Ջրմուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրմուղ, ջրմուղ ցանց, ջրմուղ գծերի (խողովակաշարերի) համախումբ՝ ջուրը սպառողներին հասցնելու համար։ Ջրամատակարարման համակարգի հիմնական տարրերից է։ Ջրմուղի ցանցերի սարքավորման համար օգտագործում են ջրմուղի խողովակներ, որոնց տեսակը կախված է գրունտի բնույթից, տեղադրման եղանակից, ինչպես նաև տնտեսական արդյունավետությունից։ Ստորգետնյա տեղադրումների ժամանակ առավել շատ օգտագործվում են թուջե, ասբեստացեմենտային ու պողպատե, երբեմն նաև երկաթբետոնե և պլաստմասսայից պատրաստված խողովակներ։ Խողովակների տեղադրման խորությունը (1,5-3,0 մ) կախված է գետնի սառեցման մակարդակից, խողովակներով անցնող ջրի ջերմաստիճանից, աշխատանքի ռեժիմից, տեղադրման վայրից։ Ջրմուղ ցանցերը սարքավորված են փականներով (ցանցի առանձին հատվածների անջատման համար) և ջրառման հարմարանքներով՝ հրդեհային հիդրանտներով։ Եվ փականները, և հիդրանտները սովորաբար տեղադրվում են հատուկ հորերում և ծածկվում մետաղե կափարիչներով։ Տեխնիկակակն պայմանների համաձայն ջրմուղի ցանցերում ճնշումը չպետք է անցնի 6 մթնոլորտային ճնշումից։ Եթե շենքերի հարկերի թիվը չի գերազանցում 6-ից, ապա սպառողներին ջուրը տրվում է անմիջապես ցանցից, իսկ 6-ից ավելիի դեպքում՝ նախատեսվում են պոմպակայաններ։ Ջրմուղի ցանցերը լինում են՝ փակուղային և օղակաձև։ Քաղաքներում սովորաբար կառուցում են ջրմուղի օղակաձև ցանց։ Ջրմուղի ցանցերի (հատկապես օղակաձև) հաշվարկը բարդ է և աշխատատար։ Այդ պատճառով օգտագործում են ԷՀՄ-ներ։ Ջրմուղի ցանցերի աշխատանքն ավտոմատացված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 545 CC-BY-SA-icon-80x15.png