Ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրանցք (այլ կիրառումներ)
Արհեստական ջրանցք Բելգիայի Բրյուգե քաղաքում
Ջրանցք Ավշար գյուղի մոտակայքում
Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի փողոցն ջրանցքը
Ոռոգման ջրանցք Արարատյան դաշտում

Ջրանցք, արհեստական ջրտար, ծառայում է ջուրը ինքնահոսով տեղափոխելու համար կամ որպես փոխադրական ջրային ուղի։ Կառուցում են բաց փորվածքում կամ լիրաթմբում։ Ըստ նշանակման ջրանցքները լինում են նավարկելի (արհեստական ջրային ուղիներ), էներգետիկական (դերիվացիոն), ոռոգման, ջրավորման, չորացման, ջրմուղի, լաստառաքման, ձկնաբուծական և կոմպլեքսային նշանակման։ Նավարկելի ջրանցքները լինում են գետերը, լճերը և ծովերը կապող (օրինակ, Վոլգա-Դոն ջրանցքը, Մոսկվայի անվ․ ջրանցքը), շրջանցիկ (նավարկության պայմանները բարելավելու համար), ուղղիչ (նավի ընթացքի ոլորունությունը փոքրացնելու և հետևաբար ջրային ուղու երկարությունը կրճատելու նպատակով), մոտեցման (խոշոր քաղաքներին, ներքին նավահանգիստներին, արդյունաբերական ձեռնարկություններին ծովից, լճից կամ գետից մոտեցումն ապահովելու համար)։ Նավարկելի ջրանցքները լինում են նաև բաց և շլյուզված։ Շլյուզված ջրանցքները սովորաբար բաղկացած են տարբեր մակարդակների վրա գտնվող մի քանի տեղամասերից՝ բիեֆներից, որոնք իրար են միանում շլյուզներով կամ նավամբարձիչներով։ Նավարկելի ջրանցքներին բնորոշ է զգալի երկարությունը (օրինակ, Նյու Յորքից Ֆլորիդա թերակղզի ափամերձ ջրանցքի երկարությունը 1,8 հզ․ կմ է, Բելոմորսկ—Բալթյան ջրանցքինը՝ 227 կմ, ծովային ջրանցքներից, օրինակ, Սուեզի ջրանցքն ունի 171 կմ, իսկ Պանամայի ջրանցքը՝ 81,6 կմ երկարություն)։ էներգետիկական (դերիվացիոն) ջրանցքները գետից, ջրամբարից, լճից ջուրը մատուցում են հիդրոէլեկտրակայանին կամ նրանից հեռացնում տուրբիններով անցած ջուրը։ Սովորաբար դրանց երկարությունը մեծ չէ (առավելագույնը՝ 30 կմ)։ Հայաստանում դերիվացիոն ջրանցքներ կան Սևան-Հրազդան կասկադի և այլ ՀԷԿ-երում։ Ոռոգման ջրանցքները, որոնք նախատեսված են ոռոգվող հողերին ջուր հասցնելու համար, սովորաբար կազմում են գլխավոր, բաշխիչ, բուն ոռոգման և ջրթող ջրանցքների համակարգ (տես Ոռոգում)։ Ոռոգման ջրանցքներին ջուրը մատուցվում է ինքնահոսով կամ պոմպերով։ Ոռոգման խոշոր համակարգերում գլխավոր ջրանցքների երկարությունը հասնում է մի քանի հարյուր կմ (Կարակումի ջրանցքի երկարությունը ավելի քան 800 կմ է, Հյուսիս-Ղրիմյան ջրանցքինը՝ 400 կմ, Ֆերգանայի մեծ ջրանցքինը՝ մոտ 300 կմ)։ Ջրավորման ջրանցքներով ջուրը հասցնում են ջրազուրկ հողերին՝ գյուղատնտեսական կարիքների համար։ Քանի որ ջրավորման ժամանակ ջրազուրկ հողերում սովորաբար գոյանում են ոռոգվող փոքր տեղամասեր, ջրավորող ջրանցքները հաճախ ծառայում են նաև որպես ոռոգման ջրանցքներ։ Չորացման ջրանցքները ինքնահոսով կամ պոմպակայանների միջոցով հավաքում են չորացման կամ ցամաքուրդային ցանցի ջրերը (տես Հողի մելիորացում)։ Օրինակ, չորացման ջրանցքներ կան Արարատյան հարթավայրի աղակալված հողերի մշակման համալիրում։

Ջրմուղի ջրանցքները ծառայում են ջրամատակարարման աղբյուրից ջուրը սպառողին հասցնելու համար։ Շահագործման պայմաններից և սանիտարական պահանջներից ելնելով՝ երբեմն կիրառում են ջրմուղ ջրանցքներ։ Լաստառաքման ջրանցքները ծառայում են փայտանյութը ցրիվ կամ լաստերով փայտամթերման վայրից մինչև լաստառաքման գետը կամ Փայտասղոցման գործարան փոխադրելու համար։ Ձկնաբուծական ջրանցքները ծառայում են արհեստական ձվադրատեղերին ջուր մատակարարելու և առանձին մեկուսացված ջրամբարները գետի հետ միացնելու համար Կոմպլեքսային ջրանցքները կառուցում են մի քանի ջրատնտեսական խնդիրներ միաժամանակ լուծելու համար։ Օրինակ, Մոսկվայի անվ. ջրանցքը ծառայում է նավարկության, ջրամատակարարման և ջրավորման նպատակների համար։ Ջրանցքի լայնական հատվածքի ձևերը կախված են ջրանցքի նշանակումից, գրունտի շինարարական հատկություններից, հողային աշխատանքների կատարման պայմաններից։ Փափուկ գրունտներում ջրանցքները կառուցում են հիմնականում սեղանաձև և բազմանկյուն հատվածքով։ Ուղղանկյուն հատվածքը նպատակահարմար է ժայռոտ փորվածքներում ջրանցք կառուցելիս։ Ջրանցքի հատվածքի չափերը որոշում են հիդրավլիկական հաշվարկներով՝ ելնելով նավերի և լաստերի չափերից, տվյալ ջրանցքի պայմանների համար թույլատրելի արագություններից։ Ջրանցքի շեպերի թեքությունը որոշվում է ըստ գրունտի բնույթի։ ջրանցքում ջրի թույլատրելի արագություններն ունեն սահմանային արժեքներ՝ առավելագույն (որի դեպքում բացառվում է ջրանցքի ողողման հնարավորությունը) և նվազագույն (որը պաշտպանում է հունը տղմոտումից և բուսակալումից)։ Ջրանցքները կառուցում են հավաքովի կամ ամբողջական երկաթբետոնե սալերից երեսապատումով կամ առանց երեսապատման։ Երեսապատումը ջրանցքին պաշտպանում է ողողումից, կրճատում ծծանցման հաշվին ջրի կորուստը և փոքրացնում հատակի և շեպերի խորդուբորդությունը։ Ջրանցքների երեսապատումը կատարվում է քարե սալարկով, բետոնե, երկաթբետոնե ու ասֆալտային սալերով։ Ծծանցումից խուսափելու համար ջրանցքներում երեսապատումից բացի կիրառում են նաև գրունտի մեխանիկական խտացում, աղմավորում են։ Բացի շահագործման հետ կապված հատուկ կառույցներից (շլյուզներ, պոմպակայաններ, ջրթողներ և այլն) բոլոր ջրանցքների ծրագծերի վրա կան տարբեր նշանակման կառույցներ (խողովակներ, դյուկերներ, թունելներ, կամուրջներ, ջրանցույցներ, ուղանցույցներ, արագահոսք, ջրանկում և այլն)։

Մ․ թ․ ա․ 5-3-րդ հազարամյակներում Հին Արևելքի երկրներում հողագործության զարգացմամբ պայմանավորվեց ոռոգման և ջրավորման ջրանցքների կառուցումը (օրինակ, Հին Եգիպտոսում, մ․ թ․ ա․ 5-րդ դար, Չինաստանում, մ․ թ․ ա․ III հազարամյակներում)։ Նավարկելի ջրանցքների կառուցումը նույնպես սկսվել է հնում (օրինակ, մ․ թ․ ա․ 6-րդ դար Նեղոսը Կարմիր ծովի հետ միացնող ջրանցք)։ Միջին դարերում նավարկելի ջրանցքներ են կառուցվել հիմնականում Հոլանդիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Հայաստանի տարածքում ջրանցքներ սկսել են կառուցել մ․ թ․ ա․ 9-րդ դարում։ Դրանցից խոշորագույնը մ․ թ․ ա․ 9-8-րդ դարերին կառուցված Մենուայի ջրանցքն է։ Կառուցվել են նաև բազմաթիվ այլ ջրանցքներ, որոնց մի մասը գործում են առ այսօր (օրինակ, Դալմայի ջրանցքը7-10-րդ դարերին ջրանցքներ են կառուցվել Զվարթնոցում, Գավառում, Տաթևում, Անիում։ 17-րդ դարին են վերաբերում էջմիածնի և Խաթունարխի ջրանցքները։ Խորհրդային ռեժիմի հաստատումից հետո Հայաստանում կառուցվեցին մեծ թվով ոռոգման ջրանցքներ (Հոկտեմբերյանի ջրանցք, Արտաշատի ջրանցք, Թալինի ջրանցք, Կոտայքի ջրանցք, Նորքի ջրանցք, Շիրակի ջրանցք, Ստորին Հրազդանի ջրանցք և այլն)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 536