Սուսերամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսերամարտ
Տեսակմենամարտ և օլիմպիական մարզաձև
Տարբերվում էսպորտային սուսերամարտ և Կենդո
ՊորտալՊորտալ:Սուսերամարտ
 Fencing Վիքիպահեստում
Սուսերամարտ

Սուսերամարտ, մենամարտային օլիմպիական մարզաձև։ Սառը զենքին տիրապետելու հնարքների համակարգ ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի արվեստը ծագել է 15-րդ դարի սկզբին, ռազմիկի սպառազինությունը հրազենի հայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։

Ներկայացվում է որպես մարզաձև, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը եռանկյուն է։

Թույլատրվում է խոցել մարմնի բոլոր մասերը, բացի ծոծրակից (նաև ժամանակակից հնագամարտի ձև)։ Սուսերամարտում հաղթում է մինչև 6 րոպեում 5 խոցում կատարող մարզիկը (օլիմպիական մրցակարգի դեպքում՝ 10 րոպեում 10 խոցում)։ Մարզիկները հագնում են սպիտակ, թեթև, ամուր կտորից պաշտպանական հագուստ, ցանցապատ սաղավարտ, ձեռնոց՝ սուսերակիր ձեռքին։ Մրցուղյակի երկարությունը 18 մ է։ 1896 թվականից Սուսերամարտի օլիմպիական խաղերի ծրագրում է (կանանցը 1924 թվականից)։ 1937 թվականից անցկացվում է աշխարհի ամենամյա առաջնություն, 1906-1936 թվականներին անցկացվել է Եվրոպայի առաջնություն, 1960 թվականից տեղի են ունենում Եվրոպայի գավաթի թիմային և անհատական մրցումներ (1964 թվականից՝ չեմպիոնատներ)։ Ռուսաստանում մարզական Սուսերամարտ հայտնի է XVII դարի վերջից։ Պաշտոնական մրցումներ կազմակերպվել են 1860 թվականից (սկզբում միայն սպաների համար)։

Հայաստանում առաջին խմբակները ստեղծվել են Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում և Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Հանրապետական առաջնություններ սկսվել են անցկացվել 1945 թվականից։ 1979-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում ստեղծվել է Սուսերամարտի ամբիոն։ Հայաստանի մարզիկներից Վլադիմիր Չեռնիկովը (խոցասուսեր) դարձել է XVII Օլիմպիական խաղերի 3-րդ, աշխարհի և ԽՍՀՄ առաջնությունների 2-րդ և 3-րդ մրցանակակիր, հաղթել ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում (1958Աշոտ Կարագյանը (խոցասուսեր) Մոսկովյան օլիմպիադայի արծաթե (ճկասուսեր, թիմային) և բրոնզե (թիմային) մեդալակիր է, հաղթել է աշխարհի (թիմային) առաջնություններում (1979, 1981), Եվրոպայի գավաթի խաղարկությունում (1978, թիմային), իտալական «Մպրիտֆիկո» միջազգային խոշորագույն մրցաշարերում (1974, 1977), բազմիցս նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 198