Բասկետբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկետբոլ
Rašić lays up.jpg
Տեսակ գնդակով խաղ և թիմային մարզաձև
Մարմին ՖԻԲԱ
Սեռ Արական, իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակ Թիմային, գնդակով խաղ
Հարմարանք Բասկետբոլի գնդակ
Basketball Clipart.svg
Վայր Բասկետբոլային դաշտ
Basketball court.svg
Օլիմպիական խաղեր Սկսած 1936 թ-ից
Պորտալ Պորտալ:Բասկետբոլ
Basketball Վիքիպահեստում
Բասկետբոլային դրիբլինգների ցուցադրում

Բասկետբոլ (անգլBasket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից), թիմային մարզաձև, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ: Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի): Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է[1]:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը հիմնադրվել է 1891 թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից: Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին:

Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին: Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ: Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց: Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ:

Խաղի առաջին կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի առաջին կանոնները տպագրվել են «Եռանկյունի» ամսագրում 1892-ի հունվարին «Նոր խաղ» վերնագրով:

Խաղի՝ այժմ գործող հիմնական կանոններն են՝

  • Գնդակը կարող է ամեն ուղղությամբ՝ մեկ կամ երկու ձեռքով:
  • Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով:
  • Խաղացողը չի կարող վազել գնդակով:
  • Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել:
  • Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով:
  • Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ:
  • Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում:
  • Խաղի տևողությունը 4x10 րոպե, և երկու րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև:
  • Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից:
  • Խաղի 40 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող: Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ՝ որոշելու հաղթող կողմին:

Խաղադաշտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում են 28x15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները:

Գնդակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները:

Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմերից յուրաքանչյուրը բացի մեկնարկային 5 խաղացողներից ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ՝ առանց սահմանափակումների: Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ՝ 2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ Միացյալ Նահանգներում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ:

  • Գնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել: Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին:
  • Եթե տվյալ թիմը անցել է մրցակցի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ, իսկ հարձակումն սկսելուց հետո պետք է 8 վայրկյանից ավելի չմնա սեփական կիսադաշտում:
  • Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի:

Բասկետբոլիստների դիրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղարկող (1-ին համար), սովորաբար թիմի ամենաարագավազ բասկետբոլիստն է, ով պետք է ճիշտ կազմակերպի հարձակումը և համոզված լինի, որ գնդակը ճիշտ ժամանակին և ճիշտ մարդու է փոխանցել:
  • Հարձակվող պաշտպան (2-րդ համար), հարձակման ժամանակ կատարում է հեռահար նետումներ, իսկ պաշտպանության մեջ՝ փորձում է փակել հակառակորդի լավագույն խաղացողին:
  • Թեթև հարձակվող (3-րդ համար), արագ կերպով փորձում է միավոր վաստակել, իսկ պաշտպանության մեջ ակտիվորեն փնտրում է անդրադարձի ու խլման հնարավորությունները բաց չթողնել:
  • Ծանր հարձակվող (4-րդ համար), փորձում է ավելի մոտից միավոր բերել, իսկ պաշտպանության մեջ օղակի տակ է կանգնում կամ էլ փորձում հակառակորդի ծանր հարձակվողին պահել:
  • Կենտրոնական (5-րդ համար), թիմի ամենախոշոր և ամենաբարձրահասակ բասկետբոլիստն է: Օգտագործում է իր ուժը օղակի մոտ միավոր վաստակելու համար:

Լիգաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի շատ անկյուններում այսօր կան բազմապիսի բասկետբոլային լիգաներ: Այնուամենայնիվ, ամենից հայտնի և ամենից ատլետիկ բասկետբոլիստներով հարուստ լիգան համարվում է Հյուսիսային Ամերիկայի սպորտային առաջնությունների մեծ քառյակի մաս կազմող Բասկետբոլի Ազգային Ասոցացիան (անգլ.՝ National Basketball Association, NBA):

Հայաստանում գործում է Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, որը ՖԻԲԱ Եվրոպայի անդամն է:

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկետբոլը զարգացնում և ամրապնդում է հենաշարժողական ապարատը, բարձրացնում շնչառական և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները, բարելավում տեսողական, շարժողական, անդաստակային վերլուծիչների աշխատանքը, շարժումների համաձայնեցումը, մեծացնում ընդհանուր ֆիզիկական դիմացկունությունը, իսկ առանձնահատկությունների շնորհիվ այն մատչելի է երիտասարդների (սովորաբար մինչև 3638 տարեկան) համար:

Խաղի տարրերը կարելի է սովորեցնել 10-12, իսկ հատուկ մարզումներն սկսել 12-14 տարեկանից: Ըստ տարիքային խմբերի (երեխաներ, պատանիներ և աղջիկներ), որպես կանոն, մրցումների մասնակցել թույլատրվում է մշտական մարզումներից 1-1,5 տարի հետո: Ցածր դպրոցական տարիքի երեխաների և պատանիների պարապմունքների ընթացքում սահմանափակվում են խաղի տևողությունը, խաղահրապարակի չափերը, զամբյուղի բարձրությունը, գնդակի քաշը, կանոնակարգվում մրցումների քանակը:

Վնասվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են սալջարդը, սրունքաթաթային հոդի գերձգվածությունը, մատների հոդախախտումները և այլն, որոնց կանխման համար նշանակություն ունեն խաղահրապարակի ճիշտ կառուցումն ու բարեկարգ պահելը, խաղի կանոնների պահպանումը, ծնկակապերը և առանց կրունկի (ավելի հարմար է ռետինե ներբաններով) կոշիկները: Բասկետբոլի պարապմունքների ժամանակ անհրաժեշտ է բժշկական հսկողություն: Խաղի տարբեր տարրեր (գնդակը զամբյուղ նետելը և այլն) օգտագործվում են բուժական ֆիզկուլտուրայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]