Քանդակագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունցի Դավթի արձանը, Երվանդ Քոչար

Քանդակագործություն, պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտԳեղանկարչության ու գրաֆիկայի համեմատ ունենալով գեղարվեստաարտահայտչական ավելի սահմանափակ միջոցներ՝ քանդակագործությունը միևնույն ժամանակ ստեղծում է ծավալների շոշափելի ու իրականակերպ դրսևորումներ և դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տարբեր դիտակետերից[1]։

Քանդակագործության պատմության ընթացքում կիրառել են փորագրություն (նյութի հեռացում) և կերտում (նյութի ավելացում, օրինակ՝ կավ), քարից, մետաղից, խեցեղենից, փայտից և այլ նյութերից: Տարբեր նյութերը կարող են մշակվել՝ փորագրության, եռակցման կամ ձուլման միջոցով:

Անհիշելի ժամանակներից մարդը քանդակել է։ Սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քար, ցեխ և փայտ։ Հետո դրանց փոխարինել են երկաթը, բրոնզը, արճիճը, մոմը, պատի ծեփը, պլաստիլինը, պոլիեթերային խեժը և պլասմասսաները։ Սկզբում քանդակը ստեղծվել է զուտ օգտագործման համար, հետո ստեղծվել և օգտագործվել է ծիսական, մոգական, թաղման և կրոնական նպատակներով։ Քանդակը հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական էլեմենտ, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման հետ, ձեռք բերելով հիմանականում էսթետիկական կամ դեկորատիվ նպատակներ[2]։

Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից (քարակերտ ու փայտակերտ գործերում այդ փուլերը հաճախ շրջանցվում են)։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով (քար, փայտ, մետաղ) մարմնավորելու համար։

Անտիկ շրջանում գրեթե միշտ, հետագայում՝ մերթ-մերթ, մարմարե քանդակները ներկվել են, թեև այդ վիճակում մեծ մասամբ չի պահպանվել[3] Կոպենհագենում տեղակայված Car Carlsberg Glyptotek թանգարանը իրականացնում է քանդակների բնօրինակ գույների ուսումնասիրության և վերականգնման աշխատանքներ[4][5]։ Մինչև 17-18-րդ դարերը հաճախ ներկվել են նաև փայտաքանդակները։ 19-20-րդ դարերի քանդակագործները սովորաբար բավարարվում են նյութի բնական գույնով կամ միագույն փառապատումով։

Քանդակագործությունն ունի երկու ենթատեսակ՝ բոլորաքանդակ (երբ ստեղծագործությունը մշակվում է բոլոր կողմերից, հետևաբար բոլոր կողմերից դիտելի է) և ռելիեֆ (երբ քանդակային պատկերը փորագրվում է կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է նրա ֆոնը հանդիսացող հարթության վրա, հետևաբար դիտելի է միայն դիմացից, մասամբ՝ կողքերից)։ Հայերեն արձանագործություն և անդրիագործություն տերմինները, որոնք գործածվում են որպես քանդակագործության հոմանիշներ, ավելի ստույգ վերաբերում են բոլորաքանդակին։ Ռելիեֆները մեծ մասամբ համադրվում են ճարտարապետությանը, հարդարում շենքերի ճակատները, գոտին, ճակտոնը, ներսում՝ առաստաղը, ներքնապատերը ն իրենց ծավալային պատկերաձևերով լինում են բարձրաքանդակ, հարթաքանդակ, խորաքանդակ[1]։

Քարի քանդակը ավելի հին պատմություն ունի, քան արվեստի այլ՝ ոչ հարատև նյութերից ստեղծագործությունները։ Հինավուրց մշակույթներից մնացած աշխատանքների մեծ մասը քարից են (բացառությամբ խեցեղենի):

Մինչև վերջին ժամամանակները շատ մշակույթներում քանդակագործությունը ստեղծվել է գլխավորապես կրոնական, պաշտամունքային թեմաներով։ Խոշոր քադակը ծախսատար էր անհատների համար, և այդ պատճառով հիմնականում պատվիրվել է եկեղեցական և քաղաքական նպատակներով։ Պահպանվել են հիմնականում այն մշակույթների քանդակները, որտեղ դրանք մեծ քանակով պատվիրվել և ստեղծվել են։ Այդ երկրներից են Միջագետքը, Հնդկաստանը, Չինաստանը, նաև Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։

Արևմտյան, դասական քանդակը ձևավորվել է Հին Հունաստանում, որի դասական շրջանում ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ։ Միջին դարերում ծաղկել է գոթական քանդակը, որպես քրիստոնեական կրքերի և հավատի դրսևորում։ Սրան հաջորդած Վերածննդի շրջանում վերածնվել է դասական քանդակը։ Ժամանակակից մոդեռնիստական քանդակը շեղվել է դասական պատկերման ձևերից, հաճախ պատրաստի արտադրանքը ներկայացնում է, որպես արվեստի գործ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բովանդակային-գաղափարային էության, գեղարվեստաարտահայտչական միջոցների, ինչպես և կիրառման նպատակադրման՝ քանդակագործությունը տրոհվում է երեք գլխավոր բնագավառի՝ մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ։

Մոնումենտալ քանդակագործության նպատակն է նշանակալից գաղափարների, պատմական իրադարձությունների, ականավոր անձնավորությունների առաքելության պրոպագանդան և հիշատակի հավերժացումը։ Նրան հատուկ են բովանդակային ընդհանրացվածությունը, բնականից մեծ չափերը, ծավալային լայն արդվածքները, հեռվից ընկալվող կուռ ու արտահայտիչ եզրագիծը։ Մոնումենտալ քանդակները դրվում են բաց տարածության մեջ, հասարակական վայրերում։

Հաստոցային քանդակագործությունը բնական կամ ճարտարապետական միջավայրից կախում չունի, դրվում է թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի ներքնամասերում։ Սովորաբար ունենում է մարդու իրական չափերին մոտիկ մեծություն և գրեթե միշտ մշակվում է մանրակրկիտ։ Աչքի է ընկնում թեմատիկ և ժանրային լայն ընդգրկումով, հարուստ հնարավորություններ ունի թե՛ բոլորաքանդակում, թե՛ ռելիեֆում մարմնավորելու սյուժետային բազմապիսի իրադրություններ, հոգեբանական բնութագրություններ, կիրառելու պլաստիկական զանազանակերպ արդվածքներ։

Դեկորատիվ քանդակագործությունը գերազանցապես հանդես է գալիս ճարտարապետության հետ սինթեզված, ընդ որում՝ ոչ միայն ենթակայի դերում։ Ունի հիմնականում զարդարարական նպատակ։ Սովորական քանդականյութերի կողքին այստեղ, մեր ժամանակներում, լայնորեն օգտագործվում են ալյումինը և բետոնը։ Դեկորատիվ քանդակագործությունում մեծ տեղ ու դեր է վերապահված բուսական, կենդանական, երկրաչափական զարդանախշին, որը հաճախ հանդես է գալիս որպես հուշարձանի միակ քանդակային դրսևորում։

Քանդակագործության մեջ հատուկ ենթախումբ են կազմում տարբեր ժանրերի մանրաքանդակները («մանր պլաստիկա», «փոքր ձևերի քանդակագործություն»), որոնք նախատեսված են ինտերիերի համար և հաճախ աղերսվում են դեկորատիվ-կիրառական արվեստի հետ։ Մանր պլաստիկայի առանձնահատուկ բնագավառին են պատկանում նաև մետաղադրամները, մեդալները, գեմմաները, ոսկերչական քանդակավոր կերտվածքները։

Քանդակագործության տարբեր միջոցներով զարդարվում են կենցաղային բազմազան առարկաներ, կահ-կարասի և այլն, որոնք խմբավորվում են արհեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի յուրահատուկ մի բնագավառում, որ կոչվում է քանդակազարդում։ Քանդակագործության մեջ տարբեր նյութեր օգտագործեփս կիրառվում են քանդակման տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրություն, դրվագում, ձուլում և այլն։ Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ (խեցեգործություն)[1]։

Նյութեր և տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցե աչքերով Շումերական կռապաշտի արձան մ․թ․ա․ 2750−2600

Քանդակագործության օգտագործած նյութերը տարբեր են և փոփոխվել են նրա պատմության ողջ ընթացքում։ Օգտագործվող դասական նյութերից առավել կայուն են մետաղներից հատկապես բրոնզը, քարը, և կերամիկան։ Փայտը, ոսկորն ու եղջյուրները ոչ պակաս կայուն, բայց ավելի էժան նյութեր են։

Խրիսոէլեֆանտինային քանդակագործության առավել փոքր ստեղծագործություններում օգտագործվում են թանկարժեք նյութեր՝ ոսկի, արծաթ, փղոսկր։ Մեծ քանդակների համար օգտագործվում են ավելի էժան նյութեր՝ փայտ (կաղնեփայտ, տոսախ, լորենի), տերակոտա կամ այլ տեսակի խեցեղեն, մոմ․արճիճ և ցինկ։ Հին ստեղծագործություններում օգտագործվել են նաև բազմաթիվ այլ նյութեր։

Քանդակները հաճախ ներկվում են, թեև ժամանակի ընթացքում գունազրկվում են։ Գունավորման բազմաթիվ տեխնիկաներ են կիրառվել՝ յուղաներկեր, ոսկեպատում, աէրոզոլեր, էմալ և ավազաշիթային մշակում[6][7]։

Շատ քանդակագործներ փնտրում են նոր նյութեր և ստեղծագործելու նոր միջոցներ։ Պաբլո Պիկասոյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկում օգտագործված են հեծանիվի մասեր։ Ալեքսանդր Կոլդերը և այլ մոդերնիստներ արդյունավետ օգտագործել են ներկած պողպատ։ 1960-ականն թվականներից օգտագործում են ակրիլ և պլաստմասսաներ։ Էնդի Գոլդզուորթին ստեղծում է անհարատև քանդակներ բնական նյութերից, բնական պայմաններում։ Որոշ արձաններ, ինչպիսիք են սառցե, ավազե և գազե արձանները վաղանցիկ են։ Քանդակագործները օգտագործում են ապակենախշեր, գործիքներ, մեքենայի մասեր և փաթեթավորման տարաներ։ Հաճախ օգտագործվում են պատահական գտնված առարկաներ։

Տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակելու տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրում, դրվագում և այլն: Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ:

Քար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական արձանի գունավորման վերականգնում հիմնված պիգմենտային հետքերի վերլուծության վրա[8] մ․թ․ա․ 500

Քարե արձանագործությունը մարդկային ստեղծագործ գործունեության վաղ ձևերից է, երբ քարից հեռացվելով ավելորդ հատվածները ստացվել է ցանկալի ձևը։ Հարատևող նյութի այս տեսակին դիմել են շատ հին մշակույթներ՝ Եգիպտոսում, Հունաստանում, Հնդկաստանում և Եվրոպայի մեծ մասում, որտեղ քարի պակաս չի զգացվել։ Քարի մշակման ամենահին ձևերից է ժայռապատկերը, որտեղ խազելու, փորագրման, մաշեցման միջոցով ստացել են պատկերներ քարերի, ժայռերի վրա։ Մոնումենտալ քանդակագործությունը ընդգրկում է քարե խոշոր քանդակներ և ճարտարապետական քանդակ, որը ամրացված է կամ շինության մի մաս է։

Փորագրությունը կատարվում է կարծր կիսաթանգարժեք քարերի՝ նեֆրիտի, օնիքսի, լեռնային բյուրեղապակու վրա։ Ալեբաստրը կամ բյուրեղային գիպսը առավել ոչ կայուն և ոչ հարատև նյութեր են։

Քարե քանդակ ստեղծելու համար նախ կավից ապա գիպսից պատրաստվում է մանրաքանդակը, այնուհետև ստեղծագործությունը տեղափոխվում է քարի վրա: Քարի հետ աշխատելու մեթոդը կերտումն է որի համար օգտագործվում է հատուկ գործիքներ և ունի աշխատանքային փուլեր որոնցում օգտագործվում է մուրճը:

  1. - Քարի բեկորից արձանափորիչով հեռացվում են ավելորդ, խոշոր բեկորները։ Արձանափորիչը պողպատից է, ունի սուր ծայր, վերևի մասում քառանկյուն կամ կլորավուն է:
  2. - Շերտավորման փուլում մանրամասն հեռացվում են մանր կտորները: Այս փուլում աշխատում են ատամնավոր հատիչով[9] (անգլ.՝ tooth chisel, ռուս.՝ троянка), որը նույնպես պողպատից է, վերևի մասում կլորավուն ատամնավոր ծայրով:
  3. - Հեռացվում են ավելորդ շերտերը հատիչով (առանց ատամների):
  4. - մանր հատիչով մշակում են ականջի խոռոչը, մազերը, աչքերը և այլն[10]:

Բնօրինակ արձանի պատճենումը, որ շատ կարևոր էր հին հունական քանդակների համար, կատարվում էր համեմատաբար ազատ ոճով։ Բնօրինակը շրջապատվում էր փայտե շրջանակի վրա ձգված լարերով, որոնցից չափումներ կատարելով ստեղծվում էր պատճենը։ Հաճախ, որ պատճենելուց քիչ կետեր էին օգտագործում, որի պատճառով հաճախ վերջնական արդյունքը տարբերվում էր բնօրինակից[11]։

Մետաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Գիս, «Փախստականներ», 8 x 9.8 սմ, 1915

Բրոնզը և նրան վերաբերող այլ համաձուլվածքները ամենահին և ամենից շատ օգտագործվողներն են ձուլածո քանդակում առ այսօր։ Հաճախ բրոնզե քանդակը պարզապես «բրոնզ» են անվանում։ Բրոնզի փոշին և նուրբ թերթիկները ծառայում են փայտը, ոսկրը, սև մետաղները և գիպսը բրոնզապատելու համար։

Բրոնզի հատկությունները (ճկունություն, կպչունություն, պլաստիկություն) հնարավորություն են ընձեռում արձանի ամենամանր մասերը վերարտադրել, առանց հավելյալ նեցուկի ստեղծել ծավալային կոմպոզիցիաներ, ստանալ սնամեջ, համեմատաբար թեթև ձուլվածքներ։ Բրոնզն օքսիդանալով ձեռք է բերում կայուն երանգներ (բնական բրոնզափայլ), լավ է ենթարկվում ոսկեզօծման, դրվագման, փորագրման, որոնք բազմազան են դարձնում առարկայի գույնն ու ֆակտուրան։

Մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում և 2-րդ հազարամյակում Եգիպտոսում բաց կաղապարներով ձուլումը փոխարինվել է կավե երկփեղկ փակ կաղապարներով ձուլմամբ։ Միջին Արևելքում I հազարամյակի վերջին բրոնզյա իրերը դրվագազարդվել են պղնձով, արծաթով, երբեմն՝ նաև ոսկով։ Չինաստանում, ուր բրոնզը հայտնի էր մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակից, կիրառվել է, այսպես կոչված, մոմե ձուլման եղանակը։ Հունաստանում մ․ թ․ ա․ V–IV դդ․ բրոնզե մեծ արձաններ ձուլելիս կիրառել են «մոմե մոդելը կորուսելու» եղանակը, որը մինչև օրս էլ կիրառվում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում[12]։ Հին Հռոմում հուշարձանները (Մարկոս Ավրելիուսի հեծյալ արձանը Հռոմի Կապիտոլիումում, մ․ թ․ II դ․), կիսանդրիները, կանթեղները ձուլում էին մեծ հատվածներով։ Միջին դարերում բրոնզից ձուլել են եկեղեցական և պալատական սպասք, կահույքի մասեր, տաճարների քանդակազարդ դռներ, կաթսաներ, կենցաղային առարկաներ։ Վերածնության դարաշրջանում շատ արձաններ ձուլվել են «մոմե մոդելը կորուսելու» եղանակով։

Ամենահին պահպանված ձուլված քանդակը մ․թ․ա․ 3200 թվականի պղնձե գորտն է (Միջագետք)[13]։

Փայտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացած Քրիստոսը, Իսպանիա, ներկած փայտ, 1793.

Փայտը, որպես քանդակի նյութ, օգտագործվել է շատ մշակույթներում դեռևս անհիշելի ժամանակներից[14], բայց առանձնապես գնահատվել է միջին դարերում և գերմանական վաղ վերածննդի ժամանակ, երբ տաճարների ներքին հարդարանքում մեծամասամբ տեղադրվել են ներկված և ոսկեջրած սրբերի արձաններ, ամբիոնների, երգչախմբի նստարանների դետալներ, փորագիր միջնորմներ (ժյուբե)։ Օգտագործվել է հիմնականում փափուկ փայտանյութ, որը հեշտ է ենթարկվում մշակման։

Չնայած փայտե արձանների տարածմանը, նրանք ավելի քիչ են պահպանվել քան քանդակի այլ հիմնական նյութերից ստեղծվածները, քանի որ ենթակա են քայքայման, կրակի և միջատների ազդեցությանը։ Դրսում տեղադրված փայտե արձանների մեծ մասը չի պահպանվել։ Չինաստանում և Ճապոնիայում, ինչպես նաև Օկեանիայի և Աֆրիկայի շատ քանդակներ փայտից են։

Բաց գույնի փայտը հարմար է դիմակների և քանդակների համար։ Քանդակների մեծ մասը փորագրելուց հետո ներկվում է, բայց ներկը ավելի քիչ է դիմանում քան փայտը։ Այդ պատճառով հին ժամանակներից մեզ հասած քանդակները հիմնականում գունաթափված են։ Շատ անգամ ներկելուց առաջ փայտը գիպսով պատել են ու նոր ներկել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական Վեներա

Քանդակագործության վաղ նմուշներն ստեղծվել են դեռևս պալեոլիթի ժամանակահատվածում, երբ մարդը սկսել է քարով քար մշակել։ Հետո նա սկսել է փորագրել, ռելիեֆներ ստեղծել քարի և ոսկորի վրա։ Մեզոլիթի, նեոլիթի շրջանում արդեն ունեցել են բավականին լայն աշխարհագրական ընդգրկում։ 27000-32000 տարի առաջ մարդը սկսել է փորագրել ժայռապատկերներ և կնոջ մարմնով բոլորաքանդակներ են, որոնք խորհրդանշել են պտղաբերությունը։ Այդ արձանիկները պայմանականորեն կոչվում են «Նախապատմական Վեներաներ», օրինակ՝ Վիլենդորֆի Վեներա, Լեսպուգի Վեներա և այլն[15]։ Մադլենյան մշակույթին Մադլենյան մշակույթի ժամանակ տիրապետող են դարձել կայծքարե բազմազան հատիչները, ծակիչները, քերիչները։ Բարձր զարգացման է հասել ոսկրի մշակումը։ Բնորոշ են ոսկորների և եղջյուրների վրա փորագիր պատկերները» եղջյուրներից, մամոնտի ոսկորներից ու ժանիքներից քանդակները, միագույն և բազմագույն պատկերները քարայրերի պատերին ու առաստաղներին[16]։ Վաղ պալեոլիթի պարզ փորագիր առարկաները զարգանալով հետագայում վերածվել են ոսկորի կազմությանը հարմարեցված ավելի սխեմատիկ զարդարանքների, անիմալիստական ֆիգուրների։ Բրոնզի դարում քանդակագործությունը մասնագիտացել է, կիրառականի կողքին ձեռք բերել նաև գեղագիտական նշանակում՝ որոշակի գաղափարական կողմնորոշմամբ։

Անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործության ամենավաղ կենտրոններն են եղել Հին Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը և Միջագետքը, որտեղ մ․թ ա․ 4000 թվականին կային խեցեգործական վառարաններ[18]։ Եգիպտոսում մասնագիտացված քանդակագործություն վկայված է դեռևս մ․թ․ա․ IV հազարամյակից, սակայն բուռն ծաղկումն սկսվում է մ․թ․ա․ 18-րդ դարից՝ տալով բոլորաքանդակի ու ռելիեֆի անգերազանցելի նմուշներ։ Մ.թ.ա. IV հազարամյակից քանդակագործությունը զարգացել է նաև Միջագետքում՝ Շումերում, Աքքադում, Բաբելոնում, Ասորեստանում։ Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում նկատելի ժառանգություն են թողել նաև խեթերը, Միտաննին, Իրանը (հատկապես Աքեմենյան հարստության օրոք, մ․թ․ա․ VI–IV դդ․)։ Նույնքան հին է Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի քանդակագործությունը, որոնցից յուրաքանչյուրում ակնհայտորեն դրսևորված են ուրույն մեկնաբանություն գտած և հաճախակի սիմվոլիկայի ու այլաբանությունների օգնությամբ արտահայտված տեղական թեմաներն ու կրոնական պատկերացումները։

Հին Հունաստանում քանդակագործությունն արվեստների առաջատար բնագավառ էր․ նրա բուռն զարգացման համար զաղափարական հող են ծառայել ստրկատիրական Հունաստանի դեմոկրատական ու մարդասիրական իդեալները՝ իրենց աշխարհիկ ու կրոնական մարմնավորումներով։ Սաղմնավորվելով «Հոմերոսյան դարաշրջանում» (մ.թ.ա. XI–IX դդ․), հունական քանդակագործությունն արխաիկայի փուլում (մ․թ․ա․ VII–VI դդ․) սահմանել է իր մարդամեծար ռեալիստական կողմնորոշումն ու պրոֆեսիոնալիզմի նորմերը, և այդ հիմնահարկի վրա ստեղծել դասական շրջանի (մ.թ.ա. V–IV դդ․) իր մեծ արվեստը, որի հանճարեղ ներկայացուցիչներն էին քանդակագործներ Միրոնը, Պոլիկլետոսը, Ֆիդիասը, Սկոպասը, Պրաքսիտելեսը և Լիսիպպոսը, որոնք կերտել են հոգևոր և ֆիզիկական միասնությամբ օժտված կատարյալ մարդկանց և մարդակերպ աստվածների կերպարներ։ Հելլենիստական շրջանի քանդակագործության մեջ ուժեղացել են մի կողմից միապետներին մեծարելու, մյուս կողմից՝ դեկորատիվ–զարդարարական հակումները, բայց և ստեղծվել են հունական դասական ավանդույթներին հարող այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Սամոթրակյան Նիկեն», «Միլոսյան Աֆրոդիտեն», Պերգամոնի Զևսի մեծ զոհարանի գոտու բարձրաքանդակները, «Լաոկոոնը» և այլն։ Ի տարբերություն Հունաստանի, Հին Հռոմում առավել մեծ զարգացում է գտել դիմաքանդակը, որի ակունքներից մեկն էտրուսկյան արվեստն էր։ Հռոմեական քանդակագործությունը հանրապետական շրջանում կերտել է անհատի ու քաղաքացու խստաշունչ ռեալիստական կերպարներ, իսկ կայսերական շրջանում հաճախակի իդեալականացրել տիրակալներին։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարող Շիվան», XI դարի քանդակ (Չոլա)

Միջին դարերում վերելք է ապրել Հնդկաստանի, Չինաստանի, Ինդոնեզիայի, Հնդկաչինի, Ճապոնիայի քանդակագործությունը։ Միջնադարյան քանդակագործությունը Եվրոպայում գերազանցապես հանդես է եկել ճարտարապետական կոթողներում և կրել սպասարկու բնույթ։ Իր զարգացման գերագույն աստիճանին նա հասել է գոթական արվեստում՝ մի կողմից մարմնավորելով քրիստոնեության հոգևոր իդեալը, մյուս կողմից դրսևորելով որոշակի աշխարհիկ ւքիտումներ։ Ռուսաստանում միջնադարյան քանդակագործություն ներկայանում է հատկապես Վլադիմիր-Սուզդալյան տաճարների քանդակային հարդարանքով. դրանց կառուցմանն ու քանդակազարդմանը մասնակցել են հայ վարպետներ։ Իտալիայում XIII դարի կեսերից, նախ և առաջ քանդակագործության մեջ, սկսել են երևակվել Վերածննդի նախանշանները (Ն․ Պիզանո և Պրոտոռենեսանսի մյուս վարպետները)։ Վերածննդի քանդակագործությունն արագ աճի զգալի ազդակներ է ստացել անտիկ արվեստից և հակադրվել ֆեոդալական-կղերական մշակույթին։ XV դարում այստեղ արդեն գործել է նվաճումներ արձանագրած քանդակագործների մի հոծ ջոկատ (Դոնատելլո, Յակոպո դելլա Քվերչա, Լ․ Գիբերտի, Ա․ Վեռոկքիո և ուրիշներ), որը նույնիսկ կրոնական սյուժեներին տվել է աշխարհիկ մեկնաբանություն, մեծարել գունեղ անհատականությամբ ու զգաստ բանականությամբ օժտված կենսահաստատ, ակտիվ մարդուն։ Այդ ամենը կատարելության է հասել XVI դարում Միքելանջելոյի հանճարեղ ստեղծագործություններում։

Առավելաբար դեկորատիվ խնդիրների լուծման էին հակված Ուշ Վերածննդի և մաներիզմի քանդակագործները (Բենվենուտո Չելինի և ուրիշներ)։ Մյուս երկրների Վերածննդի քանդակագործներից հայտնի են Կլաուս Սլյուտերը (Բուրգունդիա), Ժան Գուժոնը, Ժ․ Պիլոնը (Ֆրանսիա), Պ․ Ֆիշերը (Գերմանիա) և ուրիշներ։ XVII դարի քանդակագործության գլխավոր ուղղությունը բարոկկոն էր․ ճոխամոլ, շարժառատ ու պաթետիկ այդ ոճի գլխավոր կրողներն էին Լորենցո Բեռնինին (Իտալիա), Պիեռ Պյուժեն (Ֆրանսիա), Անդրեաս Շլյուտերը (Գերմանիա)։ Նույն դարում նշելի է Իսպանիայի ռեալիստական փայտաքանդակը (Գ․ Ֆեռնանդես, Խ․ Մոնտանյես)։ XVIII դարի առաջին կեսին Ֆրանսիայում (ապա և այլուր) զգալի տիրապետություն է հաստատել ռոկոկոյի մանրախնդիր ու քնքշամոլ արիստոկրատական ոճը, որին դարի կեսերից սկսել է հակադրվել լուսավորիչների գաղափարներին հարող և դեպի ռեալիզմ զարգացող քանդակագործությունը (Էթիեն Մորիս Ֆալկոնե, Ժան Բատիստ Պիգալ, Ժան Անտուան Հուդո)։ Դրան զուգահեռ վերելք է ապրել XVIII դարի վերջերի-XIX դարի սկզբի կլասիցիզմը (Անտոնիո Կանովան Իտալիայում, Բերտել Տորվալդսենը Դանիայում, Գ․ Շադովը Գերմանիայում), որը, սակայն, շուտով հանգել է ակադեմիզմի կամ տեղի է տվել ռոմանտիզմին։ XVIII դարի կեսերից կազմավորվել է ռուսական նոր քանդակագործությունը հանձին բարոկկոյի (Բ․ Կ․ Ռաստրելլի), ռեալիզմի (Ֆեդոտ Շուբին), կլասիցիզմի (Միխայիլ Կոզլովսկի, Ի․ Պ․ Մարտոս, Ֆ․ Ֆ․ Շչեդրին, Ա․ Ս․ Պիմենով, Բ․ Ի․ Օռլովսկի, Պ․ Կ․ Կլոդտ) ներկայացուցիչների։ XIX դարում քանդակագործությունը հիմնականում զարգացել է ռոմանտիզմի և ռեալիզմի նշանաբանի տակ և առաջ մղել դեմոկրատական դիրքորոշում ունեցող այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք էին Ֆրանսուա Ռյուդը, Ա․ Լ․ Բարին, Ժ․ Դալուն Ֆրանսիայում, Յոսեֆ Վացլավ Միսլբեկը Չեխիայում, բանվոր դասակարգի առաջին արձանագործ Կ․ Մենիեն Բելգիայում և ուրիշներ։

XIX դարի 2-րդ կեսի ռուսական արվեստում քանդակագործությունը զարգացել է գլխավորապես պերեդվիժնիկների գաղափարական ազդեցության ոլորտում (Մարկ Անտոկոլսկի)։ XIX դարի վերջի-XX դարի սկզբի խոշորագույն քանդակագործը ֆրանսիացի Օգյուստ Ռոդենն էր, որի բազմաշեղ արվեստում ռեալիստական հենքի վրա դրսևորվել են իմպրեսիոնիստական ձևերը, մերթ-մերթ՝ նաև սիմվոլիստական մտածողությունը։ Եվրոպական ետռոդենյան քանդակագործության առաջատար ուժերն էին ազատագրական պայքարի կրքոտ երգիչ Էմիլ Անտուան Բուրդելը, պլաստիկայի նրբագույն վարպետ Արիստիդ Մայոլը, Շառլ Դեսպիոն (Ֆրանսիա), Է․ Բառլախը (Գերմանիա), Իվան Մեշտրովիչը (Խորվաթիա)։ Այդ շրջանում ռուսական քանդակագործությունը նոր ուղի են դուրս բերել Պավել Տրուբեցկոյը, Ա․ Տ․ Մատվեևը, իրենց արվեստով բանվորական շարժմանը հարած Աննա Գոլուբկինան և Սերգեյ Կոնյոնկովը։ Բուրժուական մշակույթի ճգնաժամի պայմաններում XX դարի մոդեռնիստական գրեթե բոլոր ուղղություններն իրենց դրսևորումը գտել են նաև քանդակագործության մեջ՝ հրապարակ բերելով կենսազուրկ, իրականը քմածին ձևերով փոխարինող բազմաթիվ քանդակներ։

«Բանվորը և կոլտնտեսուհին», Վերա Մուխինա, Մոսկվա, 1937

Մոդեռնիզմի անկումային ու ձևապաշտական արվեստին հետևողականորեն հակադրվում է սովետական քանդակագործությունը, որ զարգանում է սոցիալիստական ռեալիզմի ուղիով։ Նոր, սոցիալիստական քանդակագործություն ստեղծելու գործում պատմական նշանակություն է ունեցել մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը, որի իրականացմանը 1918 թվականից լուծընկեց են եղել Սերգեյ Կոնյոնկովը, Հակոբ Գյուրջյանը, Իվան Շադրը, Նիկոլայ Անդրեևը, Սերգեյ Մերկուրովը, Մատվեյ Մանիզերը, Ա․ Տ․ Մատվեևը, Լ․ Վ․ Շերվուդը և ուրիշներ։ Նրանց հետ միասին և նրանց սկսածը շարունակելով՝ սովետական քանդակագործության մնայուն արժեքներ են ստեղծել Վերա Մուխինան, Նիկոլայ Տոմսկին, Սառա Լեբեդևան և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան տարիներին նրանց հետ միասին սովետական քանդակագործության առաջընթացը շարունակել և մոնումենտալ, հաստոցային ու դեկորատիվ քանդակների ստվար ու բարձրարժեք նմուշներ են հրապարակ բերել Եվգենի Վուչետիչը, Ա․ Պ․ Կիբալնիկովը, Լև Կերբելը, Միխայիլ Անիկուշինը, Ֆ․ Դ․ Ֆիվեյսկին, Ե․ Ֆ․ Բելաշովան, Մ․ Ֆ․ Բաբուրինը, Ա․ Պ․ Ֆայդիշը, Վ․ Ե․ Ցիգալը, արտասահմանից հայրենադարձված Սերգեյ Կոնյոնկովը, Ս․ Դ․ Էրզյան և ուրիշներ։ Սովետական բազմազգ արվեստի զարգացմանն իրենց ծանրակշիռ նպաստն են բերել Ուկրաինայի (Վ․ Զ․ Բորոդայ, Ա․ Ա․ Կովալյով, Ի․ Մ․ Գոնչար, Պ․ Ֆ, Մովչուն, Ի․ Ս․ Զնոբա, Գ․ Ն․ Կալչենկո), Բելառուսիայի (Զ․ Ի․ Ազգուր, Ա․ Օ․ Բեմբել, Ա․ Կ․ Գլեբով), Վրաստանի (Յա․ Նիկոլաձե, Թամար Աբակելիա, Կոնստանտին Մերաբիշվիլի, Նիկոլայ Կանդելակի, Վալենտին Թոփուրիձե, Էլգուջա Ամաշուկելի), Լիտվայի (Գ․ Յոկուբոնիս, Պ․ Ռիմշա, Յուոզաս Յուկոբո Միկենաս, Պյատրաս Ալեքսանդրավիչյուս, Բ․ Վիշնյաուսկաս), Լատվիայի (Թ․ Զալկալն, Յա․ Զարին, Լ․ Վ․ Բուկովսկի), Էստոնիայի (Յա․ Սոանս, Է․ Ռոոս, Մ․ Վարիկ, Ա․ Կաազիկ, Յ․ Հերվ) և մյուս միութենական հանրապետությունների քանդակագործները։

XX դարի քանդակագործության մեջ առանձնապես մեծ, պատմական ու գեղարվեստական նշանակություն ունեն ժամանակի առաջադիմական գաղափարները մեկնաբանող, կոմունիցմ կառուցողների կերպարները, ֆաշիզմի դեմ սովետական ժողովրդի հաղթանակը մարմնավորող համալիրային մոնումենտալ կերտվածքները (Վերա Մուխինայի «Բանվորը և կոլտնտեսուհին», Եվգենի Վուչետիչի՝ սովետական բանակի մարտիկներին նվիրված հուշարձանախմբերը Բեռլինի Տրեպտով զբոսայգում և Վոլգոգրադում և այլն), որոնք ի հակակշիռ մոդեռնիզմի անկումային արվեստի՝ շարունակում են դասական ավանդույթները և նոր գաղափարական ու գեղարվեստական կողմնորոշում տալիս համամարդկային քանդակագործությանը։ Նման ուղիով է ընթանում սոցիալիստական մյուս երկրների քանդակագործությունը (քանդակագործ Դունիկովսկին Լեհաստանում, Ֆ․ Կրեմերը ԳԴՀ–ում, Ա․ Ավգուստինչիչը Հարավսլավիայում, Ժ․ Կիշֆալուդի-Շտրոբլը Հունգարիայում և ուրիշներ)։ Հակադրվելով ֆաշիզմի և պատերազմի սպառնալիքին՝ եվրոպական շատ երկրների առաջադեմ քանդակագործներն ստեղծել են հումանիստական պաթոսով ներթափանցված գործեր (Մ․ Մաձակուրատին, Ջ․ Մանցուն Իտալիայում, Վ․ Աալտոնենը Ֆինլանդիայում և ուրիշներ)։

Քանդակագործությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապ

Քանդակագործությունը Հայաստանում սկզբնավորվել է հնուց։ Քարի մշակումը հայկական տարածքներում վկայված է դեռես պալեոլիթից, սակայն մեզ հասած հնագույն քանդակները (ժայռապատկերներ) վերաբերում են նեոլիթին։ Բրոնզի դարում արդեն կար հետզհետե ստվարացող բոլորաքանղակ ու բարձրաքանդակ՝ ոչ միայն քարից (վիշապներ), կավից, փայտից, այլև գունավոր մետաղներից (բրոնզե արձանիկներ Լճաշենից, առյուծապատկեր ոսկե գավաթ Վանաձորից և այլն)։ Երկաթի դարի քանդակագործությունն իր բարձր զարգացմանն է հասել և ստեղծել մոնումենտալ արձաններ, հարթաքանդակներ ու քանդակազարդ իրեր՝ ուրարտական արվեստում, որի ավանդույթներն իրենց շարունակությունն են գտել մ.թ.ա. VI-IV դարերի քանդակագործության մեջ։ Հելլենիստական շրջանում քանդակագործությունը տակավին եղել է կերպարվեստի առաջատար բնագավառ, հարստացել մեծ մասամբ Հունաստանից բերված և սրբավայրերում ու քաղաքներում կանգնեցված բարձրարվեստ կոթողներով։ Տեղում ստեղծված արձաններում հաճախ առկա է հունականի սինթեզը տեղական ավանդույթների և ազգագրական առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Նեմրութ լեռան վրա մ.թ.ա. I դարում Երվանդունիների դրած մոնումենտալ քանդակները, որոնցում արտացոլվել է նաև հունական և հայկական դիցարանների ի մի գալը։ Պատմական և գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում այդ շրջանի արծաթագործության նմուշները, դրամները (Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի դիմաքանդակներով), Գառնիի տաճարի զարդաքանդակները։ Ֆեոդալիզմի և քրիստոնեության հաստատումը, միջնադարյան քաղաքների զարգացումը արվեստներին առաջադրել են նոր գաղափարական-գեղարվեստական խնդիրներ։ Զանգվածային եկեղեցաշինության հետ կապված՝ քանդակագործությունը հիմնականում զարգացել է որպես ենթակայի ֆունկցիաներով ճարտարապետության հետ սինթեզված արվեստ։ Եղիշեի վկայությամբ՝ եղել են նաև ինքնուրույն դիմաքանդակներ, բայց դրանցից ոչ մի նմուշ մեզ չի հասել։

Եկեղեցաշինության մեջ լայն տարածում է գտել դեկորատիվ զարդաքանդակը՝ որոշ հուշարձաններում համադրված սյուժետային բարձրաքանդակների հետ։ Դրա վաղ նմուշները վերաբերում են դեռես V դարին (Դվին, Տեկոր, Երերույք)։ VII դարում այդ պրոցեսն իր փայլուն պսակումն է գտել Զվարթնոցում, Մրենում, իսկ X-XIII դարերում՝ Անիի հուշարձաններում, Աղթամարում (ճարտարապետ և քանդակագործ Մանուել), Գանձասարում, Սաղմոսավանքում։ Ճարտարապետության մեջ հաճախ քանդակազարդվել է նաև փայտը՝ դռների (Մշո Առաքելոց վանքի (1134), Սևանի Առաքելոց եկեղեցու (1486) դռները), երբեմն խոյակների (Սևանի Առաքելոց եկեղեցու գավթի խոյակը (874)) համար։ Եղել են թեմատիկ փայտաքանդակներ («Խաչից իջեցումը» Հավուց Թառից, XI դ․)։ Ճարտարապետության հետ են կապված նաև նվիրատուների պատկերաքանդակները (Աղթամար, Գագկաշեն (Գագիկ Ա թագավորի տուֆակերտ արձանը), Հաղպատ, Սանահին), որոնցում ցայտուն դրսևորում են գտել ժողովրդական արձանագործության ձևերը։ Միջնադարյան Հայաստանում քանդակագործության լայնորեն տարածված մյուս բնագավառը հուշակոթողներն են՝ դրված հանգուցյալների շիրիմներին կամ կանգնեցված ի հուշ կարևոր իրադարձությունների։ Դրանց վաղ նմուշները (IV-VII դարեր՝ Աղց, Օձուն, Թալին) ունեն թեմատիկ քանդակապատկերներ և աղերսվում են հեթանոսական շրջանի արվեստի հետ։ IX դարից սկսել են տիրապետող դառնալ խաչքարերը, որոնք բուն հայկական երևույթ են և իրենց մեջ են ներառել ազգային զարդամոտիվների անսպառ հարստություն։ Միջնադարում քանդակագործության զարգացած բնագավառներից էր նաև մետաղների գեղարվեստական մշակումը, ինչը լայնորեն կիրառվում էր եկեղեցական ու կենցաղային իրեր, ինչպես նաև գրքի կազմեր պատրաստելիս։

Նոր ժամանակների հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության երփնագրի համեմատ հապաղել է և հանդես է եկել XIX դարի վերջերին Կ․ Պոլսում, որտեղ ստեղծագործում էր իտալական ակադեմիզմին մոտ կանգնած Երվանդ Ոսկանը։ Հաջորդ սերնդի ներկայացուցիչները՝ Անդրեաս Տեր-Մարուքյանը, ինչպես և Միքայել Միքայելյանը, որոշակիորեն դեմոկրատական կողմնորոշում ունեցող ռեալիստներ էին և դիմաքանդակի ու կենցաղային ժանրերում արվեստ բերին ազգային թեմաներ ու կերպարներ։ Նույն սերնդին են պատկանում ԱՄՆ-ում հանգրվանած և բազմաթիվ հուշարձաններ կերտած Հայկ Բադիկյանն ու Հակոբ Փափազյանը։

Կժով աղջիկը, Այծեմնիկ Ուրարտու, 1939 թվական

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը հնարավորություն է ստեղծել, որպեսզի հայ քանդակագործության ազգային դպրոցը զարգանա սեփական հողի վրա։ 1921-22 թվականներից Խորհրդային Հայաստանում սկսել է իրականացվել մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը, որը դարձել է սովետահայ քանդակագործության սկզբնավորման փուլը։ Հայ քանդակագործությունը՝ որպես պրոֆեսիոնալ արվեստ, Խորհրդային Հայաստանում ձևավորվել և իր հասունությունը դրսևորել է նախ և առաջ Արա Սարգսյանի և նրանից փոքր-ինչ հետո Հայաստան տեղափոխված Սուրեն Ստեփանյանի, Ստեփան Թարյանի, Այծեմնիկ Ուրարտուի, ապա և Երվանդ Քոչարի հայրենանվեր ջանքերով։ Նրանց շնորհիվ հայկական քանդակագործությունը հարստացել է մի ստվար շարք բարձրարվեստ մոնումենտալ, հաստոցային ու դեկորատիվ ստեղծագործություններով ու իր պատշաճ տեղն է գրավել սովետական բազմազգ արվեստում։ Սովետահայ քանդակագործության զարգացմանը, նրանում սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաստատմանը մեծ նպաստ են նաև բերել Մոսկվայում ու Լենինգրադում ապրող հայազգի արձանագործներ Սերգեյ Մերկուրովը, Գրիգոր Քեպինովը, Տիգրան Դավթյանը, Ա․ Ստեփանյանը և ուրիշներ։

Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան տարիներին սովետահայ քանդակագործությունը համալրվում է միութենական բուհերում և հիմնականում արդեն Երևանում գեղարվեստական կրթություն ստացած բազմաթիվ կարող արվեստագետներով՝ Նիկողոս Նիկողոսյան, Սարգիս Բաղդասարյան, Ղուկաս Չուբարյան[19], Արա Հարությունյան, Թերեզա Միրզոյան, Արտաշես Հովսեփյան[20], Ադիբեկ Գրիգորյան, Խաչատուր Իսկանդարյան, Դերենիկ Դանիելյան, Կարապետ Մեծատուրյան, Արշամ Շահինյան, Ռաֆայել Եկմալյան, Հովհաննես Բեջանյան, Գրիգոր Բադալյան, Երեմ Վարդանյան, Ռաֆայել Համբարձումյան, Արա Շիրազ, Տարիել Հակոբյան, Լևոն Թոքմաջյան, Սուրեն Նազարյան, Ֆրիդ Սողոյան, Կառլեն Նուրիջանյան, Ֆերդինանտ Առաքելյան և ուրիշներ։ Բուլղարիայից հայրենադարձվել է Գրիգոր Ահարոնյանը։ Խեցեգործական քանդակներ են ստեղծել Ռուբեն Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը[21] և ուրիշներ։ Նրանց բոլորի գործունեությամբ է, որ սովետահայ քանդակագործությունը դարձել է մասսայական բնագավառ, ընդլայնել իր ոչ միայն ստեղծագործական հնարավորությունները, այլև աշխարհագրական ընդգրկումը, հուշարձաններ է կանգնեցրել նաև Հայաստանից դուրս՝ Կիևում, Ղրիմում, Ուլյանովսկում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Մոսկվայում, Փարիզում և այլուր։ Մոսկվայի կենտրոնում է դրվել Ռաֆայել Համբարձումյանի քանդակած Յակով Սվերդլովի հուշարձանը[22]։ Սփյուռքում քանդակագործների թիվը համեմատաբար մեծ չէր, սակայն այստեղ էլ եղել են մնայուն արժեքներ ստեղծած ականավոր դեմքեր։ Նրանցից միջազգային համբավ է վայելում 1921 թվականից Փարիզում հանգրվանած Հակոբ Գյուրջյանը։ Դիմաքանդակի ու սոցիալական-մարդասիրական հարցեր բարձրացնող կոմպոզիցիաների ճանաչված հեղինակներ են Դարիա Կամսարականը Ֆրանսիայում, Նվարդ Զարյանը Իտալիայում, Մորիս Սարկիսովը Շվեյցարիայում։ 1930-ական թվականներից ԱՄՆ-ում լայն ասպարեզ են դուրս եկել Նշան Թուրը (Թուրունճյան), Հ․ Լիոնը (Արսլանյան), Ռուբեն Նակյանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 412
  2. Sureda, Joan. Historia Universal del Arte: Las primeras civilizaciones (en castellà). I. Barcelona: Planeta, 1988. ISBN 84-320-6681-8.
  3. "Gods in Color: Painted Sculpture of Classical Antiquity" September 2007 to January 2008, The Arthur M. Sackler Museum Archived 2009-01-04 at the Wayback Machine.
  4. «Research - Glyptoteket»։ Glyptoteket (en-US)։ Վերցված է 2017-09-23 
  5. «Tracking Colour»։ www.trackingcolour.com։ Վերցված է 2017-09-23 
  6. "Gods in Color: Painted Sculpture of Classical Antiquity" September 2007 to January 2008, The Arthur M. Sackler Museum Archived 2009-01-04 at the Wayback Machine.
  7. Article by Morris Cox
  8. "Gods in Colour"
  9. Ատամնավոր հատիչի մասին ակադեմիական բառարանում
  10. Техники и материалы скульптуры из камня
  11. Cook, R.M., Greek Art, Penguin, 1986 (reprint of 1972), ISBN 0140218661, page 147
  12. «Flash animation of the lost-wax casting process»։ James Peniston Sculpture։ Վերցված է 2008-11-30 
  13. Ravi B. (2004)։ «Metal Casting – Overview»։ Bureau of Energy Efficiency, India 
  14. See for example Martin Robertson, A shorter history of Greek art, p. 9, Cambridge University Press, 1981, 978-0-521-28084-6
  15. DDAA. La Gran enciclopèdia en català. VII. Barcelona: Edicions 62, 2004. ISBN 84-297-5435-0
  16. Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 127
  17. Милица Эдвиновна Матье, Во времена Нефертити. — Л., М.: Искусство, 1965.
  18. Midgley, Barry. Escultura, modelado y cerámica (en castellà). Madrid: Hermann Blume, 1982. ISBN 84-7214-259-0
  19. ЧУБАРЯН Гукас Григорьевич, cкульптор, почетный зарубежный член Российской академии художеств (ռուս.)
  20. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005:
  21. Հմայակ Բդեյան
  22. Памятники Свердлову Я. М.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազարյան Լ․, Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Ե․, 1975։
  • Մնացականյան Ս․, Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը IX–XIV դարերում, Ե․, 1976։
  • Кепинов Г․, Технология скульптуры, М․, 1936.
  • Либман М․ Я․, О скульптуре, М․, 1962.
  • Всеобщая история искусств, т․ 1–6, М․, 1956–66.
  • Молева Н․, Скульптура․ Очерки зарубежной скульптуры, М․, 1975.
  • Basin G․, The History of World Sculpture, L․, 1970․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png