Վասիլի Մաքսիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վասիլի Մաքսիմով
ռուս.՝ Василий Максимов
Maximov by Kramskoi.jpg
Ծնվել է հունվարի 17 (29), 1844
Ծննդավայր Novaya Ladoga, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1911 (67 տարեկանում)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Գեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ոճ ռեալիզմ
Ժանր ժանրային նկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Ամեն ինչ անցյալում է
Անդամակցություն Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Vassily Maximov Վիքիպահեստում

Վասիլի Մաքսիմովիչ Մաքսիմով (ռուս.՝ Василий Максимович Максимов, 17 (29) հունվարի, 1844, Լոպինո – 18 նոյեմբերի (1 դեկտեմբերի), 1911, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ (պերեդվիժնիկ):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Մաքսիմով

Վասիլի Մաքսիմովը ծնվել է 1844 թվականի հունվարի 17-ին (նոր տոմարով՝ հունվարի 29) Լոպինո գյուղում: 1855-1862 թվականներին սովորել է Պետերբուրգի սրբանկարչական արվեստանոցներում: 1863 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 1866 թվականը՝ աշակերտելով Ֆեոդոր Բրունիին, Տիմոֆեյ Նեֆին, Ալեքսեյ Մարկովին, Պյոտր Շամշինին[2]:

1864 թվականին Վասիլի Մաքսիմովը հարել է Պյոտր Կրեստոնոսցևի նկարչական արտելին, որ համախմբում էր երիտասարդների լայն շրջանակ: 1864 և 1865 թվականներին Վասիլի Մաքսիմովն արժանացել է փոքր արծաթե մեդալների նկարչության բնագավառում ունեցած իր հաջողությունների համար: 1865 թվականին «Հիվանդ երեխան» (ռուս.՝ «Больное дитя») նկարի համար ստանալով ոսկե մեդալ և երրորդ աստիճանի դասային նկարչի կոչում (1866)՝ Վասիլի Մաքսիմովը մեկնել է Տվերի նահանգ՝ նվիրվելով հասարակ ժողովրդին պատկերելու արվեստին:

Ողջ ակադեմիական կուրսն անցնելով երեք տարում՝ Վասիլի Մաքսիմովը 1866 թվականին հրաժարվել է մասնակցել մեծ ոսկե մեդալի համար մրցույթին, ինչպես երեք տարի առաջ արել էին «տասնչորսի» խմբի անդամներն Իվան Կրամսկոյի գլխավորությամբ: «Իմ համոզմունքներն ինձ ստիպում են չգնալ մրցույթին,- ասել է նա,- ես դեմ եմ արտասահմանյան ուղևորությանը, որովհետև նախ ուզում եմ ուսումնասիրել է Ռուսաստանն ու ռուսական աղքատ գյուղը, որը մեզ մոտ ոչ ոք չգիտի, չգիտի գյուղական կարիքն ու ցավը»:

1871 թվականից մինչև 1912 թվականը Վասիլի Մաքսիմովի աշխատանքները ցուցադրվել են պերեդվիժնիկների ցուցահանդեսներում (1874 թվականից եղել է ընկերության անդամ): 1878 թվականից ակադեմիկոս է: Նրա բոլոր աշխատանքները նվիրված են ժողովրդի, գյուղացիների կենցաղի ու կացութաձևի պատկերմանը, նպատակ են ունեցել գյուղացիությունը ներկայացնել որպես ռուս ժողովրդի լավագույն որակների կրող:

Իր կյանքի վերջին տարիները Վասիլի Մաքսիմովն անցկացրել է կարիքի մեջ, քանի որ պերեդվիժնիկների արվեստն այլևս այժմեական չէր: Կարիքն ու հիվանդությունը մահվան դուռն են հասցրել նկարչին, որ մահացել է 1911 թվականի դեկտեմբերի 1-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 14) Սանկտ Պետերբուրգում:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Մաքսիմովի «Կախարդի ժամանումը գյուղական հարսանիք» (ռուս.՝ «Приход колдуна на крестьянскую свадьбу», 1875) և «Ընտանեկան բաժանում գյուղական կենցաղում» (ռուս.՝ «Семейный раздел в крестьянском быту», 1876) նկարները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա):

Նկարչի նշանակալի աշխատանքներից են՝

  • «Աղքատ ընթրիք» («Бедный ужин», 1879),
  • «Ո՞վ է» («Кто там?», 1878),
  • «Հիվանդ ամուսինը» («Больной муж», 1881),
  • «Ամեն ինչ անցյալում է» («Всё в прошлом», 1889),
  • « «У своей полосы» (1892),
  • «Չար սկեսուր» («Лихая свекровь», 1893),
  • «Անտառի պահակը» («Лесной сторож», 1893):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Максимов Василий Максимович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Վասիլի Մաքսիմովը Տրետյակովյան պատկերասրահի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]