Պոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլո
Varsity Polo 2013.jpg
Տեսակթիմային մարզաձև և ձիասպորտ
Այլ անուններ«արքայական խաղ», «թագավորների խաղ», «մեծահարուստների խաղ»
ՄարմինՊոլոյի Միջազգային Ասոցիացիա
Թիմ մեծ4
Սեռարական, իգական; առանձին կամ խառը
Կարգավիճակձիասպորտ, գնդակային խաղ, թիմային խաղ
ՀարմարանքՊոլոյի պոնի, պոլոյի գնդակ, մական, պոլոյի թամբ
Վայր270 x 150 մ, պոլոի դաշտ
Օլիմպիական խաղեր1900-1936
Commons-logo.svg Polo Վիքիպահեստում

Պոլո, ձիասպորտային թիմային մարզաձև։ Այն աշխարհի ամենահին թիմային մարզաձևերից մեկն է[1]։ Այն նաև կոչվում է «թագավորների սպորտ»[2]։

Գոյություն ունի պոլոյի մի քանի տեսակներ, սակայն ամենատարածվածը բացօթյա կամ դաշտային պոլոն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ձևավորվել է մոտ մ.թ.ա. 6-րդ դարում Իրանում։ Այն ժամանակի ընթացքում դարձել է Պարսկաստանի ազգային սպորտաձևը։ Պոլոն Պարթևական տերության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 247 - մ.թ. 224) ունեցել է մեծ տարածվածություն և մեծ հովհանավորություն է ունեցել թագավորի և ազնվականների կողմից։ Խաղը 11-րդ դարում տարածված էր մոնղոլների շրջանում։ Այն պրոֆեսիոնալ մակարդակում սկսել են խաղալ 16-րդ դարից։ Ժամանակակից խաղը ձևավորվել է Մարիպուրում (Հնդկաստան)։ Այն 1800-ական թվականներից սկսել է տարածվել ամբողջ աշխարհում, այժմ հիմնականում տարածված է Միացյալ Թագավորությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում, Հնդկաստանում և Պարսկաստանում (Իրան)։ Պոլոն համարվում է դիտարժան մարզաձև։ Այն հիմնականում տարածված է մեծահարուստների շրջանում։

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի կանոնները գրված են ինչպես մարզիկի, այնպես էլ նժույգի ապահովության համար։ Խաղը վերահսկվում է մրցավարների կողմից։ Սուլիչը հնչում է, երբ որևէ խախտում է կատարվում, և խաղացողը տուգանվում է։ Այստեղ խաղացողները ձիավորներ են, նրանք բաժանվում են երկու թիմի՝ ամեն թիմում չորս հոգի։ Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողները պետք է իրենց ձեռքում գտնվող հատուկ մականներով փորձեն փոքր, ծանր գնդակը նետել հակառակորդ թիմի դարպասը։ Խաղացողները իրավունք չունեն անցնել գնդակից առաջ, եթե որևէ մեկը արդեն գնդակը առաջ է տանում, նրանք միայն կարող են գտնվել գնդակի երկու կողմերում և հնարավորության դեպքում վերցնել գնդակը։ Հիմնական խախտումները արձանագրվում են այն ժամանակ, երբ խաղացողը չթույլատրված կերպով անցնում է գնդակը։ Ամեն թիմ ներառում է չորս ձիավոր։ Խաղը տևում է մեկից երկու ժամ, խաղը բաժանվում է մի քանի ժամանակահատվածների, որոնք կոչվում են չուկաներ։ Խաղերը բաղկացած են լինում 4-7 րոպոանոց չուկաներից, որոնց միջև կամ ընթացքում խաղացողները փոխում են նժույգները։ Յոթ րոպեանոց չուկայից հետո խաղը շարունակվում է ևս 30 լրացուցիչ վայրկյան կամ մինչև խաղի դադարեցումը մրցավարի կողմից։ Չուկաների միջև կա չորս րոպեանոց դադար, իսկ ամբողջ խաղի միջնամասում՝ տասը րոպեանոց դադար։ Եթե ինչ-որ խաղացող իր մականով կամ նժույգով հարվածում է մեկ այլ խաղացողի կամ ձիու, ապա տուգանվում է։ Խաղը անխախտ շարունակվում է ամբողջ չուկայի ընթացքում, սակայն կանգնեցվում է կանոնների խախտման, սարքավորումների կոտրման կամ խափանման, մարզիկի կամ նժույգի վնասման դեպքում։ Գնդակը պետք է նետել հակառակորդի դարպասը, ի դեպ՝ կապ չունի, թե գնդակը ինչ բարձրության վրա է գտնվում դարպասը մուտք գործելու ժամանակ։ Ամբողջ խաղի ընթացքում խաղադաշտը և հանդիսատեսը վերահսկվում են, քանի որ երբեմն հանդիսատեսները կարող են վտանգ ներկայացնել։

Կանոնները և դրույթները ամեն տարի վերանայվում և պաշտոնապես հրատարակվում են տվյալ երկրի պոլոյի ասոցիացիայի կողմից։ Փոքր ասոցիացիաներից շատերը չունեն սեփական կանոններ ու դրույթներ և հետևում են Հարլինհամի Պոլոյի Ասոցիացիաին՝ Միացյալ Թագավորությունում պոլոյի ազգային կառավարման մարմնին կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պոլոյի Ասոցիացիային[3]։

Պոլոյի պոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոյի պոնի

Պոլոյում օգտագործվում են հատուկ ցեղատեսակի ձիեր, որոնք կոչվում են պոլոյի պոնիներ, թեև այդ ձիերը ամենևին էլ պոնիներ չեն, այլ իրական չափսերի ձիեր, իսկ «պոնի» եզրույթը փոխանցվել է ավանդաբար։ Նրանք ունեն 147-163 սմ հասակ՝ մինչև մնդավ և 410-500 կգ քաշ[4]։ Պոլոյի պոնիները սելեկցիոն ընտրության հետևանքով ունեն մեծ արագություն, դիմացկունություն և մանևրելիություն։ Դիմացկունությունը և հաստատակամությունը շատ կարևոր է. ձին պետք է դիմանա ճնշմանը՝ մնալով վերահսկողության տակ։ Այս ձիերը շատ զգայուն են, այդ իսկ պատճառով հեշտ են կառավարվում։ Լավ վարժեցված նժույգները հեշտորեն և արագորեն կարող են գնալ դեպի գնդակը և հաշվի առնել հեծյալի հմտությունների 60-70 %-ը։

Պոլոյի պոնիների վարժեցումը հիմնականում սկսվում է երեք տարեկանից և տևում է վեց ամսից երկու տարի։ Ձիերից շատերը իրենց ֆիզիկական ամբողջական ունակություններին են հասնում մոտ հինգ տարեկանում, իսկ իրենց մարզավիճակի գագաթնակետին են հասնում մոտ 6-7 տարեկանում։

Յուրաքնաչյուր մարզիկ իր տրամադրության տակ պետք է ունենա մեկից ավելի նժույք, որպեսզի հոգնած նժույգին հնարավորություն տրվի հանգստանալու և փոխարինվի այլ ձիով, նույնիսկ՝ չուկայի ընթացքում։ Ամեն մարզիկին պետք է տրամադրվի 2-3 նժույգ՝ փոքր խաղերի ժամանակ, չորս կամ ավելի՝ միջին խաղերի ժամանակ, գուցե ավելի շատ՝ մեծ խաղերի ժամանակ։

Խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են չորս հեծյալ մարզիկներ՝ իրենց նժույգներով։ Նույն թիմում կարող են լիներ և՛ կանայք, և՛ տղամարդիկ։

Յուրաքանչյուր խաղացող ունի իր որոշակի պարտականությունները.

Պոլոյի կանանց թիմ, Միացյալ Նահանգներ
  • առաջին խաղացող - դաշտում ամենահարձակվողական խաղացողն է, «փակում» է հակառակորդ թիմի չորրորդ խաղացողին,
  • երկրորդ խաղացող - ունի շատ մեծ դեր հարձակման մեջ. կա՛մ գտնվում է առաջին խաղացողի շուրջը, կա՛մ անցնում է նրան՝ գտնվելով հակառակորդ թիմի հետևում, նա «փակում» է հակառակորդ թիմի երրորդ խաղացողին կամ լավագույն խաղացողին. քանի որ երկրորդ խաղացողի դիրքը բավականին բարդ է, երբեմն թիմի լավագույն խաղացողը խաղում է երկրորդ համարի տակ, քանի դեռ թիմում կա մեկը, ով կարողանում է զբաղեցնել երրորդ խաղացողի դերը,
  • երրորդ խաղացող - թիմի մարտավարական առաջնորդն է, սովորաբար երրորդ համարի խաղացողը թիմի լավագույն մարզիկն է, հիմնականում այս համարի ներքո հանդես եկող հեծյալները տիրապետում են բարձրագույն ձիարշավին,
  • չորրորդ խաղացող - թիմի հիմնական պաշտպանն է. նա կարող է լինել դաշտի ցանկացած մասում, սակայն հիմնականում փորձում է կանխել հակառակորդ թիմի գրոհը դեպի դարպաս։

Պոլոն խաղում են աջ ձեռքով, որպեսզի կանխվեն գլուխ-գլխի հարվածները[5]։

Պարագաներ, հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդերձանքը այնպիսին է, որ լիովին պաշտպանի մարզիկի և նժույգի ապահովությունը։

Պոլոյի սաղավարտ՝ երեսակալով

Պարտադիր հանդերձանքի անբաժան բաղադրիչ է սաղավարտը, որը պետք է համապատասխանի որոշակի ստանդարտների։ Սովորաբար սաղավարտի հետ ներառված է երեսկալը (դեմքի պատշտպանիչը)։

Ծնկակալներ հագած պոլոյի խաղացող

Հատուկ պոլոյի կոշիկները և ծնկակալները պարտադիր են։ Ակնակալները, արմնկակալները և պաշտպանիչ վահանները խորհուրդ են տրվում։ Պահանջվում է որ թիմի բոլոր անդամները կրեն միանման շապիկներ, սակայն ոչ սև կամ սպիտակ։ Դրանց ետևում պետք է գրված լինի խաղացողի համարը։

Պաշտոնական խաղերի ժամանակ պարտադիր են հատուկ պոլոյի սպիտակ տաբատներ և պաշտպանիչ ձեռնոցներ։

Արգելված են օգտագործել այնպիսի պարագաներ, որոնք կարող են վնասել կամ ցավեցնել ձիերին, ինչպես օրինակ՝ ցցավոր կողիկներ կամ մտրակներ[6][7]։

Գնդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պոլոյի գնդակները պատրաստված են բարձր ամրության պլաստիկից։ Նախկինում դրանք պատրաստում էին բամբուկից, կաշվեպատ փայտից կամ այլ զանազան նյութերից։

Ստանդարտ գնդակը ունենում է 7,6-8,9 սմ տրամագիծ և 99-130 գ քաշ։

Պոլոյի մականներ և գնդակ

Պլաստիկ գնդակները ասպարեզ են ելել 1970-ական թվականներից։ Դրանք ավելի քիչ են հակված կոտրվելու և անհամեմատ ավելի էժան են[8]։

Մական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոյի մականը բաղկացած է բայտե ձողից՝ ռետինե բռնակով, թաղանթավոր կաշեփոկից և փայտե սիգարաձև գլխիկից։ Պոլոյի մականները պատրաստվում են միայն բարձրորակ ռաթթան կոչվող փայտատեսակից։ Գլխիկի երկարությունը 23,5 սմ է, կշռում է 160-240 գ՝ կախված խաղացողի նախընտրությունից, փայտի տեսակից և ճկունության աստիճանից։ Մականի քաշը շատ կարևոր է խաղացողի համար։ Կին մարզիկները հաճախ նախապատվությունը տալիս են ավելի թեթև մականների, քան տղամարդ մարզիկները։ Մականի ձողի երկարությունը տատանվում է 127-134 սմ-ի սահմաններում՝ կախված է ձիու հասակից, սակայն որոշ մարզիկներ նախընտրում են օգտագործել միևնույն երկարության մական՝ անկախ ձիու հասակից։

Թամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոյի թամբ

Պոլոյի թամբը մեծ կոնտակտայնություն ունեցող, անգլիական ոճով, թռիչքային ձիերի թամբի նման թամբ է։ Պոլոյի թամբը ունի հարթ նստատեղ, չունի ծնկային կցորդ։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոյի դաշտի և ֆուտբոլի դաշտի հարաբերական չափսերը

Պոլոյի մարզադաշտը 270 x 150 մ է, ավելի քան 6 անգամ մեծ, քան ֆուտբոլի դաշտը։ Դաշտը մշտապես խնամքով ծածկված է լինում հնձված ճիմահողով՝ ապահովելու համար արագ և ապահով խաղ։ 7,3 մետրանոց գոլային դարպասները տեղակայված են մարզադաշտի երկու լայնությունների կենտրոններում։ Պոլոյի մարզադաշտը պահանջում է ամուր հողային հիմք՝ լավ և ակտիվ խաղի դեպքում մակերևույթի ամբողջությունը ապահովելու համար։

Պոլոն՝ ժամանակակից սպորտաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոն պրոֆեսիոնալ խաղում են շատ երկրներում, հատկապես՝ Արգենտինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Դոմինիկյան Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Մեքսիկայում, Պակիստանում, Ճամայկայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հիմա ակտիվ սպորտ է 77 երկրներում։ 1900-1939 թվականներին եղել է օլիմպիական սպորտաձև։ 1998 թվականին Օլիմպիական միջազգային կոմիտեն պոլոն ճանաչել է որպես սպորտաձև՝ միջազգային կառավարման մարմնով՝ Պոլոյի միջազգային ասոցիացիա։ Պոլոյի Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում ամեն երեք տարին մեկ Պոլոյի միջազգային ասոցիացիայի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «THE HISTORY OF POLO»։ www.argentinapolo.com 
  2. Heitner Darren։ «The Economics Of Polo, The Sport Of Kings»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է օգոստոսի 9, 2018 
  3. «HPA – Hurlingham Polo Association»։ Hpa-polo.co.uk։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 25, 2012-ին։ Վերցված է հունվարի 25, 2012 
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին։ Վերցված է 2019-03-03 
  5. «Left-handed Polo Players»։ ryanpemblepolo։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-29-ին։ Վերցված է հունվարի 28, 2018 
  6. «United States Polo Association Rule Book 2018» (PDF)։ Վերցված է հուլիսի 16, 2018 (չաշխատող հղում)
  7. «Hurlingham Polo Association Rule Book 2018» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին։ Վերցված է հուլիսի 16, 2018 
  8. News World Polo (հոկտեմբերի 7, 2015)։ «Outdoor Polo Ball»։ World Polo News։ Վերցված է նոյեմբերի 9, 2017 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Penina Meisels and Michael Cronan (1992)։ Polo։ San Francisco: Collins Publishers։ ISBN 0-00-637796-3 
  • Santiago Novillo-Astrada, Raphael De Oliveira and Uwe Seebacher (2009)։ Simply Polo։ Munich: BookRix։ ASIN B00XKVIYOK