Ոռոգում

Ոռոգում (իռիգացիա), անբավարար խոնավությամբ հողերի ջրային պաշարների արհեստական լրացում։ Այն կոչված է օգնելու մշակաբույսերի մշակմանը, լանդշաֆտների պահպանմանը, և ամայացած կանաչ ծածկույթի վերակենդանացմանը[1] [2][3]: Նպաստում է հողում բույսերի աճմանն ու զարգացմանն անհրաժեշտ ջրային, օդային, ջերմային և սննդային ռեժիմների ստեղծմանը։ Հայաստանում և Արցախում ոռոգման հողաբարելավման հիմնական եղանակներից է և ներառում է տեխնիկական, ագրոտեխնիկական ու կազմակերպչական տնտեսական միջոցառումների համալիր, որի հիմքում դրված են հողերի ջրման ջրատեխնիկական գործադրաձևերը։
Ոռոգման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]



Տարբերում են խոնավացման, պարարտացման, աղազերծման ու ջերմային, իսկ ըստ ջրման հաճախականության՝ նաև կանոնավոր և պարբերական ոռոգման տիպեր։
Խոնավացման ոռոգմամբ (կիրառվում է չորային շրջաններում) հողում ստեղծվում ու պահպանվում են անհրաժեշտ ջրային և օդային ռեժիմներ, պարարտացման ոռոգմամբ ջրի հետ ներմուծվում են պարարտանյութեր, աղազերծման ոռոգումը կիրառվում է հողերից վնասակար աղեր հեռացնելու, իսկ ջերմային ոռոգումը (տաք ջրով)՝ վեգետացիայի շրջանը երկարացնելու համար։ Ոռոգումը կիրառվում է նաև վնասատուների դեմ պայքարելու նպատակով։ Կանոնավոր ոռոգման դեպքում դաշտերը ջրում են ըստ ռեժիմի, իսկ պարբերական ոռոգման դեպքում՝ 1 անգամ (օրինակ՝ գետերի հորդացման ժամանակ՝ լիմանային ոռոգում)։
Ոռոգման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոռոգումն իրագործվում է հատուկ համակարգերով, որոնք բաղկացած են ոռոգման աղբյուրից (գետ, ջրամբար, լիճ, ջրանցք և այլն), ջրառու կառույցներից, ուղեվորող (գլխավոր, միջտնտեսային, ներտնտեսային և տեղամասային ջրանցքներ), կարգավորող (ժամանակավոր ոռոգիչներ, ջրատարներ, ակոսներ, մարգեր, իսկ անձրևացման դեպքում՝ խողովակներ, անձրևացման մեքենաներ կամ սարքավորումներ), ջրհավաք-ջրհեռատար, կառավարող, ավտոմատ, էլեկտրական ու հեռախոսային ցանցերից, ջրատեխնիկական կառույցներից (ջրաչափեր, ջրթափեր և այլն) և ճանապարհներից։ Ոռոգման ժամանակակից համակարգերում կիրառվում են նաև համակարգիչներ, հեռուստատեսային կառավարման և ավտոմատացման սարքեր և այլն։
Ոռոգմամբ հնարավոր է արմատապես բարելավել չորային գոտիների հողերը և ներառել գյուղատնտեսական արտադրության մեջ։ Սակայն առանց բնական պայմանների ճշգրիտ հաշվառմամբ կատարվող ոռոգումը կարող է առաջացնել հողի ջրային էրոզիա և աղակալում։
Ոռոգումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. 2-րդ հազարամյակից սկսած՝ Հայկական լեռնաշխարհում հողերը ոռոգելու համար կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ (Մենուայի, Դալմայի և այլն) և ջրատեխնիկական այլ կառույցներ։
XX դարի սկզբին Հայաստանում ոռոգվում էր շուրջ 100 հզ. հա հողատարածք, որը մինչև 1980-ական թվականների վերջը աճեց 3 անգամ՝ մի շարք համալիրների՝ Շիրակի, Արզնի-Շամիրամի, Թալինի, Արտաշատի և այլ մայր ջրանցքների ու ջրատեխնիկական կառույցների գործարկմամբ։
Հայաստանում ոռոգման աշխատանքներն ընթանում են 1999-2001 թթ. մշակված «ՀՀ Ջրային պաշարների համապարփակ կառավարման ծրագրի» համապատասխան, որտեղ ուրվագծվել են ջրերի առաջարկը և պահանջարկը, ոռոգման կազմակերպումը դարձել է տնտեսական գործունեության ինքնուրույն բնագավառ, այն իրականացնում են հատուկ ստեղծված «Հայոռոգում» միավորման կազմում շուրջ 1 տասնյակ ՓԲԸ-ներ և 15 Ջրօգտագործողների միություններ։ 2004 թ. ոռոգվող տարածությունների ընդհանուր մակերեսը Հայաստանում կազմել է մոտ 300 հզ. հա, Արցախում՝ 75 հզ. հա։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Snyder R. L., Melo-Abreu J. P. (2005)։ «Frost protection: fundamentals, practice, and economics – Volume 1»։ Food and Agriculture Organization of the United Nations։ ISSN: 1684-8241.
- ↑ Williams J. F.; S. R. Roberts, J. E. Hill, S. C. Scardaci, and G. Tibbits։ «Managing Water for Weed Control in Rice»։ UC Davis, Department of Plant Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-03-ին։ Վերցված է 2007-03-14
- ↑ Arid environments becoming consolidated
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |