երբեք նորաձևությունից դուրս չեն գա, ինչպես Լուկա Կրանախի դիմանկարները և անտիկ քանդակագործական դիմանկարները։

Որոշ դիմանկարներում Պերովը հասել է «ճշմարտացիության» այնպիսի մակարդակի, որին ռուսական արվեստում հասնել են միայն Իլյա Ռեպինը և Վալենտին Սերովը։

1872 թվականին Պերովը երկրորդ անգամ ամուսնացել է Ելիզավետա Եգորովնա Դրուգանովայի հետ։ Նույն թվականին Պերովը Գեղարվեստի շրջիկ ցուցահանդեսների ընկերության 2-րդ ցուցահանդեսում ներկայացրել է դիմանկարների շարք: Հաջորդ տարի՝ 1873 թվականին, նրա «Ձկնորսը» և «Որսորդները հանգստի պահին» կտավները ներկայացվել են Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսում։

Պերովը ճանապարհորդել է Նիժնի Նովգորոդում, Վոլգա գետի ափերով և Օրենբուրգի նահանգում և սկսել է էտյուդներ նկարել «Պուգաչովի դատավարությունը» կտավի համար։ Այդ ընթացքում նա որսի ժամանակ մրսել է, ինչը հանգեցրել է տուբերկուլոզի, որն առաջին անգամ դրսևորվել է 1874 թվականին։

Ղրղզ դատապարտյալի գլուխը, 1873, Պետական պատմական թանգարան

1874 թվականին Գեղարվեստի շրջիկ ցուցահանդեսների ընկերության 3-րդ ցուցահանդեսում ցուցադրվել են «Հետևակները Սևաստոպոլի մոտ» կտավը և «Ղրղզ դատապարտյալը» էտյուդը: Իվան Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի սյուժեի հիման վրա նկարվել է «Ծեր ծնողները որդու գերեզմանի մոտ» կտավը: Այդ ժամանակ Պերովի հոգևոր կյանքն ու ստեղծագործությունը սկսել է ստանալ հակասական, անհանգիստ բնույթ․ նկարչի կտավներն ու գծանկարները ներառել են ինչպես նրա աշխատանքներում արդեն իսկ առկա թեմաների տարբերակներ, այնպես էլ նորահայտ պատմական, գրական և կրոնական սյուժեներ:

1877 թվականին Պերովը հրաժարվել է անդամակցել Գեղարվեստի շրջիկ ցուցահանդեսների ընկերությանը: Հաջորդ տարի մասնակցել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին՝ «Օտարականը», «Թռչնորսը», «Ձկնորսը», «Ֆոմուշկա-բվեճ» և «Որսորդները հանգստի պահին» կտավներով, ինչպես նաև Ֆեոդոր Դոստոևսկու և Վլադիմիր Բեզսոնովի դիմանկարներով։

Պերովը երեք անգամ անդրադարձել է Պուգաչովի դատավարության սյուժեին: Պուգաչովի կերպարը առաջին տարբերակում փոխվել է՝ ձիու վրա նստած խիզախ կազակից, երկրորդում՝ խղճուկ գյուղացու, իսկ երրորդում՝ կատաղի և հզոր չարագործի: «Պուգաչովի ապստամբությունը» ստեղծագործության առաջին, լավագույն տարբերակը մաս-մաս է նկարվել: 1879 թվականին նա վերջապես ավարտել է երրորդ տարբերակը, սակայն դա նույնպես չի բավարարել նկարչին, Պերովը մտադիր է եղել կրկին նկարել նկարը։

Պերովը այդ ժամանակաշրջանի իր ներքին կյանքի ողբերգականությունն արտահայտել է իր «Ավետարանական» շարքում և «Նիկիտա Պուստոսվյատ։ Վեճ հավատքի մասին» կտավում։

Կյանքի վերջին տարիներին Պերովը համագործակցել է Լեոնիդ Սաբանեևի «Բնություն և որս» ամսագրի հետ[11]: Նրա մի շարք պատմվածքներ հրապարակվել են «Գեղարվեստ ամսագրում»[12], որը 1881-1887 թվականներին հրատարակել է գրող և քննադատ Նիկոլայ Ալեքսանդրովը (1841–1907):

1881 թվականի վերջին տիֆը և թոքաբորբը վերջնականապես քայքայել են նրա առողջությունը։ Պերովը մահացել է թոքերի պալարախտից 49 տարեկան հասակում՝ մերձմոսկովյան Գոլիցինի փոքրիկ հիվանդանոցում, որը գտնվել է Կուզմինկիի կալվածքի[13] տարածքում (այժմ՝ Մոսկվայի տարածք)։ Նկարիչը թաղվել է Դանիլովի վանքի վանական գերեզմանատանը (նրա գերեզմանի վրա կանգնեցվել է Գողգոթայի խաչի տեսքով տապանաքար)։ Աճյունը վերաթաղվել է Դոնսկոյ վանքի գերեզմանատանը, վերաթաղման ճշգրիտ ամսաթիվը անհայտ է: Նկարչի նոր գերեզմանի վրա կանգնեցվել է հուշարձան, որի հեղինակը քանդակագործ Ալեքսեյ Եվգենիևիչ Ելեցկին է։

Վասիլի Պերովի որդին՝ Վլադիմիր Պերովը, նույնպես նկարիչ է եղել։

Վասիլի Պերովի գերեզմանը Մոսկվայի Դոնսկոյ վանքի գերեզմանատանը

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1882/1883 - Առաջին (հետմահու) ցուցահանդես (Մոսկվա/Սանկտ Պետերբուրգ)
  • 1934 - Ցուցահանդես նվիրված Պերովի ծննդյան տարեդարձին (Տրետյակովյան պատկերասրահ և Ռուսական թանգարան)
  • 1988 - Ցուցահանդես նվիրված Պերով ծննդյան 150-ամյակին (Տրետյակովյան պատկերասրահ)

Ֆիլատելիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում թողարկել են Պերովին նվիրված փոստային նամականիշներ և փոստային ծրար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. https://prizedwriting.ucdavis.edu/sites/prizedwriting.ucdavis.edu/files/sitewide/pastissues/16–17%20BRANDT.pdf
  4. Новицкий А. Перов, Василий Григорьевич // Русский биографический словарь : в 25 томах. СПб.М., 1896—1918.
  5. Дитерхис Л. К. Глава I // Василий Перов. Его жизнь и художественная деятельность. — СПб.: Издательство Флорентий Фёдорович Павленкова, 1893. — 80 с. — (Жизнь замечательных людей). 8100 экз.
  6. Николай Петрович Собко Василий Григорьевич Перов, его жизнь и произведения. — СПб.: Д. А. Ровинский, 1892. — 84 с., 60 л. ил. с.
  7. Картина была приобретена МУЖВЗ за 25 рублей и разыграна в лотерею; в 1896 году приобретена Академией художеств за 400 рублей (Исаков С. К. Русская живопись : [арх. 19 մարտի 2023] : [Каталог] / [Сост. С. К. Исаков]; Имп. Акад. художеств. Музей. Կաղապար:Пг., 1915. — С. 197. — VIII, 306, XL с., 2 л. ил. л. ил. : ил. OCLC 248134134.); в 1951 году из Комитета по делам искусств при Совете министров СССР поступила в Русский музей.
  8. При подготовке выставки произведений Перова к 150-летию со дня его рождения была сделана рентгенограмма картины «Шарманщик», которая выявила композиционные изменения: справа на месте шарманки стоял стол, на котором находились скульптурные бюсты и статуэтка. В списке Н. П. Собко 1899 года упоминалась картина «Итальянец, продающий статуи», местонахождение которой неизвестно. Возможно, что картина «Шарманщик» была написана поверх этой картины или эскиза к ней.
  9. Картине «Утопленница» В. Г. Перов посвятил позже рассказ «На натуре. Фанни под № 30», опубликованный в «Художественном журнале» (1881. — № 1, 2).
  10. Картина находилась в церкви Косьмы и Дамиана в Шубине.
  11. См. Перов В. Г. Цветущие деревья // Природа и охота. — СПб., 1881, декабрь. С. 10—11.
  12. Не путать с одноимённым современным журналом, выходящим с 1993 года.
  13. «Здание Голицынской больницы». Արխիվացված օրիգինալից 2021-06-21-ին. Վերցված է 2020-06-23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • В. Перов: Выставка произведений к 150-летию со дня рождения / Сост. Н. Ю. Зограф и др.; Автор вступительной статьи Вл. А. Петров. — М.: Советский художник, 1988. — С. 5—67. — 219 с.
  • Сарабьянов Д. В. В. Г. Перов и бытовой жанр 1860-х годов // История русского искусства. В 13 т. (1953—1969). / Под общ. ред. И. Э. Грабаря, В. Н. Лазарева и В. С. Кеменова. — М.: Издательство Академии наук СССР, 1965. — Т. 9. Кн. 1. — 588 с.
  • Биографическая библиотека Ф. Павленкова: Жизнь замечательных людей. В 3 т. — М.: Олма-Пресс, 2001. — Т. 3. — С. 676—682. — 800 с.
  • Булгаков Ф. И. Перов, Василий Григорьевич // Наши художники : (живописцы, скульпторы, мозаичисты, граверы и медальеры) на академических выставках последнего 25-летия : биографии, портреты художников и снимки с их произведений : в 2 т. / Ф. И. Булгаков. — СПб. : Тип. А. С. Суворина, 1890. — Т. 2 : Л — Я. — С. 88–91. — [2], 298 с., [3] л. ил. : ил. — OCLC 38661216.
  • Кондаков C. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764—1914 : в 2 т. / составил С. Н. Кондаков. — СПб. : Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 : Часть биографическая. — С. 149—150. — [4], VI, 454, [5] с. : ил., портр. — OCLC 707072219.
  • Новицкий А. П. Перов, Василий Григорьевич // Русский биографический словарь : в 25 томах / Под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцева. — СПб., 1902. — Т. 13: Павел преподобный — Петр (Илейка). — С. 551–560.
  • Собко Н. П. Перов, Василий Григорьевич // Словарь русских художников, ваятелей, живописцев, зодчих, рисовальщиков, граверов, литографов, медальеров, мозаичистов, иконописцев, литейщиков, чеканщиков, сканщиков и проч. : С древнейших времен до наших дней (IX—XIX в.в.) : (С 1867 по 1892 г. включит.) / Сост. на основании летописей, актов, арх. документов, автобиогр. заметок и печ. материалов Н. П. Собко. — СПб. : Тип. М. М. Стасюлевича, 1899. — Т. 3, вып. 1 : П (700 имён). — [4] с. — Стб. 73—173. — 508 стб. : ил. — OCLC 889716402.
  • Сомов А. И. Перов, Василий Григорьевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1898. — Т. XXIII. — С. 349—350.
  • Тарасов Н. Г. Перов, Василий Григорьевич // Энциклопедический словарь Гранат: В 58 томах. — М., 1915. — Т. 31. — Стб. 611—614.
  • Стасов В. В. Василий Григорьевич Перов // Исторический вестник. — СПб.: Тип. А. С. Суворина, 1892. — Т. 47, № 3. — С. 794—800.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Պերով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 277