Սորգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սորգո բույս

Սորգո, էվիլ, (Sorghum Moench), դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոաաբույսերի ցեղ։ Հայտնի են մոտ 50 կուլտուրական և վայրի տեսակներ, որոնք տարածված են Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում։ Մշակության մեջ առավել տարածված են սովորական Սորգոն (S․ vulgare), խոնարհված Սորգոն կամ ջուգարան (S․ cernuum), գաոլյանը (S․ japonicum), Սուդանի խոտը (S․ sudanense), տեխնիկական Սորգոն կամ ավելասորգոն (S․ technicum), շաքարի Սորգոն (S․ saccharatum), հատիկային Սորգոն (S․ dochna), մոլասորգոն կամ ջոնսոնի խոտը (S․ halepense) և այլն։ Հնագույն կուլտուրա է։ Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Եգիպտոսում հայտնի է եղել մ․ թ․ 2-3 հազար տարի առաջ։ Եվրոպա է բերվել XV դ․, Ամերիկա՝ XVII դ․։ ԽՍՀՄ-ում մշակվել է Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կովկասում։ ՀԽՍՀ-ում մշակվել է կանաչ զանգված և ավելներ ստանալու համար (Արարատյան դաշտ, նախալեռնային շրջաններ)։ Սորգոն Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի շատ շրջաններում հիմնական հացաբույսն է։ Արտաքին տեսքով նման է եգիպտացորենին։ Արմատային համակարգը հզոր է, փնջաձև, թափանցում է մինչև 2,5 մ։ Ցողունն ուղիղ է, կանգուն, 0,5-ից (գաճաճ ձևերինը) մինչև 7 մ (արևադարձային ձևերինը) բարձրությամբ։ Տերևները լայն են, նշտարաձև՝ պատված մոմային շերտով։

Ծաղկաբույլը հուրան է՝ ցրված կամ գուղձային։ Հատիկը գնդաձև է կամ ձվաձև, մերկ կամ թեփուկավոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին գույնի։ Սորգոն երաշտադիմացկուն է, ջերմասեր, աղադիմացկուն։ Հացահատիկային տեխնիկական կերային բույս է։ Հատիկից ստանում են ալյուր, ձավար, սպիրտ, օսլա։ Շաքարային սորգոյից (պարունակում է մինչև 18% շաքարներ) ստանում են մաթ (սորգոյի մեղր), որն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում։ Սորգոյի հատիկը և կանաչ զանգվածը կեր է։ 100 կգ հատիկը պարունակում է 118, խոտը՝ 49, կանաչ զանգվածը՝ 23, սիլոսը՝ 22 կերային միավոր։ Սորգոյի կանաչ զանգվածում կա աննշան քանակությամբ կապտաթթու, որը հնձից 2 ժամ հետո դառնում է անվնաս։

Սորգոյի ծղոտը հումք է թղթի, ստվարաթղթի արտադրության համար, դրանով ծածկում են տանիքները, օգտագործում որպես վառելանյութ, պատրաստում ավելներ։ Սորգոյի շատ տեսակների մատղաշ բույսերը թունավոր են։ Սորգոն շարահերկ կուլտուրա է, զգայուն է պարարտանյութերի նկատմամբ (1 հա-ին՝ 10 տ գոմաղբ, N 45, P 45, К 45 կգ)։ Ցանքը հատիկի համար կատարվում է լայնաշարք (միջշարային տարածությունը՝ 60-70 սմ, միջբուսայինը՝ 15 uմ), կանաչ զանգվածի համար՝ սովորական շարային եղանակով, 3-5 սմ խորությամբ։ Ցանքի նորման հատիկի համար 10-14 կգ է, կանաչ զանգվածինը՝ 20-25 կգ։ Բերքը սիլոսի համար հավաքում են մոմային հասունացման, իսկ հատիկի համար՝ լրիվ հասունացման փուլերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 19 CC-BY-SA-icon-80x15.png