Փրինսթոնի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրինսթոնի համալսարան
Princeton text logo.svg
ClevelandTowerWatercolor20060829.jpg
Տեսակ մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, գաղութային քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն[1]
Հիմնադրված է 1746[2]
Անդակակցություն Այվի Լիգա, ORCID[3], Scholarly Publishing and Academic Resources Coalition[4] և Center for Research Libraries[5]
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տեղագրություն Փրինսթոն
Հասցե 1 Nassau Hall, Princeton, NJ, 08544-0070[1]
Կայք princeton.edu[1]
Կոորդինատներ: 40°20′55.428000100012″ հս․ լ. 74°39′33.516000100018″ ամ. ե. / 40.34873000002777843° հս․. լ. 74.65931000002778717° ավ. ե. / 40.34873000002777843; 74.65931000002778717
Princeton University Վիքիպահեստում

Փրինսթոնի համալսարան (անգլ.՝ Princeton University), մասնավոր հետազոտական համալսարան, ԱՄՆ-ի ամենահին և ամենահայտնի համալսարաններից մեկը: Երկրի ամենահեղինակավոր բուհերից է[6]: Գտնվում է Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում:

Համալսարանը «Բաղեղի լիգայի» ութ համալսարաններից մեկն է և գաղութային ինը քոլեջներից մեկը, որ հիմնադրվել է Ամերիկյան հեղափոխությունից առաջ: Փրինսթոնի համալսարանը բակալավրի և մագիստրոսի վկայականներ է տալիս բնագիտական, հումանիտար, հասարակական և տեխնիկական գիտությունների բնագավառներում: Համալսարանը չունի բժշկության, իրավունքի, բիզնեսի, աստվածաբանության դպրոցներ, սակայն մասնագիտական աստիճաններ է առաջարկում Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների, ինչպես նաև Ճարտարապետության դպրոցներում: Համալսարանը աշխարհում առաջատարներից է մեկ ուսանողին բաժին հասնող էնդաումենտի աստիճանով[7]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 1746 թվականին որպես Նյու Ջերսիի քոլեջ (անգլ.՝ College of New Jersey)` դառնալով չորրորդ քոլեջը Բրիտանիայի հյուսիսամերիկյան գաղութներում[Ն. 1][Ն. 2]: Առաջին պարապմունքներն անցկացվել են Նյու Բրանսուիկ քաղաքում` համալսարանի հիմնադրի՝ քահանա Ջոնաթան Դիկինսոնի տանը: Փրինսթոն է տեղափոխվել 1756 թվականին` տեղակայվելով Նասաու Հոլլ կոչվող վայրում:

Համալսարանի մուտքի մոտ գտնվող վագրի քանդակը

Փրինսթոնի համալսարանի առաջին հինգ նախագահների անժամանակ մահից հետո՝ 1768 թվականին, նախագահ է դառնում Ջոն Ուիզերսպունը` պաշտոնավարելով մինչև իր մահը` 1794 թվականը: Իր կառավարման տարիներին Ուիզերսպունը փոխել է համալսարանի ուղղվածությունը` նախապատվություն տալով ամերիկյան ազգի նոր առաջնորդների սերնդի նախապատրաստմանը: Այդ նպատակին հասնելու համար նա խստացրել է ակադեմիական ստանդարտները և ներդրումներ արել համալսարանում[8]: Համալսարանի զարգացմանը խոչընդոտել է Փրինսթոնի ճակատամարտը, որի ժամանակ բրիտանացի զինվորները միառժամանակ զբաղեցրել էին Նասաու Հոլլը[Ն. 3]: Փրինսթոնը նշանակալից դեր է ունեցել ԱՄՆ-ի Անկախության պատերազմում: Այսպես` Անկախության հռչակագրի տակ ստորագրել է նաև Ջոն Ուիզերսպունը, իսկ սահմանադրական ժողովի մեկ վեցերորդ մասը Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է եղել:

Մինչև Սթենհոուպ Հոլլի (անգլ.՝ Stanhope Hall) կառուցումը, որի շինարարությունն սկսվել էր 1803 թվականին, Նասաու Հոլլը համալսարանին պատկանող միակ շինությունն էր: Շենքի հիմնարկեքը կատարվել է 1754 թվականի սեպտեմբերի 17-ին[9]: 1783 թվականի ամռանը Դաշնային կոնգրեսը հրավիրվել է Նասաու Հոլլում` չորս ամսով Փրինսթոնը դարձնելով երկրի մայրաքաղաք: Դարերի ընթացքում երկու խոշոր հրդեհներից հետո (1802 և 1855 թվականներ) վերակառուցումների արդյունքում Նասաու Հոլլի դերը փոխվում է` հասարակական ընդհանուր նշանակությունից ձեռք բերելով միայն կրթական նշանակություն:1868 թվականին համալսարանի նախագահ է նշանակվում Ջեյմս Մակոշը: Իր ղեկավարման երկու տասնամյակների ընթացքում նա հիմնավորապես փոխում է կրթական ծրագրերը` մեծացնելով կրթության դերը գիտության ոլորտում: Հենց նրա նախաձեռնությամբ շահագործման են հանձնվում նեոգոթիկայի ոճով կառուցված մի շարք շենքեր[10]: Մակոշ Հոլլը կոչված է նրա անունով[11]:

1879 թվականին համալսարանում առաջին անգամ շնորհվում է փիլիսոփայության դոկտորի կոչում 1877 թվականի շրջանավարտ Ջեյմս Ուիլյամսոնին:

1879 թվականի ավարտական կուրսը, որի կազմում էր նաև ԱՄՆ-ի ապագա նախագահ Վուդրո Վիլսոնը, համալսարանին է նվիրում երկու առյուծների քանդակները, որը Նասաու Հոլլի մուտքի մոտ կանգնեցված է եղել մինչև 1911 թվականը, երբ նույն կուրսի կողմից փոխարինվում է վագրերի բրոնզե քանդակներով[12]: 1896 թվականին ուսումնական հաստատությունը, ստանալով համալսարանի կարգավիճակ, «Նյու Ջերսիի քոլեջից» վերանվանվում է «Փրինսթոնի համալսարանի»` ի պատիվ Փրինսթոն քաղաքի: Համալսարանը զգալիորեն ընդարձակվում է: 1900 թվականին հիմնվում է մագիստրատուրա[13]:

Ալբերտ Այնշտայնը և Թոմաս Մանը Փրինսթոնի համալսարանում, 1938

1902 թվականին ԱՄՆ նախագահ է դառնում Վուդրո Վիլսոնը, ով նպաստում է համալսարանի հեղինակության բարձրացմանը[14]: Վիլսոնի օրոք` 1905 թվականին, համալսարանում հաստատվում է սեմինարային համակարգը, ինչը լրացնում էր ուսումնական գործընթացի ավանդական մեթոդներին` ուսանողներին հնարավորություն տալով առավել փոքր խմբերում իրենց հետաքրքրությունների շրջանակներում սերտորեն համագործակցել դասախոսների հետ:

1906 թվականին Էնդրյու Կարնեգիի ֆինանսական աջակցությամբ համալսարանի տարածքում կառուցում են ջրամբար, որն ստանում է «Կարնեգիի լիճ» անունը[13]: Ջրամբարի ստեղծմանն առնչվող պատմական լուսանկարները պահպանվում են համալսարանի Seeley G. Mudd Manuscript Library գրադարանում[15]:

1913 թվականի հոկտեմբերի 2-ին բացվում է համալսարանի Մագիստրոսական քոլեջը (Graduate College): 1914 թվականին ավարտվում է «Պալմեր» մարզադաշտի կառուցումը[13]: 1919 թվականին հիմնվում է ճարտարապետության դպրոցը[13]:

1933 թվականին Ալբերտ Այնշտայնը դառնում է համալսարանի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի ցմահ անդամ` աշխատանքային սենյակ և սեփական տուն ստանալով համալսարանի կողմից[16][17]:

1969 թվականի սեպտեմբերին Փրինսթոնի համալսարանը առաջին անգամ դռներն է բացում կանանց առաջ` 101 ուսանողուհի ընդունելով առաջին կուրս և ևս 70-ը այլ բուհերից[18]: Դա կատարվեց երկու տարի անց այն բանից հետո, երբ համալսարանի նախագահը հայտարարեց.

Aquote1.png «Անխուսափելի է, որ ապագայում Փրինսթոնը կշարժվի կրթության մեջ կանանց ներգրավելու ուղղությամբ»:
- The Daily Princetonian, 17 May 1967[19]
Aquote2.png


Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն ուսումնական հաստատության համալիրը բաղկացած է Փրինսթոնի համալսարանից, մագիստրատուրայից և հետազոտական կենտրոններից: Ընդհանուր շենքեր ունի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հետ (անգլ.՝ Institute for Advanced Study): Համալսարանի կառուցվածքի մեջ են մտնում Հասարակական և միջազգային հարաբերությունների` Վուդրո Վիլսոնի անվան դպրոցը (անգլ.՝ The Woodrow Wilson School of Public and International Affairs), Մըքքարտերի թատրոնը (անգլ.՝ McCarter Theatre), գեղարվեստի և բնական պատմությունների թանգարանները, ինչպես նաև Հայրի Ֆայրսթոունի գրադարանը (անգլ.՝ The Harvey S. Firestone Memorial Library), որն աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկն է[20]:

Ուսանողական կրթություն, ուսումնական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած 2012-2013 ուստարում համալսարանում ուսանել է 2674 ուսանող մագիստրոսի և դոկտորական կոչումների համար (անգլ.՝ graduate students), համալսարանի հիմնական ուղղվածությունը ուսանողներ կրթելն է (անգլ.՝ undergraduate students)[21][22]: Համալսարանը հետազոտական բուհի համբավ ունի:

Բակալավրի կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտսոն Հոլլ. այստեղ է գտնվում Վուդրո Վիլսոնի անվան դպրոցը

Բակալավրի կրթությունը կազմակերպվում է 34 ֆակուլտետներում[21]: Գործում են արվեստների բակալավրի և ինժեներական գործի բակալավրի աստիճաններ[23]:

Փրինսթոնում կրթությունը գիտությունների և արվեստների համադրություն է, որը միտված է հետազոտություններին:

Չնայած ամեն ֆակուլտետ թելադրում է իր պահանջները, սակայն ուսանողները պետք է մասնակցեն որոշակի քանակությամբ տարբեր դասընթացների, որոնք դուրս են գալիս նեղ մասնագիտական շրջանակներից[24]: Այդպիսով` ուսանողները լսում են դասընթացներ հետևյալ բնագավառներից.

  • գրականություն և արվեստ
  • պատմություն
  • սոցիոլոգիա
  • իմացաբանություն և ճանաչողություն
  • վարվելակերպ և բարոյագիտություն
  • բնագիտություն
  • գիտություն և տեխնոլոգիա:
Իսթ Փայն Հոլլի (անգլ.՝ East Pyne Hall) ներքին բակը

Ուսանողները երեք կամ չորս կիսամյակ պետք է ուսումնասիրեն օտար լեզու և մասնակցեն ստեղծագործական վարպետության դասընթացի[25][26]:

Հումանիտար գիտությունները սովորաբար ունենում են 2 կամ 3 դասախոսություն և 1 գործնական պարապմունք շաբաթվա ընթացքում:

Գիտական ֆակուլտետների կուրսերում ուսանողները կարող են շաբաթվա մեջ 1 կամ 2 անգամ լրացուցիչ օգտվել լաբորատորիաներից:

Որպեսզի ավարտեն համալսարանը, բոլոր ուսանողները դիպլոմային աշխատանք պետք է գրեն չորրորդ կուրսում և 1 կամ 2 հետազոտական աշխատանք ներկայացնեն երրորդ կուրսում:

Չնայած դիպլոմային աշխատանքը սովորաբար գիտական հետազոտություն է, սակայն նույնիսկ ճարտարապետության և վիզուալ արվեստների (անգլ.՝ Visual Arts) ոլորտների ուսանողները կարող են ներկայացնել ստեղծագործական դիպլոմային աշխատանք, օրինակ` գրեն վեպ, բեմադրեն ներկայացում կամ մանրակերտ ներկայացնեն:

Մագիստրատուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիստրատուրան գիտական աստիճաններ է առաջարկում հումանիտար, բնական գիտությունների, հասարակագիտության և մեքենաշինության ոլորտներում: Ուսանողներին տրվում են հետևյալ աստիճանները.

  • հումանիտար գիտությունների մագիստրոս,
  • ճարտարապետության մագիստրոս (M.Arch.),
  • տեխնիկական գիտությունների մագիստրոս (M.Eng.),
  • ֆինանսական ոլորտի մագիստրոս (M.Fin.),
  • տեխնիկական գիտությունների մագիստրոս (MSE),
  • գիտությունների մագիստրոս(քիմիայից MS),
  • հասարակության հետ կապերի մագիստրոս (MPA),
  • պետական քաղաքականության ոլորտի մագիստրոս (MPP),
  • հասարակական գործերի մագիստրոս (MPA):

Դոկտորական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորական աստիճան կարելի է պաշտպանել բոլոր այն առարկաներից, որոնք դասավանդվում են համալսարանում: Այն պահանջում է ինքնատիպ և անկախ գիտահետազոտական գործունեություն, մինչդեռ ճարտարապետության, մեքենաշինության, ֆինանսատնտեսագիտական ոլորտների մագիստրատուրան շրջանավարտներ է պատրաստում իրենց մասնագիտական ոլորտներում աշխատանքային հաջող գործունեություն ծավալելու համար:

Ընդունված քաղաքականություն և ֆինանսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսթոնի համալսարանը ամենամեծ մրցակցություն ունեցող համալսարաններից է ԱՄՆ-ում: Այսպես` դիմորդների ընդհանուր թվի միայն 8,5 %-ն է ընդունվում համալսարան[27]: 2001 թվականին նախօրոք ընդունված բարեփոխումների ծրագրերի արդյունքում Փրինսթոնը դարձավ առաջին համալսարանը, որը հրաժարվեց ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողներին փոխատվություն տալուց` փոխարենը ուշադրություն դարձնելով դրամաշնորհներին[28]: U.S. News & World Report հրատարակչության տվյալներով՝ առաջին կուրսի ուսանողների մոտ 60 %-ը ստանում է ֆինանսական օգնություն: Դրամաշնորհի միջին չափը 2011-2012 թվականներին կազմել է $35.688 դոլար այն դեպքում, երբ համալսարում ուսանելու մեկ տարվա վարձը կազմում է $37.000 դոլար` չհաշված $12.069 դոլար լրացուցիչ ծախսը հանրակացարանի և սննդի համար[29][30]:

«Պատվո օրենսգիրք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայն Հոլլ. այստեղ է գտնվում մաթեմատիկայի ֆակուլտետը

1839 թվականին ստեղծված «Պատվո օրենսգիրքը» (անգլ.՝ Honor Code) (սա արտահայտություն է, որ բնութագրում է ակադեմիական բարեխղճությունը) պարտավորվում են ընդունել բոլոր ուսանողները համալսարան ընդունվելուց հետո` անկախ ֆակուլտետից, մասնագիտացումից և վկայականից, որն ուզում են ստանալ[31]: Ամեն քննությանը և ամեն գրավոր աշխատանքին ուսանողները ստորագրում են «պատվո երդում», որի տեքստը հետևյալն է. «Երդվում եմ պատվովս, որ ես չեմ խախտի պատվո օրենսգիրքը քննության ընթացքում: Այս աշխատանքը իմ սեփական հետազոտությունն է` համապատասխան համալսարանի պահանջներին»:

Երդումը ստորագրելն այնքան կարևոր է, որ ամեն աշուն համալսարանական Triangle Club ակումբը համալսարան ընդունվողների համար կատարում է երդման մասին երգ[32][33]:

«Պատվո օրենսգրքի» նախնական տարբերակում պահանջվում էր, որ ուսանողը արդար լինի քննության ընթացքում: Սակայն 1980 թվականին տեքստը փոփոխվել է և պահանջում է ուսանողից ցանկացած խախտում նկատելու դեպքում հայտնել այդ մասին: Այդպիսով` «պատվո երդումն» ընդունելով` ուսանողները հաստատում են, որ ոչ միայն իրենք չեն խաբի, այլև կտեղեկացնեն կասկածելի վարքի դրսևորման յուրաքանչյուր դեպքի մասին: Այդ իսկ պատճառով Փրինսթոնում բոլոր քննություններն անցնում են առանց դասախոսի կամ ընթերակայի մասնակցության: «Պատվո օրենսգրքի» հենց այս երկակի բնույթով էլ տարբերվում է Փրինսթոնի համալսարանը ԱՄՆ-ի այլ համալսարաններից: Դրա բոլոր խախտումները քննարկվում են «Պատվո կոմիտեում» (անգլ.՝ Honor Committee), իսկ տնային քննությունների (անգլ.՝ take-home examinations) պարագայում «Կանոնակարգային կոմիտեում» (անգլ.՝ Committee on Discipline)[34]: Կոմիտեների անդամներն ընտրվում են ինչպես ուսանողներից, այնպես էլ դասախոսներից: «Պատվո օրենսգրքի» խախտումը կարող է հանգեցնել համալսարանից ժամանակավոր կամ հիմնական վտարման, ինչը կարգապահական ամենախիստ պատիժն է[35]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում առաջնահերթ նշանակություն ունեն գիտական հետազոտությունները[36]: Պաշտոնապես գիտական գործունեությունը բաժանվում է 4 ընդհանուր ուղղությունների` ինժեներություն և կիրառական գիտություններ, հումանիտար, բնական և սոցիալական գիտություններ: Համալսարանում աշխատում են ավելի քան 1.100 դասախոս 34 ֆակուլտետներում և 75 ինստիտուտներում ու կենտրոններում` ներառյալ ազգային երկու լաբորատորիաները(Geophysical Fluid Dynamics Lab, Princeton Plasma Physics Lab)[36]: Համալսարանական լաբորատորիաների նորությունները պարբերաբար հրապարակվում են համալսարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև նրա մասնագիտացված ենթաբաժանմունքում[37],[38]:

Գրապահոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայրսթոուն գրադարանը

Համալսարանի գրապահոցները պարունակում են ավելի քան 11 միլիոն միավոր` ներառյալ ավելի քան 7 միլիոն գրքերը: Գլխավոր գրադարանը Հարվի Ֆայրսթոունի անվան գրադարանն է (անգլ.՝ The Harvey S. Firestone Memorial Library): Այդտեղ և 10 մասնագիտացված այլ գրադարաններում, 2010 թվականի տվյալներով, պահվում է 7.5 միլիոն գիրք, ինչը Փրինսթոնի համալսարանական գրադարանը դարձնում է աշխարհի խոշորագույն համալսարանական գրադարաններից մեկը[39][40][41]: Գործում են առանձին մասնագիտացված գրադարաններ, որոնք առնչվում են ճարտարապետության, արվեստների պատմության, Արևելյան Ասիայի հետազոտության, մեքենաշինության, աշխարհագրության, միջազգային հարաբերությունների, պետական քաղաքականության ոլորտներին: Ավարտական չորրորդ կուրսի ուսանողները, ովքեր դիպլոմային աշխատանք են գրում, կարող են օգտվել գլխավոր գրադարանի անհատական ընթերցախցիկներից: 2007 թվականի փետրվարին Փրինսթոնի համալսարանը դարձել է գրադարանային 12-րդ համալիրը, որը միացել է «Google» ընկերության նոր հավակնոտ ծրագրին, որի նպատակն է համացանցի օգտատերերին հասանելի դարձնել համաշխարհային գրականության գլուխգործոցները` դրանք պատկերամուտի միջոցով համացանց բեռնելով[42]:

Մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մասնաշենքը գտնվում է 500 ակր հողատարածքի վրա: Ջեյմս Ֆորեստալի մասնաշենքը բաժանված է Փլեյնսբորո և Հարավային Բրանսուիկ մերձակա քաղաքների միջև: Համալսարանը որոշ սեփականություն ունի նաև Վեսթ Վինձորում[43]: Մասնաշենքերը տեղակայված են Նյու Յորքից և Ֆիլադելֆիայից մոտավորապես մեկ ժամ հեռավորության վրա:

Ամենահին մասնաշենքը Նասաու Հոլլն է (անգլ.՝ Nassau Hall), որտեղ հրավիրվել է երրորդ կոնգրեսը[11][44][45][46]: Ավարտական միջոցառումներն ավանդաբար անցկացվում են Նասաու Հոլլի մերձակա մարգագետնում[47]: Մասնաշենքը 19-րդ դարի սկզբին և վերջին անընդհատ ընդարձակվել է[48][49]: Մակոշի նախագահության տարիներին (1868-1888) կառուցվել են ևս մի քանի շենքեր ռոմանական վերածննդի և բարձր գոթիկայի ոճով, որոնցից որոշ կառույցներ չեն պահպանվել[50]: 19-րդ դարի վերջին համալսարանը ձեռք է բերել նեոգոթիկայի ոճ, որով էլ հայտնի է մինչ այսօր[51]: Սկզբում ճարտարապետն էր Վիլյամ Փոթերը, ապա` Ռալֆ Ադամս Կրամը[52][53][54]: Քոլեջի գոթական ոճը պահպանվել է բոլոր նոր շինություններում: Նույն ոճով կառուցված համալսարանական եկեղեցին համալսարանական բոլոր եկեղեցիների մեջ մեծությամբ երրորդն է Վալպարաիսոյի համալսարանի և Քեմբրիջի Արքայական քոլեջի եկեղեցիներից հետո: 1960-ական թվականներին մեծ թափ առած շինարարության հետ կառուցվեցին ևս մի շարք շինություններ` առավելապես ոչ նեոգոթիկայի ոճով[55]: Մի շարք ականավոր ճարտարապետներ, ինչպես օրինակ` Ֆրենկ Գերին (Լյուիսի անվան գրադարան), Յույ Մին Փեյը (Սփելման Հոլլ), Ռոբերտ Վենտուրին (Ֆրիստի անվան մասնաշենք), իրենց ներդրումն ունեցան կառույցների նախագծմանը[56][57][58]):

Մի շարք քանդակներ սփռված են մասնաշենքերում` կազմելով Putnam Collection of Sculpture հավաքածուն: Այն ներառում է Ալեքսանդր Կալդերի, Ջեյքոբ Էպշտայնի, Հենրի Մուրի, Իսամու Նոգուչիի, Պաբլո Պիկասսոյի, Ռիչարդ Սերայի քանդակները[59][60]:

Մասնաշենքի հարավային մասի մոտ գտնվում է Կարնեգիի լիճը, որն արհեստական է և այդպես է անվանվել ի պատիվ Էնդրյու Կարնեգիի: Վերջինս ֆինանսավորել է լճի շինարարությունը 1906 թվականին Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ իր մի ընկերոջ խնդրանքով[61]: Կարնեգին հույս ուներ, որ թիավարության հնարավորությունը ուսանողներին կոգեշնչի, և նրանք չեն զբաղվի ամերիկյան ֆուտբոլով, ինչը Կարնեգին «ազնվականական» մարզաձև չէր համարում[62][63]: Թիավարության Շիի անվան կենտրոնը մինչև օրս էլ համալսարանական թիավարության գրասենյակն է:

«Cannon Green»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ թնդանոթը» մարգագետնի մեջտեղում

Այսպես կոչված «մեծ թնդանոթը», որը թողել էին Փրինսթոնում բրիտանական զորքերը ճակատամարտից հետո, թաղված է Նասաու Հոլլի հարավահայաց բացատում: Այն մնացել էր Փրինսթոնում մինչև 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմը, երբ տեղափոխվեց Նյու Բրանսուիկ[64]: 1836 թվականին թնդանոթը վերադարձվել է Փրինսթոն և տեղադրվել քաղաքի արևելյան մասում: 1838 թվականին համալսարանի ուսանողները այն գիշերով տեղափոխել են մասնաշենքի տարածք և թաղել ներկայումս գտնվելու տեղում 1840 թվականին[65]:

Երկրորդ` «փոքր թնդանոթը» թաղված է Վիգ Հոլլի հարևանությամբ: Այն նույնպես գրավվել է Փրինսթոնի ճակատամարտի ժամանակ, սակայն առևանգվել է Ռատգերսի համալսարանի ուսանողների կողմից 1875 թվականին: Առևանգումը պատմության մեջ մնացել է «Ռատգերս-Փրինսթոն թնդանոթային պատերազմ» անունով: Հարցը լուծել են համալսարանների նախագահները, որոնց համատեղ որոշմամբ «փոքր թնդանոթը» վերադարձվել է Փրինսթոն[66]: Ռատգերսի համալսարանի ուսանողները, ովքեր ավանդաբար շարունակում են վեճը թնդանոթի պատկանելության վերաբերյալ, թնդանոթի` հողից դուրս ցցված փողը երբեմն ներկում են վառ կարմիր գույնով[67][68]:

Այն տարիներին, երբ Փրինսթոնի համալսարանի ուսանողները ամերիկյան ֆուտբոլով հաղթում են այնպիսի համալսարանական թիմերի, ինչպիսիք են Հարվարդը և Եյլը, Փրինսթոնում դա տոնում են՝ խարույկ վառելով այն մարգագետնի վրա, որտեղ թաղված է «մեծ թնդանոթը»: Այդ երևույթ ստացել է «կանաչ թնդանոթ» (անգլ.՝ Cannon Green) անվանումը: Վերջին անգամ 12-ամյա ընդմիջումից հետո դա տեղի է ունեցել 2006 թվականին[69]:

Ուսանողական կյանք և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասաու Հոլլը 2003 թվականին

Փրինսթոնի համալսարանը իր բոլոր ուսանողներին ապահովում է կացարանով: Ուսանողների ավելի քան 98 %-ը ապրում է ուսանողական քաղաքի մասնաշենքերի հանրակացարաններում[70]: Առաջին և երկրորդ կուրսեցիները ապրում են, այսպես կոչված, քոլեջ-հանրակացարաններում, իսկ երրորդ և չորրորդ կուրսեցիները` ավագ կուրսեցիների համար նախատեսված ավանդական հանրակացարաններում: Փրինսթոնի հանրակացարանները գրեթե չեն տարբերվում այլ հանրակացարաններից, միայն թե քոլեջ-հանրակացարաններն ունեն ճաշի համար նախատեսված ընդարձակ սրահներ: Ցանկացած ուսանող կարող է ձեռք բերել «արտադրական պլան» և սնվել այդ մեծ սրահում: Վերջին տարիներին ավագ կուրսերի ուսանողները ևս հնարավորություն են ստացել ապրելու քոլեջ-հանրակացարաններում իրենց ուսանողական չորս տարիների ընթացքում: Նրանք հնարավորություն ունեն նաև ապրելու Փրինսթոն քաղաքում, սակայն բնակարանների բարձր գները ստիպում են ուսանողներին ընտրել ուսանողական մասնաշենքերը:

Ուսանողների հասարակական կյանքը անցնում է, այսպես կոչված, «սնվելու ակումբներում» (անգլ.՝ eating clubs): Ուսանողները երկրորդ կուրսում հնարավորություն են ստանում միանալու այդպիսի ակումբներից մեկին: Փրինսթոնյան այդ առանձնահատուկ ակումբներն անկախ են համալսարանական ղեկավարությունից` ուսանողների համար դառնալով սնվելու և երեկույթներ անցկացնելու միջավայր ուսումնական ողջ տարվա ընթացքում:

Համալսարանում գործում են 6 քոլեջ-հանրակացարաններ: Դրանցում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ընդունում են տարբեր հյուրերի: Օրինակ` դերասան, սցենարիստ և ռեժիսոր Էդվարդ Նորթոնը Փրինսթոնի համալսարանում ներկա է գտնվել իր մասնակցությամբ ֆիլմի` «Մարտական ակումբի» դիտմանը: Քոլեջ-հանրակացարանները հայտնի են իրենց այցելություններով Նյու Յորք, որտեղ հանդիսատեսն են դառնում տարբեր օպերաների, բալետների, բրոդվեյյան ներկայացումների, ցուցահանդեսների, մարզական միջոցառումների: Փրինսթոնի «Պրոսպեկտ» (անգլ.՝ Prospect Avenue) փողոցում գտնվող ուսանողական «սնման ակումբները» միավորում են ավագ կուրսեցիներին: Այդ ակումբները տասն են:

Փրինսթոնում գործում են այլ ակումբներ ևս: 2011 թվականի տվյալներով գործել է ուսանողական մոտ 300 կազմակերպություն[71]:

Համալսարանում անցկացվում են «Միավորված ազգերի մոդել» կազմակերպության (անգլ.՝ «Model United Nations», կրճատ` MUN) երկու համաժողովներ: Աշնանը կամ ձմռանը համալսարանում անցկացվում է PMUNC համաժողովը աշակերտների համար, իսկ գարնանը PICSim-ի ևս մեկ համաժողով[72][73]: Ամեն տարի նոյեմբերին Վաշինգտոնում Փրինսթոնի համալսարանի ուսանողները աշակերտների համար կազմակերպում են համաժողով, որը կոչվում է «Փոքր կոնգրես» (անգլ.՝ «Model Congress»):

Քոլեջ-հանրակացարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսթոնի համալսարանի կառուցվածքի մեջ են մտնում 6 քոլեջ-հանրակացարաններ (անգլ.՝ residential college), որոնցից յուրաքանչյուրում ապրում են առաջին և երկրորդ կուրսերի մոտ 500 ուսանող, ինչպես նաև ավագ կուրսերի որոշ ուսանողներ: Ամեն քոլեջում գործում են ճաշասրահ և մի քանի այլ սրահներ` ընթերցասրահ, թատերական հրապարակներ, գրադարաններ: Ուիլսոն քոլեջը (անգլ.՝ Wilson College) և Ֆորբս քոլեջը (անգլ.՝ Forbes College) կառուցվել են 20-րդ դարի 70-ական թվականներին: Ռոքֆելեր քոլեջը (անգլ.՝ Rockefeller College), Մեյթի քոլեջը (անգլ.՝ Mathey College) և Բաթլեր քոլեջը (անգլ.՝ Butler College) հիմնադրվել են 1983 թվականին: Ուիթման քոլեջի (անգլ.՝ Whitman College) շինարարությունը ավարտվել է 2007 թվականին:

Ռոքֆելեր քոլեջ և Մեյթի քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելեր քոլեջ, 1907

Ռոքֆելեր և Մեյթի քոլեջները գտնվում են տարածքի հյուսիսարևմտյան մասում: Նրանց` նեոգոթիկայի ոճով ճարտարապետությունը կարելի է տեսնել համալսարանի գովազդային գրքույկներում: Դրանք, ինչպես համալսարանի` նեոգոթիկայի ոճով շատ շինություններ, կառուցվել են մինչև քոլեջ-հանրակացարանների համակարգի ներմուծումը, այդ պատճառով էլ հետո են հարմարեցվել այդ համակարգին:

Ուիլսոն քթլեջ և Բաթլեր քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային մասում գտնվող Ուիլսոն և Բաթլեր քոլեջները կառուցվել են 1960-ական թվականներին: Ուիլսոն քոլեջը քոլեջ-հանրակացարանների համակարգը ներդնելու փորձարարական կառույց է: Բաթլեր քոլեջը մինչ նոր համակարգի ներմուծումը ավանդական եղանակով կառուցված քոլեջ էր: Համրակացարանը, որը գտնվում էր քոլեջի քառանկյուն բակում, քանդվել է 2007 թվականին: Բաթլեր քոլեջի նոր համալիրը բացվել է 2009 թվականին:

Ֆորբս քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորբս քոլեջը գտնվում է փրինսթոնյան պատմական «Փրինսթոն Ինն» (անգլ.՝ Princeton Inn) հյուրանոցի տեղում` այն մարգագետնի մոտ, որը նախատեսված էր գոլֆ խաղալու համար: 1924 թվականին կառուցված «Փրինսթոն Իննում» անցկացվել են գիտական շատ սիմպոզիումներ, որին մասնակցել են նշանավոր շատ գիտնականներ ինչպես համալսարանից, այնպես էլ նրա շրջանակներից դուրս: Ներկայումս Ֆորբս քոլեջի շինություններում ապրում է մոտ 400 ուսանող:

Ուիթման քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին սկսվել է վեցերորդ քոլեջ-հանրակացարանի շինարարությունը, որն անվանվել է Ուիթման քոլեջ` ի պատիվ գլխավոր հովանավոր Մարգարեթ «Մեգ» Ուիթմանի (անգլ.՝ Meg Whitman): Համալսարանի` 1977 թվականի շրջանավարտ Ուիթմանը եղել է eBay ընկերության գործադիր տնօրենը: Նոր հանրակացարանը կառուցվել է նեոգոթիկայի ոճով ճարտարապետ Դեմետրի Պորֆիրիոսի նախագծով: Շինարարությունն ավարտվել է 2007 թվականին և բացվել հենց նույն թվականին:

Քլիվլենդի աշտարակը Մագիստրոսական քոլեջում

Մագիստրոսական քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսթոնի համալսարանի կառուցվածքի մեջ է մտնում մագիստրոսների և գիտությունների թեկնածուների համար նախատեսված ևս մեկ քոլեջ` Մագիստրոսական քոլեջը (անգլ.՝ Graduate College): Այն տեղակայված է Ֆորբս քոլեջի հետին մասում: Մեկուսացված այդպիսի դիրքը արդյունք է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի և մագիստրատուրայի դեկան Էնդրյու Ֆլեմինգ Վեսթի (անգլ.՝ Andrew Fleming West) միջև ծագած վեճի: Վիլսոնը պնդում էր, որ քոլեջը գտնվի մասնաշենքերի մեջտեղում, իսկ Վեսթը` հնարավորիս հեռու, որպեսզի մագիստրոսները առանձնանան: Վեճում հաղթում է Վեսթը[74]: Քոլեջը նեոգոթիկայի ոճով համալիր է, որտեղ աչքի է ընկնում Քլիվլենդի աշտարակը (անգլ.՝ Cleveland Tower): Այն տեսարժան վայր է, որտեղ գտնվում է աշխարհի ամենալավ կարիլիոններից (երաժշտական գործիք) մեկը: Նրա ճարտարապետությունն առանձնանում է նույնիսկ նեոգոթիկայի ոճով կառուցված մնացած այլ մասնաշենքերից:

Համալսարանի մարզական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսթոնի համալսարանում գործում են երեք մակարդակի թիմեր: «Համալսարանական» (անգլ.՝ varsity) մարզական թիմերը պաշտոնապես ներկայացնում են համալսարանը: «Ակումբային» (անգլ.՝ club) թիմերը կազմված են ուսանողներից, սակայն կախում չունեն համալսարանի վարչակազմից: «Ներհամալսարանական» (անգլ.՝ intramural) մարզական թիմերը, կազմված լինելով ուսանողներից, մրցում են համալսարանի ներսում միայն` հազվադեպ հանդիպելով այլ համալսարանների թիմերի հետ:

Փրինսթոնի համալսարանում գործում են 38 համալսարանական և 35 ակումբային մարզական թիմեր[75]: «Փրինսթոնյան դիտարկում» թերթը, որը կապ չունի համալսարանի հետ, Փրինսթոնի համալսարանը հռչակել է տասներորդ ամենաուժեղ «մարզական դպրոցը» երկրում: «Թայմ» թերթը ևս համալսարանի մարզական թիմերը հռչակել է ուժեղագույններից մեկը երկրում: Փրինսթոնը ռեկորդ է հռչակել` 2000-2001 թվականներին նվաճելով մարզական 21 մրցանակ: 2001-2004 թվականներին Փրինսթոնը 36 մրցանակ է ստացել «Բաղեղի լիգայի» մրցություններում:

Ամերիկյան ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի նոյեմբերի 6-ը, երբ առաջին անգամ իր պատմության մեջ համալսարանի` ամերիկյան ֆուտբոլի թիմը հանդիպել է Ռատգերսի համալսարանի թիմին, համարվում է այս խաղի ծննդյան օրը: Այդ օրը Փրինսթոնի թիմը պարտություն է կրել: Այն ժամանակվա ամերիկյան ֆուտբոլը զգալիորեն տարբերվում էր խաղի ներկայիս տարբերակից[76]: Այս խաղի պատմության ողջ ընթացքում ազգային չեմպիոնատում Փրինսթոնի մարզական ակումբները ամենամեծ թվով հաղթանակներն են տարել` 26[77]:

Բասկետբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հայտնի է համալսարանի` բասկետբոլի թիմը: 1975 թվականին թիմը հաղթել է National Invitation Tournament-ում: 1996 թվականին երկրի առաջնությունում թիմը հաղթանակ է տարել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի թիմին` 43-41 հաշվով: «Բաղեղի լիգայի» խաղերում Փրինսթոնի և Փենսիլվանիայի համալսարանները ավանդաբար լավագույն արդյունքներ են ցուցաբերում:

Թիավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հայտնի է թիավարության` կանաց և տղամարդկանց թիմերով, որոնք ամենաընդգրկունն են 150 մարզիկներով: Տղամարդկանց թիմը 1996 թվականին հաղթել է երկրի առաջնությունում: 2000-2010 թվականներին թիավարության` տղամարդկանց և կանանց թիմերը հաղթել են ազգային 14 և միջազգային 2 մրցաշարերում[78]:

Լաքրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց հաղթանակներով հայտնի են համալսարանի` կանանց և տղամարդկանց թիմերը լաքրոս մարզաձևում: Տղամարդկանց թիմին վերջին երկու տասնամյակներում ուղեկցել է հաջողությունը. թիմը հաղթել է նահանգային 13 (1992, 1993, 1995-2004, 2006) և ազգային 6 առաջնություններում (1994, 2002, 2003):

Ռեգբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսթոնի խաղը Լեհայի դեմ, 2007 թվականի սեպտեմբեր

Փրինսթոնում ռեգբին մուտք է գործել 1860 թվականին: Դրանից հետո ուսանողները փոխել են խաղի որոշ կանոններ Ռատգերսի համալսարանի թիմի հետ խաղում (1869)` դրանով ստեղծելով ամերիկյան ֆուտբոլ խաղը: Եվ քանի որ վերջինս ավելի մեծ հեղինակություն է սկսում վայելել ուսանողների շրջանում, ռեգբին հետզհետե հետընթաց է ապրել: Ռեգբին Փրինսթոնում սկսել է զարգանալ «մեծ ճգնաժամի» տարիներին մի խումբ ուսանողների և միջազգային իրավունքի բաժնի մեկ պրոֆեսորի շնորհիվ:

Փրինսթոնի` ռեգբիի ակումբը պաշտոնապես հիմնվել է 1931 թվականին և այդ ժամանակից ի վեր գործում է անընդհատ: Առաջին խաղաշրջանում համալսարանի թիմը պարտություն չի կրել` հաղթելով նաև Հարվարդի համալսարանի թիմին: Այս երկու համալսարանների թիմերի միջև խաղերը վերածվել են համալսարանների միջև պայքարի, որը հինգ տարի ընդհատվել է խաղերից հետո և երբեմն էլ խաղերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ խաղերից առաջինում թիմերը հանդիպել են Հարվարդում 20.000 հանդիսատեսի ներկայությամբ: «Բոստոն գլոուբ» թերթի մարզական բաժնում այս խաղի մասին հոդվածը գլխավոր ու ամենածավալուն հոդվածն էր:

Ներկայումս Փրինսթոնում ռեգբին «ակումբային» մարզաձև է: Թիմը վայելում է մրցակիցների հարգանքը` մի քանի անգամ չեմպիոն դառնալով Նյու Ջերսի նահանգում և «Թավշե լիգայի» խաղերում:

1980 թվականին Փրինսթոնում ձևավորվել է ռեգբիի` կանանց թիմը[79]: Նա հաղթել է բազմաթիվ առաջնություններում, այդ թվում` կանանց համալսարանական թիմերի միջև երկրի առաջնությունում:

Այլ մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում ձևավորվել են ջրագնդակյի` կանանց և տղամարդկանց թիմեր: Տղամարդկանց թիմը մասնակցել է երկրի առաջնությանը այդ մարզաձևից: Հաջողություններ է գրանցել վոլեյբոլի` կանանց թիմը. այդ առումով տղամարդկանց թիմը զիջում է կանանց թիմին: Գոլֆի և թենիսի թիմերը մասնակցել են ինչպես գարանանային, այնպես էլ աշնանային խաղերին: Չնայած հաջողություններ ունենալուն` դրանք, սակայն, մեծ հեղինակություն չեն վայելում ուսանողական միջավայրում: Համալսարանում գործում է ֆուտբոլի կանանց թիմ: Սուսերամարտիկների թիմը ազգային երեք առաջնությունների հաղթող է, իսկ սուսերամարտի երկու մարզուհիներ ներկայացրել են երկիրը օլիմպիական խաղերում:

Իր հաղթանակներով աչքի է ընկնում մականախաղի թիմը: Այն, սկսած 1994 թվականից, ամեն տարի հաղթել է առաջնությունում: 2009 թվականին թիմը մասնակցել է երկրի առաջնությանը` զիջելով միայն Մերիլենդի համալսարանի թիմին:

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի երգերի շարքում, որոնք հաճախ հնչում են տարբեր միջոցառումների ժամանակ, լայն տարածում ունի փրինսթոնյան թնդանոթային երգը (Princeton Cannon Song):

Բոբ Դիլանը գրել է «Մորեխի օրը» երգը` հիմնվելով համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու իր փորձի վրա:

«Old Nassau»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասաու Հոլլ, 1903 թվականի լուսանկար

«Old Nassau» («Հին Նասաու») երգը Փրինսթոնի համալսարանի հիմնն է 1859 թվականից: Նրա բառերը գրվել են այդ նույն թվականին առաջին կուրսի ուսանող Հարլան Փեյջ Ռեքի կողմից (Harlan Page Peck) և հրատարակվել են Փրինսթոնի ուսանողական ամենահին թերթում` Nassau Literary Review-ում: Մինչ Langlotz երաժշտության գրվելը երգը կատարվում էր «Հին, բարի ժամանակներ» երաժշտությամբ[80]:

«Հին Նասաու» արտահայտությունը վերաբերում է ոչ միայն համալսարանի հիմնին, այլև Նասաու Հոլլ մասնաշենքին, որը կառուցվել է 1756 թվականին և կոչվել Վիլհելմ III-ի պատվին: Շինարարության ավարտման պահին այն համալսարանական ամենամեծ շենքն էր Հյուսիսային Ամերիկայում: 1783 թվականի հունիսի 30-ից նոյեմբերի 4-ը այստեղ է հրավիրվել Դաշնային կոնգրեսը` ԱՄՆ-ի օրենսդրական վերջին միապալատ անդամը: Այս հանգամանքի շնորհիվ Փրինսթոնը այդ ընթացքում դարձել էր ԱՄՆ-ի մայրաքաղաքը[81]:

«Հին Նասաու» արտահայտությունը վերաբերում է նաև քիմիական ռեակցիային, որի արդյունքում լուծույթը դառնում է նախ նարնջագույն, ապա` սև. այս երկու գույներն էլ համալսարանի պաշտոնական գույներն են[82]:

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ղեկավարում է նախագահը, որին ընտրում է տնօրենների խորհուրդը: Մինչև 1902 թվականը` Վուդրո Վիլսոնի պաշտոնակատարումը, ով ներկայացնում էր քաղաքական փիլիսոփայությունն ու պատմությունը, համալսարանի նախագահները հոգևորականության ներկայացուցիչներ էին, ինչպես նաև պրոֆեսորներ: Նախագահ Թիլմանը եղել է կենսաբան, նրան նախորդող երկու նախագահները` տնտեսագետներ:

Փրինսթոնի համալսարանի նշանավոր դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի` 1879 թվականի շրջանավարտները. նրանց թվում է ապագա նախագահ Վուդրո Վիլսոնը

Փրինսթոնի համալսարանը կապված է Նոբելյան մրցանակի ավելի քան 35 և ԱՄՆ-ի Ազգային գիտական շքանշանի 19 դափնեկիրների հետ: Ստորև ներկայացվում է համալսարանի հետ կապված նշանավոր մարդկանց ցուցակը.

  • Վացլավ Էդվարդ Բենեշ - մաթեմատիկոս
  • Նինա Բերբերովա - դասախոս, գրող
  • Էլկան Բլոուտ - բիոքիմիկ
  • Պիտեր Բոգուցկի - ժամանակի ամենաակնառու հնագետներից մեկը
  • Կլարենս Բրաուն - ամերիկացի փիլիսոփա, բանասեր, գրականագետ,թարգմանիչ
  • Վուդրո Վիլսոն - ԱՄՆ նախագահ
  • Իոասաֆ - դասախոս
  • Կվամե Էնթոնի Ապիա - փիլիսոփա, գրող, մշակութաբան
  • Չարլզ Կոնրադ - ամերիկացի տիեզերագնաց
  • Փոլ Քրուգման - Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում
  • Հարվի Լեյբենսթայն - ամերիկացի տնտեսագետ
  • Ջոն Մաք Քարտի - համակարգչային ոլորտի ամերիկացի գիտնական, Թյուրինգի մրցանակակիր
  • Ֆրից Մահլուպ - ավստրիացի և ամերիկացի տնտեսագետ
  • Ուենթուորթ Միլեր - ամերիկացի դերասան
  • Ջոն Միլնոր - ամերիկացի մաթեմատիկոս
  • Ջեյմս Մեդիսոն - ԱՄՆ նախագահ
  • Ջոզեֆ Ս. Նայ Կրտսեր - ամերիկացի քաղաքագետ
  • Ջոն Նեշ - Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում
  • Ջոն Կոնվեյ - անգլիացի մաթեմատիկոս, հեղինակավոր չորս մրցանակների դափնեկիր
  • Անդրեյ Օկունկով - ռուս և ամերիկացի մաթեմատիկոս
  • Մայքլ Պորտեր - ամերիկացի տնտեսագետ
  • Էնդրյու Ուայլս - բրիտանացի մաթեմատիկոս, Ֆերմայի մեծ թեորեմի ապացուցողը
  • Էդմունդ Ուիլսոն - քննադատ, գրող
  • Ռիչարդ Ֆեյնման - Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի ոլորտում
  • Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ - գրող
  • Լուիս Ֆիշեր - լրագրող
  • Դենիել Ցուի - Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի ոլորտում
  • Բրուք Շիլդս - մոդել, դերասանուհի
  • Ալբերտ Այնշտայն - Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի ոլորտում (դասախոս)
  • Էրվին Պանովսկի - արվեստի տեսաբան
  • Բհարտի Տիրտհա Սվամի - ամերիկացի հասարակական գործիչ
  • Քրիսթոֆեր Սիմս և Թոմաս Սարջենթ - Նոբելյան մրցանակի դափնեկիրներ տնտեսագիտության ոլորտում
  • Հարուկի Մուրակամի - գրող
  • Ուիլյամ Քրեյգ - փիլիսոփա, մաթեմատիկոս

Համանուն աստերոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(508) Պռինսետոնիա աստերոիդը կոչվել է Փրինսթոնի համալսարանի պատվին Աստղագետ Ռայմոնդ Դուգանի կողմից, ով հայտնաբերել է այն Մաքս Վոլֆի հետ Հայդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարանում: Աստերոիդը հայտնաբերվել է 1903 թվականին, երբ գիտնականը Հայդելբերգի համալսարանում աշխատում էր իր դոկտորական ատենախոսության վրա:

Համալսարանի առաջին մասնաշենքի` Նասաու Հոլլի պատվին անվանվել է (534) Նասովիա աստերոիդը, որը Ռայմոնդ Դուգանը հայտնաբերել է 1904 թվականին:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակակից ուսումնական հաստատությունը, որ կրում է այդ անունը, գտնվում է Տրենտոն քաղաքում և ոչ մի կապ չունի Փրինսթոնի համալսարանի հետ
  2. Ըստ Փրինսթոնի համալսարանի կայքի տվյալների՝ այն եղել է «չորրորդ քոլեջը, որ հիմնադրվել է բրիտանական Հյուսիսային Ամերիկայում» - Princeton University, Office of Communications։ «Princeton in the American Revolution»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-06-01 
  3. Նրանց այդտեղից վտարելու համար Ջորջ Վաշինգտոնի գլխավորած ամերիկյան զորքերն ստիպված են եղել թնդանոթով կրակել շենքի վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 IPEDS
  2. Princeton University 250th Anniversary Celebration Collection
  3. https://orcid.org/members/001G000001LPM5yIAH-princeton-university
  4. https://sparcopen.org/who-we-are/members/
  5. http://www.crl.edu/membership/members
  6. «Best Colleges 2013»։ U.S. News & World Report։ 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-06-ին։ Վերցված է 2012-11-11 
  7. CNBC։ «Colleges with the Biggest Endowments Per Student»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-11-ին։ Վերցված է 2012-11-11 
  8. Jeffry H. Morrison John Witherspoon and the Founding of the American Republic. — University of Notre Dame Press, 2005. — 220 с. — ISBN 0268034850, 9780268034856(անգլ.)
  9. Don Oberdorfer (1995)։ «Nassau Hall»։ Princeton University: The First 250 Years։ Steering Committee for Princeton's 250th Anniversary։ Վերցված է 18 February 2012 (անգլ.)
  10. «McCosh, James»։ Princeton Companion։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-19 (անգլ.)
  11. 11,0 11,1 Alexander Leitch (1979)։ «A Princeton Companion: Nassau Hall»։ Princeton University Press։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  12. «Nassau Hall»։ Princeton Companion։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-19 (անգլ.)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Don Oberdorfer (1995)։ «A Princeton Chronology»։ Princeton University: The First 250 Years։ Steering Committee for Princeton University's 250th Anniversary։ Վերցված է 18 February 2012 (անգլ.)
  14. Princeton University: The First 250 Years(անգլ.)
  15. «Historical Photograph Collection, Lake Carnegie Construction Photographs, circa 1905-1907: Finding Aid»։ Findingaids.princeton.edu։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-19 (անգլ.)
  16. «Albert Einstein»։ Institute for Advanced Study։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-19 (անգլ.)
  17. «Albert Einstein»։ Historical Society of Princeton։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-19 (անգլ.)
  18. «1969: Going coed with guts and grace», TOM FERNANDEZ / The Trentonian(անգլ.)
  19. Goheen: 'Coeducation Is Inevitable', The Daily Princetonian, May 17, 1967(անգլ.).
  20. The Student Guide to Princeton: Academics 101: Libraries(անգլ.)
  21. 21,0 21,1 «Princeton University — Facts & Figures»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-11-11 (անգլ.)
  22. «Princeton University — About Princeton: Overview»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-11-11 (անգլ.)
  23. «Princeton University — Academics: Overview»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-10-08 (անգլ.)
  24. «Princeton University — Undergraduate Studies»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-10-08 (անգլ.)
  25. «Princeton University — Undergraduate Announcement 2012-13 — General Education Requirements — Foreign Language»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-08 (անգլ.)
  26. «Princeton University — Undergraduate Announcement 2012-13 — General Education Requirements»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2013-05-08 (անգլ.)
  27. Admission Statistics: Statistics for Applicants to the Class of 2015. Princeton.edu. Проверено 4 января 2012.(անգլ.)
  28. Financial aid program provides access, affordability. News at Princeton: Web Stories. Опубликовано 28 июля 2008.(անգլ.)
  29. Princeton University: Paying for School. U.S. News: Education: Colleges. Проверено 4 января 2012.(անգլ.)
  30. Costs & Financial Aid: Fees & Payment Options. Princeton.edu. Проверено 4 января 2012.(անգլ.)
  31. «Acknowledging Your Sources»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 4 Mar 2012 (անգլ.)
  32. «Honor Code»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 16 Jun 2011 (անգլ.)
  33. Песня «Honor Code» о клятве, спетая в сентябре 2008 года членами клуба Princeton Triangle Club во время шоу для поступивших, «All’s Well that Ends '12». YouTube(անգլ.).
  34. «Faculty-Student Committee on Discipline»։ Princeton University Office of the Dean of Undergraduate Students։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 16 Jun 2011 (անգլ.)
  35. «About Us»։ Princeton University Honor Committee։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 16 Jun 2011 (անգլ.)
  36. 36,0 36,1 «Research at Princeton - Research Areas»։ The Trustees of Princeton University։ 2012-02-10։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-09-27 (անգլ.)
  37. «News at Princeton - Science & Tech»։ The Trustees of Princeton University։ 2012-09-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-09-27 (անգլ.)
  38. «Research at Princeton - News & Events»։ The Trustees of Princeton University։ 2012-09-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-09-27 (անգլ.)
  39. «Firestone Library»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-05-29 (անգլ.)
  40. «The Nation's Largest Libraries: A Listing By Volumes Held – ALA Library Fact Sheet Number 22»։ American Library Association։ May 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-05-29 : 6 941 254 volumes reported in 2007-08 fact sheet; 7 075 441 reported by Princeton to the Association of Research Libraries in «ARL STATISTICS 2008‐09» (PDF)։ Association of Research Libraries, 21 Dupont Circle, NW, Suite 800, Washington, D.C. 20036, Telephone: (202) 296‐2296, FAX: (202) 872‐0884, email: pubs@arl.org։ 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին  (Также: данные 2008‐09 в Excel)(անգլ.)
  41. Princeton Profile: Academic Resources: The Library(անգլ.)
  42. «Princeton University Joins Google Literature-Scan Project». Reuters, 6 փետրվարի, 2007 (անգլ.).
  43. «A Princeton Profile: Local Contributions»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  44. Ryan Bradner (14 Jul 2003)։ «Nassau Hall: National history, center of campus»։ The Daily Princetonian։ Արխիվացված օրիգինալից-ից 29 Jul 2012-ին։ Վերցված է 14 Jun 2011  (անգլ.)
  45. U.S. State Department։ «Buildings of the Department of State: Nassau Hall, Princeton, N.J.»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 14 Jun 2011 (անգլ.)
  46. «Articles about Nassau Hall»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-19 (անգլ.)
  47. Статья о Нассау-Холл из книги American Places: Encounters with History(անգլ.)
  48. «Princeton University: An Interactive Campus History. Chapter II: The College Expands: 1802-1846»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  49. «Princeton University: An Interactive Campus History. Chapter III: Princeton at Mid-Century, 1846-1868»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  50. «Princeton University: An Interactive Campus History. Chapter IV: The McCosh Presidency, 1868-1888»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  51. «Princeton University: An Interactive Campus History. Chapter V: The Rise of the Collegiate Gothic»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  52. «Princeton University: An Interactive Campus History. Chapter VI: Spires and Gargoyles, The Princeton Campus 1900-1917»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  53. «Princeton University: An Interactive Campus History. Chapter VII: Princeton Between the Wars, 1919-1939»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 
  54. «Princeton University: An Interactive Campus History. Chapter VIII: Princeton at Mid-Century: Campus Architecture, 1933-1960»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  55. «Princeton University: An Interactive Campus History. Chapter IX: The Sixties»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  56. Kelly Lack and Doug Eshleman (11 Sep 2008)։ «Lewis Library makes a grand debut»։ The Daily Princetonian։ Արխիվացված օրիգինալից-ից 30 Jul 2012-ին։ Վերցված է 16 Jun 2012  (անգլ.)
  57. Alexander Leitch (1978)։ «A Princeton Companion: Spelman Halls»։ Princeton University Press։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  58. «Frist Campus Center Iconography»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 
  59. Alexander Leitch։ «A Princeton Companion: Putnam Collection of Sculpture»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  60. Peterson Megan։ «Princeton sculpture enriches beauty and character of campus»։ Princeton University website։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 30 November 2011 (անգլ.)
  61. Alexander Leitch (1978)։ «A Princeton Companion: Carnegie Lake»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  62. «The Richest Man in the World: Andrew Carnegie. Philanthropy 101: Scourge of the Campus»։ PBS American Experience։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-24-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  63. «Princeton University Rowing: Recruiting Information»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-24-ին։ Վերցված է 16 Jun 2012 (անգլ.)
  64. John Frelinghuysen Hageman (1879). History of Princeton and Its Institutions. 1 (2nd տպ.). Philadelphia: J. B. Lippincott & Co.. էջ 139. (անգլ.)
  65. John Frelinghuysen Hageman (1879). History of Princeton and Its Institutions. 2 (2nd տպ.). Philadelphia: J. B. Lippincott & Co.. էջեր 317–8. (անգլ.)
  66. John Frelinghuysen Hageman (1879). History of Princeton and Its Institutions. 2 (2nd տպ.). Philadelphia: J. B. Lippincott & Co.. էջեր 318–9. (անգլ.)
  67. Kate Carroll (5 Oct 2006)։ «Vandals spraypaint campus Rutgers red»։ The Daily Princetonian։ Արխիվացված օրիգինալից-ից 23 Jul 2012-ին։ Վերցված է 14 Jun 2012  (անգլ.)
  68. «Rutgers Athletics Tradition»։ Rutgers University Scarlet Knights։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-24-ին։ Վերցված է 14 Jun 2012 (անգլ.)
  69. Sam Fox Krauss (20 Nov 2006)։ «'Not for ourselves, but for the entire Princeton community'»։ The Daily Princetonian։ Արխիվացված օրիգինալից-ից 31 Jul 2012-ին։ Վերցված է 14 Jun 2012  (անգլ.)
  70. «Housing and Dining»։ Princeton University։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է June 21, 2011 (անգլ.)
  71. «Student Organization Directory»։ Princeton University։ Վերցված է June 21, 2011 (անգլ.)
  72. «Princeton Model United Nations Conference (PMUNC)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-06-21 (անգլ.)
  73. «Princeton Interactive Crisis Simulation (PICSim)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-06-21 (անգլ.)
  74. John D. Davies։ «Andrew Fleming West»։ A Princeton Companion։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-10 (անգլ.)
  75. Princeton University։ «Athletics & Fitness»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 12 Oct 2011 
  76. «The First Intercollegiate Game - November 6, 1869»։ Rutgers University Scarlet Knights։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 12 Oct 2011 (անգլ.)
  77. «Recognized National Championships by Team»։ College Football Data Warehouse։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 12 Oct 2011 (անգլ.)
  78. Henley Royal Regatta — Recent Winners(անգլ.)
  79. Princeton Rugby Women’s Team History(անգլ.)
  80. «History of Old Nassau»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-24-ին։ Վերցված է 2008-07-05 (անգլ.)
  81. The Nine Capitals of the United States. United States Senate Historical Office. Проверено 17 июня 2012 года. Основано на Fortenbaugh, Robert, The Nine Capitals of the United States, York, PA: Maple Press, 1948(անգլ.).
  82. «The Old Nassau reaction – Journal of Chemical Education (ACS Publications and Division of Chemical Education)»։ Pubs.acs.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-16 (անգլ.)
  83. Leitch Alexander (1978)։ «President of the University»։ A Princeton Companion։ Princeton University Press։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-04-10 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]