Հենրի Մուր
Հենրի Մուր (հուլիսի 30, 1898 - օգոստոսի 31, 1986), անգլիացի քանդակագործ, արվեստների գործիչ և նկարիչ։ 1919-1921 թվականներին սովորել է Լիդսի գեղարվեստական, 1921-1925 թվականներին՝ Լոնդոնի արվեստի թագավորական (այստեղ դասավանդել է մինչև 1933 թվական) քոլեջներում։ Հետագայում դասավանդել է նաև Չելսիի և Սլեյդի գեղարվեստական դպրոցներում։ Հետաքրքրվել է Հին Հունաստանի, նաև էտրուսկների և մայաների քանդակագործությամբ, ուսումնասիրել Բրիտանական թանգարանի ազգագրական հավաքածուն, այցելել Իտալիա[5]։
Քանդակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյութի գաղափարին հավատարիմ (ստեղծել է «նյութերի ճշմարտության» ուղղությունը)՝ 1920-ական թվականներից նա կերտել է բնության և Երկրի սկիզբը խորհրդանշող քանդակներ, որտեղ գերակշռում են կանանց ֆիգուրները, ընտանիքին ու մայրությանը նվիրված և այլ թեմաներով կոմպոզիցիաները («Թագավորը և թագուհին», 1952-1953 թվականներ, «Պառկած ֆիգուր», 1957-1958 թվականներ, «Մայրը և երեխան», «Ընտանիք», 1945-1949 թվականներ, «Պառկած մայրը և երեխաները», 1961 թվական)։ Վաղ շրջանի գործերին առավել բնորոշ է ռեալիստական ոճը, հետագայում քանդակագործը դիմել է վերացական (աբստրակտ) ձևերի։ 1930-ական թվականներին հակվել է մոդեռնիզմին և սյուրռեալիզմին՝ արձագանքելով Պաբլո Պիկասսոյի, Ալբերտո Ջակոմետտիի, Կոնստանտին Բըրնկուշիի ստեղծագործական որոնումներին։ 1936 թվականին Լոնդոնում մասնակցել է սյուրռեալիստների ցուցահանդեսին։ Մուրը 1943-1944 թվականներին Նորթհեմպտոնի Սբ. Մատթեոս եկեղեցու համար ստեղծել է «Տիրամայրը մանկան հետ» քանդակը։ 1940-ական թվականներին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսից հետո նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն վարպետներից մեկը։ Վենետիկի (1948 թվական) և Սան Պաուլոյի (1953 թվական) բիենալեներում արժանացել է միջազգային մրցանակների։ Մուրը քանդակների կոմպոզիցիաներ է ստեղծել «Թայմս» թերթի խմբագրության (Լոնդոն), Լինկոլնի կենտրոնի (Նյու Յորք), Լամբերտ բանկի (Բրյուսել), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Փարիզ) և այլ շենքերի համար։ 1984 թվականին ստեղծել է «Թիթեռ» քանդակը՝ նվիրված Բեռլինի հիմնադրման 750-ամյակին (տեղադրվել է 1987 թվականին, Բեռլինում)։ Մուրը հորինվածքների համար օգտագործել է փայտ, քար, բրոնզ, երկաթբետոն և այլ նյութեր։ Նա երբեք չի հրապուրվել «մաքուր» ձևերով. իր ստեղծագործության մեջ նախընտրել է բնական ձևերը՝ մաշված քարերը, լեռնային քարանձավները, մարդու մարմինը՝ որպես ամբողջական օրգանական համակարգ, և այլն։ Ստեղծել է նաև ջրանկարներ և գծանկարների շարք (նվիրված է 1940-ական թվականների Լոնդոնի կյանքին)։ Նրա ստեղծագործությունները ճանաչվել են հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945 թվականներ) հետո և պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Նյու Յորքի ժամանակակից արվեստի և այլն)։
Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրը պարգևատրվել է «Արվեստին մատուցած ծառայությունների համար» (Մեծ Բրիտանիա) և «Փառքի ասպետ» (արվեստում ակնառու հաջողությունների համար, Մեծ Բրիտանիա և Համագործակցության երկրներ) շքանշաններով։
Աճյունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակագործի աճյունն ամփոփվել է Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում։
Հենրի Մուրի քանդակները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Henry Moore 1.jpg
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.theartstory.org/artist/moore-henry/
- ↑ https://artuk.org/discover/art-terms/modernism
- ↑ 4,0 4,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ «The Henry Moore Foundation - Home»։ www.henry-moore-fdn.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-17-ին։ Վերցված է 2015-10-25
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grigson G. Henry Moore
- Hall D. Henry Moore. The life and work of a great sculptor. New York
- Read H. Henry Moore. A study of his life and work. New York; Washington
- Berthoud R. The life of Henry Moore
- О своем творчестве рассказывает скульптор Генри Мур
- Мур Г. О скульптуре
- Генри Мур: Человеческое измерение
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԶԼՄ-ները Մուրի մասին Archived 2010-04-07 at the Wayback Machine.
- Մուրի քանդակների վաճառասրահի պաշտոնական կայք
- Մուրի աշխատանքի մասին ֆիլմի կայք
- Մուրի քանդակների եռաչափ տեսակը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրած քանդակները
|