Նիգերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Federal Republic of Nigeria
Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Նիգերիայի դրոշ
Դրոշ
Նիգերիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Նիգերիայի Օրհներգ
Նիգերիայի դիրքը
Նիգերիայի դիրքը
Նիգերիայի տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքԱբուջա
Ամենամեծ քաղաք Լագոս
Պետական լեզուներ Անգլերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Մուհհամադու Բուհարի
 -  Վարչապետ Յեմի Օսինբաջո
Հիմնադրում
 -  Անկախացում հոկտեմբերի 1 1963 
Տարածք
 -  Ընդհանուր 923,768 կմ²  (32-րդ)
 -  Ջրային (%) 1.4
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 183,528,800[1]  (7-րդ)
 -  2011 մարդահամարը 165,822,576[2] 
 -  Խտություն 199 /կմ² (110-րդ)
515 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2012 գնահատում
 -  Ընդհանուր $1,108.720 տրիլիոն[3] (76-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $6,204[4] (96-րդ)
ՀՆԱ (անվանական) 2012 գնահատում
 -  Ընդհանուր $515.431 միլիարդ[5] (80-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $2,884[6] (99-րդ)
Ջինի (2010) 43.0[7] (բարձր
ՄՆԶԻ (2013) 0.504[8] (ցածր) (152th)
Արժույթ Նայրա (NGN)
Ժամային գոտի +1
Ազգային դոմեն .ng
Հեռախոսային կոդ ++234

Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (Federal Republic of Nigeria), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Մտնում է Համագործակցության մեջ։ Սահմանակից է Բենինին, Նիգերին, Չադին և Կամերունին։ Հարավում ողողվում է Գվինեական ծոցի ջրերով։ Տարածքը 923,768 կմ² է[9], բնակչությունը՝ 183,528,800[1] (2015) մարդ։ Մայրաքաղաքը՝ Աբուջա։ Վարչականորեն բաժանվում է 19 նահանգի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենին քաղաքի գրավումը 1668 թ.

Նիգերիայի տարածքում առաջին բնակավայրերը քարի դարից են։ Մ․ թ․ մոտ VIII-X դդ․ Նիգերիայի հյուսիսում կազմավորվել են հաուսա ժողովրդի քաղաք-պետությունները, դրանցից արևելք՝ Կանեմ Բորնու պետությունը, հարավում՝ Բենին թագավորությունը։ 1472 թվականին Նիգերիայի տարածքում հայտնվել են պորտուգալացիները, 1553 թվականին՝ անգլիացիները։

Գաղութացում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսից մինչև XX դարի սկիզբը Մեծ Բրիտանիան գաղութացրեց Նիգերիան (1914 թվականին ներկայիս Նիգերիայի տարածքը անվանվել է «Նիգերիա գաղութ և պրոտեկտորատ»)։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո Նիգերիայում առաջացան հասարակական-քաղաքական առաջին կազմակերպությունները։ Նիգերիայի անկախության համար պայքարը ղեկավարեց 1944 թվականին ստեղծված առաջին համանիգերիական քաղաքական կուսակցությունը՝ Նիգերիայի և Կամերունի Ազգային խորհուրդը (1962 թվականից՝ Նիգերիական քաղաքացիների ազգային խորհուրդ, ՆՔԱԽ), որը միավորեց մի քանի տասնյակ (երիտասարդական, կանանց, արհմիութենական) կազմակերպություններ։ Հակագաղութատիրակաև շարժումը չեզոքացնելու և պառակտելու նպատակով Մեծ Բրիտանիան 1947 թվականին Նիգերիան բաժանեց Հյուսիսային, Արևմտյան և Արևելյան մասերի։

Անկախացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականի հոկտեմբերին Լոնդոնի սահմանադրական կոնֆերանսում Նիգերիայի բոլոր շրջանների ներկայացուցիչները պահանջեցին անկախություն տալ Նիգերիային։ 1960 թվականի հոկտեմբերի 1-ին Նիգերիան դարձավ անկախ պետություն։ Կառավարությունը անցկացրեց մի շարք միջոցառումներ երկրի տնտեսական և մշակութային հետամնացությունը հաղթահարելու համար։ 1963 թվականի հոկտեմբերի 1-ից Նիգերիան հայտարարվեց ֆեդերատիվ հանրապետություն։ 1966 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում։ Կազմվեց ֆեդերալ զինվորական կառավարություն։ 1966 թվականի մայիսին Նիգերիան հռչակվեց միացյալ պետություն, արգելվեց քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների գործունեությունը։ Նիգերիայում առաջ եկավ անջատողական շարժում։ 1966 թվականի հուլիսի 29-ին զինվորական նոր հեղաշրջումից հետո վերականգնվեց կառավարման ֆեդերալ ձևը։ 1966 թվականին Լագոսում հրավիրվեց համանիգերիական սահմանադրական կոնֆերանս՝ երկրի հետագա պետական կառուցվածքը որոշելու համար։ Սակայն Հյուսիսային Նիգերիայում անկարգությունների և Արևելյան Նիգերիայի ղեկավարության կողմից (որը վարում էր անջատողական քաղաքականություն) կոնֆերանսը բոյկոտելու հետևանքով հարցի լուծումը հետաձգվեց։ 1967 թվականի մայիսին Արևելյան Նիգերիայի ղեկավարությունը հայտարարեց Արևելյան Նիգերիայի անջատման և ինքնուրույն պետություն («Բիաֆրի Հանրապետություն») ստեղծելու մասին։ 1967 թվականի հուլիսին սկսվեց երկպառակտչական պատերազմ։ 1970 թվականի հունվարին անջատողականների ուժերը պարտվեցին։ 1970 թվականի հոկտեմբերին առաջ քաշվեց Նիգերիայի վերակառուցման և զարգացման ծրագիր։ 1975 թվականի հուլիսին զինվորական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցած Մ․ Մոհամմեդի կառավարությունը առաջ քաշեց մինչև 1979 թվականը զինվորական կառավարումից աստիճանաբար քաղաքացիականի անցնելու ծրագիր։ 1976 թվականին Մ․ Մոհամմեդը սպանվեց։ Կառավարության գլուխ անցած Օ․ Օբասանջոն հաստատեց կառավարության որոշումը՝ 1979 թվականին անցնել քաղաքացիական վարչության, որը տեղի ունեցավ 1979 թվականի հոկտեմբերի 2-ին։ Կառավարությունը վարում է դրական չեզոքության քաղաքականություն, պայքարում Աֆրիկայում գաղութատիրության վերացման համար։ 1960 թվականից ՄԱԿ-ի անդամ է։ 1960 թվականին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Նիգերիայի և ԽՍՀՄ-ի միջև, կնքվել (1968) տնտեսական, առևտրական, մշակութային համաձայնագրեր։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիան ֆեդերատիվ հանրապետություն է։ 1979 թվականի հոկտեմբերի 1-ից գործող սահմանադրությամբ պետության և կառավարության գլուխը նախագահն է, որը նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։ Բարձրագույն օրենսդրական մարմինը երկպալատ (սենատ, ներկայացուցիչների պալատ) Ազգային ժողովն է։ Նահանգներում գործում են իշխանության ինքնավար մարմիններ՝ նահանգապետներ և նահանգների ժողովների միապալատ պալատներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի քարտեզը

Ափերը ցածրադիր են, թույլ կտրտված։ Ռելիեֆում գերակշռում են հարթավայրերն ու սարավանդները։ Ափամերձ նեղ շերտը զբաղեցնում է կուտակումային հարթավայրը, որից հյուսիս տեղանքը բարձրանալով առաջացնում է Յորուբա, Ուղի սարավանդները և կենտրոնական մասի աստիճանաձև ընդարձակ սարավանդները՝ 400-600 մ և 600-1000 մ միջին բարձրություններով։ Առավել բարձրադիր է վերջինի միջին մասը՝ Զոս սարավանդը (Շերե լեռ, 1735 մ)։ Երկրի հյուսիս-արևմուտքում սարավանդն աստիճանաբար փոխվում է Սոկոտո գետի ավազանի, հյուսիս-արևելքում՝ Բոռնու հարթավայրերի։ Սարավանդից հարավ տարածվում են Նիգեր և Բենուե գետերի հովիտները։ Նիգերիայի տարածքը մտնում է Աֆրիկական պլատֆորմի մեջ։ Մետամորֆային ապարներն զբաղեցնում են տարածության ավելի քան 50%-ը և կազմում Դահոմեա-Նիգերական զանգվածն ու Կամերունի զանգվածի ծայրամասը։ Իջվածքները լցված են ծովային և ցամաքային նստվածքներով։ Կան նավթի, բնական գազի, քարածխի, կոլումբիտի, անագի, վոլֆրամի, մոլիբդենի, ուրանի, ոսկու, կապարի, ցինկի, տիտանի, երկաթի, ֆոսֆորիտների, կրաքարի հանքավայրեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման երկրի մեծ մասում հասարակածային-մուսսոնային է։ Հարավային շրջանների կլիմայի վրա որոշիչ ազդեցություն ունեն ամառային խոնավ մուսսոնները, հյուսիսում՝ ձմեռային չոր պասսատները (հարմատան), որոնց հետ են կապված երկարատև չորային սեզոնները։ Ամենատաք ամսվա (ապրիլ կամ մայիս) միջին ջերմաստիճանը 25-33 °C է, ամենացուրտ ամսվանը (դեկտեմբեր կամ հունվար)՝ 20-27 °C, ափամերձ հաթավայրում, համապատասխանաբար, 28 °C և 24 °C: Տարեկան տեղումները Նիգերի դելտայում և հարավ-արևելքում մոտ 4000 մմ են, կենտրոնական շրջանում՝ 1000-1350 մմ, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ 500 մ։

Գետային Ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ցանցը խիտ է ափամերձ հարթավայրում և Զոս սարավանդում։ Գլխավոր գետը Նիգերն է՝ Բենուե, Կադունա և այլ վտակներով։ Կաինջիի ՀԷԿ-ի կառուցումից հետո Նիգերը երկրի սահմաններում ամբողջությամբ դարձել է նավարկելի։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի հարավից հյուսիս տարածված են կարմրադեղնավուն լատերիտային հողերը՝ հասարակածային խոնավ անտառներով, կարմրա-լատերիտային հողերը՝ արևադարձային անտառներով ու բարձրախոտ (1,5-4 մ) սավաննաներով, կարմրագորշ հողերը՝ չոր սավաննաներով։ Երկրի հյուսիսային մասում, Չադ լճից հարավ և արևմուտք տարածվում են արևադարձային չոր սավաննաների սևահողերը, ճահճային հողերն ու աղուտները, գետահովիտներում` ալյուվիալ հողերը՝ սավաննաներով ու սրահային անտառներով, Գվինեական ծոցի առափնյա նեղ շերտում՝ մանգրովային բուսածածկույթով ալյուվիալ հողերը։

Կենդանական Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից առավել տարածված են ընձառյուծը, շնագայլը, վայրի կատուն, այծքաղը, ընձուղտը, գետերի ողողատներում՝ գետաձին։ Արևադարձային անտառներում շատ են կապիկները։ Սավաննաներում և սավաննային անտառներում պահպանվել են փղեր ու ռնգեղջյուրներ, որոնց պահպանության համար ստեղծվել է արգելավայր։ Հանդիպում են կոկորդիլոսներ, մողեսներ, օձեր։ Տարածված են միջատները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի Բնակչության աճը

Նիգերիայում բնակվում են տարբեր լեզուներով խոսող ավելի քան 200 ժողովուրդներ։ Առավել մեծաթիվ են յորուբաները, իբոները, հաուսաները։ Պաշտոնական լեզուն անգլերենն Է[10], տոմարը՝ Գրիգորյանը։ Բնակչության մոտ կեսը մուսուլմաններ են, զգալի մասը պահպանում է տեղական ավանդական հավատալիքները, 1/3-ը քրիստոնյաներ են։ Նիգերիան Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է և ամենախիտ բնակեցվածներից մեկը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 200 մարդ է (2015)։ Առավել խիտ է բնակեցված երկրի հարավ-արևմուտքը, կենտրոնական և արևելյան շրջանները։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 70%-ը զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Խոշոր քաղաքներն են Լագոսը, Իբադանը, Օգբոմոշոն, Կանոն, Օշոգբոն, Իլորինը, Աբեոկուտան, Պորտ Հարքորթը, Զարիան, Իլեշան։

Տնտեսաաշխարհագրական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիան զարգացող լեռնահանքային արդյունաբերությամբ ագրարային երկիր է։ Կարևոր դեր ունի նաև մշակող արդյունաբերությունը։ Անկախության հռչակումից (1960) հետո երկրում ընդունվել են տնտեսության զարգացման պլաններ, միջոցառումներ են ձեռնարկվել արտաքին կապիտալի ազդեցությունը թուլացնելու, պետական սեկտորը հզորացնելու և ազգային բուրժուազիայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Կապիտալիստական աշխարհում Նիգերիան գրավում է առաջատար տեղերից մեկը ձիթատու արմավենու մթերքների, կակաոյի-ունդերի, գետնանուշի, բնական կաուչուկի, անագի խտանյութի արտադրությամբ և կոլումբիտի արդյունահանությամբ։ 2010 թվականից Նիգերիան մտնում է նավթ արդյունահանող խոշոր երկրների առաջին տասնյակի մեջ, իսկ 2014 թվականից նավթի հանույթով Աֆրիկայում զիջում է միայն Լիբիային։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է։ Բնորոշ է համայնական հողատիրությունը։ Արտահանության և ներքին շուկայի համար արտադրանքի հիմնական մասը տալիս են մանրապրանքային տնտեսությունները։ Մշակովի հողատարածությունները կազմում են հողային ֆոնդի 25,6%֊ը, մարգագետիններն ու արոտավայրերը՝ 33,3%-ը։ Մշակում են կորեկ, սորգո, եգիպտացորեն, յամս, մանիոկա, ընղավորներ, շաքարեղեգ, բամբակ, բանջարեղեն, բրինձ։ Արտահանման գլխավոր կուլտուրաներն են ձիթատու արմավենին, կակաոն, գետնանուշը և կաուչուկատուները։ Անասնապահությունն ունի էքստենսիվ բնույթ և տալիս է համախառն ազգային արդյունքի արժեքի 10 %-ը։ Նիգերիան կաշվի հումքի և թանկարժեք անտառանյութի խոշոր արտահանողներից է։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթի Պահեստ Նիգերիայում

2012 թվականին համախառն ներքին արդյունքի արժեքի 43%-ը տալիս էր արդյունաբերությունը[11], որի առաջատար ճյուղերն են լեռնահանքային (45,6%) և մշակող արդյունաբերությունը։ Նավթի հանույթի (31 մլրդ բարել 2014) հիմնական շրջանը Նիգեր գետի դելտան է։ Նավթարդյունաբերության մեջ մեծ բաժին ունեն անգլո-հոլանդական և ամերիկյան ընկերությունները։ Կարևոր Քարածխի արդյունահանումը էնուգուի շրջանում նշանակություն ունի անագի (3,9 հզ․) և կոլումբիտի (0,8 հզ․ ա.) հանքանյութի արդյունահանումը։ Արդյունահանում են նաև քարածուխ, վոլֆրամ, ոսկի և այլն։ 1980 թվականին արտադրվել է 5,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության մեշ առաջատար դեր ունեն սննդի և տեքստիլ արդյունաբերության ճյուղերը։ Զարգանում են կաշվի-կոշիկի, ռետինատեխնիկական, ցեմենտի, մետաղամշակման, փայտամշակման, նավթաքիմիական և արդյունաբերության այլ ճյուղեր։ Արդյունաբերական կենտրոններ են Լագոսը, Պորտ Հարքորթը, Աբեն, Կանոն, Իբադանը։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանում է նավթ, կակաոյի ունդ, արմավի մթերքներ, կաուչուկ, անագ, անտառանյութ, գետնանուշ և այլն, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, արտադրական ապրանքներ, պարեն, քիմիկատներ և այլն։ Գլխավոր գործընկերներն են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան։ Զարգանում են առևտրական հարաբերությունները Նիգերիայի և Հայաստանի միջև։

Կրթություն և գիտական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միսիոներական դպրոցները երևան են եկել XIX դարի կեսին։ 1950 թվականին անգրագետ էր երկրի բնակչության 90%-ը։ 1948 թվականին բացվել է Իբադանի համալսարանական քոլեջը։ Անկախություն ձեռք բերելուց հետո վիճակը համեմատաբար բարելավվում է։ Ուսման տևողությունը տարբեր շրջանների տարրական դպրոցներում տարբեր է (6-7 տարի)։ Միջնակարգ հանրակրթական դպրոցները հիմնականում քերականական են (լրիվ, ուսուցումը՝ 5-6 տարի) և ժամանակակից (ոչ լրիվ, 3-4 տարի) գործնական թեքումով։ Ուսուցումը և քննությունների հանձնումը վճարովի է։ Զարգացում է ապրում մասնագիտական ուսուցումով կրթությունը։ Ունի 6 համալսարան՝ Իբադանի (հիմնադրվել 1962 թվականին), Նսուկայի (հիմնադրվել 1960 թվականին), իֆեի (հիմնադրվել 1961 թվականին), Լագոսի Ահմադու Բելոյի անվան (հիմնադրեվել 1962 թվականին), Բենինի (հիմնադրվել 1972 թվականին)։ Շատ նիգերիացիներ բարձրագույն կրթություն են ստանում արտասահմանում։ Խոշոր են համալսարաններին կից գրադարանները և Ազգային գրադարանը (Լագոս)։ Ունի 6 թանգարան․ Լագոսի Ազգային, Բենինի, Իֆեի, Զոսի, Օրոնի, Կանոյի թանգարանները։ Գործում են արդյունաբերական հետազոտությունների ֆեդերալ, կակաոյի-ունդերի, արմավենու յուղի ինստիտուտները։ Անտառագիտության հարցերով զբաղվում է Իբադանի Ֆեդերալ անտառային կենտրոնը։ Բժշկական գիտահետազոտական աշխատանքները տարվում են մի շարք ինստիտուտներում։ Նիգերիայի սոցիալական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտում (1957, Իբադան) ուսումնասիրվում են պլանավորման, գյուղատնտեսության, տնտեսագիտության, արդյունաբերական, ներքին առևտրի, ֆինանսների, լուսավորության և սոցիալական ապահովության պրոբլեմները։ Հնագիտության, ազգագրության, բանահյուսության և աֆրիկյան լեզուների պրոբլեմներով զբաղվում են աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտները։ Գիտական ընկերություններից առավել խոշորը Տնտեսագիտական ընկերությունն է (19581970 թվականին հիմնվել է Գիտության և տեխնիկայի, 1972 թվականին՝ Բժշկական գիտահետազոտական խորհուրդը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի ժողովուրդների գրականությունը սերտորեն կապված է ժողովրդական բանավոր ստեղծագործության հետ։ Ստեղծվել է յորուբա, իբո, հաուսա լեզուներով գրական ավանդույթ, հաուսա լեզվով գրականությունը գտնվում է իսլամի ազդեցության տակ։ Նիգերիայի գրողների մեծ մասը գրում է անգլերենով։ XIX դարի վերջին և XX դարի սկզբներին ձևավորվել է հրապարակախոսությունը, որը ծառայել է ազատագրական շարժման խնդիրներին։ 1920-1940 թվականներին երևան է եկել քաղաքացիական պոեզիան (Ն․ Ազիկիվե, Դ․ Օսադեբեյ)։ 30-ական թթ․ է վերաբերում դրամատուրգիայի կազմավորումը, որը կապված է Աստվածաշնչի թեմաներով պիեսները խրախուսող քրիստոնեական եկեղեցու գործունեության հետ։ 1930-1940-ական թթ․ Նիգերիայի որոշ քաղաքներում (Օնիչա) առաջացել են գրքի շուկաներ, որոնք նպաստել են բնակչության տարբեր խավերի բարոյականությունն ու տրամադրությունները պարզունակ ձևով արտացոլող ժողովրդական բանահյուսության տարածմանը։ Դրանք ներգործել են նիգերիական ժամանակակից նովելի վրա, դպրոց են եղել Նիգերիայի շատ գրողների, այդ թվում՝ նիգերիական առաջին վեպի («Քաղաքի մարդիկ», 1954) հեղինակ Ս․ էկվենսի (ծնվել է 1921 թվականին) համար։ 1960-ական թթ․ արձակում նկատելի է հետաքրքրությունը կենցաղի նկատմամբ, նահապետական Աֆրիկան եվրոպական ընթերցողի աչքում «վերականգնելու» ձգտում։ Արձակագիրներին գրավում են սոցիալական խնդիրները Նզեկվու (ծնվել է 1928 թվականին), Ֆլորա Նվապա (ծնվել է 1931 թվականին), Կ․ Ագունվա (ծնվել է 1933 թվականին), Տ․ Ալուկո (ծնվել է 1920 թվականին), Օ․ Իգբունա (ծնվել է 1932 թվականին), Ն․ Նվանկվո։ Այս գրողների վեպերում վերակենդանանում են գեղարվեստակառուցվածքային այն տարրերը, որոնք տիպաբանորեն մոտ են XVIII դարի Եվրոպայի լուսավորական վեպին։ Նիգերիական արձակի զարգացման գլխավոր միտումը քննադատական ռեալիզմն է, որը բարձր մակարդակի է հասել Չ․ Աչեբեի (ծնվել է 1930 թվականին) վեպերում։ Նոր ձևի որոնումներ են դրսևորվում Գ․ Օկարայի (ծնվել է 1928 թվականին), Վ․ Շոյինկայի (ծնվել է 1935 թվականին), Կ․ Օմատոսոյի (ծնվել է 1943 թվականին) վեպերում։

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի Ժողովրդական ճարտարապետության տիպերի բազմազանությունը հետևանք է երկրի տարբեր բնակլիմայական պայմանների։ Հարավային, հարավարևմտյան և հարավ-արևելային արևադարձային շրջաններում գերիշխում են ծղոտով և արմավենու տերևներով ծածկված երկթեք տանիքներով, ուղղանկյուն հատակագծով, փայտե, կավածեփ կառույցները։ Իբո և յորուբա ժողովուրդների բնակելի և տնտեսական կառույցները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով։ Կենտրոնական շրջաններում հիմնականում տարածված են ծղոտե կոնաձև տանիքներով, կավածեփ, բոլորշի կառույցները, հյուսիսում, տափաստանային և կիսաանապատային շրջաններում՝ հարթ տանիքներով, ուղղանկյուն, կավածեփ տները։ XIII-XV դդ․ զարգացել են քաղաքները՝ հարավում կանոնավոր հատակագծով (Մեծ Բենին), հյուսիսում՝ ճառագայթաձև (Կանո, Զարիա, Կացինա)։ Քաղաքների տեսքը կտրուկ փոխվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո․ Լագոսում, Իբադանում, էնուգուում կառուցվել են բազմահարկ շենքեր (հիմնականում՝ անգլիացի ճարտարապետների նախագծերով, ժամանակակից շինանյութերով, կոնստրուկցիաներով)։

Անկախության հռչակումից հետո ասպարեզ են եկել տեղացի ճարտարապետները (Օ․ Օլումույիվա, Ա․ Աջեմի), լայնորեն օգտագործվել է ժողովրդական ավանդույթներով ստեղծված քանդակային հարդարանքը։ Կերպարվեստի հնագույն հուշարձանները (թրծակավե քանդակներ) վերաբերում են լոկ մշակույթին (մ․թ․ա․ մոտ 900-մ․թ․ II դ․)։ Զեբբայում և Տադայում հայտնաբերվել են բրոնզե մարդկային ֆիգուրներ (մ․թ․ սկիզբ)։ XII-XVII դդ․ զարգացել է Բենին և Իֆե պետությունների քանդակագործությունը, որն առանձնանում է ձևերի նուրբ մոդելավորմամբ, հաճախ զուգորդված գրաֆիկական հստակ, ցայտուն մանրամասներին։ Հնուց յորուբա, հաուսա, իբո, իբիբիո, իջո, էկոի ժողովուրդների մոտ կենցաղավարում է փայտե մանրաքանդակը (կենդանիների, մարդկանց պատկերներ)։ Բազմազան են փայտե ծիսական դիմակները (այժմ օգտագործվում են կառնավալների ժամանակ)։ Տարածված են ժողովրդական գեղարվեստական արհեստները (պատրաստում են տարբեր տեսակի աթոռակներ, ապարանջաններ, գործվածքներ, բրուտագործական, ապակե և կաշվե անոթներ)։ Անկախության հռչակումից հետո ձևավորվել է պրոֆեսիոնալ կերպարվեստը։ Քանդակագործներ Օ․ Իդահը, Ֆ․ Իդուբորը, Ա․ Ականջին, գեղանկարիչ Ու․ Օկեկեն, գրաֆիկ Ի․ Վանգբոժեն հենվում են նիգերիական արվեստի ավանդույթների վրա։ Եվրոպական ռեալիստական արվեստի հետևորդներից են՝ գեղանկարիչ Ա․ Օնաբոլուն, քանդակագործ Բ․ էնվոնվուն։ Մոդեռնիզմի ազդեցությունը նկատելի է Զ․ Ակոլոյի, Ի․ Գրիլլոյի, Բ․ Օնոբրակպայեի, Ու․ էգոնուի գունանկարներում, Բ․ Օսաբեի, է․ Օ․ էմոկպայեի քանդակներում։ Զարգանում է բեմանկարչությունը (Դ․ Նվոկո)։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի ազգային նվագախումբ

Երաժշտարվեստը սկզբնավորվել է շատ հնուց, զարգացել միջնադարում (հիմնականում պաշտամունքային երաժշտություն)։ Ամենատարածված նվագարաններից են տարբեր ձևերի թմբուկները։ Միսիոներների գործունեությունը XIX դարում հանգեցրել է տեղական կրոնների ազդեցության նվազմանը և տեղական պաշտամունքային երաժշտության աստիճանական կորստին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երաժիշտներն սկսել են կիրառել եվրոպական նվագարաններ, ինչը նպաստել է եվրոպական երաժշտության տեսության տարածմանը և նոր երաժշտական ձևերի ստեղծմանը, որոնց հիմքում աֆրիկյան ժողովրդական երաժշտությունն է՝ լադային հիմքի և ռիթմի բարդ նկարագրով։ Անկախություն նվաճելուց հետո Նիգերիայում ստեղծվել են երաժշտական հաստատություններ։ 1960-70-ական թվականներին հանդես են եկել առաջին պրոֆեսիոնալ կոմպոզիտորները, որ երաժշտություն են գրում և՝ աֆրիկյան, և՝ եվրոպական նվագարանների համար։ Նշանավորներից են՝ Ակին Ցուբան, Ֆելա Սովանդեն, Սեմ Ակրոբոտը, Այո Բանկոլեն, Ադամ Ֆիբերեզիման։

Քաղաքներում անց են կացվում երաժշտության և պարի ամենամյա փառատոներ, որ կազմակերպում են Իբադանի ֆիլհարմոնիկ երգչախումբը, Իֆեի համալսարանի երգչախմբային ընկերությունը, Լագոսի նիգերիական երաժշտամշակութային ընկերությունը։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի ժողովուրդների ավանդական թատերական ներկայացումների հիմքը պարերն են (կենցաղային և ծիսական)։ Տոնական և նշանավոր օրերին կազմակերպվում է թատերականացված շքերթ՝ համապատասխան զգեստներով և դիմակներով, խաղացվում դիցաբանական բովանդակության մնջախաղեր։ XXtդ․ սկզբից զարգանում է եվրոպական տեսակի թատրոնը։ Ցորուբա լեզվով թատրոնի հիմնադիրներից է երգիչ և դպրոցի ուսուցիչ Գ․ Օգունդեն, որը 1944-1945 թվականներին կազմակերպել է շրջիկ թատերախումբ, գրել խրատական բնույթի և քաղաքական հրատապ թեմաներով պիեսներ։ Նիգերիայի անկախությունից (1960) հետո այն դարձել է պրոֆեսիոնալ շրջիկ թատերախումբ։ Ցորուբա լեզվով թատրոնի զարգացմանը նպաստել է Կ․ Օգունմոլայի (1950-ական թթ․ սկզբին ստեղծել է իր շրջիկ թատերախումբը, բեմադրել իր պիեսները) և դրամատուրգ Դ․ Լադիպոյի (բեմադրել է երաժշտադրամատիկական ներկայացումներ) արվեստը։ 1950-ական թթ․ վերջին սկսել է սիրողական թատրոնի (անգլիական) բուռն զարգացումը, որին օգնել է Իբադանի քոլեջի ուսանողական ընկերության գործունեությունը։ 1955 թվականին քոլեջին կից կառուցվել է «Արթս թիեթր» թատերական շինությունը, 1962 թվականին Իբադանի համալսարանին կից ստեղծվել դրամայի դպրոց, որի սաներից 1968 թվականին կազմակերպվել է մշտական թատերախումբ։ 1960-ական թթ․ սիրողական խմբերից հանրաճանաչ է «Դիմակներ, 1960»-ը (ղեկակար և դրամատուրգ Վ․ Շոյինկա, առաջին ներկայացումը՝ «Անտառի պարը»), որից 1964 թվականին առաջացել է «Օրիսուն թիեթր» պրոֆեսիոնալ թատերախումբը (գործել է մինչև 1969 թվականը)։ Լագոսի ճանաչված սիրողական թատերախմբերից են՝ «Թատերական արվեստանոց» (ղեկ․ Ս․ Իյամու, հիմնվել է 1962 թվականին), «Բեմի վարպետություն» (ղեկավար Ֆ․ Դեիս, հիմնվել է 1965 թվականին)։ Նիգերիայում 1958 թվականից գործում է Արվեստի խորհուրդը։ 1967 թվականից ամեն մի նահանգում կա այդպիսի խորհուրդ։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին անգլիական ձեռնարկատերերը Լագոսում կազմակերպել են կինոընկերություն, որը 1950 թվականից գործել է «Ֆեդերալ ֆիլմ յունիթ» անվամբ։ 1960-ական թվականների սկզբին օտարերկրացի օպերատորներն ու ռեժիսորները նկարահանել են միայն վավերագրական ֆիլմեր։ 1960-ական թվականների կեսին եվրոպական կինոդպրոցներում պրոֆեսիոնալ կրթություն ստացած Նիգերիայի կինեմատոգրաֆիստները նկարահանել են առաջին ֆիլմերը։ Մի քանի փաստավավերագրական ֆիլմեր ցուցադրվել են միջազգային կինոփառատոներում, այդ թվում՝ Տաշքենդում (1969, 1974), Մոսկվայում (1971

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Նիգերիայի բնակչությունը 2015 թվականին
  2. Նիգերիայի բնակչությունը 2011 թվականին
  3. Նիգերիայի ՀՆԱ-ն
  4. Նիգերիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
  5. Նիգերիայի անվանական ՀՆԱ-ն
  6. Նիգերիայի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  7. Նիգերիայի Ջինի
  8. Նիգերիայի ՄԶՀ
  9. CIA. «The World Factbook. Nigeria» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 7 сентября 2008-ին.
  10. Etnologue. «Languages of Nigeria» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 6 сентября 2008-ին.
  11. «Ֆաստ Լրատվական Կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.