Գուգլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Googleից)
Գուգլ
Google

Google 2015 logo.svg
Google web search.png
www.google.am
Կայքի տիպ ինտերնետ-որոնողական համակարգ
Գրանցում ոչ պարտադիր
Սեփականատեր(եր) Գուգլ Ինքորփորեյթեդ (Google Inc.)
Հեղինակ(ներ) Սերգեյ Բրին և Լարրի Փեյջ
Բացված սեպտեմբերի 15, 1997[1]
Ընթացիկ կարգավիճակ գործող

Գուգլ (Google), որոնողական համակարգ։ Պատկանում է Գուգլ Ինքորփորեյթեդ (անգլ.՝ Google Inc.) ընկերությանը։

Ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %[2])։ Ամսական ընդունում է ավելի քան 41 միլիարդ 345 մլն հարցում[3], ինդեքսավորում է ավելի քան 25 միլիարդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով (2009 թ. հոկտեմբերի 15-ից սկսած)։

Կարող է որոնել PDF, RTF, PostScript, Մայքրոսոֆտ Վորդ, Մայքրոսոֆտ Էքսել, Մայքրոսոֆտ ՓաուերՓոյինթ և այլ ձևաչափերի փաստաթղթերում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգլ որոնման համակարգն ստեղծվել է որպես Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լերրի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ։ Նրանք 1996 թվականին աշխատում էին BackRub որոնման համակարգի վրա, իսկ 1998 թվականին դրա հիման վրա ստեղծեցին նոր Գուգլ որոնման համակարգը։ Գոյության առաջին տարվանից Գուգլում սկսեցին կիրառել թափանցիկ ղեկավարման OKR մեթոդը, որը որոշում էր ընկերության զարգացման պլանավորման և կորպորատիվ ղեկավարման մոտեցումները։ Չնայած ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, որոնիչը (2000 թվականից) երբեմն իր ծննդյան օրը նշում է ուրիշ օր․ ինչպես սեպտեմբերի 7-ին, այնպես էլ 27-ին[4][5]։ Գուգլ բառն առաջացել է 10 թվի 100 աստիճան թվի (10100)[6][7][8]գուգոլ անվանման աղավաղումից։

Կայքերի ինդեքսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգլի որոնիչ ռոբոտն ունի User Agent — Googlebot (Որոնիչ ռոբոտ), որը հանդիսանում է որոնիչ ինդեքսի համար էջի բովանդակությունը տեսածրող հիմնական ռոբոտը։ Նրա հետ մեկտեղ գոյություն ունեն ևս մի քանի մասնագիտացված ռոբոտներ․

  • Googlebot-Mobile - բջջային սարքավորումների, նոթբուքների համար կայքերն ինդեքսավորող ռոբոտ
  • Google Search Appliance (Google) gsa-crawler - Search Appliance նոր ապարատա-ծրագրային որոնիչ ռոբոտ
  • Googlebot-Image - նկարների ինդեքսի համար էջերը տեսածրող ռոբոտ
  • Mediapartners-Google - AdSense բովանդակության որոշման համար էջի կոնտենտը տեսածրող ռոբոտ
  • Adsbot-Google - AdWords նպատակային էջերի որակի գնահատման համար կոնտենտը տեսածրող ռոբոտ։

Խնդիրներ հեղինակային իրավունքների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

KaZaA-ն և սաենտոլոգիայի եկեղեցին թվային դարաշրջանում (DMCA) օգտագործում էին Հեղինակային իրավունքի մասին օրենքը, որպեսզի պահանջեն Գուգլից հեռացնել իրենց կայքերի նյութերի հղումները, որոնք իբր պաշտպանված էին հեղինակային իրավունքով[9][10]։ Գուգլն ըստ օրենքի պարտավոր է հեռացնել այդ հղումները, բայց որոնման արդյունքները հեռացնելու փոխարեն նախընտրում է կապել արդյունքները այդ կազմակերպությունների ներկայացրած բողոքների հետ[10]։ The New York Times-ը բողոքում էր, որ որոնիչ ռոբոտի կողմից իրենց բովանդակության քեշավորումն առանձնահատկություն է, որ կիրառում են որոնիչները, այդ թվում Google Web Search-ը, խախտում է հեղինակային իրավունքը[11]։ Գուգլը պահպանում է ստանդարտ Ինտերնետ-հնարքներ՝ ստանդարտ մեխանիզմ robots.txt նիշքի միջոցով քեշավորման անջատման հարցումների համար, մեգա-թեգերի միջոցով որը վեբ-կայքերի ադմինիստրատորներին թույլ է տալիս բացառել որոնման արդյունքներից իր կայքը կամ դրա մասը, կամ կոնտենտի խմբագրին թույլ է տալիս նշել, կարելի է արդյոք ինդեքսավորել կամ արխիվացնել փաստաթուղթը և կարելի է անցնել փաստաթղթի հղումներով։ ԱՄՆՆևադա նահանգի շրջանային դատարանը որոշեց, որ Գուգլ ընկերության քեշերը Field v. Google և Parker v. Google-ի գործում[12][13] համաձայն ամերիկյան օրենսդրության, չեն խախտում իրավունքները։

Խնդիրներ անձնական կյանքի անձեռնամխելության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներն առաջին անգամ Գուգլի համար սկսվեցին 2005 թվականին։ Google Earth քարտեզի ստեղծման ընթացքում օգտագործվել էին ամերիկյան Սպիտակ տան տանիքի նկարներ, ինչը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար սպառնալիք էր ներկայացնում։ Ամերիկյան հասարակությունը վրդովվել էր նրանով, որ հնարավոր ահաբեկիչներն առաջին անգամ հնարավորություն էին ստացել մանրամասն դիտել Սպիտակ տան տանիքին տեղակայված պաշտպանության համակարգը։ 2008 թվականին Պերսիլվանիա նահանգի Բորինգների ընտանիքը մեղադրեց Գուգլ ընկերությանը, իրենց անձնական կյանքի անձեռնամխելիության խախտման համար։ Google Street View համաշխարհային քաղաքային վիրտուալ քարտեզների ստեղծման ընթացքում օգտագործվել էին ամուսնական զույգի տան և լողավազանի նկարները։ Բորինգներն անհապաղ դատի տվեցին Գուգլին և պահանջեցին 25 000 դոլար, որպես պատճառած բարոյական վնասի փոխհատուցում։ Սակայն դատարանի որոշմամբ 2010 թվականին ընկերությունից նրանք ստացան ընդամենը 1 դոլար[14]։ Ընդդեմ Գուգլի ելույթ է ունենում նաև Ամերիկյան Ազգային Իրավաբանական և Քաղաքական Կենտրոնը (NLPC)։ Ծառայության կողմից անձնական իրավունքների խախտումն ապացուցելու համար կենտրոնի անդամները ներկայացնում են Գուգլի ղեկավարներից մեկի մասին տվյալներ (նրա տան նկարներ, դրա մոտ կայանված մեքենաների համարներ, տարածքները բարեկարգող ֆիրմայի անվանումը, անգամ պահապան ֆիրմայի անվանումը, որի հաճախորդն էին հանդիսանում նրա հարևանները)[15], որոնք կես ժամից պակաս ժամանակամիջոցում հավաքել էր ծառայությունը։ Բացի այդ, 2010 թվականին հայտնի դարձավ, որ Street View ծառայության վրա աշխատելիս Գուգլ ընկերությունը տեսածրել է քաղաքացիների IP հասցեները և ծածկագրերը։ Տեսախցիկներով սարքավորված հատուկ մեքենաներից տարբեր քաղաքների փողոցների և հրապարակների լուսանկարման ժամանակ Գուգլի մասնագետները զբաղվում էին Wi-Fi անլար ցանցերի ազդանշանների տեսածրմամբ նույնպես։ Արդյունքում ընկերությունն ստանում է անհատ և իրավաբանական անձանց էլեկտրոնային փոստերի մուտքի համար անհրաժեշտ գաղտնի բնույթի ծածկագրեր և այլ տեղեկություն[16]։ Ներկայումս Գուգլ ընկերությանը լուրջ քննադատում են Google Glass նախագծի իրագործման հետ կապված մարդու իրավունքների խախտման համար։ Գուգլի ակնոցների կրումն արդեն արգելվում է ամերիկյան կինոթատրոններում, խաղատներում և ստրիպ-ակումբներում։ Դրանց տերերն զգուշանում են, որ իրենց այցելուներն այդ ակնոցներով կարող են նկարահանել։ Բացի այդ, ակնոցների կրման արգելքը շուտով կարող են ընդունել ամերկյան բանկերն ու զբոսայգիների տնօրենությունները[17]։

Օգտատերերի տվյալների տրամադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Գուգլը ԱՄՆ իշխանություններին տրամադրեց WikiLeaks-ի մի քանի աշխատողների տվյալներ՝ փոստային առաքումների բովանդակություն, մետատվյալներ, գրանցումների վերաբերյալ տեղեկություն, այլ տվյալներ, և միայն 2,5 տարի անց այդ մասին տեղեկացրեց օգտատերերին[18][19][20]։ 2013 թվականի ամռանը շնորհիվ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենի, հայտնի դարձավ, որ ամերիկյան կառավարությունը միլիոն դոլարներ է վճարել Google-ին, Yahoo-ին, Microsoft-ին և Facebook-ին, համացանց-օգտատերերի մասին տեղեկության բացահայտման համար[21]։ Համաձայն փաստաթղթերի, ծախսերը ծածկում էին Հատուկ աղբյուրների հետ աշխատանքի բաժին անունով հայտնի Ազգային անվտանգության գործակալության ստորաբաժանումը։ Ի պատասխան դրան, Գուգլի գլխավոր իրավաբան Դեյվիդ Դրամմոնդը բլոգում հրապարակում է ԱՄՆ գլխավոր դատախազին և ՀԴԲ (անգլ.՝ Federal Bureau of Investigation, FBI) տնօրենին հասցեագրված ընկերության բաց նամակը, որում խնդրում է թույլատրել Transparency Report կանոնավոր հաշվետվությամբ հրապարակել մանրամասն տեղեկություն կառավարական հարցումների, այդ թվում՝ Արտասահմանյան հատուկ ծառայությունների գործունեության հսկողության մասին օրենքի հիման վրա հարցումների մասին։ Դրամմոնդի հաստատմամբ, այդ հարցումները չեն ապահովել ԱՄՆ կառավարության ուղիղ մուտքը օգտատերերի տվյալներ[22]։

Մարդու իրավունքների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգլի որոշ մասնագետներ մասնակցել են Արաբական գարնան իրադարձություններին, հանդես գալով «ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության» օգտին։ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Գուգլի մարքեթինգի տնօրեն Վաիլ Գոնիմը 2011 թվականին Եգիպտոսում անկարգությունների ժամանակ հանդես է գալիս Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալման օգտին։ Նա Facebook սոցցանցում ստեղծում է էջ, որտեղ դատապարտվում էր կառավարող իշխանության կողմից Եգիպտոսի քաղաքացիների հանդեպ բռնությունը և իրագործվում էր ցուցարարների գործողությունների կոորդինացիա։ Գոնիմը եգիպտական բողոքական շարժումը բնութագրել է ինչպես «Facebook revolution» և նշել է, որ Համացանցն ունեցավ արտակարգ կարևոր դեր[23]։ Բացի այդ, Արաբական գարնան իրադարձություններից անմիջապես հետո Գուգլի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք աշխատում են հեշտացնել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղեկատվություն և ընկերության արտադրանքների ստացումը։ Դրա հետ կապված ամերիկյան ընկերության նպատակը հանդիսանում է ավելի մեծ թվով արաբալեզու իրենց արտադրանքին դիմելու ապահովումը։ 2011 թվականին ընկերությունը թողարկում է Google Voice-ի և Google+-ի արաբերեն տարբերակները և ներկայացնում է Art Project-ում Քաթարում տեղակայված երկու թանգարան, իսկ 2012 թվականին հրավիրում է Թունիսի նախագահին հանդես գալ Google+ Hangout On Air տեսաթողարկման ծառայության միջոցով[24]։ Գուգլ ընկերությունն ունի նաև լուրջ պահանջներ Չինաստանի ղեկավարությանը՝ իր քաղաքացիների մուտքը համացանցի տեղեկատվություն սահմանափակելու համար։

Հղումների դասակարգման ալգորիթմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքերի հղումների դասակարգման ընթացքում Keywords մետաթեգը չի գործում[25]։

PageRank[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված։ PageRank

PageRank ալգորիթմի լուսաբանում

Գուգլն օգտագործում է PageRank հեղինակավորության հաշվարկի ալգորիթմ։ Որոնման արդյունքներում կայքերի հղումների դասակարգման ժամանակ PageRank-ը օգնող գործոններից մեկն է։ PageRank-ը ոչ միակ, բայց շատ կարևոր միջոց է Գուգլի որոնման արդյունքներում կայքերի դիրքի որոշման համար։ Հիմնական միտքը հետևյալն է․ որքան շատ են հղումներն այդ էջին, այնքան այն կարևոր է և համապատասխանորեն ընկնում է որոնման արդյունքների առաջին տեղերը։

Գուգլը հաշվի է առնում օգտատերերի անձնական տվյալները, այն արդյունքների դուրս բերման համար, որոնք նրան պետք են։ Այս երևույթն ունի բացասական կողմեր, օրինակ՝ եթե օգտատերը սոցիալական կայքերում քննադատում է նախագահին, ապա քաղաքացիական կարծիքը նախագահի մասին հարցման վերաբերյալ նա կստանա միայն բացասական բնութագրերով արդյունքներ։ Ընդհանրապես ցանկացած հարցման օգտատերը կստանա իր կարծիքին չհակասող տեղեկություն, ինչը անշուշտ լավ չի ազդում նրա քաղաքացիական կարծիքի վրա։ Իլայ Փարայզերն այս անվանել է զտիչների պղպջակ (անգլ.՝ «Filter bubble»)։ Այժմ Գուգլում հնարավոր է կայքերի դիտման ժամանակ անձնական արդյունքների դիտման գործառույթի անջատումը։

Որոնողական հարցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցումների սինտակսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգլի միջերեսը պարունակում է առանձին դոմեններով, լեզուներով, նիշքերի տիպով և այլն, որոնման շրջանակը սահմանափակել թույլատրող հարցումների բավականին բարդ լեզու։ Օրինակ՝ «intitle:Google site:wikipedia.org» որոնումը դուրս է բերում Վիքիպեդիայի բոլոր լեզուներով բոլոր հոդվածները, որոնց վերնագրում հանդիպում է Google բառը։ Հաքերների ձեռքում հարցումների հզոր լեզուն կարող է օգտագործվել վեբ-կայքերի խոցելիության հետազոտման համար[26]։

Որոնում գտածի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնման արդյունքների համար Գուգլը նախկինում ներկայացնում էր կրկնակի որոնման հնարավորությունը, ինչը թույլ էր տալիս որոնումը դուրս բերել ավելի մանրամասն։ Ավելի մանրամասն որոնման համար օգտվողները նշելու էին լրացուցիչ պարամետրեր, որոնցով կատարվում էր արդյունքների ընտրություն, ինչը թույլ էր տալիս դուրս բերել ոչ միայն հարցումը, այլ նաև ենթատեքստը, որտեղ այն կիրառվել էր։ Այս հնարավորությունը պարզեցնում էր որոնման գործընթացը, բացառելով յուրաքանչյուր արդյունքի բացվելը։

Վիքիորոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտվողին որոնման հարցումներով արդյունքներ տալու կարգավորումը թույլատրող որոնողական տեխնոլոգիա է։ Օգտվողը կարող է ցանկից հեռացնել արդյունքները և վեր բարձրացնել ցանկը։ Գուգլ ընկերությունն այս տեխնոլոգիան թողարկել է 2009 թվականի գարնանը և մշակել է այն մինև աշուն։ Որոնման կարգավորումներում մնացել է «վիքիորոնումը» միացնելու կարգավորումը, բայց դուրս բերման մեջ ղեկավարման համապատասխան տարրերը բացակայում են։ Այլ որոնման համակարգեր նման գործառույթներ դեռևս չեն ներկայացրել։

Ձայնային որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնումն իրականացնելու համար անհրաժեշտ է սեղմել հեռախոսի որոնման տողի կողքի սեղմակին և արտաբերել հարցումը, հեռախոսը ձեր ձայնն ուղարկում է սերվերին և բրաուզերը դուրս է բերում ձեր հարցումը պարունակող տող և դրա որոնման արդյունքը։ 2014 թվականից հասանելի է ձայնային որոնման ակտիվացումն առանց էկրանին հպվելու։ Android 4․3-ից ոչ ցածր տարբերակով հեռախոսներում բավական է ասել անգլ.՝ «OK Google»[27], և գործառույթն ակտիվանում է։

Գուգլի լոգոտիպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգլի ընթացիկ պաշտոնական լոգոտիպը գործում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից․ Ի տարբերություն նախկին լոգոտիպի, նորում կիրառվել է առանց նշարարման տառատեսակ, ինչպես նաև՝ ավելի մեղմ գույներ[28]։ Որևէ տոնի կամ լայն ճանաչում ունեցող հայտնի անձի հոբելյանական տարեթվի առիթով Գուգլի լոգոտիպը մի քանի, երբեմն էլ բոլոր տարածաշրջանային դոմեններում կարող է փոխվել որոշակի թեմատիկա, միտք ունեցող տոնականի, բայց Գուգլի ոճով անգլ.՝ Holiday and Events — Google style!․ Երկարատև սպասումից հետո, 2011 թվականի մարտի 22-ին Գուգլը շահեց «Google Doodle»-ի արտոնագիրը։

«Գուգլել» սլենգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնման համակարգի հանրահայտության պատճառով անգլերեն լեզվում հայտնվել է to google կամ to Google նորաբանությունը, որը օգտագործվում է Համացանցում Գուգլի օգնությամբ տեղեկության որոնման նշանակման համար։ Հենց այսպիսի նշանակությամբ բայը մտցվել է անգլերեն լեզվի առավել հեղինակավոր բառարաններ՝ Անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարան և Merriam-Webster[29], չնայած այլ աղբյուրներում բերվում են բառի օգտագործման օրինակներ ընդհանրապես Համացանցում ինչ-որ որոնում կատարելու նշանակությամբ։ Բառը իբրև բայ առաջին օգտագործողը եղել է Լերիի Փեյջը, 1998 թվականի հուլիսի 8-ին առաքման ցանկի իր հաղորդագրություններից մեկն ստորագրելով․ «Have fun and keep googling!»[30]: Ամերիկյան դիալեկտիկական հասարակությունը «to google» բայն անվանել է տասնամյակի բառ[31]։ Ապրանքանշանի հնարավոր կորստից զգուշանալով Գուգլը հավանություն չի տալիս բայի օգտագործումը, հատկապես, երբ ենթադրվում է ընդհանրապես Համացանցում որոնում կատարելը։ Օրինակ՝ 2003 թվականի փետրվարի 23-ին ընկերությունը «դադարեցնել և ձեռնպահ մնալ» (անգլ.՝ cease and desist) նամակ[32] է ուղղում նորաբանություններին հետևող Word Spy կայքի հիմնադիր Փոլ ՄակՖեդրիսին[33]։ Ինչպես նաև, Ֆրենկ Արենսը «Վաշինգտոն փոստ»-ի (անգլ.՝ The Washington Post) իր հոդվածում քննարկում է Գուգլի իրավաբաններից ստացած բայի «ճիշտ» և «ոչ ճիշտ» օգտագործումը լուսաբանող նամակը։ Ի պատասխան այս հոդվածին, Merriam-Webster բառարանի բառարանագրերը նկատում են, որ to google բայը գրել են փոքրատառով, բայց որոնման համակարգ Գուգլի նշանակման համար օգտագործել են մեծատառ (անգլ.՝ to use the Google search engine to seek online information - Համացանցում տեղեկության որոնման համար օգտվել Գուգլից), սակայն օքսֆորդյան բառարանի խմբագիրները պատմության համար չեն պահպանել երկու «տարբերակները»[34]։ 2006 թվականին Գուգլը հրապարակայնորեն հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով օգտագործել Գուգլից ձևավորված բառերը միայն երբ խոսքը գնում է Գուգլ ընկերության կամ նրա ծառայությունների մասին[35]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://reports.internic.net/cgi/whois?whois_nic=google.com&type=domain
  2. Net Applications ընկերության տվյալներով, 2007թ․-ին Google որոնողական համակարգի բաժինն աշխարհում կազմել է 77,05 %, Yahoo-ինը՝ 12,46 %, MSN-ինը՝ 3,33 %, Microsoft Live Search-ինը՝ 2,57 %, AOL-ինը՝ 2,12 %, Ask-ինը՝ 1,38 %, AltaVista-ինը՝ 0,13 %, Excite-ինը՝ 0,07 %, Lycos-ինը՝ 0,02 %, All the Web-ինը՝ 0,02 %
  3. Baidu Ranked Third Largest Worldwide Search Property by comScore in December 2007 — comScore, Inc
  4. «27.09.2010 Գուգլը նշում է ծննդյան տասներկուերորդ օրը»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-14-ին 
  5. «Ծնունդդ շնորհավոր Գուգլ»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-10-ին 
  6. Русское Агентство Новостей. О Google! Что в имени твоём?!
  7. QI: Quite Interesting facts about 100 // The Telegraph, 2009 թվականի ապրիլի 15
  8. 10 things you might not know about misspellings // Chicago Tribune, 4 августа 2013 года
  9. «Technology News: News: Google Pulls P2P Links Over Kazaa Copyright Claims»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-20-ին 
  10. 10,0 10,1 «New Economy; A copyright dispute with the Church of Scientology is forcing Google to do some creative linking»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-20-ին  New York Times
  11. «Google cache raises copyright concerns — CNET News.com»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-11-ին 
  12. Case No. CV-S-04-0413-RCJ-LRL United States District Court (District of Nevada). Filed on January 19, 2006
  13. Case No. 04-CV-3918 United States District Court (Eastern District of Pennsylvania). March 10, 2006
  14. Chloe Albanesius. 'Boring' Family Gets $1 in Google Street View Trespass Case. 02.12.10
  15. Գուգլին մեղադրում են անձնական կյանքի իրավունքների խախտման մեջ։ 04.08.08
  16. Գուգլը հայտնվել է սկանդալային իրավիճակում Համացանցից օգտվողների կոնֆիդենցիալ տեղեկություններ հավաքելու պատճառով
  17. ԱՄՆ-ում արգելել են սրճարանում օգտվել լրացուցիչ իրականության ակնոցներից
  18. «WikiLeaks demands answers after Google hands staff emails to US government»։ Վերցված է 2015-01-26 
  19. «Google provided WikiLeaks journalists' metadata in Julian Assange investigation»։ Վերցված է 2015-01-26 
  20. «Wikileaks writes Google a letter about staff emails handed over to the FBI»։ Վերցված է 2015-01-26 
  21. [1]
  22. [2]
  23. Josh Halliday. Arab spring: Google’s Wael Ghonim on the fall of Mubarak. 18.05.11
  24. Новости Google
  25. «Գուգլը հրաժարվել է Keywords մետաթեգից»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-13-ին 
  26. «Google-ի օգնությամբ կայքի ջարդում»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-20-ին 
  27. «OK Google"» 
  28. Official Google Blog: Google’s look, evolved
  29. «Google — Definition and More from the Free Merriam-Webster Dictionary»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-04-ին 
  30. Larry Page. (8 июля 1998)։ «Google Search Engine: New Features»։ Google Friends Mailing List։ Վերցված է 2007-08-06 
  31. «to google»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-31-ին 
  32. Paul McFedries. (23 февраля 2003)։ «Google trademark concerns» (անգլերեն)։ American Dialect Society Mailing List։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-02-ին։ Վերցված է ??? 
  33. Duffy, Jonathan. «Google calls in the «language police»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-29-ին (անգլ.) Би-би-си, 20 июня 2003
  34. Chris Noon. «Brin, Page See «Google» Take Its Place In Dictionary»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-20-ին  (անգլ.) Forbes, 6 июля 2006
  35. Michael Krantz. «Do you «Google»?»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին  (անգլ.) The Official Google Blog, 25 октября 2006

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]