Իլյա Օստրոուխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Օստրոուխով
ռուս.՝ Илья Семёнович Остроухов[1]
Ծնվել էհուլիսի 20 (օգոստոսի 1), 1858
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 8, 1929(1929-07-08)[2][3][4][…] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿոմերցիոն գիտությունների ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և հավաքորդ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Ilya Semyonovich Ostroukhov Վիքիպահեստում

Իլյա Սեմյոնովիչ Օստրոուխով (ռուս.՝ Илья́ Семёнович Остроу́хов, հուլիսի 20 (օգոստոսի 1), 1858, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1929(1929-07-08)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բնանկարիչ, բնանկարների և հին ռուսական սրբապատկերների կոլեկցիոներ, գեղանկարչության վերագրման վարպետ։ Պերեդվիժնիկների արվեստի ցուցահանդեսների ընկերակցության անդամ, Ռուս նկարիչների միության անդամ, պետերբուրգյան գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ Պավել Տրետյակովի ընկերը և Տրետյակովյան պատկերասրահի ղեկավարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է ժառանգական պատվավոր քաղաքացի Սեմյոն Վասիլևիչ Օստրոուխովի վաճառական ընտանիքից։ Ամուսնացել է թեյի վաճառական Պյոտր Բոտկինի դստեր՝ Նադեժդայի հետ և եղել է Պ․ Բոտկինի Թեյի առևտրի ընկերության տնօրենների կազմում[5]։ 1870 թվականին ընդունվել է Մոսկվայի առևտրային գիտությունների ակադեմիա։ Ուսման ընթացքում հետաքրքրվել է կենդանաբանությամբ, նամակագրական կապի մեջ է եղել Ալֆրեդ Բրեմի հետ և սկսել է միջատաբանական կոլեկցիա հավաքել, որը հետագայում նվիրաբերել է Մոսկվայի համալսարանին։ Գրել է նաև «Ձկնորսություն» գիրքը (Մ., 1877)։

Նկարչության առաջին դասերը ստացել է 1880 թվականի ապրիլին, մոսկովյան հայտնի «տնային պրոֆեսոր» Ալեքսանդր Կիսելյովի մոտ, ով դասավանդում էր Անատոլի Մամոնտովի երեխաներին։ Ծանոթացել է Մամոնտովների ընտանիքի հետ դեռևս 1874 թվականին, երբ հայտնի հրատարակչի մոտ է բերել իր «Կենտրոնական Ռուսաստանի թռչունները» ակնարկները։ Այդ ժամանակվանից ընկերացել է նրա որդիների՝ Յուրիի և Միխայիլի հետ։ Նկարել սովորելու ցանկությունն Օստրոուխովի մոտ առաջացել է Պերեդվիժնիկների արվեստի ընկերակցության ցուցահանդեսում Վասիլի Պոլենովի «Մոսկովյան բակ», «Տատիկի այգին», «Բուսականությամբ ծածկված լճակը» նկարները դիտելուց հետո…Ինչպես ինքն է խոստովանել․ «Պոլենովի այդ բնանկարներից հետո ես սկսեցի լրջորեն ուղիներ փնտրել այդ գործով զբաղվելու համար, ինչը բարդ էր հիմնականում տարիքի պատճառով»[6]։ 1880 թվականի աշնանը Օստրոուխովը պատճենել է Պոլենովի էտյուդը, որը գտնվել է իր ուսուցչի մոտ, 1881 թվականի հոկտեմբերին նա այցելել է Պոլենովի արվեստանոց և կրկնօրինակել նրա «Բուսականությամբ ծածկված լճակը» կտավը։ 1881 թվականի ձմռանը, Կիսելյովի դասերին զուգահեռ, Օստրոուխովը հաճախել է դասերի Իլյա Ռեպինի մոտ։ Այդ ընթացքում՝ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ, Օստրոուխովը Վիկտոր Վասնեցովի հետ միասին ձևավորել է Բերենդեյ պալատի թատերական ազդագիրը և դեկորացիաները Սավվա Մամոնտովի ընտանիքի «Ձյունանուշը» տնային ներկայացման համար[7]։ Այնուհետև, 1884 թվականին, իր ամենամտերիմ ընկերոջ՝ Վալենտին Սերովի հետ, նա մասնակցել էր «Սև չալմա»[8] տնային ներկայացման ձևավորմանը, իսկ հետո պատրաստել է «Փոքրիկ գինետուն» դեկորացիայի էսքիզը Սավվա Մամոնտովի «Կարմեն» մասնավոր օպերայի 2-րդ գործողության համար, 1885 թվականի դեկտեմբերի 22-ին պիեսի պրեմիերայից հետո Վ. Դ. Պոլենովն իր նամակներից մեկում նշել է․ «Իլյա Սեմենովիչը նաև գեղարվեստական հաջողություններ ունեցավ, բայց դեկորատիվ արվեստում։ Ինձ շատ դուր եկավ նրա Կարմենի դեկորացիայի ձևավորումը»[9]։ Սակայն, բնանկարը մնում էր գլխավորը Իլյա Օստրոուխովի ստեղծագործության մեջ։

Վալենտին Սերով։ «Օստրոուխովը դաշնամուրի մոտ»։ 1886, թուղթ, գրաֆիտ մատիտ, Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա

Օստրոուխովն առաջին անգամ եկել է մամոնտովյան Աբրամցևո 1882 թվականի ամռանը։ Այդ ժամանակ այդտեղ կառուցվում էր «Անձեռակերտ Փրկչի պատկերով» եկեղեցին, և Օստրոուխովը նկարել է եկեղեցու էտյուդը՝ առանց հետագայում կառուցված մատուռի։ 1883 թվականին նկարել է «Աբրամցևյան եկեղեցու ինտերիերը» էտյուդը[10]։ Բազմիցս այցելելով Աբրամցևո՝ նկարել է մի շարք բնապատկերային էտյուդներ։

1882 թվականի աշնանը Ռեպինի խորհրդով մեկնել է Պետերբուրգ ուսումը շարունակելու։ Նա չի կարողացել ընդունվել Գեղարվեստի ակադեմիա և մեկ տարի մնացել է այնտեղ որպես ազատ ունկնդիր։ Ակադեմիայի գիպսե դահլիճում պարապմունքներից բացի, նա հաճախել է Ռեպինի ջրաներկի երեկոներին և նկարչությամբ է զբաղվել Արվեստների խրախուսման կայսերական ընկերության դպրոցում։ Գլխավորը դարձել են պարապմունքները Պավել Չիստյակովի մասնավոր արվեստանոցում, որտեղ Օստրոուխովը սովորել է երկու ուսումնական ժամանակաշրջան՝ 1882/83 և 1883/84 թվականներին[11]։ 1886 թվականի աշնանը սովորել է Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, Վլադիմիր Մակովսկու դասարանում։

Նկարիչ Օստրոուխովի հանրային դեբյուտը տեղի է ունեցել 1884 թվականին, երբ նա ցուցադրել է «Գետակ» բնապատկերը Մոսկվայի արվեստասերների ընկերության պարբերական ցուցահանդեսում։ 1886 թվականի փետրվարին նրա «Առաջին ձյունը»[12] և «Վաղ գարուն» կտավները ցուցադրվել են Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XIV ցուցահանդեսում։ Օստրոուխովը դժգոհ էր վերջինից և երկու տարի վերամշակելուց հետո, 1887 թվականի վերջին այն ներկայացվել է Մոսկվայի արվեստասերների ընկերության 7-րդ ցուցահանդեսում։ Բայց այդ տարվա սկզբին Պերեդվիժնիկների ընկերության հերթական XV ցուցահանդեսում նա ցուցադրել է իր մեկ այլ բնանկարը՝ «Ոսկե աշունը»։ Այդ երկու աշխատանքներն էլ Պավել Տրետյակովը ձեռք է բերել 1887 թվականին։ Այդ ընթացքում Օստրոուխովը երկու անգամ այցելել է Եվրոպա՝ նախ Գերմանիա, Ավստրիա և Ֆրանսիա։ Իսկ 1887 թվականի ամռանը Վալենտին Սերովի և Մ. Ա. և Յու. Ա. Մամոնտով եղբայրների հետ այցելել է Իտալիա և ուղևորությունից հետ է բերել Վենետիկի էտյուդները։ 1889 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XVII ցուցահանդեսում ցուցադրել է «Առաջին կանաչները» բնանկարը, որը համալրել է Պավել Տրետյակովի հավաքածուն։

1898 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Պավել Տրետյակովի մահից հետո, Մոսկվայի դումայի կողմից մշակվել է հատուկ «Պատկերասրահի մասին կանոնակարգ», ըստ որի այն պետք է ղեկավարեր դումայի կողմից ընտրված հոգաբարձուն, ով միաժամանակ Պատկերասրահի խորհրդի նախագահն էր, իսկ խորհուրդը բաղկացած էր չորս անդամից, որոնք նույնպես ընտրվում էին դումայի կողմից։ 1899 թվականի հունիսին քաղաքի այն ժամանակվա քաղաքապետ իշխան Վլադիմիր Գոլիցինը ընտրվեց առաջին հոգաբարձու, Խորհրդի կազմում ընտրվել էին Վալենտին Սերովը և կոլեկցիոներներ Իլյա Օստրոուխովը և Ի. Է. Ցվետկովը, իսկ հուլիսի 27-ին նրա կազմը համալրել է Պավել Միխայլովիչի չորս դուստրերից մեկը՝ Ալեքսանդրա Պավլովնա Բոտկինան։ Օստրոուխովը 1899-1903 թվականներին և 1905-1913 թվականներին եղել է Տրետյակովյան պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի փաստացի ղեկավարը։ 1903 թվականի հունիսին Իլյա Օստրոուխովը հեռացվեց պաշտոնից, նրան մեղադրել են նոր ձեռքբերումների համար չափազանց շատ միջոցներ ծախսելու մեջ[13]։ Նա մեկնել է Եվրոպա՝ առողջությունը բարելավելու Վոգեզի առողջարանում։ Թեև Մոսկվայի քաղաքային դումայի Տրետյակով եղբայրների քաղաքային արվեստի պատկերասրահի հոգաբարձուի ընտրությունների առաջին փուլում, 1905 թվականի հունվարի 28-ին, Օստրոուխովի թեկնածության քվեարկությունը տապալվեց, սակայն արդեն մարտի 10-ին նա, այնուամենայնիվ, ընտրվեց խորհրդի նախագահի պաշտոնում և պատկերասրահի հոգաբարձու։ Այն բանից հետո, երբ 1913 թվականի հունվարի 16-ին Տրետյակովյան պատկերասրահի հոգեկան հիվանդ այցելուն կտրատել է Ռեպինի «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» կտավը, Օստրոուխովի նկատմամբ սկսվել է քողարկված հալածանք՝ կազմակերպված նրա հանդեպ չարակամ տրամադրված անձանց կողմից, և նկարիչը շուտով հրաժարական է տվել[14]։

Նրա ամենահայտնի կտավներից են՝ «Ոսկե աշունը» (1886), «Առաջին կանաչները» (1887) և «Սիվերկո» (1890)։ Օստրոուխովի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Սիվերկո» կտավը, որը ստեղծվել է էտյուդային նյութի հիման վրա։ Ի. Ե. Գրաբարը այդ կտավի մասին գրել է․

Այդ կտավում ուշագրավ լրջություն կա, ինչ-որ նշանակություն կա, որը թույլ չի տալիս կտավին հնանալ և պահպանում է նրա գեղանկարչական եռանդը, մտքի պարզությունն ու զգացմունքների թարմությունը՝ չնայած վերջին տեխնիկական հաջողություններին և մոդեռնիստների կողմից ներկայացվող պահանջներին։

1891 թվականին, Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության XIX ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրվել էր «Սիվերկո» կտավը, Իլյա Սեմենովիչ Օստրոուխովը ևս տասը ցուցադրողների հետ[15] ընդունվեց ընկերակցություն։

Չնայած նրա որպես բնանկարիչ ճանաչմանը, նա նաև հետաքրքրություն ուներ դիմանկարի ժանրի նկատմամբ։ Դեռևս Չիստյակովի մոտ սովորելիս Օստրոուխովը Ս․ Վ. Ֆլերովին (1883 թվականի նոյեմբերի 4) ուղղված նամակում հայտնում էր, որ աշխատում է Ալեքսանդր Պավլովիչ Լենսկու մեծ դիմանկարի վրա, Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» պիեսից Պետրուչիոյի հագուստով[16]։ Հայտնի է նաև նրա Սերգեյ Բոտկինի դիմանկարը, որը նկարվել է 1889 թվականին[17]։ Հայտնի են նրա Ա. Ա. Կիսելյովի (Ռուսական թանգարան) և Ա. Վսևոլոժսկու (Վ. Դ. Պոլենովի թանգարան-արգելոց) գրաֆիկական դիմանկարները, ինչպես նաև Աննա Օստրոումովա-Լեբեդևայի դիմանկարը (մասնավոր հավաքածու), նկարված 1909 թվականին։

Վալենտին Սերով։ «Նկարիչ Իլյա Օստրոուխովի դիմանկարը»։ 1902, կտավ, յուղաներկ։ Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա

1900 թվականին Իլյա Օստրոուխովը ընտրվել է Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի Ռուսական բաժնի կազմակերպիչ, ցուցահանդեսի ավարտից հետո պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

1901 թվականին դարձել է Մոսկվայի քաղաքային դումայի անդամ, իսկ 1905 թվականին՝ Տրետյակովյան պատկերասրահի խորհրդի նախագահ և հոգաբարձու։ 1906 թվականին Իլյա Օստրոուխովն ընտրվել է Արվեստի ակադեմիայի իսկական անդամ։ Այդ ժամանակվանից նա գործնականում դադարել է նկարել՝ հօգուտ հասարակական գործունեության։ Եվ միայն 1916 թվականին, երբ Օստրոուխովը երկուսուկես շաբաթ բնակվել է Ղրիմում գտնվող Գուչկովների ամառանոցում, որը գտնվում էր ներկայիս Արտեկ ճամբարի տարածքում, նա վերադարձավ նկարչությանը, վերադառնալով Մոսկվա՝ նա հայտնել է․ «Ես վեց հաջող էտյուդներ եմ նկարել՝ առանց կալվածքի սահմաններից դուրս գալու։ Ընդհանրապես, ես այնտեղ նկարելու այնպիսի գրավչություն զգացի, որ նույնիսկ այստեղ սկսեցի nature morte Յալթայից բերված խեցիով»։ 1918 թվականի հունվարին Մոսկվայում Ռուսաստանի նկարիչների միության ցուցահանդեսում ցուցադրվել են նրա վերջին լայնածավալ բնանկարները՝ «Ղրիմյան կեսօր» (1916), «Առավոտը Գուրզուֆում» (1916), «Ծաղկած սալորենին և դեղձենին» ( 1917)։ Հետագայում, ոտքի հիվանդության պատճառով, նա արվեստանոցում նկարել է բնապատկերներ՝ հիմնվելով նախորդ էտյուդների վրա՝ 1921 թվականին ստեղծվել են «Տերևները չեն դողում...» և «Կեչու աշունը»։

Օստրոուխովը որպես կոլեկցիոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին Օստրոուխովը սկսել է ձևավորել իր գեղարվեստի հավաքածուն։ Դրան նպաստել է նաև նրա ամուսնությունը 1889 թվականի հուլիսին թեյի առևտրական հարուստ Ն. Պ. Բոտկինի դստեր հետ։ Որպես օժիտ՝ նա Տրուբնիկովսկի նրբանցքում (թիվ 17) տուն է ստացել։ Օստրոուխովի գեղանկարչական հավաքածուի առաջին նկարը Վ. Դ. Պոլենովի «Նավակ» էտյուդն է եղել, որը հեղինակը նվիրել է նրան 1882 թվականի ամռանը, 1885 թվականին Իսահակ Լևիտանը նվիրել է «Կամրջակ։ Սավվինսկայա Սլոբոդա» էտյուդը։ Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է Իլյա Ռեպինի (17 նկար), Վալենտին Սերովի (12 նկար), Վ. Դ. Պոլենովի (11 նկար), Միխայիլ Վրուբելի (3 աշխատանք), Վասիլի Սուրիկովի (6 աշխատանք), Իսահակ Լևիտանի գործերով, XIX դարի առաջին կեսի ռուսական դպրոցը ներկայացված էր Պավել Ֆեդոտովի, Ֆեոդոր Վասիլևի (11 նկար և էտյուդ), Ալեքսեյ Սավրասովի նկարներով։ Հավաքածուն ներառում է Անտոն Լոսենկոյի, Ֆեոդոր Մատվեևի, Ալեքսեյ Եգորովի, Վասիլի Շեբուևի, Ֆեոդոր Բրունիի, Պյոտր Սոկոլովի, Կառլ Բրյուլովի, Օրեստ Կիպրենսկու եզակի գործերը[18]։ Օստրոուխովի հավաքածուում գերակշռում են էտյուդները, քանի որ հենց դրանք է նա բարձր գնահատել։ Արևմտաեվրոպական գեղանկարչության բաժինը համեմատաբար փոքր է ռուսերենի համեմատ, այն առանձնացրել է իմպրեսիոնիզմի վարպետներ Էդգար Դեգայի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Էդուարդ Մանեի («Անտոնին Պրուստի դիմանկարը»[18]) և Անրի Մատիսի ստեղծագործությունները, նկարներից մեկը («Միանձնուհին մահվան մահճում»), որը Օստրոուխովը համարել է անհայտ իսպանացի նկարչի ստեղծագործություն, այնուհետև որոշ ժամանակ այն համարվել է Ֆրանցիսկո Գոյայի գործերից[19]։ Հետհեղափոխական ժամանակաշրջանում Օստրոուխովը նշել է․ «Առկա է ռուս նկարիչների 330 յուղաներկ գեղանկարչական գործեր և 550 գծանկարներ»։

Բացի նկարներից, Օստրոուխովը հավաքել է հին ռուսական սրբապատկերներ, նրա սրբապատկերների հավաքածուն համարվել է լավագույններից մեկը Ռուսաստանում։ Օստրոուխովի երրորդ պորտի ազգական՝ Վերա Իվանովնա Գուչկովա-Պրոխորովան, հիշել է հավաքածուի սրբապատկերային մասի այցելությունը․

Ինձ համակեց մի զգացում, որը հազվադեպ է լինում։ <...> Համընդհանուր սիրո զգացումն այն է, ինչ ես զգացի Օստրոուխովի սրբապատկերների հավաքածուի պատերի ներսում։ Ես ուզում էի նորից ու նորից վերադառնալ նրանց մոտ։ <...> Մենք նորից ու նորից մոտենում էինք իմ սիրած սրբապատկերներին, քեռի Իլյան ինձ ցույց էր տալիս մյուսներին... տիրում էր այնպիսի հանգստության մթնոլորտ, կարծես դժբախտ պատահարներ՝ հրդեհներ, ռումբեր չկային ու չէին կարող լինել... Հետո, երբ խոսքը վերաբերում էր հավաքածուի ժամանակակից հատվածին, Վրուբելը իմ վրա թողեց ամենաուժեղ տպավորությունը, ես զգացի ճնշող վախ[20]։

Նկարներ Օստրոուխովի հավաքածուից[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստրոուխովի հավաքածուն հասանելի է որպես մասնավոր թանգարան։ Ներքևի սենյակներում տեղադրվել են նկարներ, գրաֆիկա և քանդակ, իսկ վերևում՝ սրբապատկերներ։ 1914 թվականին շենքին կից կառուցվել է երկհարկանի քարե կցակառույց, «ներքին չհրկիզվող սանդուղքով գրքերի պահպանման համար»։ Զգալի արժեք է ունեցել նաև Օստրոուխովի գրադարանը (ավելի քան 12 հազար հատոր)։ 1914 թվականին Օստրոուխովը հրատարակել է իր «Այբբենական տեղեկատուն» (100 օրինակ տպաքանակով), ըստ որի հավաքածուում հաշվառված են եղել 2306 գրքերի և 26 հայրենական և արտասահմանյան պարբերականների անուններ։ Այստեղ պահվող արտասահմանյան հրատարակություններից են «Աստվածային կատակերգություն»-ը, որը լույս է տեսել 1515 թվականին, Օլեարիուսի «Դեպի Մոսկովիա Ճամփորդության նկարագրություն»-ը, «Դեկամերոն»-ը (1757) և այլն։ Ռուսական մասում պահվել են Գ. Ռ. Դերժավինի, Իվան Կռիլովի, Վասիլի Ժուկովսկու, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Պուշկինի կենդանության օրոք հրատարակված նրանց բազմաթիվ գրքեր,19-րդ դարի գրողների ամբողջական ստեղծագործություններ, նաև ձեռագրեր, այսպես կոչված «Ոսկե Ավետարան»-ը՝ 15-րդ դարի սկիզբի և Կիև-Պեչերսկի «Վարք սրբոց»-ը (1760)։ Բազմաթիվ գրքերի վրա դրված էին Վ. Մ. Վասենցովի կողմից պատրաստված գեղարվեստական գրապիտակներ։ Ոչ բոլորին թույլ են տվել մտնել Օստրոուխովի գրադարան։ 1918 թվականին թանգարանը ազգայնացվել է, իսկ Օստրոուխովը նշանակվել է նրա ցմահ պահապան։ 1920 թվականից այն կոչվել է «Ի. Ս. Օստրոուխովի անվան սրբապատկերների և գեղանկարչության թանգարան»։ Օստրոուխովի մահից հետո թանգարանը լուծարվել է, իսկ դրա ֆոնդերը տեղափոխվել են այլ թանգարաններ։ Օստրոուխովի սրբապատկերների հավաքածուի զգալի մասը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահի հին ռուսական արվեստի բաժնի հավաքածուում։

Օստրուխովի գերեզմանը Մոսկվայի Դանիլովսկոե գերեզմանատանը

Օստրուխովը նաև հիանալի երաժիշտ է եղել։ 1884 թվականի դեկտեմբերին Պ. Դ. Անտիպովային ուղղված նամակում Ելենա Պոլենովան գրել է, որ Է. Գ. Մամոնտովան և Օստրոուխովը նվագել են Բեթհովենի իններորդ սիմֆոնիան մեկնաբանություններով։ Եվ երբ Վիկտոր Վասնեցովը գնացել է Կիև՝ նկարազարդելու Վլադիմիրսկի տաճարը, Օստրոուխովը նրան գրել է․ «... մենք շատ ենք ուզում ձեզ տեսնել մեր շրջապատում, գոնե մի քանի օրով... մենք ձեր համար 4 ձեռքով կնվագենք ոչ միայն Բեթհովենի 4-րդ և 8-րդ սիմֆոնիաները, մեր երգացանկի վերջին նորությունները, այլ նույնիսկ ձեզ կներկայացնենք Բախի «Քրիստոսի չարչարանքները» ըստ Մատթեոս ավետարանչի»։

1929 թվականի մարտին ծանր հիվանդ, կիսակույր Օստրոուխովը զրկվել է ընտրական իրավունքից որպես «նախկին տնատեր և թեյի առևտրի համասեփականատեր», չորս ամիս անց՝ հուլիսի 8-ին, մահացել է 71 տարեկան հասակում և թաղվել Մոսկվայի Դանիլովսկի գերեզմանատանը։ Մեկ ամիս անց Օստրոուխովի սրբապատկերների և գեղանկարչության թանգարանը լուծարվել է։ Օստրոուխովի կնոջը դուրս են հանել տնից և նա մինչև իր կյանքի վերջն ապրել է Մոսկվայի նկուղներից մեկում։

Օստրոուխովի հուշահամալիրում գործում են Պետական գրական թանգարանի ցուցասրահները («Ի. Ս. Օստրոուխովի տունը Տրուբնիկիում»)։ Թանգարանը կազմակերպում է 20-րդ դարի գրականության պատմության վերաբերյալ ցուցահանդեսներ և գրականության հետ առնչվող նկարիչների ցուցահանդեսներ։

Օստրոուխովը՝ որպես նկարների վերագրման նշանավոր վարպետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Վերմեեր, «Հավատի այլաբանություն», 1670-1672 թթ., կտավ, յուղաներկ, Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, Նյու Յորք

Ըստ Աբրամ Էֆրոսի, նկարիչ Օստրոուխովը պարզապես արվեստի գործերի նշանավոր կոլեկցիոներ չէր, «նա ամենահամառ, ամենահետևողական, ամենակրքոտ հայտնագործողն էր, որ հայտնի էր ռուսական կոլեկցիոնիզմին»։ Որպես փորձառու նկարիչ, նկարների հեղինակներին որոշելիս նա օգտագործել է ինտուիտիվ, այսպես կոչված, վերագրման մեթոդը։ «Ահա գտածոն, հասանք գտածոյին, գրել է Էֆրոսը։ Նրա սահմանը միայն իր խորաթափանցությունն էր, իր հմտությունը և իր քմահաճությունը։ Բայց նա իր քմահաճությունը համարում էր համի և գիտելիքների գնահատական»[21]։

«Ամբողջ Մոսկվան էր եկել Օստրոուխովի արվեստանոց փորձաքննության»։ Նա սիրում էր առաջին հայացքից գնահատական տալ։ Ինքը՝ նկարիչը, կրկնում էր՝ «Թող արվեստագետներն ինձ ներկայացնեն իրենց վերագրումը հաստատող փաստաթղթերի գոնե մի կույտ, եթե ես տեսնեմ, որ դա Ռեմբրանդտը չէ, ուրեմն Ռեմբրանդը չէ»։ Օստրոուխովը կատարում էր նրբագույն դիտարկումներ՝ վստահելով նկարչի սեփական բնազդներին, իսկ այն, ինչ իրեն դուր չէր գալիս, նա պարզապես ասում էր՝ «անհեթեթություն է և աղբ»։ Բայց մի օր ճակատագիրը դաժան կատակ խաղաց նրա հետ։ Կոլեկցիոներ Դմիտրի Իվանովիչ Շչուկինը՝ մոսկվացի արվեստի կոլեկցիոներ երեք եղբայրներից մեկը, Օստրոուխովին ցույց տվեց մի առիթով գնված փոքրիկ նկարը։ Փորձագետը նայեց և իր սովորույթի համաձայն ասաց ՝ «անհեթեթություն է և աղբ»։ Շչուկինը վաճառեց նկարը, իսկ հետո պարզվեց, որ դա Դելֆտի Յան Վերմեերի այն ժամանակ անհայտ ստեղծագործությունն էր, որի աշխատանքներից մինչ օրս Ռուսաստանում չկան։ «Իսկ այժմ, գրում է Էֆրոսը, Վերմեերի „Այլաբանություն“-ը կախված է Հաագայի թանգարանում, որը հաստատված է իր մեծ վերնագրով... Եթե այն մնար մեզ մոտ, այն կլիներ միակ Վերմեերը ռուսական թանգարաններում»։ Օստրոուխովը երբեք չընդունեց իր սխալը, ավելին, նա պնդում էր, որ արվեստագետները «խոզի աչք» ունեն և գեղանկարչություն չեն տեսնում։ Օստրոուխովի համար, ով ուներ նկարչի բնազդ՝ ճանաչելու իր սիրելի նկարիչների ոճը, առաջարկվող նկարն ակնհայտորեն իսկական չէր, քանի որ, նրա կարծիքով, այն չէր համապատասխանում նշանավոր հոլանդացու ոճին և ձևին։ Օստրոուխովի կողմից մերժված նկարը գնել էր հոլանդական արվեստի նշանավոր քննադատ, կոլեկցիոներ և վերագրումների վարպետ Աբրահամ Բրեդիուսը։ 1889-1909 թվականներին Բրեդիուսը եղել է Հաագայի Մաուրիցհեյսի արվեստի պատկերասրահի տնօրենը։ Այժմ Վերմեերի «Հավատի այլաբանություն»-ը պահվում է Նյու Յորքի մետրոպոլիտենի արվեստի թանգարանում[22]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Русское искусство — № 3. — 2009.
  • Софья Владимировна Кудрявцева Илья Остроухов. 1858—1929 / Оформление серии Давид Моисеевич Плаксина. — Л.: Художник РСФСР, 1982. — 56 с. — (Массовая библиотека по искусству). — 30 000 экз. (обл.)
  • Грабарь И. Э. Автомонография Игоря Грабаря
  • Иовлева Л. Илья Остроухов — московский художник и собиратель // Журнал «Третьяковская галерея». — № 2. — 2006.
  • Наталия Юрьевна Семенова Московские коллекционеры. С. И. Щукин, И. А. Морозов, И. С. Остроухов. Три судьбы, три истории. — М.: Молодая гвардия, 2019. — 448 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-04330-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://rkd.nl/explore/artists/456252
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Ю. Петров Наемные управляющие в России. Опыт бизнес элит XIX-XX веков. / Банк Уралсиб. — Москва: Любимая книга, 2007. — С. 90—91. — 160 с. — ISBN 1-932525-59-9
  6. Как писал И. С. Остроухов «первым моим впечатлением от художественного произведения и первой академией» была копия с картины Тимофей Андреевич Неффа «Ангел молитвы», написанная его дядей, Сергеем Васильевичем Остроуховым, который окончил академию художеств и «был, очевидно, способным художником, но почему-то … бросившим живопись». Остроухов писал, что когда дядя приезжал из Ельца, где жил, в Москву, то «рисовал для меня все, что я требовал».
  7. Позже оперный спектакль «Снегурочка» Н. А. Римского-Корсакова стал одним из центральных в Русской частной оперы С. Мамонтова.
  8. В этом спектакле, поставленном 1 августа 1884 года в Абрамцево, Остроухов участвовал и как актёр — в роли палача — и, по «Воспоминаниям» Всеволода Саввича Мамонтова, поразил всех: «успех Остроухова был колоссален». Это был его первый и последний сценический опыт.
  9. В 1887 году, по просьбе С. И. Мамонтова Остроухов написал эскиз декорации маслом, где указал, что «Декорации в театре С. И. Мамонтова писал по этому эскизу Константин Алексеевич Коровин»
  10. Этот этюд, также как и этюд «Церковь в Абрамцеве» (1882. Холст на картоне, масло. 30 х 20,2) находится в музее-заповеднике «Абрамцево».
  11. Экспозиция персональной выставки И. С. Остроухова, организованная в Москве, в 1925 году, посвящённая сорокалетию его художественной деятельности, открывалась этюдом старика, написанным в то время под руководством Чистякова.
  12. Эту картину хотел купить П. М. Третьяков, но приобрёл В. Г. Сапожников.
  13. Газета «Новости дня», комментируя отставку Остроухова, писала: «Против Остроухова ратовала главным образом мещанско-купеческая часть Думы, боящаяся всего нового даже в искусстве, которого эта партия не понимает».
  14. Опасаясь прихода к руководству галереей И. Е. Цветкова, группа гласных московской городской думы предложила кандидатуру И. Грабаря, с которой Остроухов согласился.
  15. Среди принятых в «Товарищество передвижных художественных выставок» были: Сергей Иванович Светославский, Исаак Ильич Левитан, Николай Алексеевич Касаткин, Алексей Степанович Степанов, Абрам Ефимович Архипов.
  16. Такой же портрет и в том же году был написан Иван Николаевич Крамским (находится в ГТГ).
  17. В 1905 году портрет экспонировался на историко-художественной выставке русских портретов, устроенной в Таврическом дворце усилиями Сергей Павлович Дягилева.
  18. 18,0 18,1 «70-летию передачи коллекции И. С. Остроухова в ГТГ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  19. «В китайском музее треть экспонатов оказались фальшивыми». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  20. Остроухов приобрёл у Врубеля его «Сирень» за 400 рублей и акварельный эскиз «Демона» за 25 рублей. — см. Письма М. А. Врубеля Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
  21. Эфрос А. М. Профили. Очерки о русских художниках. — СПб.: Азбука-классика, 2007. — С. 71.
  22. Виктор Георгиевич Власов Теория и практика знаточества, методика стилистической критики, проблема ценности и качества произведения изобразительного искусства // Власов В. Г. Искусство России в пространстве Евразии. — В 3-х т. — СПб.: Дмитрий Буланин, 2012. — Т. 3. — C. 76

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Օստրոուխով» հոդվածին։