Հնագույն բնակիչները եղել են արավակների հնդկացիական ցեղերը։ Նրանց կղզին անվանում էին Հայմակա («Աղբյուրների կղզի»․ լավ ջրի առկայության համար)։ 1494 թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց կղզին և այն՝ ի պատիվ Իսպանիայի թագավորական ընտանիքի, անվանեց Ֆերդինանդի և Իզաբելայի կղզի։ Բայց այդ անվանումը չարմատավորվեց և պահպանվեց հնդկացիական անվանումը՝ Ճամայկա ձևով[2]։
Մինչև 1962 թվականը Ճամայկան գտնվում էր Անգլիայի տիրապետության տակ։ 1962 թվականի օգոստոսի 6-ին ձեռք է բերում անկախություն։ Գործում է Սահմանադրություն (1997 թվականի ռեֆորմով և փոփոխություններով)։ Պետության պաշտոնական ղեկավարը համարվում է բրիտանական միապետը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ներկայացված գեներալ-նահանգապետի կողմից, ով նշանակվում է Ճամայկայի վարչապետի խորհրդով։ Գեներալ-նահանգապետը ստորագրում է բոլոր օրենսդրությունները և նշանակում վարչապետ։ Գեներալ-նահանգապետին կից գործում է կոնսուլտատիվ հիմնարկ՝ բաղկացած 6 հոգուց - Գաղտնի խորհուրդ։ Գեներալ-նահանգապետը վարչապետի խորհրդով նշանակում է նաև կառավարության անդամներին։
Ճամայկայի բնակչությունը 2004 թվականի հուլիսի դրությամբ կազմում էր 2 միլիոն 713 հազ. 130 մարդ, բնակչության խտությունը 1 քառ. կմ. կազմում էր 243 մարդ։ Ճամայկայի բնակչության միջին տարիքը 26,8-ն է, 28,2 %-ը կազմում են 14 տարեկանից ցածր, 65 %-ը՝ 14-ից մինչև 64 տարեկան, 6,9 %-ը 65 տարեկանից բարձր բնակիչները։