Օստրոուխովի տուն (Տրուբնիկովսկի նրբանցք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստրոուխովի տուն
Տեսակպատմական շենք, ցուցասրահ և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
Հիմնադրվել է1979
Կայքgoslitmuz.ru
Քարտեզ
Քարտեզ

Իլյա Օստրոուխովի տունը Տրուբնիկովսկիում (ռուս.՝ Дом Ильи Остроу́хова в Трубника́х), Դալիի անվան ռուսական գրականության պատմության պետական ​​թանգարանի ցուցասրահ, որը գտնվում է Մոսկվայում, Տրուբնիկովսկի նրբանցքի թիվ 17 հասցեում։ Թանգարանը գտնվում է նկարիչ և կոլեկցիոներ Իլյա Օստրոուխովի նախկին առանձնատանը, ով այստեղ բնակվել է 1890-ից 1929 թվականներին։ Թանգարանը պարբերաբար կազմակերպում է մեծ ցուցահանդեսային նախագծեր, սակայն չունի մշտական ​​ցուցադրություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի փայտե շենքը կառուցվել է ֆրանսիացիների կողմից Մոսկվայում՝ 1812 թվականին բռնկված հրդեհից հետո։ 1820-ական թվականներին կառուցված առանձնատունը ենթարկվել է մի քանի հիմնական վերակառուցումների՝ 1858, 1870 և 1889 թվականներին։ Այդ ընթացքում քանդվել են բակի այգին և փայտյա շինությունները, փոխվել են տեղանքի սահմանները։ Տան առաջին սեփականատերը եղել է Ե. Սոլնցևան, իսկ 1880-ականներին շենքը գնել են վաճառականներ Դմիտրի և Պյոտր Բոտկինները։ Նկարիչ Իլյա Օստրոուխովը 1890 թվականին սեփականատեր է դարձել Պյոտր Բոտկինի դստեր՝ Նադեժդայի[2] հետ ամուսնանալուց հետո, «Տրուբիկովսկի նրբանցքի տունը» նրանց է տրվել որպես օժիտ[3]։

Այդ ժամանակվանից Օստրոուխովը սկսել է ձևավորել իր սեփական արվեստի հավաքածուն, որը բաղկացած էր հիմնականում ռուս նկարիչների էտյուդներից, իմպրեսիոնիստների ստեղծագործություններից և սրբապատկերների հավաքածուից[4]։ 1891 թվականին Օստրոուխովի հավաքածուն բացվել է հանրության համար։ Ցուցանմուշների թիվն աճել է և 1905 թվականին կառուցվել է աղյուսե կցակառույցը, իսկ ինը տարի անց ավելացվել է դրա երկրորդ հարկը և բակի բնակելի քարե շենքը[3][4]։

Հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին, կալվածքն ազգայնացվել է, դարձել Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղ և կոչվել «Իլյա Օստրոուխովի անվան սրբանկարչության և գեղանկարչության թանգարան»։ 1979 թվականից առանձնատունը ընդգրկվել է Պետական գրական թանգարանի կազմում։ Ռեստավրացիայի ընթացքում շենքին վերադարձվել է 19-րդ դարի վերջի պատմական տեսքը, վերականգնվել է ներքին հատակագիծն ու դեկորը[4]։

Հավաքածուի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Օստրոուխովի դիմանկարը, նկարիչ Սերգեյ Մալյուտին, 1915
Վասիլի Պոլենովի «Նավակ» կտավը, որի էսքիզը եղել է առաջինը Օստրոուխովի արվեստի հավաքածուում

Իլյա Օստրոուխովն իր ողջ կյանքի ընթացքում զբաղվել է հավաքածու կազմելով[2]։ Լինելով կայացած նկարիչ՝ նա հավաքել է Աբրամցևոյի գեղարվեստական խմբակի իր գործընկերների էտյուդներն ու էսքիզները։ Նրա հավաքածուում առաջինը եղել է Վասիլի Պոլենովի «Նավակ» նկարը, որը նկարիչը նրան նվիրել է 1883 թվականին։ Այնուամենայնիվ, հավաքածուի մեծ մասը կազմավորվել է 1890-ականներին։ Ինչպես նշում է արվեստագետ Լիդիա Իովլևան, Օստրոուխովը սկսել է հավաքել իր առաջին ցուցանմուշները Եվրոպա ուղևորությունների ընթացքում, դրանցից են՝ «միջնադարյան իսպանական կանթեղները և կոպենհագենյան հախճապակեղենը, պեղումների ժամանակ հայտնաբերված եգիպտական ​​կենցաղային և պաշտամունքի առարկաները, հունահռոմեական արձանիկներն ու սկահակները, եվրոպական և չինական ճենապակին, ճապոնական հովհարներն ու փորագրությունները»[5]։

Օստրոուխովի գեղարվեստական ​​ճաշակի և հավաքածուի վրա մեծ ազդեցություն է թողել նրա մտերմությունը Պավել Տրետյակովի հետ, ում մահից հետո 1913 թվականին Օստրոուխովն ընտրվել է Տրետյակովյան պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 1904 թվականից՝ ղեկավար[5]։ Մինչև 1900-ական թվականները Օստրոուխովի հիմնական հավաքածուն բաղկացած է եղել ռուս նկարիչներ Վասիլի Պերովի, Իլյա Ռեպինի, Իվան Կրամսկոյի, Վասիլի Սուրիկովի, Վիկտոր Վասնեցովի, Վասիլի Պոլենովի, Իսահակ Լևիտանի, Վասիլի Սերովի, Միխայիլ Վրուբելի ստեղծագործություններից[6]։

20-րդ դարի սկզբին Օստրոուխովն ընկերացել է Սերգեյ Դյագիլևի հետ և հավաքածուն համալրվել է «Արվեստի աշխարհ» միավորման անդամների ստեղծագործություններով՝ Կոնստանտին Սոմովի «Գարուն ծովափին», Ալեքսանդր Բենուայի և Լեոն Բակստի ջրաներկ գործերով։ Հավաքածուի վրա մեծ ազդեցություն է ունեցել նկարչի հիացմունքը ֆրանսիացի իմպրեսիոնիստների գործերը։ 1911 թվականին նա նույնիսկ հյուրընկալել է Անրի Մատիսին իր տանը և Տրետյակովյան պատկերասրահում[7]։

Իլյա Օստրոուխովն ունեցել է նաև Ռուսաստանում սրբապատկերների ամենամեծ հավաքածուներից մեկը։ Նրա հավաքածուն ներառել է Անդրեյ Բոգոլյուբսկու և Սերգիյ Ռադոնեժսկու պատկերները, Անդրեյ Ռուբլյովի գործերը և Մեծ Նովգորոդի հին ռուսական սրբապատկերները։ Հավաքածուում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել 15-րդ դարի Եղիա մարգարեի սրբապատկերը, որը նվիրվել է նկարչին[8]։ Ինչպես հիշում է Ալեքսանդր Բենուան, Օստրոուխովը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանում և արտերկրում սրբանկարչության հանրահռչակման գործում․

Մի շարք հաջող ձեռքբերումների շնորհիվ, որոնք սովորաբար կատարվում էին իր ընկերոջ՝ Տրետյակովյան պատկերասրահի թանգարանապահ Չեռնոգուբովի միջոցով (նուրբ ճաշակի տեր, հավաքածուների կոմբինացիաներ ստեղծելու գործում հմտացած կոկետ մարդ), նա համոզված էր, որ իր անունը հայտնի կդառնա որպես ամենաառաջադեմ, ամենալուսավոր կոլեկցիոներ, ով նաև անգնահատելի ծառայություններ է մատուցում ռուսական մշակույթին... Ի վերջո, գեղեցկության այդ նոր բնագավառի բացահայտումը համաշխարհային (արտասահմանյան ցուցահանդեսների շնորհիվ) սենսացիա առաջացրեց։ Տակավին վերջերս համարվում էր, որ ամբողջ ռուսական գեղանկարչությունը մինչև Պյոտրը եղել է ամորֆ, ստրկական նմանակող մի բան։ Այժմ Արևմուտքի արվեստի պատմաբանները բարձր են գնահատում ռուսական սրբապատկերները, իսկ մյուսները նույնիսկ հակված են ռուս նկարիչներին (ոչ թե սրբանկարիչներին, այլ նկարիչներին) և դրանց թվում առաջին հերթին Անդրեյ Ռուբլյովին և Դիոնիսեսին հավասարեցնել իտալացի տրեչենտիստների և կվատրոչենտիստների հետ [9]։

1912 թվականին Օստրոուխովը մասնակցել է Ալեքսանդր III-ի անվան ռուսական թանգարանի քրիստոնեական հնությունների բաժնի հավաքածուի ստեղծմանը` թանգարանին առաջարկելով վերականգնողների և հնավաճառների ծառայություններ[10]։

1929 թվականին նկարչի մահից հետո Օստրոուխովի հավաքածուն հանվել է առանձնատնից, իսկ Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանը փակվել է։ Իլյա Օստրոուխովի զարմուհին՝ Վերա Պրոխորովան, ավելի ուշ իր հուշերում գրել է․

Քեռի Իլյայի հավաքածուի ճակատագիրը ողբերգական էր։ Օստրոուխովի անսպասելի մահից հետո նրա տանից թանկարժեք իրերը պարզապես գողացել էին։ Ինչ-որ բան տեղափոխվել էր Տրետյակովյան պատկերասրահ, բայց ինչ-որ բան ընդմիշտ անհետացել էր։ Ինչպես, օրինակ, Տիցիանի նկարը։ Օստրոուխովը տանը ուներ 12 հազար հատորանոց հարուստ գրադարան, որը նույնպես գողացել էին նրա մահից հետո։ Սարսափելի տեսարան էր։ Նույնիսկ մենք՝ երեխաներս, հասկանում էինք, որ ինչ-որ սարսափելի ու տարերային բան է կատարվում։ Մեզ թույլ տվեցին մի քանի գիրք վերցնել։ Այնուհետև մենք դրանք պահեցինք «Իլյա Օստրոուխովի գրադարանից» գեղարվեստական գրապիտակի հետ։ Բոլշևիկները քիչ էին հետաքրքրվում գրքերով։ Նրանց ավելի շատ հետաքրքրում էին նկարները, որոնք նրանք հապճեպ դուրս էին տանում։ Քարշ տալով տանում էին նաև սրբապատկերները[11]։

Հավաքածուի մեծ մասը, այդ թվում նկարների և սրբապատկերների հավաքածուն, տեղափոխվել է Տրետյակովյան պատկերասրահ[12] և Պատմական թանգարան 1929 թվականին[13]։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրական Ատլանտիդա՝ 1990-2000-ականների բանաստեղծական կյանքը» ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել Օստրոուխովի տանը 2017 թվականին

1979 թվականից առանձնատունը կրկին ձեռք է բերել թանգարանային օբյեկտի կարգավիճակ և սկսել է պատկանել Պետական գրական թանգարանին։ 1983 թվականին թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Վասիլի Ժուկովսկու ծննդյան 200-ամյակին։ 1984-1992 թվականներին թանգարանում ցուցադրվել է 20-րդ դարի ռուս գրականության պատմության վերաբերյալ աշխատանքների հավաքածու։ 1992 թվականին Օստրոուխովի առանձնատունը ձեռք է բերել ցուցասրահի կարգավիճակ։ 2014 թվականից Օստրոուխովի տունը գործում է որպես գիտա-ցուցահանդեսային կենտրոն և կոչվում է «Իլյա Օստրոուխովի տուն Տրուբնիկովսկիում»[14]։

2018 թվականի սկզբից «Իլյա Օստրոուխովի տունը Տրուբնիկովսկիում» մշտական ​​ցուցադրություն չունի։ 2011 թվականին թանգարանը հաղթել է «Փոփոխվող թանգարանը փոփոխվող աշխարհում» մրցույթում, որը կազմակերպել է Պոտանինի հիմնադրամը՝ օժանդակելու թանգարաններին ժամանակակից նախագծերի իրականացման գործում[1][15]։

Խոշոր ցուցահանդեսներ 2014-2018 թվականներին․

  • «Ալեքսանդր Վերտինսկի։ Դարի լեգենդ» (2014) - կազմակերպվել է կոմպոզիտորի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ։ Ցուցահանդեսի յուրաքանչյուր բաժին ներառել է նկարչի կյանքի որոշակի ժամանակաշրջան՝ նախահեղափոխական ստեղծագործություն, արտագաղթ, կյանքը Շանհայում, վերադարձ Ռուսաստան[1]։
  • «Աննա Ախմատովայի հավաքածուի հազվադեպությունները ՊԳԹ-ի հավաքածուում» (2014)[1]։
  • «Յուրի Աննենկով։ Դիմանկարներ, նկարազարդումներ և թատերական էսքիզներ հավաքածուից» (2014) - նվիրված գեղանկարչի ծննդյան 125-ամյակին[1]։
  • «Աշխարհը սկսեց սարսափելի ու մեծ լինել...» (2014) - նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին[1]։
  • «Իսահակ Բաբելի ճանապարհները» (2014) - բացվել է գրողի ծննդյան 120-ամյակին։ Ժամանակավոր ցուցադրությունը ներառում էր ձեռագրեր, գրքեր և լուսանկարներ գրողի կյանքից։ Հասանելի է եղել նաև ցուցահանդեսի վիրտուալ շրջայցը[16]։
  • «Պաստեռնակի Մոսկվան իրադարձություններում և դեմքերում» (2015), նվիրված բանաստեղծի 125-ամյակին[1]։
  • Օսիպ Մանդելշտամի 125-ամյակին նվիրված ցուցահանդես (2015), կազմակերպվել է Փրինսթոնի և Հայդելբերգի համալսարանների արխիվների մասնակցությամբ։ Ցուցահանդեսը ներառել է լուսանկարներ, ինքնագրեր, փաստաթղթեր և հրապարակումներ։ Ցուցահանդեսը դարձել է Մանդելշտամին նվիրված ամենամեծ ցուցադրությունը Ռուսաստանում[17]։
  • Աննա Սարյանի նկարների ցուցահանդես (2016), ցուցասրահում ցուցադրվել են աշխատանքներ մասնավոր հավաքածուներից և նկարչի նոր ստեղծագործությունները[18]։
  • «Բնակարանային հարց» (2016) - նվիրված խորհրդային շրջանի գրողների կյանքին և առօրյային[19]։
  • «Տասներկու։ Ռուս գրողները՝ որպես 1917 թվականի հեղափոխության հայելի», որը կազմակերպվել է հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ և ներկայացրել է Վլադիմիր Մայակովսկու, Ալեքսանդր Բլոկի, Ալեքսեյ Ռեմիզովի, Իվան Բունինի, Զինաիդա Գիպպիուսի, Մաքսիմ Գորկու, Ալեքսեյ Տոլստոյի, Մարինա Ցվետաևայի, Մաքսիմիլիան Վոլոշինի, Վալերի Բրյուսովի, Դեմյան Բեդնիի և Անատոլի Լունաչարսկու ճակատագրերը։ Ցուցահանդեսային տարածքը բաժանված էր տասներկու սենյակների, որոնցից յուրաքանչյուրը պատմում էր առանձին գրողի կյանքի մասին[20]։
  • «Գրական Ատլանտիդա՝ 1990-2000-ականների բանաստեղծական կյանքը» (2017), միջոցառման նպատակն էր խոսել պետական ​​գաղափարախոսությունից զերծ հետխորհրդային պոեզիայի և գրականության մասին[21]։
  • «Ռիլկեն և Ռուսաստանը» (2018), միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի և Շվեյցարիայի հետ համատեղ։ Ժամանակավոր ցուցադրությունը ներառել է մոտ 280 ցուցանմուշ՝ նվիրված բանաստեղծ Ռայներ Ռիլկեի Ռուսաստանի հետ մշակութային կապերին[22]։

Թանգարանին կից գործում է երեխաների հետ աշխատելու մշակութային կենտրոն։ Հիմնական նախագծերը՝ «Դասից դուրս», «Ժամանցային բանասիրություն», «Գրում ենք փետուրներով» նվիրված են դպրոցականների ստեղծագործական հմտությունների զարգացմանը, գրականության պատմության վերաբերյալ նրանց գիտելիքների խորացմանը, ինչպես նաև գրելու հմտությունների կատարելագործմանը[23]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Дом И.С. Остроухова в Трубниках». Музеи России. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  2. 2,0 2,1 Иовлева, 2006, էջ 48
  3. 3,0 3,1 «Прогулки по старой Москве и не только. Дом Остроухова в Трубниковском переулке». 2010 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 «История дома И. С. Остроухова». Государственный музей истории российской литературы имени В.И. Даля (Государственный литературный музей). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 Иовлева, 2006, էջ 49
  6. Иовлева, 2006, էջ 51
  7. Иовлева, 2006, էջ 53
  8. Анисов Лев (2014-12). «Исторические миниатюры о русских художниках». Москва. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  9. Бенуа, 1980, էջ 366
  10. Пивоварова, 2012, էջ 453—465
  11. Прохорова, 2012, էջ 13
  12. Умеренкова, 2008, էջ 250—252
  13. «Илья Семенович Остроухов: В плену страстей». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  14. «Афиша». Государственный литературный музей. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  15. «Меняющийся музей в меняющемся мире». Благотворительный фонд В. Потанина. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  16. «Виртуальный тур по выставке «Дороги Исаака Бабеля»». Государственный музей истории российской литературы имени В.И. Даля. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  17. «Литмузей проведет выставку к 125-летию Мандельштама». Colta. 2015 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  18. Выставка Анны Сарьян
  19. «Выставочный проект "Квартирный вопрос"». Государственный музей истории литературы имени В.И. Даля. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  20. «Гослитмузей готовит выставку к столетию революции». Colta. 2017 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  21. «Выставка "Литературная Атлантида: поэтическая жизнь 1990-2000-х"». Государственный музей истории российской литературы имени В.И. Даля. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  22. «Выставка «Рильке и Россия» открылась в Москве». Горький. 2018 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  23. «Программы Дома И. С. Остроухова в Трубниках». Благотворительный фонд В. Потанина. 2017 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստրոուխովի տուն (Տրուբնիկովսկի նրբանցք)» հոդվածին։